Սեմինարիա
Եթեր 6․ Հարեդացիները ճամփորդում են ավետյաց երկիր


«Եթեր 6. Հարեդացիները ճամփորդում են ավետյաց երկիր», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 6

Հարեդացիները ճամփորդում են ավետյաց երկիր

Նկար
Հարեդացիների բեռնանավերը փոթորկված ալիքներում

Պատկերացրեք, թե ինչ զգացողություններ ունեին հարեդացիները, երբ մտնում էին իրենց նավերը և անցնում մեծ ջրերով՝ դեպի ավետյաց երկիր ճամփորդելիս։ Թեև հարեդացիների ճամփորդությունը երկար էր և դժվար, նրանք հասկացան, որ Տերն օգնում է իրենց ամբողջ ճանապարհին: Տերը կարող է նաև օգնել մեզ մահկանացու կյանքի մեր ճամփորդության և դեպի Երկնային Հոր ներկայություն վերադառնալու ընթացքում։ Այս դասը կօգնի ձեզ համադրել սուրբ գրությունները՝ ճշմարտություններ իմանալու համար, որոնք կօգնեն ձեզ ձեր կյանքի ընթացքում:

Յուրաքանչյուր ուսանողի օգնեք նպաստել ուսումնական գործընթացին: Անկեղծորեն գիտակցեք, որ յուրաքանչյուր ուսանող ունի ներդրում կատարելու կարիք: Որոշ ուսանողներ գուցե ավելի հակված լինեն մասնակցելու գործընթացին, քան մյուսները։ Լրացուցիչ ջանք գործադրեք և ստեղծագործ եղեք, որպեսզի խրախուսեք յուրաքանչյուր ուսանողի իր կարևոր ներդրումն ունենալ այս գործընթացում:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են կարդալ Եթեր 6.1–12 հատվածները և մտածել այս պատմության այն կողմերի մասին, որոնք կարող են խորհրդանշորեն կիրառել իրենց կյանքում: Այս հատվածների ուսումնասիրության վարժությունը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար, Մորմոնի Գիրք 2024 ձեռնարկում, կարող է օգտակար լինել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքի ճամփորդությունը

Հետևյալը նախատեսված է՝ օգնելու ուսանողներին Եթեր 6 գլխի իրենց ուսումնասիրությունը համադրել իրենց կյանքի հետ: Ուսանողներին առաջարկեք կատարել վարժությունը իրենց ուսումնական օրագրերում, կարող եք նաև կատարել այն գրատախտակի վրա:

Մեր մահկանացու կյանքը կարելի է համեմատել երկար ճամփորդության հետ, որի ցանկալի հանգրվանը հավերժական կյանքն է: Ուսումնասիրության ձեր օրագրի մեջ էջի մի կողմում գրեք «Ես», իսկ մյուս կողմում՝ «Հավերժական կյանք»: Այս երկու վերնագրերի միջև ընկած հատվածում գրեք այն մի քանի խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ մեր ճամփորդության ընթացքում և դժվարացնել մեր արժանի վերադարձը դեպի Երկնային Հայրը: Այնուհետև մտածեք, թե ինչպես է ընթանում ձեր ճամփորդությունը դեպի հավերժական կյանք, և նշված խոչընդոտներից որի՞ն եք բախվում ներկայումս:

Այսօր դուք կուսումնասիրեք հարեդացիների ճամփորդությունը դեպի ավետյաց երկիր, երբ նրանք ավարտեցին իրենց բեռնանավերի կառուցումը: Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այն խոչընդոտները, որոնց հանդիպում եք դեպի Աստծո ներկայություն վերադառնալու ձեր ճամփորդության ընթացքում:

Համադրեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ

Հետևյալ քայլերը կօգնեն ձեզ համեմատել կամ համադրել ձեր անձնական հանգամանքների հետ այն, ինչ կկարդաք սուրբ գրություններում: Ուսումնասիրության ձեր օրագրում գրեք «Սուրբ գրություններն իմ կյանքի հետ համադրելու եղանակները» վերնագիրը: Գրեք այս քայլերը վերնագրի տակ:

Ցուցադրեք այս քայլերը, որպեսզի ուսանողները կարողանան արտագրել դրանք իրենց օրագրերում:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Համեմատություններ արեք։

  3. Բացահայտեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Ուսանողներին հնարավորություն տվեք ինքնուրույն կիրառել այս քայլերը և դասարանում հետևեք այս օրինակին: Բավականաչափ ժամանակ տրամադրեք ուսանողներին դասի ընթացքում ինքնուրույն վարժություններ կատարելու համար:

Քայլ 1. Գտեք կարևոր մանրամասներ

Կարդացեք Եթեր 6․1–3 հատվածները և փնտրեք կարևոր մանրամասներ։ Այդպիսի մանրամասներ կարող են լինել մարդիկ, վայրերը, առարկաները կամ գործողությունները, որոնք ընդգծված են։

Ուսանողներին խնդրեք կիսվել այդ հատվածներում իրենց գտած կարևոր մանրամասներով։ Դրանք կարելի է գրել գրատախտակին։ Կարող եք նշել հետևյալը.

Կարևոր մանրամասներից մեկը, որը կարող եք նկատել, այն է, որ Տերն այնպես արեց, որ այն քարերը, որոնք Ջարեդի եղբայրը բերել էր Իր մոտ, փայլեն, որպեսզի հարեդացիները լույս ունենան իրենց բեռնանավերում (տես Եթեր 3.1–6 հատվածները):

Քայլ 2. Համեմատություններ կատարեք

Մտածեք, թե նախորդ քայլում ձեր բացահայտած մանրամասներն ինչպես կարող են համեմատվել ձեր կյանքի որևէ հոգևոր երևույթի կամ իրավիճակների հետ։

  • Ի՞նչ համեմատություններ կարող եք անել նախորդ քայլում ձեր բացահայտած մանրամասների հետ:

Օրինակ՝ դուք կարող եք համեմատել շողացող քարերը հոգևոր լույսի աղբյուրների հետ, որոնցով Երկնային Հայրը օրհնել է մեզ: Այդ օրինակներից են՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, սուրբ գրությունների և կենդանի մարգարեների օրինակն ու ուսմունքները։ (Տես Սաղմոս 119.105, Հովհաննես 8.12 և 1 Նեփի 17.13 հատվածները։ Այս հատվածներից կարող եք խաչաձև հղում կատարել Եթեր 6․3 հատվածին)։

Քայլ 3. Բացահայտեք արժեքավոր դասեր

Մտածեք, թե ինչ դասեր կամ ճշմարտություններ եք սովորում, երբ համեմատում եք այս հատվածները ձեր կյանքի կամ որևէ հոգևոր արժեքի հետ: Մտածեք նաև, թե ինչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ դասեր կամ ճշմարտություններ եք սովորում այս հատվածներից: Ձեր կարծիքով, ի՞նչը կօգնի ձեզ ձեր առօրյա կյանքում:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել, հետևյալն է. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ առաջնորդություն և լույս են տալիս, որպեսզի օգնեն մեզ մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում։

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել այն եղանակներով, որոնցով Աստված իրենց կյանքում առաջնորդություն և հոգևոր լույս է տվել:

Քայլ 4. Որոշեք կիրառությունը ձեր կյանքում

Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում կիրառել նախորդ քայլում բացահայտած դասերը։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հետևեք Աստծո լույսին կամ ավելի շատ ստանաք այն ձեր կյանքում:

Դուք կարող եք մտածել որոշակի գործողությունների մասին, օրինակ՝ բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը, աղոթքով առաջնորդություն փնտրել Երկնային Հորից՝ ձեր ամենօրյա որոշումներում կամ ավելի ջանասիրաբար ձգտել Սուրբ Հոգին պահել որպես ձեր մշտական ուղեկից:

Փորձեք համադրել այս պատմության մյուս հատվածները

Նկար
Հարեդացիների բեռնանավը

Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունն անհատապես, դասընկերոջ հետ կամ փոքր խմբով։

Ուսումնասիրեք դեպի ավետյաց երկիր հարեդացիների ճամփորդության մնացած պատմությունը՝ կարդալով Եթեր 6.4–12 հատվածները։ Փնտրեք ավելի շատ եղանակներ, որոնցով հարեդացիների ճամփորդությունը կարող է առնչվել ձեր կյանքին: Ուսումնասիրելիս կիրառեք չորս քայլից բաղկացած գործընթաց՝ սուրբ գրությունները համադրելու համար:

Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչ են ուսուցանում ձեզ այս հատվածները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Ուսանողներին ուսումնասիրության համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո քննարկեք սովորածը։ Եթե նրանք ավելի շատ օգնության կարիք ունեն, կարող եք ուղղել հետևյալ տիպի հարցեր.

  • Ի՞նչ ուսուցանեցին ձեզ այս հատվածները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Որո՞նք են այն մի քանի «կատաղի քամին[երը]», որ Տերը թույլ է տալիս մեզ զգալ մեր կյանքում (Եթեր 6.5 հատված)։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մեր փորձությունները կամ դժվարությունները կօգնեն մեզ ավելի մոտենալ Աստծուն:

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով դուք կարող եք ձեզ «թաղված» զգալ (Եթեր 6.6) մահկանացու կյանքի ձեր ճամփորդության ընթացքում։ Ի՞նչ տեսաք հատված 7-ում, որը կօգնի ձեզ նման ժամանակներում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին հարեդացիները փառաբանում Տիրոջն իրենց դժվարին ճամփորդության ժամանակ (տես Եթեր 6.9 հատվածը): Ի՞նչը կօգնի ձեզ երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ, նույնիսկ, երբ դուք փորձությունների եք հանդիպում:

Քննարկումից հետո առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե այսօրվա իրենց սովորածն ինչպես կօգնի իրենց կյանքում, այդ թվում այն խոչընդոտները հաղթահարելու համար, որոնք նրանք նշել էին ավելի վաղ: Խրախուսեք նրանց ուսումնասիրության իրենց օրագրում գրի առնել ցանկացած հոգևոր հուշում կամ գաղափար, որը ցանկանում են հիշել:

Վկայություն բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին։ Խրախուսեք ուսանողներին շարունակել իրենց կյանքի հետ համադրել այն, ինչ կարդում են սուրբ գրություններում: