Սեմինարիա
Եբրայեցիս 7-10


Եբրայեցիս 7-10

«Ձեռք է բերել հավերժական փրկություն մեզ համար»

Նկար
Composite of an image of an Old Testament priest offering a sacrifice, and Jesus Christ on the cross.

Դուք երբևէ ունեցե՞լ եք այնպիսի պահեր, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը հաստատման կարիք է ունեցել: Ե՞րբ եք զգացել, որ ձեզ անհրաժեշտ է օգնություն՝ դարձի ճանապարհին մնալու համար: Եբրայեցի Սրբերը վստահություն էին փնտրում Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի և փրկելու Նրա զորության վերաբերյալ: Պողոսը գրել է նրանց՝ այդ հավաստիացումը առաջարկելու համար: Պողոսը հիշեցրել է նրանց, որ Մովսեսի օրենքն ինքնին մատնանշում էր Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը՝ որպես փրկության ճշմարիտ աղբյուր։ Այս դասի նպատակն է օգնել մեծացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ որպես ձեր Փրկիչ և Քավիչ, և օգնել ձեզ հասկանալ Մովսեսի օրենքում զետեղված հին խորհրդանիշները:

Ներառեք ուսուցչի ներկայացումը Ուսուցման գործընթացին ակտիվ մասնակցությունը օգնում է ուսանողներին հասկանալ և կիրառել սուրբ գրությունների վարդապետությունը և սկզբունքները: Սակայն դա չի կարող լիովին փոխարինել ուսուցչի ներկայության և նրա կողմից տեղեկությունների ճիշտ ներկայացման անհրաժեշտությունը: Երբեմն ուսուցիչը պետք է բացատրի, պարզաբանի և ցուցադրի որոշ գաղափարներ, որպեսզի ուսանողները ավելի հստակ պատկերացնեն դրանք:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասարան բերել մի առարկա և բացատրել, թե այն ինչպես է վկայում կամ հիշեցնում նրանց Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ՝ ուսանողներից մեկը կարող է ռետին բերել և բացատրել, որ այն հիշեցնում իրեն Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ Նա կարող է ջնջել կամ ներել մեր մեղքերը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Բոլոր բաները վկայում են [Հիսուս Քրիստոսի] մասին» ( Մովսես 6.63)

Հնարավորության դեպքում կարող եք ժապավենի կամ պարանի միջոցով դասարանի հատակին խորան ուրվագծել (տես այս դասի վերջում գտնվող աղյուսակը): Կամ փակցրեք այն ուսանողների համար տեսանելի տեղում: Կարող եք նաև դասի ընթացքում ցուցադրել այս դասի պատկերներից մի քանիսը կամ բոլորը:

Գտեք որևէ առարկա, որը ձեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի մասին կամ կարող է օգտագործվել նրա մասին վկայելու համար: Մտածեք, թե այս առարկայի որ հատկանիշներն են հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Ավարտեք հետևյալ հայտարարությունը՝ օգտագործելով այդ առարկան.

Ցուցադրեք հետևյալ անավարտ նախադասությունը և ուսանողներին առաջարկեք լրացնել այն՝ օգտագործելով դասին նախապատրաստվելու ժամանակ ընտրված առարկան: Նրանք կարող են դա անել զույգերով, փոքր խմբերով կամ դասարանի բոլոր անդամներով:

«__________________ հիշեցնում է ինձ Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ ________________________»:

  • Այսպիսի խորհրդանիշները և համեմատությունները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին, և թե Նա ինչ է արել ձեզ համար:

Սուրբ գրությունները վկայում են, որ Աստծո կողմից տրված բոլոր բաները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (օրինակ՝ տես 2 Նեփի 11.4 , Մովսես 6.63):

  • Դա հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Բացատրեք, որ Մովսեսի օրենքի արարողությունների ու ծեսերի նպատակն էր ծառայել որպես կերպար կամ ստվեր, որն ուղղում էր Իսրայելի ժողովրդին դեպի Հիսուս Քրիստոսն ու Նրա քավիչ զոհաբերությունը (տես 2 Նեփի 11.4 ; Հակոբ 4.4–5 ; Մոսիա 3.15): Եբրայեցիներին ուղղված իր նամակներում Պողոսը քննարկել է Մովսեսի օրենքի և հին խորանի խորհրդանշականությունը, նաև հիշեցրել է Սրբերին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքի մասին իրենց կյանքում: Նա ցանկանում էր օգնել հրեա Սրբերին՝ Մովսեսի օրենքին վերադառնալու փոխարեն հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին: Նրա ուսմունքները կարող են օգնել նաև մեզ՝ հավատարիմ մնալ Փրկչին: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ավելի լավ հասկանալ, թե սուրբ գրությունների խորհրդանշականությունը ինչպես է մատնանշում Հիսուս Քրիտոսին և վկայում Նրա մասին:

Կախված ուսանողների կարիքներից և ժամանակի առկայությունից, որոշեք, թե արդյոք պետք է կենտրոնանաք «Քահանաներ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» բաժնի վրա, «Հին խորանի խորհրդանշականությունը» բաժնի վրա, կամ երկու բաժինների վրա:

Քահանաներ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի

Եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակներում քահանայապետը և հին իսրայելացիների այլ քահանաները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին:

Նկար
A man dressed in the costume of a High Priest at the model of the Jewish Tabernacle.

Քահանաների դերերից մեկն էր գործել որպես միջնորդ՝ խորհրդանշորեն կանգնելով ժողովրդի և Աստծո միջև: Նրանք այդ դերը կատարում էին՝ ամեն օր կենդանիներ զոհաբերելով իսրայելացիների մեղքերի և օրինազանցությունների դիմաց (տես Ղևտացոց 1 ; Եբրայեցիս 10.11): Դա արվում եր խորանում:

Կարդացեք Եբրայեցիս 7.22-28 հատվածները՝ նկատի ունենալով Եբրայեցիս 7.25-26 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (որը կարող եք գտնել Աստվածաշնչի հավելվածում): Փնտրեք, թե այդ քահանաների գործողություններն ինչպես կարող են մեզ օգնել հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը առաջարկեց Իր սեփական կյանքը՝ որպես զոհաբերություն մեր մեղքերի համար: Այս դասն ուսումնասիրելիս խորհեք հետևյալ սահմանումների շուրջ.

Ցուցադրեք հետևյալ սահմանումները, որպեսզի ուսանողները տեսնեն դրանք կարդալիս.

Եբրայեցիս 7.22 հատվածում ներկայացված «երաշխավոր» բառը վերաբերում է մի մարդու, որը երաշխավորում է այլ մարդու ֆինանսական պարտքը:

«Ավելի ազնիվ ուխտը» արտահայտությունը վերաբերում է Քրիստոսի կողմից սահմանված բարձրագույն ավետարանական ուխտին:

«Սա» բառը Եբրայեցիս 7.24 հատվածում վերաբերում է Հիսուս Քրիստոսին:

«Բոլորովին» բառը Եբրայեցիս 7.25 հատվածում նշանակում է «լիովին» և «հավերժորեն»:

Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել իրենց պատասխանները հետևյալ հարցերին.

  • Այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն էին կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Այս հատվածներում ի՞նչն է ուսուցանում, որ Հիսուս Քրիստոսը առաջարկեց Իր սեփական կյանքը՝ որպես զոհաբերություն մեր մեղքերի համար:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին կամ Նրա հետ կապված ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ձեզ վստահություն են ներշնչում, որ Նա կարող է փրկել ձեզ:

Հին խորանի խորհրդանշականությունը

Նկար
A depiction of the Israelite tabernacle in the wilderness. The tabernacle is viewed from above. The interior and exterior of the tabernacle are depicted.

Կարող եք նշել խորանի տարբեր մասերը՝ Քավության օրը բացատրելիս:

Նկար
Floor plan of Moses’ Tabernacle.

Տարին մեկ անգամ՝ Քավության օրը (տես Ղևտացոց 16), քահանայապետը կատարում էր հատուկ կենդանական զոհաբերություններ՝ խորանի ամենասուրբ վայրը մտնելուց առաջ: Խորանի այս մասը խորհրդանշում է սելեստիալ աշխարհը կամ Աստծո ներկայությունը: Այս զոհաբերությունները և քահանայապետի գործողությունները խորհրդանշում էին, թե ինչպես Հիսուսը՝ Մեծ Քահանայապետը, զոհաբերություն կատարեց, որը մարդկանց համար ճամփա բացեց դեպի Աստծո ներկայությունը (տես Եբրայեցիս 9.1–15):

Հնարավորության դեպքում դիտեք «Խորանը» տեսանյութը (7:18)՝ այդ խորհրդանշականությունը ավելի լավ հասկանալու համար: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Հաջորդ վարժության համար կարող եք դասարանը կիսել և մի կեսին առաջարկել կարդալ պարբերություններ Եբրայեցիս 9 հատվածից, իսկ մյուս կեսին՝ պարբերություններ Եբրայեցիս 10 հատվածից: Օգտակար կլինի ցուցադրել այն հարցերը, որոնց ուսանողները կարող են անդրադառնալ այս հատվածները կարդալիս: Պտտվեք դասարանով և անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին:

Նկար
Composite of an image of an Old Testament priest offering a sacrifice, and Jesus Christ on the cross.

Փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները Եբրայեցիս 9.11-15, 24, 28 կամ Եբրայեցիս 10.4, 10-17 հատվածներում:

  • Ի՞նչ եք սովորել այս հատվածներից Փրկչի և Նրա Քավության մասին:

  • Ըստ այս հատվածներ՝ ինչպիսի՞ օրհնություններ կարող են գալ Հիսուս Քրիստոսի Քավությունից:

Օգնեք ուսանողներին բացահայտել ճշմարտություններ այս հատվածներից: Ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեղքերից և ստանալ հավերժական կյանքի խոստումը:

  • Փրկչի խոստացած օրհնություններն ի՞նչ են ուսուցանում ձեզ այն մասին, թե Նա ինչ է ցանկանում ձեզ համար:

  • Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է ձեզ համար:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ հետևյալ հրահանգների շուրջ խորհելու և դրանք օրագրում գրանցելու համար: Հորդորեք նրանց հետևել հուշումներին: Կիսվեք Հիսուս Քրիստոսի՝ որպես Փրկչի և Քավչի մասին վկայությունով:

Խորհեք, թե այս դասի ընթացքում համեմատությունների և խորհրդանշականության ուսումնասիրությունն ինչպես է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

  • Որո՞նք են մեր օրերի խորհրդանիշները, որոնք մատնանշում են Հիսուս Քրիստոսին:

Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի մասին խորհրդանիշների ավելի հաճախակի որոնումն ինչպես կարող է ազդել Նրա հետ ձեր հարաբերությունների վրա: Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով և իմացեք, թե դուք ինչպես կարող եք դա ավելի հաճախակի անել սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության ընթացքում: Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի հուշման վրա:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ո՞րն էր Քավության օրը

Տարին մեկ անգամ հրեական սուրբ օրը, որը կոչվում է Քավության օր (ինչպես նաև Yom Kippur), քահանայապետին թույլատրվում էր ներս մտնել խորանի, իսկ ավելի ուշ՝ Երուսաղեմի տաճարի Ամենասուրբ վայրը, (որը նաև կոչվում էր Սրբություն Սրբոց): Սրբավայրից դուրս գտնվող զոհասեղանին քահանայապետը զոհաբերում էր մի ցլիկ և մի նոխազ: Նա կենդանիների արյունը շաղ էր տալիս ամենասուրբ վայրի նախորոշված տեղերում, որպեսզի խորհրդանշեր Քրիստոսի Քավությունը քահանայի մեղքերի ու ժողովրդի մեղքերի համար: Այնուհետև քահանայապետը ժողովրդի մեղքերը խորհրդանշորեն փոխանցում էր մեկ այլ նոխազի վրա (որը կոչվում էր քավության նոխազ), որին այնուհետև բաց էին թողնում անապատում, որը խորհրդանշում էր ժողովրդի մեղքերի հեռացումը: Նա նաև զոհաբերում էր երկու խոյ` որպես այրված ընծա՝ իր և ժողովրդի համար: (Տես Աստվածաշնչի բառարան, « Ծոմեր », տես նաև Ղևտացոց 16.22):

Եբրայեցիս 8.6 , 9.15 Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը «միջնորդ» է

Դիտեք «Միջնորդը» տեսանյութը (10:47)՝ Փրկչի այս կարևոր տիտղոսը հասկանալու համար:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Մելքիսեդեկյան Քահանայություն

Եթե ուսանողների համար օգտակար լինի կենտրոնանալ Մելքիսեդեկյան Քահանայության վրա, կարելի է օգտագործել Եկ, հետևիր ինձ ձեռնարկի «Նոյեմբերի 6-12. Եբրայեցիս 7-13. «Հանդերձյալ բարիքների քահանայապետը» համառոտ շարադրանքի «Մելքիսեդեկյան Քահանայությունը մատնանշում է Հիսուս Քրիստոսին» բաժինը, (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023)։ Ուսանողներին առաջարկեք բացահայտել, թե Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններն ինչպես կարող են նրանց օգնել ավելի մոտենալ և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Հին և ժամանակակից արարողություններ

Եթե ուսանողներին օգտակար լինի կենտրոնանալ այն բանի շուրջ, թե քահանայության արարողություններն ինչպես են մատնանշում Հիսուս Քրիստոսին, կարող եք օգտագործել Եկ, հետևիր ինձ ձեռնարկի «Նոյեմբերի 6-12. Եբրայեցիս 7-13. «Հանդերձյալ բարիքների քահանայապետը» համառոտ շարադրանքի «Հին և ժամանակակից արարողությունները մատնանշում են Հիսուս Քրիստոսին» բաժինը (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023): Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե տարբեր արարողություններն ինչպես են վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Օրինակ՝ նրանք կարող են քննարկել, թե մկրտությունն ինչպես է խորհրդանշում Քրիստոսի մահը, հուղարկավորությունը և հարությունը (տես Հռովմեացիս 6.1–6):

Եբրայեցիս 10.32-39 : «Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը»

Եթե ուսանողների համար օգտակար կլինի կենտրոնանալ այն բանի շուրջ, թե իրենց հոգևոր փորձառություններն ու սովորած ճշմարտություններն ինչպես կարող են նրանց օգնել հաղթահարել մարտահրավերները, կարող եք նրանց առաջարկել ուսումնասիրել Եբրայեցիս 10.32-39 հատվածները և Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Ուրեմն դեն մի նետեք ձեր վստահությունը» հոդվածը (Ensign, մարտ 2000, 6–11, Լիահոնա, հունիս 2000, 34–42): Ուսանողներին առաջարկեք կիսվել այդ սուրբ գրություններում և հոդվածում գտնված գաղափարներով: Խնդրեք նրանց հիշել այն պահերը, երբ նրանք «լուսավորվել են» ( Եբրահեցիս 10.32) և գրել դրանց մասին իրենց օրագրում: Հորդորեք նրանց մարտահրավերների հանդիպելիս ուժ հավաքել այդ փորձառություններից: