«Ղեկավարներին՝ ուսուցիչներին ուղղորդելու և աջակցելու համար», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)
«Ուղղորդել և աջակցել ուսուցիչներին», Ուսուցանել Փրկչի ձևով
Ղեկավարներին՝ ուսուցիչներին ուղղորդելու և աջակցելու համար
Դուք՝ որպես ղեկավար, պատասխանատվություն ունեք «հանդիպելու նոր կանչված ուսուցիչների հետ» ձեր կազմակերպությունում և «օգնել նրանց պատրաստվել իրենց կոչումներին» (Ընդհանուր ձեռնարկ, 17.3, Ավետարանի գրադարան)։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս նոր ուսուցիչներին ծանոթացնել իրենց սուրբ կոչման հետ և ոգեշնչել նրանց այն տեսլականով, թե ինչ է նշանակում ուսուցանել Փրկչի ձևով: Դուք՝ որպես ղեկավար, կարող եք օգնել նոր ուսուցիչներին ծառայել՝ անելով հետևյալը.
-
Վստահություն հայտնեք, որ Փրկիչը կօգնի նրանց իրենց կոչման մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 88․78)։
-
Նոր ուսուցիչներին տվեք այս նյութի պատճենը և խրախուսեք նրանց ուղիներ փնտրել՝ կիրառելու դրա սկզբունքներն իրենց ուսուցման մեջ:
-
Նոր ուսուցիչների հետ կիսվեք ձեր կազմակերպության մասին այն ամենով, ինչը նրանց համար օգտակար կլինի իմանալ:
-
Անհրաժեշտության դեպքում ասեք նոր ուսուցիչներին, թե որ դասասենյակում պետք է ուսուցանել և որ դասից սկսել։ Դասարանի և դասարանի անդամների մասին տվեք ցանկացած տեղեկություն, որ հարկավոր է ուսուցչին:
-
Բացատրեք նոր ուսուցիչներին, որ դուք կօգնեք նրանց իրենց կոչման հանձնարարություններում: Առաջարկեք օգնել դասարանում և անհրաժեշտության դեպքում ուսուցման նյութերի հասանելիություն ապահովեք:
-
Առաջարկեք ժամանակ առ ժամանակ լսել ուսուցիչների դասերը և տրամադրեք հետադարձ կապ, ինչպես հուշում է Հոգին:
-
Հրավիրեք ուսուցիչներին մասնակցել ուսուցիչների խորհրդի եռամսյակային ժողովներին:
Ուսուցիչների ծառայություն ընթացքում շարունակեք պարբերաբար հանդիպել նրանց հետ՝ շարունակական աջակցություն տալու համար։ Օրինակ՝ դասից առաջ կամ հետո դուք կարող եք կարճ քննարկում ունենալ ուսուցչի հետ և քննարկել Փրկչի ձևով ուսուցանելու սկզբունքները Ուսուցանել Փրկչի ձևով գրքույկից: Հարցրեք ուսուցիչներին, թե որտեղ են առաջադիմում և ինչպես են ցանկանում կատարելագործվել։ Խրախուսեք նրանց բարությամբ և երախտագիտությամբ իրենց մատուցած ծառայության համար:
Դուք պետք է պատրաստվեք այս քննարկումներին, տեսնելով, թե ինչպես է ուսուցանում ուսուցիչը։ Փորձեք ավելի լավ հասկանալ ուսուցչի ուժեղ կողմերը և բացահայտել ուղիներ, որոնցով կարող եք աջակցել: Ուսուցչի ուժեղ կողմերի վրա հիմնվելը նույնքան կարևոր է, որքան կատարելագործման հնարավորությունների բացահայտումը: