Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Պետրոս 4․6


Վարդապետության սերտում. Ա Պետրոս 4.6

«Մեռելներին ևս ավետարանվեց»

Նկար
Հարություն առած Հիսուս Քրիստոսը Հոգիների աշխարհում քարոզում է հոգիներին:

Ա Պետրոս 4 գլխից դուք սովորեցիք, որ Փրկիչը միսիոներական աշխատանք տարավ նաև հոգևոր աշխարհում, որպեսզի Երկնային Հոր բոլոր զավակները փրկվելու հնարավորություն ունենան: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը Ա Պետրոս 4.6 հատվածի համար: Այն նաև կարող է օգնել ձեզ բացատրել այդ հատվածում ուսուցանվող վարդապետությունը: Այնուհետև դուք հնարավորություն կունենաք կիրառել այդ վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական սցենարում:

Մտապահեք և բացատրեք

Նկարեք փրկության ծրագրի գծապատկերը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Աստծո բոլոր զավակներին ուսուցանվել է ավետարանը իրենց նախամահկանացու կյանքում: Ի՞նչ է կատարվել նրանց հետ, ովքեր ընդունել են ավետարանը և ընտրել Աստծո ծրագիրը: Ի՞նչ է կատարվել նրանց հետ, ովքեր մերժել են այն:

  • Ինչպե՞ս է ավետարանը ուսուցանվում այստեղ՝ երկրի վրա:

  • Ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր երբեք հնարավորություն չեն ունենում սովորել Հիսուս Քրիստոսի մասին կամ այս կյանքում քահանայական արարողություններ ստանալ:

  • Մենք որտե՞ղ կարող ենք սրա մասին կարդալ Նոր Կտակարանում:

Թերթիկի վրա գրեք վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը «Ա Պետրոս 4.6. Մեռելներին ևս ավետարանվեց»: Ջնջեք կամ փակեք երեքից չորս բառ կամ թիվ և փորձեք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը: Կրկնեք այս գործընթացը, մինչև կարողանաք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Նախորդ դասին Ա Պետրոս 4.6 հատվածից դուք սովորեցիք հետևյալ ճշմարտությունը. Ավետարանը քարոզվում է մեռելներին, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն նրանք, ովքեր լսում են ավետարանը մահկանացու կյանքի ընթացքում:

Օգտագործեք հետևյալ սցենարը՝ այս ճշմարտությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու համար:

Սցենար. մաս 1

Պատկերացրեք, որ դուք ունեք Ջեյսոն անունով մի ընկեր, որը հանդիպում է միսիոներների հետ: Ջեյսոնը ցանկություն է հայտնում ձեզ հետ գալ սեմինարիայի՝ ավետարանի մասին ավելին սովորելու համար: Սեմինարիայի առաջին օրը ձեր ուսուցիչը խնդրում է դասարանին զուգընկերոջ հետ կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ջեյսոնը հարցնում է ձեզ. «Որո՞նք են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները»:

  • Ինչպե՞ս կներկայացնեիք Ջեյսոնին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: («Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնից կրկնեք պարբերություններ 5–12 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022), եթե օգնության կարիք ունեք այս հարցին պատասխանելու համար):

Սցենար. մաս 2

Այդ շաբաթվա վերջում Ջեյսոնը և միսիոներները հանդիպում են ձեր տանը: Դուք օգնում եք միսիոներներին ուսուցանել ավետարանի առաջին սկզբունքների և արարողություններ մասին, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության մասին: Միսիոներները օգտագործում են Հովհաննես 3.5 հատվածը՝ ուսուցանելով, որ համապատասխան քահանայության իշխանության միջոցով կատարված մկրտությունը անհրաժեշտ է երկնային արքայությունում փրկվելու համար: Ջեյսոնը մտածում է դրա մասին և մի փոքր տխրում: Միսիոներներից մեկը հարցնում է, թե նա ինչու է տխուր, իսկ Ջեյսոնը պատասխանում է. «Իմ պապիկը երբևէ չէր մկրտվել, բայց նա շատ լավ մարդ էր և միշտ ասում էր, որ ցանկանում է լավ կյանք ապրել, ուստի նա կարող էր երկինք գնալ: Արդյոք նա կգնա՞»: Դուք լուռ աղոթում եք՝ հարցնելով Երկնային Հորը, թե ինչպես կարող եք օգնել Ջեյսոնին: Ձեր միտքն է գալիս մի գաղափար՝ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Համառոտ շարադրեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը, որպեսզի օգնեք Ջեյսոնին գտնել իր հարցի պատասխանները և հանգիստ լինել իր պապիկի համար: Դա անելուց հետո պատասխան պատրաստեք Ջեյսոնի համար: Մտածեք, թե ինչ հարցեր կտայիք, որպեսզի օգնեիք նրան բացահայտել և զգալ վարդապետության ճշմարտությունը: Ձեր պատասխանում ներառեք բոլոր երեք սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Անհրաժեշտության դեպքում, կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը:

  • Ինչպե՞ս կարող եք Ջեյսոնին օգնել հավերժական հեռանկար ձեռք բերել: Ի՞նչ կասեիք Ջեյսոնին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի նա հանգիստ լինի իր պապիկի համար:

  • Բացի Ա Պետրոս 4.6 հատվածից՝ աստվածայնորեն նշանակված ո՞ր աղբյուրներով կկիսվեիք Ջեյսոնի հետ, որպեսզի նրան օգնեիք հույս ձեռք բերել Հիսուս Քրիստոսի միջոցով: Ինչպե՞ս կօգտագործեիք այս հատվածները, որպեսզի օգնեիք Ջեյսոնին բացահայտել ճշմարտությունը:

  • Ինչպե՞ս եք պատկերացնում հավատքով գործելը Ջեյսոնի իրավիճակում: Ի՞նչ կառաջարկեիք նրան անել:

  • Տաճարային կամ ընտանեկան ի՞նչ աշխատանքներ եք տարել ձեր նախնիների համար, որոնցով կարող են կիսվել Ջեյսոնի հետ:

  • Ինչի՞ մասին կվկայեիք՝ ձեր ընկերոջն օգնելու համար: