Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը: Ա Կորնթացիս 8–13. «Դուք Քրիստոսի մարմինն եք»


«Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը: Ա Կորնթացիս 8–13. «Դուք Քրիստոսի մարմինն եք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը: Ա Կորնթացիս 8–13. «Դուք Քրիստոսի մարմինն եք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
հաղորդության ժողով

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը

Ա Կորնթացիս 8-13

«Դուք Քրիստոսի մարմինն եք»

Երբ աղոթքով կարդաք Ա Կորնթացիս 8–13-ը, Սուրբ Հոգին գուցե խոսի ձեզ հետ նուրբ եղանակով (տես Գ Թագավորաց 19.11–12): Այդ տպավորությունները գրի առնելով՝ կհիշեք զգացումներն ու մտքերը, որոնք դուք ունեցել եք ձեր ուսումնասիրության ընթացքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Պողոսի ժամանակներում Կորնթոսը հարուստ առևտրական կենտրոն էր ողջ Հռոմեական Կայսրությունից եկած բնակիչներով: Այդքան բազմազան մշակույթներով և կրոններով քաղաքում Եկեղեցու անդամները Կորնթոսում մաքառում էին միասնությունը պահպանելու համար, այսպիսով Պողոսը ձգտում էր օգնել նրանց միասնություն գտնել առ Քրիստոս իրենց հավատքում: Այդ միասնությունը պետք է լիներ ավելին, քան ուղղակի խաղաղ համակեցությունը, Պողոսը նրանց չէր խնդրում պարզապես հանդուրժել միմյանց տարբերությունները: Ավելի շուտ նա ուսուցանեց, որ երբ միանում եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, դուք «մկրտուեցաք մէկ մարմին լինելու» և մարմնի յուրաքանչյուր մաս կարևոր է (Ա Կորնթացիս 12.13): Երբ մեկ անդամ կորսվում է, դա նման է մի վերջույթ կորցնելուն, և դրա արդյունքում մարմինը թուլանում է: Երբ մի անդամը տառապում է, մենք բոլորս պետք է զգանք դա և անենք մեր բաժինը՝ այն թեթևացնելու համար: Այդպիսի միասնության մեջ տարբերությունները ոչ թե ուղղակի ընդունվում են, այլ փայփայվում, որովհետև առանց տարբեր պարգևներ և ունակություններ ունեցող անդամների մարմինը սահմանափակված կլինի: Այսպիսով, անկախ նրանից, թե դուք Եկեղեցում միշտ զգացել եք ձեզ ինչպես տանը, կամ հետաքրքրվել եք՝ արդյո՞ք իսկապես պատկանում եք նրան, ձեզ ուղղված Պողոսի ուղերձը այն է, որ միասնությունը նույնություն չէ: Դուք ձեր ընկերակից Սրբերի կարիքն ունեք, իսկ ձեր ընկերակից Սրբերը ձեր կարիքն ունեն:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Կորնթացիս 10.1–13

Աստված գայթակղությունից խուսափելու ուղի է ապահովում

Հոգևոր փորձառությունները, նույնիսկ հրաշագործությունները, մեզ չեն ազատում գայթակղություններից, որոնք սովորական են «մարդու համար» (Ա Կորնթացիս 10.13): Դա կարող է լինել պատճառներից մեկը, որ Պողոսը գրել է այն մասին, թե ինչպես իսրայելացիները Մովսեսի օրերում մաքառում էին գայթակղության դեմ, չնայած նրանք ականատես էին եղել հզոր հաշքների (տես Ելից 13.21, 14.13–31): Երբ կարդաք Ա Կորնթացիս 10.1–13-ը, իսրայելացիների փորձառություններից ի՞նչ նախազգուշացումներ են կիրառելի թվում ձեզ համար: Գայթակղությունից ի՞նչ «փախուստ» է ապահովել ձեզ համար Երկնային Հայրը (տես նաև Ալմա 13.27-30, 3 Նեփի 18.18–19):

Ա Կորնթացիս 10.16–17, 11.16–30

Հաղորդությունը միավորում է մեզ՝ որպես Քրիստոսի Եկեղեցու անդամների

Չնայած հաղորդության արարողությունը ներառում է անձնական պարտավորվածություն մարդու և Տիրոջ միջև, դա նաև մի փորձառություն է, որով մենք կիսվում ենք մյուսների հետ: Մենք գրեթե միշտ ճաշակում ենք հաղորդությունը միասին՝ որպես Սրբերի մի մարմին: Կարդացեք, թե Պողոսն ինչ է ուսուցանել հաղորդության մասին և մտածեք, թե այս սրբազան արարողությունն ինչպես կարող է օգնել «շատերին» «մեկ» դառնալ Քրիստոսում (Ա Կորնթացիս 10.17): Հաղորդության ընդունումն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի մոտ զգալ Քրիստոսին և մյուս հավատացյալներին: Այս հատվածներն ինչպե՞ս են ազդում հաղորդության վերաբերյալ ձեր զգացմունքների վրա, և ինչպես եք դուք պատրաստվում դրան:

Ա Կորնթացիս 11․11

Աստծո ծրագրում տղամարդիկ և կանայք միմյանց կարիքն ունեն

Ա Կորնթացիս 11.4–15-ում Պողոսն անդրադարձավ մշակութային սովորույթներին, որոնց մենք այսօր չենք հետևում։ Սակայն Պողոսը ուսուցանեց նաև մի կարևոր ճշմարտություն, որը հավերժորեն կիրառվում է և գտնվում է հատված 11-ում: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս հատվածը, և ինչո՞ւ է այն կարևոր: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսուցանել է. «Տղամարդն ու կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» Լիահոնա, մայիս 2013, 42-42): Ինչպե՞ս պետք է այս ճշմարտությունը ազդի ամուսնության վրա: Ինչպե՞ս պետք է դա ազդի Եկեղեցում մեր ծառայության ձևի վրա:

Տես նաև Ջին Բ․ Բինգհեմ, «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս» Լիահոնա, մայիս 2020, 60-63։

Ա Կորնթացիս 12–13

Հոգևոր պարգևները տրվում են Երկնային Հոր բոլոր զավակների օգտի համար

Հոգևոր պարգևների ցուցակը Ա Կորնթացիս 12–13-ում սպառիչ չէ: Բայց այն լավ տեղ է՝ սկսելու համար, քանի որ դուք հայտնաբերում եք և խորհում այն հոգևոր պարգևների շուրջ, որոնք Երկնային Հայրը տվել է ձեզ: «Հոգևոր պարգևներ» հոդվածը Ավետարանական թեմաներում (topics.lds.org-ում) կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այդ պարգևները: Կարդալով Պողոսի պարգևների ցուցակը՝ դուք կարող եք ավելացնել պարգևներ, որոնք նկատել եք ուրիշների մեջ, ձեր մեջ կամ սուրբ գրությունների մարդկանց մեջ: Եթե դուք ունեք հայրապետական օրհնություն, այն ևս կարող է նշել ձեր հոգևոր պարգևներից մի քանիսը: Ինչպե՞ս են այս պարգևներն օգնում ձեզ օրհնել ուրիշներին: Քննարկեք, թե ինչպես կարող եք «ջանասիրաբար լավագույն պարգևներ» փնտրել (Ա Կորնթացիս 12.31):

Տես նաև Ա Կորնթացիս 14, Մորոնի 10.8–21, 30, Վարդապետություն և Ուխտեր 46.8–26, Հավատո Հանգանակ 1.7:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Կորնթացիս 9.24-27Քանի որ Պողոսը ավետարանով ապրելը համեմատեց մրցավազքի հետ, դուք կարող եք անցկացնել ընտանեկան մրցավազք՝ նրա տեսակետը պարզաբանելու համար: Յուրաքանչյուրին, ով ավարտում է մրցավազքը, պարգևատրեք պսակով և քննարկեք, թե ինչպես բոլորը, ովքեր ջանասիրաբար հետևում են Հիսուս Քրիստոսին այս կյանքում, կշահեն «անապականելի» մրցանակը (Ա Կորնթացիս 9.25, տես նաև Բ Տիմոթեոս 4.7–8): Ի՞նչ է անում վազորդը՝ մրցավազքին նախապատրաստվելու համար: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պատրաստվենք Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

Նկար
Վազորդները վազքուղիում

Պողոսը ավետարանով ապրելը համեմատեց մրցավազքում վազելու հետ:

Ա Կորնթացիս 12.1–11Այս հատվածները միասին կարդալուց հետո բոլորին մի թերթիկ տվեք, որի վերևում կա ընտանիքի մեկ այլ անդամի անունը: Խնդրեք բոլորին թվել այն հոգևոր պարգևները, որոնք նրանք նկատել են այդ մարդու մոտ: Ապա կարող եք շրջանով փոխանցել թղթերը, մինչև բոլորը հնարավորություն ունենան գրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարգևների մասին:

Ա Կորնթացիս 12.3:Ի՞նչու է Սուրբ Հոգին անհրաժեշտ՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու համար: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հրավիրենք Սուրբ Հոգուն՝ Նրա վերաբերյալ մեր վկայությունները ամրապնդելու համար:

Ա Կորնթացիս 12.12–27Պողոսի համանմանությունը մարմնի վերաբերյալ կարող է հիշվող եղանակ լինել ընտանեկան միասնությունը քննարկելու համար: Օրինակ՝ ընտանիքի անդամները կարող են փորձել նկարել մի մարմին, որը կազմված է միայն աչքերից ու ականջներից (տես հատված 17-ը): Այս հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե մենք ինչպես պիտի սիրենք և աջակցենք ընտանիքի անդամներին:

Ա Կորնթացիս 13․4-8Պողոսի կողմից տրված գթության սահմանումը կարող է ոգեշնչող նշանաբան լինել ձեր ընտանիքի համար: Դուք կարող եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարել ուսումնասիրել մի արտահայտություն հատվածներ 4–8-ում և ուսուցանել ընտանիքի մյուս անդամներին, թե ինչ է նշանակում օգտագործել սահմանումներ, օրինակներ և անձնական փորձառություններ: Ինչպե՞ս է Փրկիչն այդ հատկանիշների օրինակ հանդիսանում: Դուք կարող եք նաև միասին պաստառներ պատրաստել այդ արտահայտություններից յուրաքանչյուրի համար և ցուցադրել դրանք ձեր տանը: Եղեք ստեղծագործող

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Love Is Spoken Here» (Children’s Songbook, 190–91)։

Բարելավենք մեր ուսուցումը

Ցուցադրեք որևէ սուրբ գրություն Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները կկարողանան հաճախ տեսնել այն։ Հրավիրեք ընտանիքի մյուս անդամներին հերթով ընտրել և ցուցադրել որևէ սուրբ գրություն:

Նկար
հաղորդության ժողով

«Այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին: Որովհետեւ [մենք՝ լինելով շատ], մէկ հաց, մեկ մարմին ենք» (Ա Կորնթացիս 10.16–17):