Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Առաջարկներ ուսուցման տարբեր պայմանների և տարբեր սովորողների համար


«Առաջարկներ ուսուցման տարբեր պայմանների և տարբեր սովորողների համար», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Առաջարկներ ուսուցման տարբեր պայմանների և տարբեր սովորողների համար», Ուսուցանել Փրկչի ձևով

Նկար
տղամարդն ուսուցանում է ընտանիքին

Առաջարկներ ուսուցման տարբեր պայմանների և տարբեր սովորողների համար

Փրկչի ձևով ուսուցանելու սկզբունքները կարող են կիրառվել ցանկացած ուսուցման հնարավորության համար՝ տանը, եկեղեցում և այլուր: Սակայն, յուրաքանչյուր հնարավորություն ունի իր եզակի հանգամանքները։ Այս բաժինը տալիս է լրացուցիչ առաջարկներ, որոնք հատուկ են տարբեր սովորողներին և ուսուցման տարբեր պայմաններին:

Տուն և ընտանիք

Տունը լավագույն վայրն է ավետարանն ուսուցանելու և սովորելու համար

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ տունը պետք է լինի «ավետարանի ուսումնասիրության կենտրոն» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 113): Ուսուցումը, որը տեղի է ունենում եկեղեցում կամ սեմինարիայում, արժեքավոր է և անհրաժեշտ, բայց այն նպատակ ունի աջակցելու ուսուցմանը, որը տեղի է ունենում տանը: Ավետարանի ուսուցման հիմնական և լավագույն միջավայրը` ինչպես մեր, այնպես էլ մեր ընտանիքների համար, տունն է:

Բայց դա չի նշանակում, որ ավետարանի լավ ուսուցումն ինքնաբերաբար է տեղի ունենում տանը. դրա համար պահանջվում է ջանասեր աշխատանք: Նախագահ Նելսոնն առաջարկել է, որ ձեզ գուցե անհրաժեշտ լինի «վերափոխել» կամ «վերակառուցել ձեր տունը»՝ ոչ թե պարտադիր պատերը քանդելով կամ նոր հատակ ավելացնելով, այլ գուցե գնահատելով ձեր տան ընդհանուր մթնոլորտը, ներառյալ ձեր ներդրումն այդ մթնոլորտը ստեղծելու գործում («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», 113): Օրինակ՝ մտածեք ձեր տանը հնչող երաժշտության, տեսանյութերի և այլ լրատվամիջոցների մասին, պատերի նկարների և այն մասին, թե ինչպես են ձեր ընտանիքի անդամները խոսում և վերաբերվում միմյանց: Արդյո՞ք դրանք հրավիրում են Սուրբ Հոգու ազդեցությունը: Դուք ժամանակ հատկացնու՞մ եք ավետարանը սովորելու համար՝ անհատապես և ընտանիքով: Արդյո՞ք ընտանիքի անդամները սիրված, ապահով և մոտ են զգում Աստծուն, երբ նրանք տանն են:

Հնարավոր է մտածեք, որ չեք վերահսկում ձեր տան հոգևոր մթնոլորտը: Եթե դա այդպես է, լավագույնս օրինակ ծառայեք և օգնություն խնդրեք Տիրոջից: Նա կգնահատի ձեր արդար ջանքերը։ Երբ փորձում եք ուսուցանել և սովորել ավետարանը, նույնիսկ, եթե անմիջապես չեք տեսնում ցանկալի արդյունքները, դուք հաջողության եք հասնում:

Տանը սովորելը հիմնված է հարաբերությունների վրա

«Սիրեք նրանց, ում ուսուցանում եք» հորդորը վերաբերում է ավետարանի ուսուցման բոլոր միջավայրերին, բայց ձեր տանը պետք է սիրեք բնականորեն, և դա պետք է շատ ուժեղ զգացվի: Նույնիսկ, եթե ձեր տունը հեռու է կատարյալ լինելուց, այն կոչված է լինելու ավետարանի ուսուցման կենտրոնը, քանի որ հենց այստեղ են կառուցվում մեր ամենատևական հարաբերությունները: Ուսուցիչները տնից դուրս կարող են ունենալ ավելի մեծ փորձառություն կամ վերապատրաստում, բայց նրանք երբեք չեն կարող կրկնօրինակել սիրասուն, հավերժական հարաբերությունների ներուժը, որն առկա է տանը: Այսպիսով, սնուցեք այդ հարաբերությունները: Ձեր ընտանիքի անդամներին լսելու և նրանց հանդեպ վստահություն և փոխըմբռնում ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամանակ և ջանք հատկացրեք: Սա ամուր հիմք կստեղծի ավետարանը տանը ուսուցանելու և սովորելու ձեր ջանքերի համար:

Տնային ուսուցումը կարելի է ծրագրել, բայց կարող է նաև ինքնաբուխ լինել

Եկեղեցու դասերի մեծ մասը տեղի է ունենում շաբաթը մեկ անգամ՝ ծրագրված սկզբով և ավարտով, բայց տանը միշտ չէ, որ այդպես է: Գուցե դուք ունենաք ծրագրված ընտանեկան երեկոյի դաս կամ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն, բայց ընտանիքում ուսուցման հնարավորությունները հաճախ տեղի են ունենում ոչ պաշտոնական, առօրյա պահերին՝ ուտելիս, գործեր անելիս, խաղ խաղալիս, աշխատանքի կամ դպրոց գնալիս, գիրք կարդալիս կամ միասին ֆիլմ դիտելիս: Տեղատարափ անձրևը կարող է առիթ լինել խոսելու այն մասին, թե ինչպես է Փրկիչը ապաստան առաջարկում հոգևոր փոթորիկներից: Մի դեռահաս, որը դժվարին որոշում կայացնելու շեմին է, պատրաստ կլինի սովորել անձնական հայտնության մասին։ Երեխան, ով վախեցած է, կարող է սփոփվել Մխիթարիչի մասին ձեր վկայությունից: Երեխաները, որոնք վատ են պահում իրենց կամ վատ են վերաբերվում միմյանց, կարող են ուսուցանվել ապաշխարության և ներման մասին:

Քանի որ այդպիսի պահերը ծրագրված չեն, դուք չեք կարող պատրաստվել դրանց այնպես, ինչպես ամենօրյա դասին եք պատրաստվում: Այնուամենայնիվ, դուք կարող եք պատրաստել ձեզ՝ լինելով «միշտ պատրաստ» և զգայուն՝ Հոգու հանդեպ (Ա Պետրոս 3․15)։ Ցանկացած պահ կարող է դառնալ ուսուցման կամ սովորելու հնարավորություն:

Տնային ուսուցումը բաղկացած է փոքր, պարզ և հետևողական ջանքերից

Ծնողները երբեմն հուսահատվում են, երբ ավետարանը տանը ուսուցանելու նրանց փորձերը կարծես թե հաջողությամբ չեն ավարտվում Առանձին վերցրած՝ մեկ ընտանեկան երեկոն, սուրբ գրությունների ուսումնասիրության դասը կամ ավետարանի զրույցը կարող է թվալ, թե շատ բան չի իրագործում: Բայց փոքր և պարզ ջանքերի կուտակումը, որը ժամանակի ընթացքում հետևողականորեն կրկնվում է, կարող է ավելի զորեղ և ամրապնդող լինել, քան հազվադեպ նշանակալից պահերը կամ շատ կարևոր դասը: «Բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին», - ասել է Տերը։ «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64․32–33, տես նաև Ալմա 37․6–7)։ Այսպիսով, մի հանձնվեք և մի մտահոգվեք, երբ ամեն անգամ նկատելի հաջողության չեք հասնում։ Պարզապես հետևողական եղեք ձեր ջանքերում:

Տանը սովորելն ու ապրելը անբաժան են

Ավետարանն անմիջական կարևորություն է ձեռք բերում տանը: Այնտեղ ապրում են մարդիկ, ում հետ դուք սովորում եք ավետարանը և ում հետ կիրառելու եք այն ամեն օր: Իրականում, ավետարանի կիրառումը մեծապես կապված է նրա հետ, թե մենք ինչպես ենք սովորում ավետարանը: Այսպիսով, երբ դուք սովորում և ուսուցանում եք ավետարանը տանը, ուղիներ փնտրեք և կապ գտեք ձեր սովորածի և ձեր արարքների միջև։ Ձեր տանը թող ավետարանը լինի մի բան, որով դուք ձգտում եք ապրել, ոչ թե պարզապես մի բան, որի մասին խոսում եք:

Նկար
կինը ուսուցանում է երեխաներին

Ընտանիքում ուսուցման հնարավորությունները հաճախ տեղի են ունենում ոչ պաշտոնական, առօրյա պահերին:

Ինչպես ուսուցանել երեխաներին

Երեխաները բազմազանության կարիք ունեն

Բոլոր երեխաները տարբեր են, և երբ նրանք մեծանան, նրանց կարիքները կփոխվեն: Ձեր ուսուցման մեթոդների փոփոխությունը կօգնի ձեզ բավարարել նրանց բազմազան կարիքները: Օրինակ, հաշվի առեք հետևյալը.

  • Պատմություններ Պատմություններն օգնում են երեխաներին տեսնել, թե ինչպես է ավետարանը կիրառվում առօրյա կյանքում: Օգտագործեք պատմություններ սուրբ գրություններից, ձեր կյանքից, ձեր ընտանեկան պատմությունից և Եկեղեցու ամսագրերից, հատկապես՝ Փրկչի մասին պատմություններ: Ծրագրեք, թե ինչպես երեխաներին ներգրավեք պատմության մեջ՝ պահելով նկարները, կրկնելով արտահայտությունները կամ բեմադրելով հատվածներ:

  • Տեսողական օժանդակ միջոցներ Նկարները, տեսանյութերը և առարկաները կօգնեն երեխաներին հասկանալ և հիշել ավետարանի սկզբունքները: Նկարներից և տեսանյութերից շատերը կարելի է գտնել Media Library-ում՝ ChurchofJesusChrist.org։

  • Երաժշտություն Օրհներգերն ու մնացած հոգևոր երգերը կօգնեն երեխաներին զգալ Աստծո սերն ու Հոգին և սովորել ավետարանի ճշմարտությունները: Մեղեդիները, ռիթմերը և պարզ հանգերը կօգնեն երեխաներին հիշել ավետարանի ճշմարտությունները գալիք տարիների ընթացքում: Երգելով երեխաների հետ, օգնեք նրանց բացահայտել ու հասկանալ երգերում ուսուցանվող սկզբունքները:

Շատ երեխաներ ավելի լավ են սովորում, երբ ուսման գործում ներգրավված են մեկից ավելի զգայարաններ: Գտեք ուղիներ, որոնցով կօգնեք երեխաներին սովորելու ընթացքում օգտագործել տեսողության, լսողության և շոշափելիքի զգայարանները: Որոշ դեպքերում, դուք նույնիսկ կարող եք եղանակներ գտնել՝ ներգրավելու նրանց հոտառության և համի զգացումները:

Երեխաները ստեղծագործական են

Երբ հրավիրում եք երեխաներին նկարել, կառուցել, գունավորել կամ գրել ինչ-որ բան, որը կապված է ավետարանի որևէ սկզբունքի հետ, դուք օգնում եք նրանց ավելի լավ հասկանալ սկզբունքը և տալիս եք շոշափելի հիշեցում իրենց սովորածի մասին: Նրանք նաև կարող են օգտագործել իրենց ստեղծածը՝ մյուսների հետ իրենց սովորածով կիսվելու համար: Ընկեր ամսագրի յուրաքանչյուր համարում զետեղված են ստեղծագործական միջոցառումներ երեխաների համար:

Երեխաները հետաքրքրասեր են

Երբ երեխաները հարցեր են տալիս, դրանք դիտեք որպես հնարավորություն, այլ ոչ թե շեղող հանգամանք: Երեխաների հարցերը ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են սովորել, իսկ նրանց հարցերը ձեզ արժեքավոր մտքեր են տալիս, թե նրանք ինչ են մտածում և զգում: Օգնեք նրանց իմանալ, որ իրենց հոգևոր հարցերի պատասխանները կարելի է գտնել սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում:

Երեխաները սիրո կարիք ունեն նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք խանգարում են

Երբեմն երեխայի պահվածքը խոչընդոտում է մյուսների ուսման ընթացքին: Վարքագծային խանգարումների մեծ մասը առաջանում է չբավարարված կարիքի արդյունքում: Երբ այդպես է պատահում, եղեք համբերատար, սիրող և հասկացեք այն դժվարությունները, որոնք, հնարավոր է, երեխան ունի: Գուցե նա ավելի շատ մասնակցություն է ուզում ունենալ դասին դրական իմաստով․ օրինակ՝ պահելով նկարը, մի բան նկարելով կամ կարդալով սուրբ գրության որևէ հատված:

Եթե երեխան շարունակում է խանգարել, օգտակար կլինի նրա հետ առանձին խոսել: Սիրո և համբերության ոգով բացատրեք ձեր ակնկալիքները և ձեր համոզվածությունը հայտնեք, որ նա կարող է դրանք իրագործել: Գովեք երեխային, երբ նա ավելի լավ ընտրություն է կատարում:

Երեխաները կիսվելու շատ բան ունեն

Երբ երեխաները մի նոր բան են սովորում, նրանք, անշուշտ, ցանկանում են դրանով կիսվել մյուսների հետ: Խրախուսեք այդ ցանկությունը՝ հնարավորություն տալով երեխաներին ուսուցանել ավետարանի սկզբունքները միմյանց, իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին: Նաև խնդրեք նրանց ձեզ հետ կիսվել իրենց մտքերով, զգացումներով և փորձառություններով՝ կապված ձեր ուսուցանած սկզբունքների հետ: Դուք կտեսնեք, որ նրանց ունեցած գաղափարները պարզ են, մաքուր և զորավոր:

Երեխաները կարող են զգալ Հոգին, բայց կարող են օգնության կարիք ունենալ՝ Նրա ազդեցությունը ճանաչելիս

Նույնիսկ այն երեխաները, որոնք դեռ չեն ստացել Սուրբ Հոգու պարգևը, կարող են զգալ Նրա ազդեցությունը, հատկապես, երբ սովորում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Երբ նրանք արդար ընտրություն են կատարում, Հոգու միջոցով կարող են զգալ Փրկչի համաձայնությունը: Երեխաներին սովորեցրեք, թե Հոգին մեզ հետ ինչպես է հաղորդակցվում տարբեր ձևերով: Օգնեք նրանց ճանաչել Նրա ձայնը, երբ Նա խոսում է իրենց հետ: Դա կօգնի նրանց զարգացնել անձնական հայտնություն փնտրելու և գործելու սովորություն իրենց ողջ կյանքի ընթացքում:

Ինչպես ուսուցանել երիտասարդներին

Երիտասարդները մեծ ներուժ ունեն

Երիտասարդները նույնպես ներուժ ունեն՝ հրաշալի գործեր կատարելու Տիրոջ ծառայության մեջ: Սուրբ գրություններում գրված շատ իրադրություններ ցույց են տալիս, որ Աստված վստահություն ունի երիտասարդների հոգևոր ունակությունների հանդեպ: Եթե երիտասարդները զգան, որ դուք նրանց վստահում եք, իրենց աստվածային ներուժի հանդեպ վստահությունը կաճի, և դուք կզարմանաք, թե նրանք ինչեր կարող են իրականացնել: Սիրով օգնեք նրանց տեսնել, թե ըստ Երկնային Հոր, նրանք ինչպիսին կարող են դառնալ: Հետևեք Փրկչի օրինակին՝ շարունակելով սիրել և քաջալերել նրանց, համբերությամբ աշխատել նրանց հետ և երբեք չհիասթափվել նրանցից:

Երիտասարդները սովորում են իրենց մասին

Երիտասարդները, որոնց դուք ուսուցանում եք, ձևավորում են իրենց վկայության հիմքերը: Նրանք իրենց հավատքն ու համոզմունքները բացահայտելու ընթացքի մեջ են: Նրանք որոշումներ են կայացնում, որոնք կազդեն իրենց կյանքի ընթացքի վրա։ Որպեսզի հոգևորապես գոյատևեն այս վտանգավոր ժամանակներում և կատարեն իրենց համար նախատեսված Տիրոջ առաքելությունը, երիտասարդները, ում դուք ուսուցանում եք, պետք է իմանան՝ ինչպես ուժ գտնել իրենց փորձությունների ժամանակ, գտնել իրենց հարցերի պատասխանները և քաջություն՝ «կանգնել որպես Աստծո վկաներ» (Մոսիա 18․9

Երիտասարդների սովորելու ցանկությունը մեծանում է, երբ սովորում են բանականության և փորձառության միջոցով, ոչ թե պարզապես խոսքեր լսելով։ Դա նշանակում է, որ երիտասարդներին ուսուցանելիս կպահանջվի լավ լսելու հմտություններ: Երբ երիտասարդներն իրենց հասկացված զգան, նրանք ավելի բաց կլինեն խորհրդի և առաջնորդության համար: Վստահեցրեք, որ Տերը ճանաչում է նրանց և կօգնի, երբ նրանք պայքարեն հարցերի և փորձությունների դեմ: Նրանք կարող են իրենց հավատքը գործադրել Նրա հանդեպ՝ զարգացնելով աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության ամենօրյա սովորություն և ծառայելով ուրիշներին: Խրախուսեք երիտասարդներին մասնակցել Եկեղեցու դասերին և ինքնուրույն ուսումնասիրել, որը կօգնի նրանց ունենալ անձնական փորձառություններ, որոնք կկառուցեն երիտասարդների վկայությունը իրենց աստվածային ժառանգության մասին:

Շատ երիտասարդներ սիրում են տեխնոլոգիաներ օգտագործել

Եթե երիտասարդները, ում դուք ուսուցանում եք, ունեն էլեկտրոնային սարքեր, հիշեք, որ այդ սարքերը ուսումը խթանող միջոցներ են: Ուսուցանեք նրանց, թե ինչպես օգտագործել իրենց էլեկտրոնային սուրբ գրությունները և Ավետարանի գրադարանում գտնվող այլ աղբյուրները: Դուք նաև կարող եք երիտասարդներին ուղարկել հաղորդագրություններ կամ կապուղիներ, որոնք կօգնեն նրանց պատրաստվել առաջիկա դասերին:

Նկար
Կիրակնօրյա դպրոցի դասարան

Երիտասարդները պետք է հասկանան, թե ըստ Երկնային Հոր, իրենք ինչ կարող են դառնալ:

Ինչպես ուսուցանել չափահասներին

Չափահասները կարող են պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար

Չափահաս սովորողները ավետարանի ուսման միջավայրերում կարող են գործել ինքնուրույն (տես 2 Նեփի 2.26): Հրավիրեք նրանց նախապատրաստվել ավետարանի քննարկումներին՝ ուսումնասիրելով որևէ նյութ քննարկումից առաջ, և խրախուսեք նրանց կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորում են Հոգու միջոցով: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, թե ավետարանի որ սկզբունքներին նրանք կցանկանային ժամանակ հատկացնել միասին սովորելու ընթացքում:

Չափահասները սովորելիս օգտագործում են իրենց փորձը

Հոբն ասել է․ «Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը» (Հոբ 12.12): Ընդհանրապես, իմաստությունը և հոգևոր հասկացողությունը գալիս են տարիների փորձի արդյունքում: Երբ ուսուցանեք չափահասներին, հրավիրեք նրանց կիսվել փորձառություններով, որոնք ամրացրել են նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Դա նրանց հնարավորություն կտա վկայելու այն մասին, թե ինչպես են իմացել, որ ավետարանի սկզբունքները, որոնք իրենք ուսումնասիրում են, ճշմարիտ են: Փորձառություններով կիսվելը նաև կապ կստեղծի նրանց միջև, ում ուսուցանում եք՝ օգնելով, որ «բոլորը ․․․ շենանան» (Վարդապետություն և Ուխտեր 88․122

Չափահասները փնտրում են գործնական կիրառություն

Չափահասները, որոնց դուք ուսուցանում եք, կարող են ունենալ բազմաթիվ դերեր և պարտականություններ իրենց մասնագիտություններում, համայնքներում, Եկեղեցու կոչումներում և ընտանիքներում: Երբ նրանք ուսումնասիրում են ավետարանը, հաճախ մտածում են այն մասին, թե ինչպես կարող են իրենց սովորածը կիրառել այդ պարտականություններում: Հրավիրեք նրանց տեսնել, թե ինչպես է Աստծո խոսքը համապատասխանում իրենց հատուկ պայմաններին: Դուք դա կարող եք անել՝ հարցնելով նրանց, թե ավետարանի սկզբունքները որքանով են իմաստալի և կիրառելի իրենց կյանքում:

Չափահասները կարող են բարդ մտածելակերպ դրսևորել

Իրենց փորձի և գիտելիքների շնորհիվ չափահասները գիտեն, որ ավետարանի հարցերին միշտ չէ, որ հեշտ պատասխաններ են սպասվում: Նրանք հասկանում են, որ սուրբ գրության հատվածը կարող է ունենալ բազմաթիվ իմաստներ, և նրանք կարող են կիրառել ավետարանի սկզբունքը կյանքի տարբեր իրավիճակներում: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես են ավետարանի սկզբունքները փոխկապակցված, և ինչպես են առնչվում իրենց կյանքի հանգամանքներին։ Խրախուսեք մասնակցությունը և քննարկումը, որպեսզի նրանք կարողանան սովորել միմյանց յուրահատուկ տեսակետներից:

Նկար
կինը ուսուցանում է դասարանին

Չափահասները կարող են կիսվել տարբեր փորձառություններով, որոնք ամրացրել են իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ինչպես ուսուցանել հաշմանդամություն ունեցող անձանց

Օգնեք յուրաքանչյուր մարդու զարգանալ և առաջադիմել

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Աստծո կողմից երկիր ուղարկած բոլոր բանականությունները և հոգիները ենթակա են ընդլայնման» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 210): Գիտենք, որ Աստծո բոլոր զավակները կարող են աճել գիտելիքով և առաջադիմել: Խնդրեք Տիրոջը, որ օգնի ձեզ իմանալ, թե ինչպես օգնել յուրաքանչյուր մարդու:

Իմացեք հատուկ կարիքների մասին

Խոսեք սովորողների, նրանց ծնողների կամ խնամակալների հետ: Պարզեք, թե ինչպես է յուրաքանչյուր անհատ լավագույնս սովորում, և որ ռազմավարություններն են առավել օգտակար: Դուք կարող եք նաև խորհրդակցել մյուս ղեկավարների և ուսուցիչների հետ, ովքեր կարող են կիսվել փորձով ու մտքերով։ Ուսուցման օգտակար ռազմավարությունների համար տես disabilities.ChurchofJesusChrist.org։

Ստեղծեք դրական մթնոլորտ

Ստեղծեք դրական մթնոլորտ, որտեղ բոլորը ապահով և սիրված են զգում։ Մի մտածեք, որ հաշմանդամություն ունեցող բոլոր սովորողները նույնն են, և յուրաքանչյուր մարդու վերաբերվեք սիրով և հարգանքով: Խրախուսեք ուրիշներին լինել բարի և ընկերական:

Համոզվեք, որ բոլորն են մասնակցում

Փոքր փոփոխություններ կարող են կատարվել վարժությունների համար, որոնք կապահովեն, որ բոլորը կարողանան սովորել, ներառյալ նրանք, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակումներ կամ սովորելու դժվարություններ: Օրինակ, եթե վարժության ժամանակ խորհուրդ է տրվում նկար ցուցադրել, դրա փոխարեն կարող եք երգել դրան առնչվող երգ, որպեսզի ընդգրկեք տեսողության խանգարումներ ունեցող սովորողներին:

Ստեղծեք հետևողական սահմանակարգեր և կառուցվածք

Սահմանակարգ հաստատելու եղանակներից մեկը ժամանակացույցով պաստառ ստեղծելն է: Ձեր ժամանակացույցը կարող է ներառել աղոթքները, ուսուցման ժամանակը և վարժության ժամանակը: Ժամանակացույցին հետևելը կօգնի որոշ սովորողների մոտ նվազեցնել անորոշության և անհանգստության զգացումը:

Հասկացեք, թե ինչո՞ւ է խնդրահարույց վարքագիծ դրսևորվում

Սովորեք սահմանափակ ունակությունների կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել մարդու վրա` դրդելով նրան ոչ պատշաճ վարվելակերպ դրսևորել։ Շատ ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում, երբ խնդրահարույց վարքագիծ է առաջանում։ Աղոթքով մտածեք, թե ինչպես փոփոխեք իրավիճակը, որպեսզի լավագույնս աջակցեք սովորողներին։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց ուսուցման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես disabilities.ChurchofJesusChrist.org։

Նկար
Երիտասարդ Կանանց դասարան

Ուսուցիչները կարող են ստեղծել դրական ուսումնական միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն ընդունված և սիրված կզգա:

Հեռավար ուսուցում

Ծանոթացեք տեխնոլոգիաների հետ

Ձեր դասից կամ ժողովից առաջ մի որոշ ժամանակ անցկացրեք՝ ծանոթանալով օգտագործվող տեխնոլոգիային։ Բացահայտեք դրա մի քանի գործառույթները, օրինակ՝ ինչպես կիսվել տեսանյութերով կամ նկարներով: Կարող եք ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ «փորձնական» ժողով կազմակերպել։

Ծխերի և ցցերի մեծ մասը ունեն տեխնոլոգիաների մասնագետ: Հնարավոր է նաև ճանաչեք այլոց, ովքեր փորձ ունեն հեռավար ժողովների հարցում։ Խորհուրդ հարցրեք նրանցից կամ առաջնորդություն խնդրեք։

Վերացրեք հնարավոր շեղող հանգամանքները

Հնարավորության դեպքում ձեր ժողովների համար հանգիստ մի վայր գտեք։ Հետին պլանում աղմուկի առկայությունը կարող է շեղել ուշադրությունը։ Խրախուսեք սովորողներին նույնպես գտնել հանգիստ մի վայր կամ իրենց խոսափողներն անջատած պահել, եթե չեն խոսում։

Օգտագործեք տեսախցիկը

Հնարավորության դեպքում միացած պահեք ձեր տեսախցիկը, որպեսզի սովորողները տեսնեն ձեր դեմքը։ Հրավիրեք (բայց մի պահանջեք) սովորողներին ևս միացնել իրենց տեսախցիկները։ Սա կօգնի ստեղծել միասնության և փոխադարձ աջակցության մթնոլորտ։

Օգտագործեք հեռավար «զրուցարանի» հնարավորությունը

Հեռավար ժողովների շատ ծրագրեր մասնակիցներին հնարավորություն են տալիս հարցեր կամ մեկնաբանություններ մուտքագրել «զրուցարան» պատուհանում։ Մի քանիսը նաև թույլ են տալիս մասնակիցներին հեռավար հարթակում ձեռք բարձրացնել։ Տեղեկացրեք սովորողներին այս հնարավորությունների մասին։ Կարող եք հանձնարարել մեկին հետևել «զրուցարանի» մեկնաբանություններին կամ բարձրացրած ձեռքերին, որպեսզի կարողանաք ձեր ուշադրությունը կենտրոնացնել քննարկման վրա։

Գտեք սովորողներին ներգրավելու ուղիներ

Հեռավար ուսուցման կարգավորումները երբեմն դժվարացնում են, որ մարդիկ տեսանելի և լսելի լինեն: Գիտակցված ջանքեր գործադրեք՝ ներգրավելու նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել: Երբեմն, դա նշանակում է ավելի փոքր խմբերի ստեղծում (օրինակ՝ կիրակնօրյա դպրոցի մեծ դասարանը բաժանելով): Երբեմն, դա նշանակում է սովորողներին նախօրոք խնդրել, որ մասնակցեն որոշակի ձևով: Թույլ մի տվեք, որ տեխնոլոգիայի սահմանափակումները ձեզ ստիպեն մոռանալ կամ անտեսել այն մարդկանց, ովքեր ձգտում են և ցանկանում են սովորել: