«Տաճարներ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Տաճարներ
Մենք օրհնվում ենք Տիրոջ տանը երկրպագելիս
Մտածեք ձեր եղած ամենագեղեցիկ և խաղաղ վայրերի մասին: Ի՞նչն էր ձեզ դուր գալիս այնտեղ: Ի՞նչ էիք զգում այնտեղ գտնվելով: Երբ կարողանում ենք այցելել կամ մտնել Տիրոջ տաճար, մենք կարող ենք նաև խաղաղություն զգալ: Բայց դա չէ հիմնական պատճառը, որ դրանք կարևոր են մեզ համար: Տաճարները նման չեն երկրի վրա որևէ այլ վայրի, քանի որ դրանք Տիրոջ տունն են: Տաճարի ներսում մենք կարող ենք ուխտեր կապել, որպեսզի ավելի մոտ լինենք Նրան և պատրաստվենք հավերժական կյանքին։
Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Մենք սիրում և գնահատում ենք մեր նվիրագործված տաճարները և այնտեղ կատարվող կարևոր, վեհացնող արարողությունները։ Շնորհակալություն ենք հայտնում երկնքին, որ շատերն էլ դեռ կառուցվում են, և մեզանից յուրաքանչյուրն ավելի մեծ հնարավորություն է ունենում օգտվել դրանցից։ Տիրոջ տաճարներն իսկապես ամենասուրբ, ամենասրբազան կառույցներն են Աստծո արքայության մեջ»:
Ի՞նչ է տաճարը
Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է։ Այս սուրբ շինություններում եկեղեցու արժանի անդամները մասնակցում են սրբազան արարողությունների և ուխտեր են կապում Տիրոջ հետ։ Օրինակ՝ կնքման արարողությունը թույլ է տալիս մեզ հավերժ լինել մեր ընտանիքի հետ, եթե պահենք մեր ուխտերը: Տաճարներում մենք կարող ենք նաև արարողություններ ստանալ մահացած նախնիների համար: Տերն այցելում է Իր տաճարները, և դրանք երկրի ամենասուրբ վայրերից են:
Թեմայի ակնարկ․ Տաճարներ
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ուխտեր և արարողություններ, Օժտման և կնքման արարողություններ, Մասնակցություն տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին, Փոխարինող արարողություններ մահացածների համար
Բաժին 1
Աստված պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել
Աստված միշտ է պատվիրել Իր ժողովրդին տաճարներ կառուցել: Եկեղեցու տաճարներն այսօր շատ նմանություններ ունեն հնագույն սուրբ գրությունների տաճարների հետ և հանդիպում են աշխարհի շատ երկրներում։ Դրանք տարբերվում են եկեղեցու ժողովատներից, քանի որ դրանք այն վայրերն են, որտեղ մենք հատուկ ուխտեր ենք կապում և մասնակցում սրբազան արարողությունների։ Սուրբ տաճարների ներսում եկեղեցու անդամները կարող են նաև փոխարինող արարողություններ կատարել իրենց մահացած նախնիների և այլ անհատների համար, ովքեր հնարավորություն չունեին ընդունել դրանք այս կյանքում։ Այնուհետև մահացածն ընտրություն ունի ընդունել այդ արարողությունները և ստանալ փրկություն և վեհացում։
Տիրոջ տանն ամեն ինչ ուսուցանում է մեզ Երկնային Հոր, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Աստծո փրկության ծրագրի մասին: Տաճարները վայրեր են, որտեղ մենք կարող ենք մոտենալ Հայր Աստծուն և Նրա Որդուն: Դրանք սուրբ վայրեր են, որոնք կարգված են երկրպագության և ուսուցման համար։ Տաճարում մենք կարող ենք զգալ Աստծո Հոգին և Նրա սերը:
Մտորելու հարցեր
-
Կիրթլենդի տաճարը Վերջին Օրերի Սրբերի կառուցած առաջին տաճարն էր: Այն պահանջեց շատ զոհաբերություններ, սակայն սրբերին նաև շատ օրհնություններ էին խոստացվել այդ զոհաբերությունները կատարելու համար։ Կարդացեք այս խոստումների մասին Վարդապետություն և Ուխտեր 97․8-16 հատվածներում: Այնուհետև կարող եք կարդալ մի քանի հոգևոր փորձառությունների մասին, որ սրբերն ունեցել են Կիրթլենդի տաճարում Վարդապետություն և Ուխտեր 110 և 21 բաժիններում, ինչպես նաև Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 232–43։ Ինչպե՞ս եք զգացել Տիրոջ ներկայությունը Նրա սուրբ տանը: Ուրիշ ի՞նչ օրհնություններ եք ստացել մեր օրերում տաճարների կառուցման շնորհիվ։ Կարող եք նաև խորհել, թե ինչ զոհաբերություններ կարող եք անել, որպեսզի օրհնություններ ստանաք Տիրոջից Իր տանը։
-
Թեև ոչ մի տաճար նման չէ մյուսին, յուրաքանչյուր տաճար ունի միևնույն կարևոր սենյակները՝ ուսուցում ստանալու, մասնակցելու սուրբ արարողությունների և ուխտեր կապելու համար։ Դուք կարող եք ավելին իմանալ այս սենյակների նպատակի մասին՝ կարդալով «Inside Temples» (ChurchofJesusChrist.org) կարճ հոդվածը: Ի՞նչ եք սովորում այդ հոդվածից, որը ոգեշնչում է ձեզ երկրպագել տաճարում և անել դա ավելի հաճախ։
Միասին սովորելու միջոցառում
-
Եթե կարող եք, միասին գնացեք մոտակա տաճար։ Կարող եք հանգիստ շրջել տաճարի տարածքում։ Կամ կարող եք նայել տաճարների նկարները։ Մինչ անում եք դա, կարդացեք կամ մեղմորեն երգեք «I Love to See the Temple» երգի բառերը: Այնուհետև կիսվեք միմյանց հետ ցանկացած մտքերով կամ զգացմունքներով, որ ունեք տաճարի վերաբերյալ: Կարող եք քննարկել որպես խումբ, թե ձեր կարծիքով ինչու է Տերը պատվիրել մեզ տաճարներ կառուցել մեր օրերում։ Ինչպե՞ս են անհատները, ընտանիքները և համայնքներն օրհնվում՝ շատ տաճարներ կառուցելու շնորհիվ:
Իմացեք ավելին
-
Ելք 26-27,, 40, Բ Մնացորդաց 5, 2 Նեփի 5.16, Վարդապետություն և Ուխտեր 88.119, 95.8-17, 124.38-42
-
“Why Latter-day Saints Build Temples”, ChurchofJesusChrist.org
-
“Welcome to the House of the Lord” (տեսանյութ), youtube.com
-
Church History Topics, “Temple Building”, Ավետարանի գրադարան
-
Church History Topics, “Temple Dedications and Dedicatory Prayers”, Ավետարանի գրադարան
Բաժին 2
Մենք ունենք հոգևոր զորության և առաջնորդության հասանելիություն Տիրոջ տանը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տաճարը հայտնության վայր է։ Այնտեղ ձեզ ցույց է տրվում, թե ինչպես առաջ շարժվել դեպի սելեստիալ կյանք։ Այնտեղ դուք ավելի եք մոտենում Փրկչին և ավելի մեծ հասանելիություն ստանում Նրա զորության համար։ Այնտեղ դուք առաջնորդվում եք՝ լուծելու ձեր կյանքի խնդիրները, նույնիսկ ձեր ամենաբարդ խնդիրները»։ Տաճարում դուք կարող եք գտնել հոգևոր օգնություն և զորություն: Դուք կարող եք մխիթարություն և ուժ գտնել դժվարությունների և փորձությունների ժամանակ առաջ շարժվելու համար:
Տիրոջ տանը կարող եք մեծացնել հոգևոր օգնություն ու առաջնորդություն ստանալու ձեր ունակությունը, երբ պատրաստեք ինքներդ ձեզ և ձգտեք լինել «մաքուր ձեռքով և սրտով անարատ» (Սաղմոսներ 24.4): Այս խաղաղ, սրբազան, նվիրական տարածության մեջ հաճախ ավելի հեշտ է Տիրոջը մոտ զգալ և լսել Նրա Հոգու հուշումները:
Մտորելու հարցեր
-
Հնարավոր է՝ դուք ունեք մի կարևոր հարց կամ դժվարին խնդիր: Մտածե՞լ եք տաճարում ժամանակ անցկացնել Տիրոջ առաջնորդությունը փնտրելու համար։ Մտածեք, թե ինչպես կարող է տաճարային արարողություններին մասնակցելն օգնի ձեզ հստակ պատկերացում կազմել ձեր հարցի կամ խնդրի մասին։ Եթե դուք չունեք տաճարային երաշխավորագիր, գուցե կարողանաք շրջել տաճարի շուրջբոլորը և որոշ ժամանակ անցկացնել այնտեղ աղոթելով և խորհելով։ Գրի առեք ձեր ստացած հուշումները:
Սովորեք միասին
-
Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, կենտրոնացեք տաճարի վրա այնպես, ինչպես երբեք դա չեք արել։ Ես օրհնում եմ ձեզ, որ ամեն օր ավելի շատ մոտենաք Աստծուն և Հիսուս Քրիստոսին»։ Հասկանալու համար, թե ինչ է նշանակում կենտրոնանալ տաճարի վրա, կարող եք խոսել գործիքների մասին, որոնք օգնում են մեզ կենտրոնացնել մեր տեսողությունը: Կարող եք հերթով նայել ակնոցների, հեռադիտակի կամ աստղադիտակի միջով (կամ նայել այդ առարկաներից մեկի նկարին)։ Այնուհետև խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք կենտրոնացնել ձեր ուշադրությունը տաճարի վրա այնպես, ինչպես նախկինում չէիք արել։ Կարող եք նաև խորհել և արձանագրել օրհնությունները, որոնք կստանաք, երբ կենտրոնանաք տաճարի վրա հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։
Իմացեք ավելին
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93-96
-
Դեյլ Գ. Ռենլանդ, «Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով», Լիահոնա, մայիս 2023, 35-37
Բաժին 3
Տերը հրավիրում է բոլորին գալ Տաճար
Տերն ուզում է, որ բոլորը գան Իր սուրբ տուն և ուխտեր կապեն Իր հետ: Բայց Նա նաև ցանկանում է, որ դուք պատրաստվեք նախապես: Նա գիտի, որ եթե կապենք այդ ուխտերը դեռևս պատրաստ չլինելով, ապա տաճարի օրհնությունները վայելելու մեր ունակությունը կսահմանափակվի։ Ահա թե ինչու է Նա սահմանում հոգևոր պատրաստվածության չափանիշներ տաճար մտնելու համար, չափանիշներ, որոնցով Նա հրավիրում է բոլորին ապրել, որպեսզի բոլորը կարողանան ստանալ Իր օրհնությունները:
Տաճար մտնելու համար ձեզ անհրաժեշտ է տաճարային երաշխավորագիր, որը դուք կարող եք ստանալ ձեր քահանայության ղեկավարների հետ հարցազրույցից հետո։ Նրանց ոգեշնչված առաջնորդությունն օգնում է ձեզ իմանալ, թե ինչպես պատրաստվել տաճարային արարողություններին։ Ձեր տաճարային երաշխավորագիրը Տիրոջ տուն մտնելու ձեր անձնական պատրաստվածության ֆիզիկական նշանն է: Դա նշան է այն բանի, որ դուք ձգտում եք հնազանդվել Աստծո պատվիրաններին։ Դա նշանակում է, որ դուք, Տերը և Նրա ներկայացուցիչները «երաշխավորում են» ձեզ մուտք գործել Տիրոջ տուն։
Երբ ստանաք օժտում և տաճարային այլ արարողություններ, կանգ մի՛ առեք այդտեղ։ Պատրաստվեք վերադառնալ Տիրոջ տուն և ավելին իմանալ: Քույր Սիլվիա Հ. Ալրեդն ուսուցանել է․ «Արարողությունների և ուխտերի իմաստը հասկանալու մեր ունակությունը կաճի, եթե մենք հաճախ վերադառնանք տաճար սովորելու և ուսուցանված հավերժական ճշմարտությունների շուրջ խորհելու ցանկությամբ»:
Մտորելու հարցեր
-
Մտածեք մի կարևոր բանի մասին, որի համար պետք է նախապատրաստվեիք, օրինակ՝ դպրոցի ստուգարք, աշխատանքային հարցազրույց կամ դաս եկեղեցում։ Ինչպե՞ս էիք պատրաստվել։ Ի՞նչ կարող էր պատահել, եթե դուք չնախապատրաստվեիք։ Այնուհետև խորհեք, թե ինչու մենք պետք է պատրաստվենք Տիրոջ տուն մտնելու համար: Դուք կարող եք կարդալ Ելք 40.7-15 հատվածները և խորհել, թե ինչ արեցին Ահարոնը և նրա որդիները, որպեսզի պատրաստվեին խորան մտնելուն։ Կարող եք նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97.15-16 հատվածները և խորհել, թե ինչ է նշանակում ձեզ համար սրտով մաքուր լինելը։ Մտածեք, թե արդյոք կան ուղիներ, որոնցով դուք կարող եք ձգտել ավելի մաքուր լինել սրտով և ավելի հոգևորապես պատրաստ՝ երկրպագելու Տիրոջ տանը:
Միասին սովորելու միջոցառումներ
-
Փրկիչն Իր մահից և հարությունից հետո այցելեց Ամերիկա մայրցամաքում ապրող մարդկանց: Առաջին տեղը, որտեղ Նա հայտնվեց, Լիառատ երկրի տաճարն էր։ Կարդացեք 3 Նեփի 11.1-10 հատվածները և խոսեք այն մասին, թե ինչու Տերն ընտրեց հայտնվել մարդկանց այնտեղ, որտեղ Նա դա արեց: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այս այցի մասին ասել է. «Հատկանշական է, որ Փրկիչը որոշեց հայտնվել տաճարի մոտ գտնվող մարդկանց: Դա Նրա տունն է։ … Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքն աննախադեպ եղանակներով»։ Խոսեք այն մասին, թե ինչու է Տերը նաև ցանկանում, որ մենք գնանք տաճար: Եթե դուք եղել եք տաճարում, մտածեք այն օրհնությունների մասին, որ ստացել եք գնալու համար։ Եթե դուք մոտակայքում տաճար չունեք կամ չեք կարող ներկայումս երկրպագել տաճարում այլ պատճառներով, դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչպես կարող է տաճարը մնալ ձեր կյանքի կարևոր մասը, օրինակ՝ կանոնավորապես խորհելով այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք տաճարում երկրպագելով կամ մեր տաճարային ուխտերը հիշելով։
-
Դուք կարող եք գտնել տաճարային երաշխավորագրի հարցերը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար (2022) գրքույկի 36-37 էջերում: Որպեսզի օգնեք միմյանց հասկանալ տաճար մտնելու Տիրոջ չափանիշները, յուրաքանչյուրդ կարող եք ընտրել հարցերից մեկն ուսումնասիրության համար: Կարող եք օգտվել Սուրբ գրքերի ուղեցույցից և եկեղեցու այլ նյութերից, որպեսզի ավելի շատ բան իմանաք հարցի թեմայի վերաբերյալ: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչո՞ւ է սա տաճարին նախապատրաստվելու կարևոր մաս»։ Հետո միասին կիսվեք այն ամենով, ինչ սովորել եք։
Իմացեք ավելին
-
Սաղմոսներ 122․1, Եսայի 2․2-3
-
Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Տիրոջը երաշխավորված», Լիահոնա, նոյ․ 2020, 22-25
-
“Prepare for the House of the Lord,” ChurchofJesusChrist.org
-
«Preparing to Enter the Holy Temple», Ավետարանի գրադարան