Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Ջանասիրաբար սովորելու կոչ արեք


«Ջանասիրաբար սովորելու կոչ արեք», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Ջանասիրաբար սովորելու կոչ արեք», Ուսուցանել Փրկչի ձևով

Նկար
Հիսուսը Պետրոսին բարձրացնում է փոթորկոտ ջրից

Հավատի կատարողը, Ջ․ Ալան Բարեթ

Ջանասիրաբար սովորելու կոչ արեք

Անշուշտ, ակնածանք էր ներշնչում, երբ հետևում էինք Փրկչին ջրի վրայով քայլելիս: Բայց դա բավարար չէր Պետրոսի համար: Նա ցանկանում էր անել այն, ինչ Փրկիչն արեց, լինել այնտեղ, որտեղ Նա էր, և ինքն էլ ունենալ նույն փորձառությունը: «Հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ»,- ասաց նա։ Փրկիչը պատասխանեց պարզ հրավերով՝ «Եկ»: Դրանով Պետրոսը անվտանգ նավից ցատկեց և ցույց տվեց մեզ, որ աշակերտությունը պասիվ փորձառություն չէ (տես Մատթեոս 14.24–33): Այն պահանջում է հավատք առ Քրիստոս և ջանասեր աշխատանք: Բայց դա նաև թույլ է տալիս ունենալ Փրկչի հետ քայլելու հարուստ փորձառությունը:

«Եկ»: «Եկ և տես» «Եկ, հետևիր ինձ»: «Գնա, դու էլ այնպես արա» (Մատթեոս 14․29, Հովհաննես 1․39, Ղուկաս 18․22, 10․37)։ Իր ծառայության սկզբից Փրկիչը Իր հետևորդներին հրավիրեց, որ ինքնուրույն ընդունեն այն ճշմարտությունները, զորությունը և սերը, որոնք Ինքն առաջարկեց: Նա այդպես վարվեց, քանի որ իրականում դա է ուսումնառությունը: Ուսումնառությունը միայն ունկնդրելը կամ ընթերցելը չէ. այն նաև փոխվելն է, ապաշխարելն է և առաջադիմելն է: Փրկիչն ասել է, որ ուսումը ստանում ենք «ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118, շեշտադրումն ավելացված է): Իսկ հավատքը ինքնուրույն գործելն է, այլ ոչ թե պարզապես ներգործվելը (տես 2 Նեփի 2.26):

Երբ մենք հետևում ենք Փրկչի օրինակին, մենք հրավիրում ենք նրանց, ում ուսուցանում ենք՝ խնդրել, որոնել և թակել, իսկ հետո՝ գտնել (տես Մատթեոս 7.7–8): Եվ մենք անձամբ ենք ընդունում այդ հրավերը։ Քրիստոսի հանդեպ մեր հավատքի և ջանասեր ջանքերի շնորհիվ ինքներս մեզ համար կիմանանք, թե ինչ է նշանակում քայլել Նրա հետ:

Ինչպես ջանասիրաբար սովորելու կոչ անել

  • Օգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար:

  • Խրախուսեք սովորողներին ճանաչել Փրկչին՝ ամեն օր ուսումնասիրելով ավետարանը:

  • Հրավիրեք սովորողներին պատրաստվել դասին:

  • Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտությամբ:

  • Հրավիրեք սովորողներին ապրել համաձայն նրա, ինչ իրենք սովորում են:

Փրկիչն օգնեց ուրիշներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար

Օվկիանոսներն ապահով կերպով հատող նավերի կառուցումը դժվար գործ կլիներ ցանկացած մարդու համար: Հարեդի եղբայրը, «շարունակ հրահանգված լինելով Տիրոջ ձեռքով» (Եթեր 2.6), ուսուցանվում էր նավերի ձևի և դրանց օդափոխման վերաբերյալ: Բայց ձեր կարծիքով, ինչպե՞ս պատասխանեց Տերը, երբ Հարեդի եղբայրը հարցրեց բեռնանավերում լույս լինելու մասին (տես Եթեր 2.22–25): Ինչպե՞ս էր Հարեդի եղբայրը օրհնվել, երբ հետևել էր հավատքը գործադրելու հրավերին (տես Եթեր 3.1–16):

Կարող է ավելի հեշտ թվալ սովորողներին ասել այն ամենը, ինչ դուք կարծում եք, որ նրանք պետք է իմանան: Այնուամենայնիվ, Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խորհուրդ է տվել. «Մեր նպատակը ոչ թե պետք է լինի, թե «ի՞նչ պետք է ասեմ նրանց»։ Այլ, պետք է մեզ հարց տանք, թե «գործելու ի՞նչ հրավեր կարող եմ հղել նրանց: Ի՞նչ ոգեշնչող հարց կարող եմ տալ, որը եթե կամենա պատասխանել, կհրավիրի Սուրբ Հոգուն այդ մարդու կյանք» (երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 7, 2020, broadcasts.ChurchofJesusChrist.org

Մտածեք, թե ինչպես կարող եք հրավիրել սովորողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար: Օրինակ՝ կարող եք հրավիրել նրանց տալ իրենց անձնական հարցերը, փնտրել պատասխաններ, խորհել և կիսվել կամ գրել իրենց մտքերն ու զգացմունքները: Երբ նրանք այդպես վարվեն, կուժեղացնեն իրենց հավատքը, կբացահայտեն Աստծո խոսքի ճշմարտությունները և կունենան իրենց սեփական փորձառությունները, որոնք վերաբերում են այդ ճշմարտություններին: Երբ մենք պատասխանատվություն ստանձնենք մեր անձնական ուսումնառության համար, կկարողանանք Ջոզեֆ Սմիթի նման ասել․ «ինձ հայտնի է դարձել» (Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.20):

Խորհելու հարցեր. Ինչո՞ւ է կարևոր, որ իրենց ուսման մեջ սովորողները լինեն ակտիվ, այլ ոչ թե պասիվ: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց պատասխանատվություն ստանձնել իրենց ուսմնառության համար: Ինչպե՞ս են ուսուցիչներն օգնել ձեզ դա անել: Սուրբ գրություններից ի՞նչ օրինակներ կարող եք բերել, որտեղ մարդկանց առաջարկվել է ինքնուրույն սովորել: Նման օրինակները ի՞նչ ազդեցություն են թողնում ձեր ուսուցման ձևի վրա։

Սուրբ գրություններից․ 1 Նեփի 11, Վարդապետություն և Ուխտեր 9․7–8, 58․26–28, 88․118–125, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․11–20

Փրկիչը խրախուսեց մարդկանց ճանաչել Իրեն՝ ուսումնասիրելով Իր Խոսքը

Երբ եկավ ժամանակը, որ Փրկիչը պետք է պաշտոնապես կազմավորեր Իր Եկեղեցին վերջին օրերին, Նա ասաց Իր ծառաներին. «Վստահեք այն բաներին, որոնք գրված են» (Վարդապետություն և Ուխտեր 18.3): Իսկապես, Մորմոնի Գիրքը, որի թարգմանությունը նրանք գրեթե ավարտել էին, պարունակում էր օգտակար հրահանգներ այդ աշխատանքի համար, ներառյալ՝ ինչպես մկրտել, ինչպես սպասավորել հաղորդությունը և այլ արժեքավոր մանրամասներ: Բայց Փրկիչը նաև ցանկանում էր, որ Իր ծառաներն Իր հայտնությունները դիտարկեն՝ որպես Իրեն լսելու և Իրեն ավելի լավ ճանաչելու հնարավորություն: Այդ նույն հայտնության մեջ Նա ասաց նրանց. «Իմ ձայնն է, որ ասում է [այս խոսքերը] ձեզ․․․ ուստի, դուք կարող եք վկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 18․35–36

Մտածեք այն մարդկանց մասին, ում ուսուցանում եք: Ինչպե՞ս են նրանք վերաբերվում սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան։ Արդյո՞ք դա ավելին է, քան ամենօրյա պարտավորություն։ Երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները, զգո՞ւմ եք, որ Փրկիչը խոսում է անմիջապես ձեզ հետ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մենք որտե՞ղ կարող ենք լսել Նրան։ Կարող ենք դիմել սուրբ գրություններին։․․․ Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին։ Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց, չէինք մտածի, որ երբևէ կբախվենք» («Լսիր Նրան», Լիահոնա, Մայիս 2020, 89)։ Երբ ուսուցանեք, խրախուսեք սովորողներին ուսումնասիրել սուրբ գրությունները Փրկչին գտնելու նպատակով. ոչ միայն Նրա մասին հատվածներ կամ փաստեր գտնելու, այլ Նրան գտնելու նպատակով: Ամեն օր սուրբ գրություններում Տիրոջ ձայնը լսելը կարևոր է ավետարանը ջանասեր, ինքնուրույն սովորելու համար:

Խորհելու հարցեր. Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր սովորությունների մասին: Ինչպե՞ս է Աստծո խոսքի ուսումնասիրությունն ամրապնդել ձեր հարաբերությունները Նրա հետ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի բարելավեք ձեր ուսումնասիրությունը: Ինչպե՞ս կոգեշնչեք ուրիշներին ջանասիրաբար և կանոնավոր կերպով ուսումնասիրել Աստծո խոսքը: Ի՞նչ օրհնություններ կստանան նրանք դա անելով:

Սուրբ գրություններից Հեսու 1․8, Բ Տիմոթեոս 3․15–17, 2 Նեփի 32․3, Հակոբ 2․8, 4․6, Վարդապետություն և Ուխտեր 33․16

Փրկիչը հրավիրեց ուրիշներին պատրաստվել ուսուցանվելու

Նույնիսկ ամենալավ սերմերը չեն կարող աճել կոշտ, քարքարոտ կամ փշոտ հողի վրա: Նմանապես, նույնիսկ ամենաարժեքավոր և հավատքը խթանող վարդապետությունը չի փոխի սիրտը, որն անպատրաստ է այն ընդունելու: Դա սերմնացանի, սերմերի և հողի տարբեր տեսակների մասին Փրկչի առակի ուղերձն է։ Աստծո խոսքը կյանք տվող պտուղ է տալիս «բարի հողի» մեջ, երբ սիրտն արդեն փափկել և մաքրվել է հոգևոր քարերից ու փշերից (տես Մատթեոս 13.1–9, 18–23):

Հոգևոր պատրաստությունը կարևոր է ձեր և այն մարդկանց համար, ում ուսուցանում եք: Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք օգնում պատրաստել մեր սրտերը, որպեսզի դրանք «բարի հող» լինեն Աստծո խոսքի համար: Մտածեք նախապատրաստության հետևյալ սկզբունքների մասին, որոնք դուք կարող եք կիրառել ձեր կյանքում և խրախուսել այն նրանց կյանքում, ում ուսուցանում եք: Աղոթեք՝ հասկանալու համար, թե Տերն ինչ է ուզում, որ դուք սովորեք: Ապրեք այնպես, որ Նրան հրավիրեք ձեր կյանք։ Ամեն օր ապաշխարեք: Զարգացրեք սովորելու ձեր ցանկությունը՝ անկեղծ հարցեր տալով: Հավատքով ուսումնասիրեք Աստծո խոսքը, որ Նա պատասխանի ձեզ։ Բացեք ձեր սիրտը այն ամենի համար, ինչ Նա կսովորեցնի ձեզ:

Երբ սովորողները պատրաստվեն սովորել այս ձևով, նրանք կունենան հոգևոր աչքեր՝ տեսնելու համար և ականջներ՝ լսելու այն, ինչ Տերը կամենում է, որ նրանք իմանան (տես Մատթեոս 13.16):

Խորհելու հարցեր. Ի՞նչ եք անում, որպեսզի պատրաստվեք ուսուցանվելու: Ինչպե՞ս է ձեր պատրաստությունն ազդում այն եղանակի վրա, որով դուք տեսնում, լսում և հասկանում եք Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ուրիշներին պատրաստվել սովորելու: Դա ինչպե՞ս է ազդում այն եղանակի վրա, թե ինչպես են նրանք ընդունում ավետարանի ճշմարտությունները:

Սուրբ գրություններից․ Ենովս 1․1–8, Ալմա 16․16–17, 32․6, 27–43, 3 Նեփի 17․3

Նկար
Երեխան դասարանում սուրբ գրություններ է կարդում

Սովորողները օգտվում են իրենց սովորածով միմյանց հետ կիսվելու հնարավորություններից:

Փրկիչը խրախուսեց մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որոնք նրանք սովորում էին

«Ես ծանրախոս եմ», - ողբում էր Ենովքը, երբ Տերը կանչեց նրան քարոզելու ավետարանը: Բայց Տիրոջ ծառայից երբևէ պերճախոսություն չի պահանջվել: Փոխարենը՝ Տերը խոստացավ Ենովքին, որ եթե նա բավականաչափ հավատք ունենար, որ բացեր իր բերանը, խոսքերը կգային: «Ես կտամ քեզ արտասանություն», - ասաց Նա (Մովսես 6․31–32)։ Ենովքը գործադրեց իր հավատքը, և Տերը, իրոք, խոսեց նրա միջոցով այնքան զորեղ խոսքերով, որ ստիպեցին ժողովրդին դողալ (տես Մովսես 6.47): Իրականում, դրանք ստիպեցին, որ գետինը ցնցվի։ Սարերը փախան, ջրի գետերը փոխեցին իրենց հոսանքը և բոլոր ազգերը մեծապես վախեցան Աստծո ժողովրդից, «այնքան զորեղ էր Ենովքի խոսքը, և այնքան մեծ էր լեզվի զորությունը, որն Աստված տվել էր նրան» (Մովսես 7․13

Տերը ցանկանում է, որ մենք՝ բոլորս, և ոչ միայն Իր մարգարեները, զորություն ունենանք խոսելու Իր խոսքը: Նա դա ցանկանում է բոլորիս համար, ներառյալ այն մարդկանց համար, որոնց դուք ուսուցանում եք (տես Վարդապետություն և Ուխտեր 1.20–21): Մեր խոսքերը կարող են սարերը չշարժել կամ չփոխել գետերի հոսքը, բայց դրանք կօգնեն փոխել սրտերը: Ահա թե ինչու է այդքան կարևոր սովորողներին միմյանց հետ կիսվելու հնարավորություններ տալ այն մասին, թե ինչ են սովորում Փրկչի և Նրա ավետարանի մասին: Դա կօգնի նրանց յուրացնել իրենց սովորած ճշմարտությունները և արտահայտել դրանք: Դա նաև կօգնի նրանց վստահություն ձեռք բերել այլ միջավայրում ճշմարտություններով կիսվելու համար:

Խորհելու հարցեր. Մտածեք մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկի հետ խոսել եք ավետարանի ճշմարտության մասին: Ի՞նչ եք սովորել ձեր փորձառությունից: Ե՞րբ եք շնորհակալ եղել, որ ինչ-որ մեկը համարձակություն է ունեցել կիսվելու իր մտքերով և համոզմունքներով: Մարդիկ, որոնց ուսուցանում եք, ինչպե՞ս են օգուտ քաղելու իրենց սովորածի մասին խոսելու հնարավորություններից: Ի՞նչ հնարավորություններ կարող եք ստեղծել նրանց համար:

Սուրբ գրություններից․ Ալմա 17․2-2, Մորոնի 6.4-6, Վարդապետություն և Ուխտեր 84․85, 88․122, 100․5-8

Փրկիչը հրավիրեց ուրիշներին կիրառել այն, ինչ Ինքն ուսուցանում էր

«Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին»: «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ «Խնդրեցեք և կտրվի ձեզ»։ «Նեղ դռնով ներս մտեք»։ (Մատթեոս 5․16, 44, 7.7, 13 Փրկչի ողջ երկրային ծառայության ընթացքում ամենավառ, հիշարժան հրավերներից մի քանիսը հնչեցին, երբ Նա ուսուցանեց Իր աշակերտներին Գալիլեայի ծովին նայող սարի լանջին: Ինչպես պարզ դարձավ Նրա ամփոփիչ հրավերից, Փրկչի նպատակն էր կյանքեր փոխել․ «Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ» (Մատթեոս 7.24), շեշտադրումն ավելացված է):

Անձրև է գալիս, հեղեղներ են լինում, և քամիներ են փչում բոլորի կյանքում: Ավետարանի մասին սովորելը բավարար չէ, եթե սովորողները ցանկանում են դիմակայել բոլոր փորձություններին, որոնց կբախվեն: Ահա թե ինչու մենք չպետք է վարանենք և պետք է հրավիրենք սովորողներին մտածել, թե ինչպես կարող են ապրել համաձայն նրա, ինչ սովորում են: Ուրիշների ազատ կամքի հանդեպ հարգանքից ելնելով՝ մեր հրավերներից շատերը կլինեն ընդհանուր. «Ի՞նչ եք ոգեշնչվում անել»: Երբեմն մեր հրավերները կարող են լինել ավելի որոշակի․ «Կընտրե՞ք Փրկչի մեկ հատկանիշ, որի վրա կցանկանայիք աշխատել»: Երբ դուք սովորողներին հնարավորություն տաք լսել, ճանաչել և կիսվել Սուրբ Հոգու հուշումներով, Նա կսովորեցնի նրանց, թե ինչ անհատական քայլեր պետք է ձեռնարկեն: Օգնեք սովորողներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք կհետևեն, երբ նրանք գործեն ըստ իրենց սովորածի, և խրախուսեք նրանց շարունակել, նույնիսկ, երբ դա դժվար է լինում: Ճշմարտությամբ ապրելն ամենից արագ ճանապարհն է դեպի ավելի մեծ հավատք, վկայություն և դարձ: Ինչպես Փրկիչն է ասել, Հոր վարդապետությամբ ապրելն այն միջոցն է, որով մենք բոլորս իսկապես կիմանանք, որ վարդապետությունը ճշմարիտ է (տես Հովհաննես 7.17):

Խորհելու հարցեր. Ե՞րբ եք ոգեշնչվել գործելու՝ որևէ մեկի կողմից տրված հրավերի շնորհիվ: Դրանից հետո ինչպե՞ս փոխվեց ձեր կյանքը: Ուշադրություն դարձրեք հրավերներին, որոնք տրվել են սուրբ գրություններում և Եկեղեցու ղեկավարների կողմից: Դուք ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ, երբ հրավիրում եք ուրիշներին գործել: Ինչպե՞ս կարող եք հետևողական լինել ձեր հրավերների կատարողականում:

Սուրբ գրություններից․ Ղուկաս 10․36-37, Հովհաննես 7․17, Հակոբոս 1․22, Մոսիա 4․9-10, Վարդապետություն և Ուխտեր 43․8-10, 82․10

Սովորածը կիրառելու եղանակներ

  • Խնդրեք սովորողներին գալ պատրաստ՝ կիսվելու Սուրբ Հոգու ուսուցանած որևէ բանով, օրինակ՝ սուրբ գրության իմաստալի հատվածի մասին մտքերով:

  • Սովորողներին հնարավորություն տվեք դասավանդելու դասի մի մասը:

  • Խրախուսեք սովորողներին նախքան հանդիպումը դիտել տեսանյութը, կարդալ սուրբ գրությունը կամ ուղերձը:

  • Կարևոր չէ պատասխանել բոլոր հարցերին: Ներգրավեք ուրիշներին պատասխաններ փնտրելու գործում:

  • Նախքան սուրբ գրության մասին ձեր պատկերացումներով կիսվելը՝ խնդրեք սովորողներին կիսվել իրենց մտքերով:

  • Հարցեր տվեք, որոնք խրախուսում են սովորողներին գտնել պատասխանները Աստծո խոսքի մեջ:

  • Հրավիրեք սովորողներին տալ իրենց անձնական հարցերը այն մասին, թե ինչ են սովորում:

  • Ժամանակ տվեք բոլոր սովորողներին հարցի շուրջ խորհելու համար՝ նախքան նրանց կխնդրեք կիսվել պատասխաններով:

  • Կարող եք սովորողներին բաժանել քննարկումների փոքր խմբերի, եթե անհրաժեշտ է:

  • Արտահայտեք հստակ ակնկալիքներ, որոնք սովորողներին կօգնեն աճել:

  • Այնպիսի հրավերներ հղեք, որոնք սովորողներին ոգեշնչում են կատարելագործվել, բայց չեն ծանրաբեռնում: Հետևողական եղեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց փորձառություններով:

  • Օգնեք սովորողներին սովորել սուրբ գրություններից հետևյալ ձևերով․

    • Նշեն իմաստալի հատվածները, եթե ցանկանում են։

    • Խորհելու և աղոթքի միջոցով ձգտեն հայտնություն ստանալ։

    • Գրի առնեն հոգևոր տպավորությունները։

    • Վարեն ուսումնասիրության օրագիր։

    • Նպատակներ դնեն՝ գործելու համաձայն իրենց սովորածի։