Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ղուկաս 2.10-12


Վարդապետության սերտում. Ղուկաս 2.10-12

Հիսուս Քրիստոսը ծնվեց որպես Փրկիչ և Տեր

Նկար
Քրիստոսի ծնունդը

Անցյալ դասին դուք ուսումնասիրեցիք հրեշտակի վկայությունը հովիվներին, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը (տես Ղուկաս 2.10-12): Այս դասը ձեզ հնարավորություն կտա ցուցադրել, թե որքան լավ էք հասկանում այս վարդապետությունը՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն իրական կյանքի իրավիճակներում կիրառելիս:

Մտապահեք և բացատրեք

Նայեք Փրկիչի ծնունդի նկարին և կրկնեք Ղուկաս 2.10-12-ի հղումն ու հիմնական արտահայտությունը. «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»: Կրկնեք այնքան, մինչև համոզված լինեք, որ կարող եք այն անգիր ասել:

1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Նայեք Փրկչի ծնունդի նկարին: Երկու կամ երեք նախադասությամբ բացատրեք, թե ինչու է նկարում պատկերված իրադարձությունը մեզ բոլորիս «մեծ ուրախութիւն աւետում» (Ղուկաս 2.10):

Գործնական կիրառում

Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Յուրաքանչյուր սկզբունքի համար նշեք առնվազն մեկ նախադասություն, որն, ըստ ձեզ, բացատրում է այս հասկացությունը:

Խորհեք հետևյալ իրավիճակի շուրջ.

Վերջերս ձեր ոչ հավատացյալ ընկերներից մեկը տեսել է միսիոներական մի զույգի՝ մարդկանց հետ այգում զրուցելիս: Ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ են ձեր եկեղեցու միսիոներները Հիսուսի մասին քարոզում եկեղեցուց դուրս: Դուք կարծես փորձում եք ձեր համոզմունքները պարտադրել ուրիշներին: Ինչո՞ւ մարդկանց չեք թողնում ուղղակի ապրել այնպես, ինչպես ապրում են»:

Այս իրավիճակը մտքում պահելով՝ ուսումնասիրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները և խորհեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:

Գործեք հավատքով

«Մենք գործում ենք հավատքով, երբ ընտրում ենք վստահել Աստծուն և դառնալ դեպի Նա» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», պարբերություն 5):

  • Ի՞նչ արտահայտություններ եք գտնում «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-7-րդ պարբերություններում, որոնք կարող են օգնել ձեզ այս իրավիճակում:

  • Գործելով հավատքով, ինչպե՞ս կարող եք պատասխանել ձեր ընկերոջ հարցին:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

«[Վարդապետական հասկացություններն ու հարցերը] հավերժության հեռանկարով քննելու համար մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժին, պարբերություն 8):

Ուսումնասիրեք Ղուկաս 2.10-12 հատվածները: Մտածեք, թե ինչ նոր բան են ուսուցանում այս հատվածները բացի նրանից, ինչ արդեն գիտեք Հիսուս Քրիստոսի մասին:

  • Որո՞նք են Փրկչի դերերը փրկության ծրագրում:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ովքեր դեռևս չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին, պետք է իմանան Նրա մասին:

  • Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր Նրա վերականգնված ավետարանի ուղերձով կիսվել բոլորի հետ՝ այդ թվում Նրան արդեն ընդունած այլ քրիստոնյաների հետ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել նախորդ հարցերի պատասխանները՝ ձեր ընկերոջ հարցին պատասխանելու համար:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Տերը «աղբյուրներ է սահմանել, որոնց միջոցով Նա ճշմարտություն և առաջնորդություն է հայտնում Իր զավակներին» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժին, պարբերություն 11):

Ուսումնասիրեք հետևյալ ոգեշնչված աղբյուրներից մեկը կամ մի քանիսը՝ փնտրելով տեղեկություններ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:

Մտածեք, թե այս աղբյուրներն ի՞նչ են ձեզ սովորեցնում այն մասին, թե Փրկիչը և Նրա ուսմունքները ինչպես կարող են մարդկանց ուրախություն պարգևել:

  • Ի՞նչ եք սովորել Փրկչի և Նրա ուսմունքների մասին, որը կարող է մարդկանց ուրախություն պարգևել այս և գալիք կյանքում:

  • Փրկիչի կամ Նրա ուսմունքների հետ կապված ի՞նչ անձնական փորձառություններ են ձեզ ուրախություն պարգևել:

  • Այս հարցերին տված ձեր պատասխաններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ պատասխանել ձեր ընկերոջ հարցին:

2. Մտածեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների և Ղուկաս 2.10-12 հատվածներում ուսուցանված վարդապետության մասին և ձեր օրագրում պատասխան գրեք ձեր ընկերոջ հարցին: