Եկ, հետևիր ինձ
Մարտի 2-8: 2 Նեփի 31-33․ «Սա է ճանապարհը»


Մարտի 2-8: 2 Նեփի 31-33․ «Սա է ճանապարհը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Մարտի 2-8. 2 Նեփի 31-33, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2020

Նկար
Jesus teaching His disciples

Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին, Ջաստին Քանզ

Մարտի 2-8-ը

2 Նեփի 31-33

«Սա է ճանապարհը»

Մինչ կուսումնասիրեք 2 Նեփի 31-33, հիշեք ձեր դասարանի անդամներին և խորհեք, թե ինչ փորձառություն են ունեցել՝ կապված Նեփիի ուսուցանած ճշմարտությունների հետ։ Ինչպե՞ս կարող եք հրավիրել նրանց ուսուցանել միմյանց այն, ինչ նրանք սովորեցին կամ զգացին այդ վարդապետությունների մասին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Արդյո՞ք ձեր դասարանից որևէ մեկն այս շաբաթ ունեցել է իմաստալից փորձառություն՝ կապված ուսումնասիրության առաջարկությունների հետ, որոնք տրված են Ե՛կ, հետևիր ինձ, Անհատների և ընտանիքների համար բաժնում։ Դասարանի անդամներին հնարավորություն տվեք կիսվել իրենց փորձառություններով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

2 Նեփի 31-32

Հիսուս Քրիստոսը և Նրա վարդապետությունը հավերժական կյանքի միակ ուղին են։

  • Հավանաբար ձեր դասարանի համար օգտակար կլինի տեսնել, թե ինչպես են հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և համբերելը մինչև վերջ կապված միմյանց և Հիսուս Քրիստոսի Քավության հետ։ Դա անելու համար դուք կարող եք գրատախտակին գծել մի գիծ և հրավիրել դասարանի անդամներին գծի վրա գրել 2 Նեփի 31-ում գտնվող որոշ սկզբունքներ։ Դասարանի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել այդ սկզբունքներից մեկը և 2 Նեփի 31-32 գլուխներում փնտրել մի բան, որը Նեփին ուսուցանեց դրա մասին։ Ապա նրանք կարող են կիսվել միմյանց հետ իրենց գտածով և քննարկել, թե ինչպես է դա օգնում նրանց ավելի լավ հասկանալ սկզբունքները: Այդ սկզբունքներով ապրելն ինչպե՞ս է մեր կյանք բերում Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները։

  • Ինչպե՞ս կարող եք քննարկում սկսել փրկության «ճանապարհի» վերաբերյալ Նեփիի պարզ ու հասարակ ծրագրի մասին (2 Նեփի 31․21)։ Հավանաբար դուք կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչ կասեին, եթե ունենային ընդամենը 60 վայրկյան, որպեսզի բացատրեին, թե մարդն ինչ պիտի անի փրկություն ստանալու համար։ Դասարանի անդամները կարող են արագ աչքի անցկացնել 2 Նեփի 31-32-ը, փնտրելով արտահայտություններ, որոնք կարող են օգնել։ Այս գլուխներից ի՞նչ ենք սովորում մեր փրկության համար Փրկիչի առանցքային դերի մասին: «Լրացուցիչ նյութերում» տրված մեջբերումները կարող են օգտակար լինել այս քննարկման համար:

  • Երբեմն ավետարանի սկզբունքները մենք տեսնում ենք առանձին-առանձին, սակայն իրականում դրանք կապված են միմյանց հետ։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես են 2 Նեփի 31 գլխի սկզբունքները կապված միմյանց հետ, նրանցհրավիրեք անհատապես կամ փոքր խմբերով կարդալ 4-21 հատվածները և ստեղծել գծապատկեր, որը ցույց կտա, թեհավատքն առ Քրիստոսը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը ինչպես են հիմնվում միմյանց վրա, կապվում միմյանց հետ և այլն։ Խրախուսեք նրանց լինել ստեղծագործող։ Մինչ նրանք դասարանի հետ կկիսվեն իրենց գծապատկերներով, խնդրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ սկզբունքների մասին։ Ինչպե՞ս կարող ենք դրանք դարձնել մեր ամենօրյա կյանքի մի մասը։

2 Նեփի 31.15-20

«Ով որ համբերում է մինչև վերջ, նա կփրկվի»:

  • Արդյո՞ք դասարանի անդամները հասկանում են, թե ինչ է նշանակում համբերել մինչև վերջ։ Ահա մի վարժություն, որը կարող է օգնել։ Գրատախտակին գրեք. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, թե արդյո՞ք համբերում եմ մինչև վերջ։ Ապա հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել 2 Նեփի 31․15-20 հատվածները և գտնել այս հարցի հնարավոր պատասխանները։ Դասարանի անդամներին խնդրեք գրատախտակին գրել իրենց գտած ցանկացած բառ կամ արտահայտություն, որը կարող է օգնել։ Ինչո՞ւ է մինչև վերջ համբերելը հանդիսանում Քրիստոսի վարդապետության շատ կարևոր մասը։ Կարող եք կիսվել նաև Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերով որոնք գտնվում են «Լրացուցիչ նյութերում» կամ մինչև վերջ համբերելու մասին պատմությունով, որը գտնվում է Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկի 6-րդ էջում։

  • Ո՞ւմ են ճանաչում դասարանի անդամները, ով մինչև վերջ համբերելու օրինակ է հանդիսանում։ Ի՞նչն է օգնել այդ անձնավորությանը «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (հատված 20)։ Կարող եք կիսվել սուրբ գրություններում նշված մարդկանց պատմություններով, ովքեր համբերել են մինչև վերջ։

2 Նեփի 32․1-6

Սուրբ Հոգին ցույց կտա մեզ, թե մենք ինչ պետք է անենք։

  • 2 Նեփի 32-ում Նեփին մտահոգություն է հայտնում կապված այն բանի հետ, թե ինչպես էր իր ժողովուրդը կիրառում Քրիստոսի վարդապետությունը։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին փնտրել այդ մտահոգությունը 2 Նեփի 32․1 հատվածում, ապա կարդալ Նեփիի պատասխանը 2 Նեփի 32․2-6-ում։ Դասարանի անդամներն ինչպե՞ս կարող են իրենց իսկ բառերով հաղորդել Նեփիի ուսուցանածը: Ի՞նչ փորձառություններ են ունեցել դասարանի անդամները, երբ Սուրբ Հոգին կամ Քրիստոսի խոսքերը ցույց են տվել նրանց, թե ինչ պետք է անեն։

2 Նեփի 33

Մորմոնի Գիրքը համոզում է մեզ հավատալ Քրիստոսին։

  • Նեփին հուսով էր, որ իր խոսքերը կհամոզեն մեզ «բարիք անել [և] հավատալ [Քրիստոսին]» (2 Նեփի 33․4)։ 1 և 2 Նեփիի ո՞ր հատվածները կամ պատմություններն են համոզել մեզ բարիք անել և հավատալ Քրիստոսին։ Գտեք մի քանի օրհներգեր, որոնք ձեր դասարանը կարող է երգել կամ լսել, որոնք կհաստատեն այս ուղերձները, ինչպես օրինակ «Հավատում եմ Քրիստոսին» կամ «Արե՞լ եմ որևէ բարիք» (Հիմներ, հ. 134, 223)։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին հաջորդ շաբաթ ուսումնասիրել Հակոբ 1-4 գլուխները, բացատրեք, որ այս գլուխներում նրանք կգտնեն Հակոբի նախազգուշացումները երկու մեղքերի վերաբերյալ, որոնք հատկապես լայն տարածում են ստացել մեր օրերում։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Քրիստոսի վարդապետությունը։

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է․ «Քրիստոսի վարդապետությունը», ինչպես ուսուցանվել է Նեփիի կողմից իր փառահեղ ճառի ժամանակ, կենտրոնացած է առ Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության, ընկղմումով մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և մինչև վերջ համբերելու վրա: Այս հայտարարությունը չի ամփոփում փրկության ողջ ծրագիրը, քրիստոնեական կյանքի ողջ առաքինությունը կամ պարգևները, որ սպասում են մեզ երկնային փառքի տարբեր աստիճաններում: Այս հայտարարությունում չեն նշվում քահանայության կոչումները, տաճարային արարողությունները կամ շատ այլ ճշմարիտ վարդապետություններ: Այս բոլորն էլ կարևոր են, սակայն ինչպես ասվում է Մորմոնի Գրքում, «Քրիստոսի վարդապետությունը» պարզ է և շիտակ: Այն բացառապես կենտրոնանում է ավետարանի առաջին սկզբունքների վրա, ներառելով քաջալերման արտահայտում, որ համբերենք, հաստատակամ լինենք և առաջ մղվենք: Իսկապես, «Քրիստոսի վարդապետության» պարզության ու շիտակության մեջ է գտնվում դրա ողջ ուժը» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 49-50)։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Ես դիմում եմ բոլորին՝… աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով գտնել վկայություն Հիսուս Քրիստոսի աստվածային էության, Քավության և Հարության մասին։ Ընդունեք Նրա վարդապետությունը՝ ապաշխարելով, մկրտվելով, ստանալով Սուրբ Հոգին և ձեր կյանքի ընթացքում հետևելով Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և ուխտերին» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 89)։

Համբերել մինչև վերջ

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է.

«Երբ ես փոքր տղա էի, «մինչև վերջ համբերելն» ինձ համար նշանակում էր, որ հիմնականում ես պետք է ձգտեմ մնալ արթուն մինչև մեր Եկեղեցու ժողովների ավարտը։ Հետագայում, երբ դեռահաս էի, … իմ պատանեկան կարեկցանքով ես այն կապում էի մեր թանկագին տարեց անդամների մինչև կյանքի վերջ հավատարիմ մնալու ջանքերի հետ։ …

… Մինչև վերջ համբերելը լոկ կյանքի դժվարությունները պասսիվորեն հանդուրժելը կամ դրանց «դիմանալը» չէ։ Մերն ակտիվ կրոն է, որն օգնում է Աստծո զավակներին այս կյանքի ընթացքում նեղ ու անձուկ ճանապարհին զարգացնել իրենց ամբողջ ներուժը և մի օր վերադառնալ Նրա մոտ։ Այս տեսակետից մինչև վերջ համբերելը վեհացնող և փառահեղ է, ոչ թե՝ մռայլ ու խավար։ Սա ուրախ կրոն է՝ հույսի, ուժի և ազատության կրոն։ …

Համբերել մինչև վերջ նշանակում է «բարի գործերի մեջ հարատևել» (Հովմեացիս 2․7), ձգտել պատվիրանները պահել (տես 2 Նեփի 31․10) և արդարակյաց գործեր անել (տես ՎևՈւ 59․23)» («Արդյո՞ք ուրախանալու պատճառ չունենք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 20):

Բարելավել մեր ուսուցումը

Մենք միասին ենք սովորում: Որպես ուսուցիչ, դուք անում եք ավելին, քան պարզապես տեղեկություն տալը․ դուք սովորում եք ձեր դասարանի հետ միասին։ Կիսվեք նրանց հետ, թե ինչ եք անում սուրբ գրություններից սովորելու համար։