Սեմինարիա
Ալմա 36․ «Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը»


«Ալմա 36․ «Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 36», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 36

«Ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը»

Նկար
երիտասարդ կինը ժպտում է

Մեր մտերիմ մարդկանց հետ կարևոր հոգևոր փորձառություններով կիսվելը կարող է զորացման աղբյուր լինել նրանց և մեզ համար։ Խոսելով իր որդի Հելամանի հետ՝ Ալման պատմում էր, թե ինչպես է հրեշտակ տեսել, զգացել տանջանքներ իր մեղքերի պատճառով և ազատում գտել Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հավատքով դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը և զգալ Նրա միջոցով ազատման ուրախությունը։

Հատվածներում նշումներ կատարելը որպես ուսումնասիրության հմտություն։ Սուրբ գրություններում նշումներ կատարելը կարող է օգնել ուսանողներին կարևոր կապեր ստեղծել և հիշել այն, ինչ սովորում են։ Նրանք կարող են ընդգծել, գունանշել կամ շրջանի մեջ վերցնել հիմնական բառերը կամ արտահայտությունները։ Սուրբ գրությունների էլեկտրոնային տարբերակները նշումներ կատարելու օգտակար գործիքներ են պարունակում։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել մի մարդու օրինակով, որը որոշ ժամանակ տառապելուց հետո խաղաղություն է գտել Քրիստոսում։ Ի՞նչն օգնեց այդ մարդուն խաղաղություն գտնել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հակիմաստ բառեր

Այս դասը սկսելու համար օգնեք ուսանողներին մտածել հոգևոր փոփոխության և այն մասին, թե ինչն է դրան նպաստում։ Որպես դա անելու եղանակներից մեկը՝ գրեք հետևյալ բառերը գրատախտակին և ուսանողներին հանձնարարեք գրել դրանցից յուրաքանչյուրի հակիմաստ բառը։

  • Ցավ →

  • Զղջում →

  • Տխրություն →

Խորհեք, թե երբ եք մեղք գործել և ձախ կողմի զգացողությունն ունեցել։ Այդ զգացողությունը երբևէ փոխվե՞լ է աջ կողմի գրվածով։ Ի՞նչ է տեղի ունեցել, որը հնարավոր է դարձրել այդ փոփոխությունը։

Վերոնշյալը քննարկելուց հետո կարող եք հիշեցնել, որ երբ մեղքը բացասական զգացողություններ է պատճառում, միայն Տերը կարող է օգնել մեզ վերափոխել այդ զգացողությունները դրանց հակադիր՝ դրական զգացողությունների։

Ուսանողներին հնարավորություն տվեք լուռ մտածելու, թե Տերն ինչպես է օգնել նրանց փոխվել, երբ մեղք են գործել։ Ցուցադրեք ստորև ներկայացվող ինքնագնահատումը և ուսանողներին խնդրեք օրագրում գրել խորհելու ընթացքում ունեցած բոլոր տպավորությունները։ Դրանք կարող են լինել հարցեր, զգացմունքներ կամ գործելու հուշումներ։

Խորհեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ ձեզ համար․

  • Երբ մեղք գործեցի, ես գիտեի ինչպես դիմել Տիրոջը ներում, խաղաղություն և հույս ստանալու համար։

  • Ես վստահ եմ, որ Տիրոջ օգնությամբ կարող եմ փոխվել։

  • Ես պարբերաբար դիմում եմ Տիրոջը այդ օգնության համար։

Այսօր կուսումնասիրեք, թե Ալմա Կրտսերի մեղքերից առաջացած տագնապային խորը զգացումներն ինչպես ուրախության և խաղաղության զգացումների փոխվեցին, երբ նա աղերսեց Փրկչին օգնել իրեն։ Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչպես կարող եք մեղքը և դրա ազդեցությունները հաղթահարելու համար Տիրոջ օգնությանը դիմել և Հիսուս Քրիստոսի միջոցով ուրախություն զգալ։

Ալմայի զորեղ փոփոխությունը

Երբ զորամացիները մերժեցին իրենց ուսուցանված ավետարանը, միացան լամանացիներին, որպեսզի նրանց հրահրեն նեփիացիների դեմ։ Հետո զորամացիները և լամանացիները հարձակվեցին նեփիացիների վրա, ինչը մեծ պատերազմի վերածվեց։ Նեփիացիներից շատերի սրտերը նույնպես «սկսում էին կարծրանալ» Աստծո խոսքի դեմ (Ալմա 35.15)։ Ի պատասխան նեփիացիների հոգևոր մերժման՝ Ալման հավաքեց իր որդիներին, որպեսզի «նրանցից ամեն մեկին առանձին տա իր հանձնարարությունը, արդարությանը պատկանող բաների վերաբերյալ» (Ալմա 35.16)։ Նա նախ խոսեց իր որդի Հելամանի հետ և պատմեց իր դարձի փորձառության մասին։

Ցուցադրեք հետևյալ պատկերը: Ուսանողներին առաջարկեք ստորև ներկայացվող հարցին պատասխանելու համար աշխատել դասընկերոջ հետ։

Որպես մեկ այլ տարբերակ գրատախտակին գրեք նմանատիպ բառեր՝ Ալմա, Մոսիայի որդիները, ոչնչացնել եկեղեցին, հրեշտակ, երեք օր։ Հետո զույգերին խնդրեք պատմել պատմությունը՝ օգտագործելով բառերից կամ արտահայտություններից յուրաքանչյուրը։

Նկար
Ալմա Կրտսերի դարձը
  • Ի՞նչ եք հիշում Ալմա Կրտսերի մասին, և ի՞նչ է պատկերված այս նկարում։

Կարդացեք Ալմա 36.6–11 հատվածները և փնտրեք մանրամասներ, որոնք գուցե բաց եք թողել։

  • Ըստ ձեզ՝ հրեշտակի խոսքերն ինչո՞ւ էին այդքան ազդեցիկ Ալմայի համար։

  • Բացի հրեշտակ տեսնելուց, ի՞նչը կարող է ստիպել մարդուն հասկանալ, որ նա փոփոխության կարիք ունի։

Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ սուրբ գրություններում նշումներ կատարելու արժեքը և խրախուսեք նրանց դասի ընթացքում վարժվել այս հմտության մեջ։ Եթե հնարավոր է, կարող եք ցուցադրել սուրբ գրությունների էլեկտրոնային կամ տպագիր տարբերակը և դրանց վրա սուրբգրային հատվածները նշելու եղանակներ ցույց տալ։

Ստորև բերված վարժության համար կարող եք ուսանողներին առաջարկել, որ տարբեր ձևերով նշեն բառերն ու արտահայտությունները։ Հատվածների առաջին խմբի վրա կարող եք աշխատել դասարանով՝ վարժությունը հարմարեցնելով դրանց։ Հետո ուսանողները կարող են ինքնուրույն աշխատել հատվածների երկրորդ և երրորդ խմբերի վրա։ Երբ ավարտեն, կարող են դասընկերոջ կամ դասարանի հետ կիսվել, թե ինչ են գտել և ինչպես են նշել գտածը։

Հատվածների ստորև ներկայացվող խմբերում կարդացեք, թե ինչ էր նկարագրում Ալման իր տեսածի ու զգացածի մասին այն երեք օրվա ընթացքում, երբ չէր կարողանում շարժվել։ Կարող եք նշել այն, ինչ առաջարկված է։

  • Ալմա 36.12–16․ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Ալման ինչ էր զգում իր մեղքերի պատճառով

  • Ալմա 36.17–18․ բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչ էր հիշում Ալման և ինչ արեց, որը հանգեցրեց փոփոխության

  • Ալմա 36.19–21․ բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, որ Ալման զգում է ինչ-որ հակառակ բան կամ հակասում է նրան, ինչ նա ի սկզբանե զգացել է

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ նկատեցին կամ սովորեցին 12–21 հատվածներն ուսումնասիրելիս։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նմանատիպ հարց տալ․ «Ի՞նչ նկատեցիք՝ համեմատելով Ալմայի զգացումները նրա փոփոխությունից առաջ և հետո»։ Կարող եք տալ նաև հետևյալ հարցերից մի քանիսը։

  • Ի՞նչն է տպավորում ձեզ այն ամենում, որը հանգեցրեց Ալմայի փոփոխությանը։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել նրա փորձառությունից։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. Հիսուս Քրիստոսը մեզ մեր մեղքերի ցավից ազատելու և մեզ ուրախությամբ լցնելու զորություն ունի։

  • Ալման ինչպե՞ս հրավիրեց Փրկչի ազատման զորությունը։

Ստորև ներկայացվող խոսքերը կարող են օգնել ուսանողներին ավելի խորությամբ հասկանալ թավագիր ճշմարտությունը։ Կարող եք ուսանողներին առաջարկել նաև ուսումնասիրել 24–26 հատվածները և փնտրել, թե ինչ եղանակներով էր Ալման հավատք գործադրում առ Հիսուս Քրիստոս։

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) բացատրել է.

Կարիք չկա իմանալ ամեն ինչ նախապես, որպեսզի Քավության զորությունը գործի ձեզ համար։ Հավատացեք Քրիստոսին, այն սկսում է գործել խնդրելու օրվանից: (Բոյդ Ք. Փաքեր, «Մաքրված», Ensign, մայիս 1997 թ․, 10)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Երբ մենք ազնվորեն խոստովանում ենք մեր մեղքերը, ուղղում ենք այն, ինչ կարող ենք, և թողնում ենք մեր մեղքերը՝ պահելով պատվիրանները, ներում ստանալու գործընթացի մեջ ենք մտնում։ Ժամանակի ընթացքում մենք կզգանք, որ մեր վշտի ցավը հեռանում է՝ «վերցնելով հանցանքը մեր սրտերից» և պարգևելով «խղճմտանքի խաղաղություն»: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2009 թ․, 42)

  • Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք այս խոսքերից։

Օգտակար կլինի նշել, որ Հիսուս Քրիստոսից եկող օգնությունը կարող է սկսվել այն պահին, երբ խնդրում ենք այն, բայց ապաշխարության և ներված զգալու գործընթացը կարող է ավելի աստիճանական լինել։

Կարող եք ուսանողներին հանձնարարել փոքր խմբերով կամ զույգերով քննարկել, թե ինչպես կարձագանքեին ստորև բերված իրավիճակներում։

Ի՞նչ կասեիք այն պատանուն, որը․

  • Զղջման և ցավի մեծ զգացում ունի իր մեղքերի պատճառով։

  • Զգում է, որ իր մեղքերը սարսափելի չեն և ժամանակի ընթացքում առանց ապաշխարության ինքնուրույն կլուծվեն։

Մի պահ մտածեք ձեր իրավիճակի և այն մասին, թե այսօրվա դասն ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում։ Մտածեք մեկ բան, որը կարող եք անել այսօր, որպեսզի դառնաք դեպի Փրկիչը և ձեր կյանք հրավիրեք Նրա ազատման զորությունը։

Կարող եք կիսվել Փրկչի բժշկող զորությամբ օրհնվելու ձեր վկայությամբ և ձեր վստահությամբ այն մասին, որ Նա ցանկանում է խաղաղություն և ուրախություն բերել ձեր ուսանողների կյանք։