Սեմինարիա
Ալմա 41․ Հիսուս Քրիստոսը վերականգնում է բոլոր բաները


«Ալմա 41․ Հիսուս Քրիստոսը վերականգնում է բոլոր բաները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 41

Հիսուս Քրիստոսը վերականգնում է բոլոր բաները

Նկար
երջանիկ պատանիներ

Կորիանթոնին իր մեղքերից եկող վտանգների մասին ուսուցանելուց հետո Ալման աշխատում էր ուղղել սխալ ուսմունքները։ Նա կարևոր ճշմարտություններ էր ուսուցանում Կորիանթոնին, որպեսզի օգնի նրան հասկանալ Երկնային Հոր վերականգնման ծրագիրը և ապաշխարել։ Այս դասը կօգնի ձեզ տեսնել, թե ամբարշտությունը ինչպես չի կարող հանգեցնել երջանկության։

Սուրբ գրություններն ուսուցանեք այնպես, որ ամրացնեք հավատքն առ Հիսուս Քրիստոս։ Սուրբ գրությունների նպատակներից մեկն է՝ օգնել մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին (տես 1 Նեփի 6.4)։ Օգնեք ուսանողներին տեսնել, թե սուրբ գրություններում նկարագրված մարդիկ ինչպես են օրհնվել Աստծո զորությամբ, ողորմածությամբ և սիրով։ Խրախուսեք ուսանողներին իրենց կյանքում ճանաչել նման օրհնությունները՝ գործադրելով հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել, թե պատվիրաններին հնազանդվելն ինչպես է երջանկություն բերում իրենց և օգնում զգալ պատրաստ՝ հանդիպելու Փրկչին և Երկնային Հորը այս կյանքից հետո:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Համոզմունքներ հետմահու կյանքի մասին

Ստորև ներկայացվածը կարող է օգնել ուսանողներին մտածել իրենց ընտրությունների հավերժական հետևանքների մասին։ Կարող եք յուրաքանչյուր պնդումից հետո ընդհատել և ուսանողներին արտահայտվելու հնարավորություն տալ։

Մտածեք, թե ձեր գործողություններն ինչ ազդեցություն կարող էին կրել, եթե հավատայիք հետևյալ ոչ ճիշտ պնդումներից յուրաքանչյուրին․

Մահից հետո կյանք չկա։

Երբ մենք մահանում ենք, մենք վեհանում ենք՝ անկախ երկրի վրա մեր կատարած գործերից։

  • Ինչո՞ւ է կարևոր ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ այն բանից հետո, երբ մենք մահանանք։

  • Ի՞նչ գիտեք մահից հետո կյանքի մասին, որն ազդում է ձեր գործողությունների վրա այստեղ և հիմա։

Վերականգնման իմաստը

Հիշեք, որ Ալման ուսուցանում էր իր որդի Կորիանթոնին, որը լուրջ մեղքեր էր գործել (տես Ալմա 39) և ավետարանի մասին հարցեր ուներ։ Ալմա 41 գլխում մենք իմանում ենք, որ Կորիանթոնը շփոթմունքի մեջ էր այն մարդկանց ուսմունքների պատճառով, որոնք հեռացել էին Հիսուս Քրիստոսի ավետարանից։

Կարդացեք Ալմա 41.1 հատվածը և գտեք, թե ինչը չէր հասկանում Կորիանթոնը: (Ալմայի ուսմունքներում վերականգնում բառը նշանակում է ինչ-որ բան բերել հետ կամ նախկին վիճակին։ Օգտակար կլինի նաև իմանալ, որ աղավաղել սուրբ գրքերը նշանակում է աղճատել, խեղաթյուրել կամ փոխել դրանց իմաստը:)

  • Ի՞նչ չէր հասկանում Կորիանթոնը։

Ալման Կորիանթոնին ճշմարիտ վարդապետություն էր ուսուցանում, որպեսզի օգներ նրան ապաշխարել։ Նա գիտեր, որ «ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և վարքը» (Բոյդ Ք. Փաքեր, «Մի վախեցիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004 թ․, 79)։ Վերականգնման վարդապետության ըմբռնումը օգնում է մեզ հասկանալ, թե այս կյանքում մեր կատարած ընտրություններն ինչու են այդքան կարևոր։

Կարող եք դասարանով կարդալ 2–9 հատվածները և տեղ-տեղ ընդհատել՝ օգնելու ուսանողներին հասկանալ այն, ինչ կարդում են։ Կարդալուց հետո օգտակար կլինի գնահատել, թե ինչ են հասկանում ուսանողները Ալմայի նշած վերականգնման մասին։ Կարող եք գրատախտակին գրել վերականգնում բառը և դասարանին առաջարկել այս դասն ուսումնասիրելու ընթացքում կազմել և մշակել սահմանումը։

Կարդացեք Ալմա 41.2–9 հատվածները և գտեք, թե ինչ էր ուսուցանել Ալման՝ Կորիանթոնի մտահոգությունը հաղթահարելու համար։

  • Մենք ինչպիսի՞ն կլինենք, երբ վերականգնվենք մահից հետո:

  • Ըստ Ալմայի՝ ինչպե՞ս է այդ վերականգնումը հնարավոր դարձել։

  • Վերականգնման մասին այս գիտելիքն ինչպե՞ս կարող է խրախուսել որևէ մարդու վերադառնալ ուխտի արահետ՝ ինչպես Կորիանթոնին։

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»

Կարդացեք Ալմա 41.10 հատվածը և փնտրեք, թե Ալման ինչ էր ուսուցանում վերականգնման, ամբարշտության և երջանկության մասին։

  • Ալման Կորիանթոնի ո՞ր թյուրըմբռնումն ուղղեց։

Ալմա 41.10 հատվածից իմանում ենք, որ ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել։

  • Երբ դիտարկում եք Ալմայի ուսմունքները վերականգնման օրենքի մասին, ինչո՞ւ եք կարծում, որ ճիշտ է, որ «չարությունը երբեք երջանկություն չի եղել»:

Օգտակար կլինի նշել, որ որոշ մարդիկ կարծում ենք, թե կարող են վերադառնալ և բնակվել Աստծո հետ՝ առանց սեփական գործողությունների համար անձնական պատասխանատվություն ստանձնելու։ Նրանք կարող են ասել, որ իրենց մեղսավոր ընտրությունները զվարճալի են։ Երբեմն մեղքն ընտրողները կարող են նույնիսկ երջանիկ թվալ։

Հասկացեք Աստծո էությունը

Աստծո վերականգնման ծրագիրն ավելին է, քան պարզապես կրկին ապրելու ծրագիր մեզ համար։ Այն ծրագիր է, որն օգնում է մեզ դառնալ Նրա նման և զգալ Նրա երջանկությունը։

Կարդացեք Ալմա 41.11 հատվածը և փնտրեք, թե ինչու է անհնար իսկապես երջանիկ լինել, երբ սխալ ընտրություններ ենք կատարում։ Օգտակար կլինի իմանալ, որ «դառնության մաղձ» (հատված 11) նշանակում է ունենալ ծանր վիշտ կամ հոգեկան խորը ընկճվածություն՝ մեղքի պատճառով։

  • Ի՞նչ տարբերություններ տեսաք Աստծո առաջարկած երջանկության և աշխարհի երջանկության միջև։

  • Ի՞նչ կեղծ գաղափարներ են առաջ մղվում, որոնք երջանկություն չեն բերում, անգամ եթե գայթակղիչ են։

Յոթանասունից երեց Մարկուս Բ. Նաշը բացատրել է Աստծո էության և երջանկության միջև կապը․

Նկատի ունեցեք, որ աշխարհում լինել առանց Աստծո, այլ կերպ ասած, հրաժարվել Նրա ավետարանով ապրելուց և հետևաբար՝ չունենալ Հոգու ընկերակցությունը, նշանակում է լինել այնպիսի վիճակում, որը հակասում է երջանկության բնույթին։ Իրականում, Հիսուս Քրիստոսի ավետարանը «երջանկության մեծ ծրագիրն է» (նկատի ունեցեք, որ սա եզակիով է, այսինքն՝ միակ ծրագիրը (Ալմա 42.8)։ Եթե կյանքի մեկ այլ ճանապարհ ընտրեք կամ փորձեք ապրել ավետարանի միայն այն հատվածներով, որոնք հարմար են թվում, նման ընտրությունը կշեղի ձեզ մեր սիրող Երկնային Հոր և Նրա Որդու կողմից ձեզ համար նախանշված լիարժեք և պայծառ ուրախությունից ու երջանկությունից: (Մարկուս Բ. Նաշ, «Երջանկության մեծ ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006 թ., 49)

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հոր էությունը երջանկությունն է, և որ մենք կարող ենք իրական երջանկություն ունենալ, երբ ձգտենք նմանվել Նրան։

Դա ուսուցանելու եղանակներից մեկը հետևյալն է․ գրատախտակին գրեք Երջանկություն և Թշվառություն բառերը։ Ուսանողներին առաջարկեք Երջանկություն բառի տակ գրել Երկնային Հոր հատկանիշները և բացատրել, թե այդ հատկանիշներն ինչու են երջանկության հանգեցնում։ Օրինակ՝ կարող եք քննարկել, թե ինչպես են ավելի մեծ բարեպաշտությունը, համբերությունը կամ ջանասիրությունը ավելի մեծ երջանկության հանգեցնում։ Հետո ուսանողները կարող են գրել այն գործողություններն ու հատկանիշները, որոնք տանում են թշվառության և բացատրել, թե դրանք ինչպես են հակասում Աստծո էությանը։

Թվարկեք Աստծո հատկանիշներից կամ մոտեցումներից մի քանիսը, որը կօգնի ձեզ տեսնել, թե ինչու է երջանկությունը Աստծո էությունը հանդիսանում։ Հետո մտածեք, թե թվարկած հատկանիշներն ինչպես են երջանկություն բերում՝ թե Երկնային Հորը, թե ուրիշներին։ Օրինակ՝ Աստված ողորմած է։ Քանի որ Աստված ողորմած է, Նա կարող է ուրախանալ ապաշխարող հոգիներով և ներման ուրախությունը պարգևել ուրիշներին (տես Վարդապետություն և Ուխտեր 18.13)։ Ընտրեք Աստծո առնվազն մեկ հատկանիշ կամ պատվիրան և նկարագրեք, թե այդ հատկանիշով ապրելը կամ այդ պատվիրանը պահելը ինչպես կարող է երջանկություն բերել։

Վերականգնված դեպի բարին

Կորիանթոնը կարծում էր, թե կարող է ամբարիշտ կյանքով ապրել և, այնուամենայնիվ, փառքով հարություն առնել։ Ըստ Աստծո օրենքի՝ դա չէր կարող տեղի ունենալ (տես Գաղատացիս 6.7–8)։ Ալման ուղղեց Կորիանթոնին և առաջարկեց նրան սկսել քայլեր կատարել Աստծուն և վերջնական երջանկությանը վերադառնալու համար։ Կարդացեք Ալմա 41.12–15 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Ալման խրախուսում Կորիանթոնին ապրել այնպես, որ կարողանա վերականգնվել դեպի բարին ու երջանկությունը։

  • Ըստ ձեր կարդացածի՝ ի՞նչ կարող է «ուղարկել» մարդը, եթե ցանկանում է, որ ավելի մեծ երջանկություն «կրկին վերադառնա [իրեն]»: (Ալմա 41.15)

  • Ե՞րբ եք իրական երջանկություն զգացել Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու շնորհիվ։

Ստորև ներկայացվածը կարող է օգնել ուսանողներին գործել ըստ իրենց տպավորությունների։

Մտածեք, թե ինչ սովորեցիք Ալմա 41 գլխից, նաև մտածեք երջանիկ լինելու ձեր ցանկության մասին։ Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ ավելի մեծ երջանկություն գտնելու ծրագիր կազմել․

  • Ի՞նչ կարող եմ սկսել անել, որը կարող է օգնել ինձ երջանիկ լինել և վերականգնվել դեպի բարին։

  • Ի՞նչը կարող եմ դադարեցնել անել, որը կարող է օգնել ինձ երջանիկ լինել և վերականգնվել դեպի բարին։

Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի ուղղորդի ձեր մտքերն ու զգացմուքները։ Կարող եք ձեր տպավորությունները գրի առնել ձեր օրագրերում կամ սուրբ գրություններում, որտեղ կարող եք վերանայել դրանք։ Կազմեք գործողությունների ծրագիր՝ ներառյալ դրանք սկսելու ժամանակը և ձեր առաջընթացը չափելու եղանակը։