Սեմինարիա
Ալմա 34.1–17․ Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավությունը


«Ալմա 34.1–17․ Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավությունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Ալմա 34.1–17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 34.1–17

Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավությունը

Նկար
Հիսուս Քրիստոսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքն առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության։ Ամուղեկն ուսուցանում էր զորամացիներին, որ առանց Աստծո Որդու անսահման և հավիտենական զոհաբերության բոլոր մարդիկ կարծրացած, ընկած և կորած են։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել ձեզ Իր անսահման և հավիտենական քավող զոհաբերությամբ։

Մեծ ակնկալիքներ սահմանեք։ Երբ ուսանողներն իմանում են, որ որպես սովորողներ նրանցից մեծ ակնկալիքներ ունեք, հիմնականում ձգտում են արդարացնել այդ ակնկալիքները։ Հնարավոր է, որ որոշ ուսանողներ ժամանակ առ ժամանակ շեղվեն դասից՝ դասընկերոջ կողմից կամ էլեկտրոնային սարքի միջոցով։ Երբ նման կամ այլ խանգարող վարքագիծ նկատեք, նրբանկատորեն և սիրով ուղղեք այն։ Դա կարող է օգնել, որ ամբողջ դասարանը հասկանա ձեր ակնկալիքները, իսկ ուսանողներին կարևոր փորձառություն ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություններ կտա։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գտնել և ուսումնասիրել այն սուրբ գրությունները, որոնք օգնում են իրենց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Թեմաների ուղեցույցը և Սուրբ գրքերի ուղեցույցը կարող են օգտակար աղբյուրներ լինել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքն ինչով կտարբերվեր

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացված անավարտ հարցը։ Ուսանողներին առաջարկեք կիսվել օրինակներով, թե ինչով կտարբերվեր իրենց կյանքը, եթե չլինեին այն մարդիկ կամ երևույթները, որոնց ամենից շատն են ապավինում։ Ուսանողներին օգնեք մտածել օրինակների մասին՝ բերելով մի քանի առարկա կամ առարկաների նկարներ, որոնք արժեքավոր են ձեզ համար։

Կյանքն ինչո՞վ կտարբերվեր առանց …

Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք պատասխանել այս հարցին այն մարդկանց կամ երևույթների վերաբերյալ, որոնց ապավինում եք։ Օրինակ՝ կարող եք մտածել, թե ձեր կյանքն ինչով կտարբերվեր, եթե ձեր կյանքում չլիներ որևէ հատուկ անձ, ձեր կողմից հաճախ օգտագործվող տեխնոլոգիա կամ գործիքներ կամ չանեիք այն գործողությունը, որը հաճույքով եք անում։

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, ցուցադրեք հետևյալ նկարը և այսպես վերաձևակերպեք նախորդ նախադասությունը․ «Կյանքն ինչո՞վ կտարբերվեր առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության»։

Նկար
Քրիստոսը աղոթում է Գեթսեմանիում

Ուսանողներին առաջարկեք, որ մտածեն, թե ինչպես կպատասխանեին այս հարցին և իրենց օրագրում թվարկեն այն եղանակները, որոնցով նրանց կյանքը կտարբերվեր առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության։ Դասի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիսվելու այս հարցին տված պատասխաններով։

Ամուղեկը զորամացիներին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Հավանաբար հիշում եք, որ Ալման և Ամուղեկը քարոզում էին զորամացիներին, որոնք հավատում էին, որ «ոչ մի Քրիստոս» չի լինելու (Ալմա 31.16)։ Երբ Ալման ավարտեց իր ուղերձները (տես Ալմա 32–33), Ամուղեկը կիսվեց Փրկչի մասին իր վկայությամբ։

Կարդացեք Ալմա 34.1–10 հատվածները և փնտրեք, թե ինչ է ասել Ամուղեկը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին։

Ալմա 34.9–10 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են: Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ո՞ր բառերն ու արտահայտությունները հատկապես կարևոր թվացին ձեզ։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ սովորեցիք այդ հատվածներից այն մասին, թե ինչու է մեզ անհրաժեշտ, որ Հիսուս Քրիստոսը քավի մեր մեղքերը։

  • Ճշմարտություն արտահայտող մեկ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեք Ալմա 34.8–10 հատվածներում Ամուղեկի ուսմունքները։

Հնարավոր է, որ նմանատիպ ճշմարտություն եք բացահայտել․ առանց Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավության ողջ մարդկությունը կկորչեր հավիտյան։

  • Բոլոր մարդիկ ինչո՞ւ «անխուսափելիորեն կկործանվեին» կամ կկորչեին հավիտյան առանց Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության։

Կարող եք ուսանողներին խնդրել մտածել, թե անձամբ իրենք ինչպես կկորսվեին առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության։ Դրա համար կարող եք առաջարկել նրանց ուսումնասիրել 2 Նեփի 9.6–12 հատվածները և փնտրել ուսմունքներ, որոնք նկարագրում են, թե մենք ինչու ունենք Փրկչի կարիքը։

Անսահման և հավիտենական

Կարող եք հատված 10-ի վերջում նշել «անսահման և հավիտենական» բառերը և ձեր օրագրում արտագրել ստորև ներկայացված գծապատկերը․

Կարող եք գրատախտակին պատկերել այս գծապատկերը, որպեսզի ուսանողներն արտագրեն այն։

Նկար
«Հիսուս Քրիստոսի Քավությունը» բառերը՝ պատկերված «անսահման և հավիտենական» բառերի ուղղությամբ ցույց տվող սլաքի կողքին
  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է ու հավիտենական։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալ գաղափարներով․

«Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի: Այն անսահման էր նաև այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման թվով մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից: (Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1996 թ․, 35)

  • Այս խոսքերն ի՞նչ օգնեցին ձեզ սովորել կամ զգալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին։

Ինչպես է դա առնչվում ձեզ։

Որպես ստորև ներկայացվող բացատրության մաս օգտակար կլինի, եթե կիսվեք Յոթանասունից երեց Մայքլ Ջոն Ու. Թեհի հայտարարությամբ, որը կարելի է գտնել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում։

Բացի այն, որ Փրկիչն Իր Քավությամբ կարող է անթիվ մարդկանց օրհնել, Նա կարող է նաև անձամբ ձեզ օրհնել։ Կարող եք ձեր օրագրում գծապատկերը փոփոխել այնպես, որ այն հետևյալ տեսքն ունենա․

Նկար
«Հիսուս Քրիստոսի Քավությունը» բառերը՝ պատկերված «անսահման և հավիտենական» բառերի և «անձամբ» բառի ուղղությամբ ցույց տվող սլաքների կողքին

Ստորև ներկայացվող վարժությունը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչպես կարող է օրհնել նրանց Իր Քավության շնորհիվ։ Ցուցադրեք կամ տպեք հետևյալ նյութերը և ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրեն դրանք։ Ուսանողներին առաջարկեք այդ նյութերից առանձնացնել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է Իր Քավության միջոցով օրհնել անձամբ իրենց։

Բացի նշվածներից՝ ուսանողները կարող են այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների այլ խոսքեր գտնել։

Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահ Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է․

Երբեմն ես հանդիպել եմ լավ սրբերի, որոնք իրենք իրենց ներելու դժվարություն ունեին, որոնք պարզամտորեն, բայց սխալմամբ սահմաններ էին դրել Փրկչի փրկագնող զորությունների վրա: Նրանք ակամայից անսահման Քավությունը դարձրել են սահմանափակ, որն ինչ-որ ձևով չի գործում իրենց որոշակի մեղքի կամ թուլության պատճառով: Բայց սա անսահման Քավություն է, որովհետև այն ներառում է և սահմանագծում է ամեն մեղք ու թուլություն, ինչպես նաև ուրիշների կողմից ձեզ պատճառված ամեն վիրավորանք կամ ցավ: (Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019 թ․, 85–86)

Ուսանողների հետ քննարկեք, թե ինչ սովորեցին և զգացին իրենց ուսումնասիրությունից։ Նրանց առաջարկեք կիսվել իրենց գտած հատուկ բառերով կամ արտահայտություններով, որոնք նկարագրում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է Իր Քավության միջոցով օրհնել անձամբ իրենց։ Օրինակ՝ ուսանողները կարող են նշել արտահայտություններ, ինչպիսիք են՝ «նա պիտի բերի փրկություն բոլոր նրանց, ովքեր կհավատան նրա անունին» (Ալմա 34.15), «Աստված … ճանապարհ է պատրաստում, որ մենք խուսափենք … մահից ու դժոխքից» (2 Նեփի 9.10) կամ «Ես՝ Տերս, այլևս չեմ հիշում [ապաշխարած մեղքերը]» (Վարդապետություն և Ուխտեր 58.42

Այս քննարկումից հետո ուսանողներին առաջարկեք աչքի անցկացնել իրենց օրագրում թվարկած այն եղանակները, թե ինչպիսին կլիներ իրենց կյանքն առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության։ Ըստ սովորածի՝ ուսանողները կարող են փոփոխել թվարկած եղանակները։ Ուսանողներին առաջարկեք իրենց թվարկած եղանակներով կիսվել ընկերակցի կամ ամբողջ դասարանի հետ։ Ուսանողներին խնդրեք կիսվել, թե այսօր իրենց սովորածի արդյունքում ինչ ավելացրին իրենց թվարկածների ցուցակում։ Նրանք կարող են կիսվել նաև իրենց համար մեծ նշանակություն ունեցող մի բանով, որն ավելացրել են ցուցակում՝ իրենց սովորածի արդյունքում և բացատրել՝ ինչու։

Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: Խրախուսեք նրանց գործել՝ ըստ դասի ընթացքում ստացած հուշումների։