Սեմինարիա
Ալմա 29․ Մեր սրտերի ցանկությունները


«Ալմա 29․ Մեր սրտերի ցանկությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 29

Մեր սրտերի ցանկությունները

Նկար
երիտասարդները արշավի են գնում

Արդյո՞ք կարող եք ասել, որ ձեր կյանքի ցանկությունները համահունչ են նրա հետ, ինչ Տերն է ցանկանում ձեզ համար։ Ալմա 29 գլխում հիշատակվում են Ալմայի սրտի ցանկությունը և նրա մտորումներն այն մասին, թե արդյոք իր ցանկությունները համահունչ են նրա հետ, ինչ Աստված է ցանկանում իր համար։ Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր ցանկությունները և համապատասխանեցնել դրանք Տիրոջ ցանկություններին։

Կառուցեք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը։ Երբ պատրաստվում եք ուսուցանել, հարցրեք ինքներդ ձեզ․ «Սուրբ գրության այս հատվածում շեշտադրվող բոլոր ճշմարտություններից որո՞նք ամենաշատը կօգնեն իմ ուսանողներին ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին»։ Փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը՝ ավելի լավ հասկանալու, թե ավետարանի որ ճշմարտությունները լավագույնս կօգնեն այդ նպատակին։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Ալմա 29.1–6 հատվածները և մտածել, թե ինչ են սովորում իրենց ցանկությունների մասին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ցանկություններ իմ կյանքի համար

Կարող եք ցույց տալ ձեր մանկության որևէ նկար և կիսվել ստորև ներկայացվող հարցերի ձեր պատասխաններով։ Կարող եք նաև մի քանի ուսանողի առաջարկել, որ բերեն իրենց մանուկ հասակի նկարներն ու պատասխանեն հարցերին։

Որպես այլընտրանք՝ շատ մշակույթներ ունեն առակներ կամ պատմություններ, որոնցում հարց է տրվում ինչ-որ մեկին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը կամ իղձը։ Որոշ օրինակներ ներառում են՝ ցանկություն պահել, երբ աստղ է ընկնում, խնդրել, որ ջինը կամ փերին կատարեն ցանկությունները կամ ծննդյան տորթի մոմերը փչելիս ցանկություն պահել։ Կարող եք նշել այդ սիրված պատմություններից մեկը և հարցնել․ «Եթե հնարավորություն ունենայիք խնդրելու, որ կատարվի ձեր ամենամեծ ցանկություններից մեկը, ո՞րը կլիներ դա»։

  • Մանուկ հասակում որո՞նք էին ձեր ամենամեծ ցանկությունները։

  • Այժմ, երբ մեծացել եք, ինչպե՞ս են փոխվել ձեր ցանկությունները։ Ձեր ցանկություններն ինչպե՞ս կարող են փոխվել ապագայում։

Ձեր օրագրի էջի մի կողմում գրեք ձեր կյանքի ցանկություններից մի քանիսը: (Մյուս կողմն օգտագործելու եք ավելի ուշ՝ դասի ընթացքում:)

  • Մեր ցանկություններն ի՞նչ ազդեցություն ունեն մեր կյանքի վրա։

Երբ մենք մեծանում և հասունանում ենք ավետարանով ու ավելի ենք մոտենում Աստծուն՝ մեր ցանկություններից մի քանիսը կարող են փոխվել ու ավելի համապատասխանեցվել նրան, ինչ Աստված է ցանկանում մեզ համար։

  • Արդյո՞ք կարող ենք ասել, որ մեր ցանկությունները համահունչ են նրա հետ, ինչ Աստված է ցանկանում մեզ համար։

Այս դասն ուսումնասիրելիս խորհեք ձեր ցանկությունների մասին։ Փորձեք սահմանել, թե որ ցանկություններն են համապատասխանում Աստծո ցանկություններին, և որոնք հասնունանալու կամ փոխվելու կարիք ունեն։

Համապատասխանեցնենք մեր ցանկությունները Տիրոջ կամքին

Ալմա 29 գլխում Ալման գրել է իր ցանկություններից մեկը։ Կարդացեք Ալմա 29.1–2 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե նա ինչ է նկարագրել։

  • Ինչո՞ւ էր Ալման ցանկանում հրեշտակ լինել։ Ի՞նչ է սա ասում ձեզ նրա մասին։

  • Ի՞նչ գիտեք Ալմայի անցյալի մասին, որից ոգեշնչվելով Ալման կարող էր հրեշտակ լինելու ցանկություն ունենալ (տես Մոսիա 27.11–17

Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ դա Ալմայի փորձառությունն էր հրեշտակի հետ, ինչպես հիշատակվում է Մոսիա 27 գլխում։ Դա անելու համար կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և խնդրել ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում նկարում պատկերված պատմության մասին։

Նկար
Ալմա Կրտսերի դարձը

Հատվածի համատեքստի ըմբռնումը կարող է լրացուցիչ գաղափարներ տալ մեզ։ Ալմա 29 գլխին նախորդող գլուխներում Տերն Ամմոնին պատվիրեց Անթի-Նեփի-Լեքիներին բերել նեփիացների հետ ապրելու, որպեսզի պաշտպանված լինեն (տես Ալմա 27.4–12)։ Նեփիացիները Անթի-Նեփի-Լեքիներին բնակության համար տվեցին Ջերշոնի երկիրը և խոստացան պաշտպանել նրանց։ Ամբարիշտ լամանացիները հետևեցին Անթի-Նեփի-Լեքիներին և ճակատամարտ սկսեցին։ Նեփիացիները պաշտպանում էին իրենց ու իրենց ընտանիքները լամանացիներից։ Արդյունքում «տասնյակ հազարավոր լամանացիներ սպանվեցին և ցրվեցին … Նեփիի ժողովրդի մեջ նույնպես տեղի ունեցավ մի զարհուրելի կոտորած» (Ալմա 28.2–3

  • Այս հանգամանքն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչու Ալման կարող էր ցանկանալ ապաշխարելու և վիշտը կանխելու համարձակ կոչ անել մարդկանց։

Կարդացեք Ալմա 29.3–6 հատվածը և փնտրեք, թե ինչ էր Ալման հասկացել իր ցանկությունների մասին։

Կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ սովորեցին։ Ուսանողները կարող են տարբեր դասեր կամ սկզբունքներ նշել։ Եթե չնշեն, խնդրեք նրանց ամփոփ ներկայացնել, թե Ալման ինչ էր ուսուցանում հատված 4-ում։

Սկզբունքներից մեկը, որ կարող եք բացահայտել, այն է, որ Աստված թույլ է տալիս մեզ ընտրություններ կատարել ըստ մեր ցանկությունների։

Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել 4-րդ հատվածի այն հիմնական բառերը կամ արտահայտությունները, որոնք սահմանում են այս ճշմարտությունը։

  • Մեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ սկզբունքը։

Ձեր ցանկությունները համեմատեք Տիրոջ ցանկությունների հետ։ Դրա համար ձեր օրագրի էջի մյուս կողմում թվարկեք, թե ինչ է Տերը ցանկանում իր զավակների համար։ Այդ ցանկը կազմելու համար կարող եք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը․

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով։ Տիրոջ ցանկությունների օրինակներից է այն, որ մենք կարող ենք լսել և ճանաչել Փրկչին (տես Մատթեոս 17.5, Հովհաննես 17.3, 3 Նեփի 11.3–7), ցույց տալ մեր հնազանդությունը (տես Աբրահամ 3.25), անել նրա աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 6.6), սիրել ուրիշներին (տես Ղևտացոց 19.18, Մատթեոս 22.37–40), ամուսնանալ և ընտանիք կազմել (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4, Ծննդոց 1.22), ուրախություն զգալ (տես 2 Նեփի 2.25) և Նրա հետ ժառանգել հավերժական կյանքը (տես Մոսիա 1.39

Նայեք ձեր օրագրի էջի երկու կողմերին։ Ի դեպ, Տիրոջ ցանկությունն է, որ մեր ցանկությունները կենտրոնացնենք Նրան և մեր մերձավորին սիրելու ու ծառայելու վրա։ Խորհեք, թե ձեր ցանկություններն ինչ չափով են համընկնում Աստծո՝ ձեզ համար ունեցած ցանկությունների հետ։

Չնայած ավետարանով կիսվելու Ալմայի ցանկությունը լավ ցանկություն էր, նա հասկացավ, որ հրեշտակի նման ամբողջ աշխարհի հետ ավետարանով կիսվելու ցանկությունն այնքան էլ չի համապատասխանում այն բանին, թե որտեղ և ինչպես է Աստված պատվիրել իրեն ծառայել։ Կարող եք Ալմա 29.3–6 հատվածում ընդգծել բոլոր արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Ալման ուզում էր իր ցանկությունները համապատասխանեցնել Աստծո կամքին։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում գոհանալ նրանով, ինչ Տերը հատկացրել է մեզ։

  • Ինչո՞ւ եք կարծում (կամ ինչպես Ալման էր կարծում), որ մենք պետք է ձգտենք մեր ցանկությունները համապատասխանեցնել Տիրոջ ցանկություններին։

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ցանկությունները համապատասխանեցնել Աստծո կամքին այն դեպքում, երբ մեզ կոչ է արվում մատուցել ծառայություն, որը տարբերվում է մեր նախընտրությունից։

Հետո նույն գլխում Ալման բացատրում է, որ կարիք չկա հրեշտակ լինել ամբողջ երկրագնդի հետ խոսելու համար, քանի որ Աստված բոլոր ազգերին ուսուցանելու է Իր իմաստությամբ և Իր ժամանակին (տես Ալմա 29.7–8)։ Կարդացեք Ալմա 29.9, 13 հատվածները և փնտրեք, թե ինչով էր հրճվում Ալման, և ինչ էր զգում, երբ իր ցանկությունները համապատասխանեցրել էր Աստծո ցանկություններին։

Ցանկությունների կարևորությունը

Ուսանողներին իրենց ցանկությունները խորությամբ հասկանալու հնարավորություն տվեք։ Կարող եք հետևյալ հարցերը և ցուցումները փակցնել դասասենյակի տարբեր հատվածներում։ Ուսանողները կարող են հավաքվել իրենց հետաքրքրող հարցի շուրջ, հետևել ցուցումներին և փոքր խմբերով քննարկել տվյալ հարցի համար գտած պատասխանները։ Սա կարող եք կրկնել, որպեսզի ուսանողները կարողանան մեկից ավելի հարցեր ուսումնասիրել։

Ինչպե՞ս կարող եմ մեծացնել Տիրոջը հետևելու իմ ցանկությունը

Այս հարցի շուրջ խորհելու ընթացքում օգտակար կլինի մտածել մարդկանց օրինակների մասին, որոնք դարձի են եկել դեպի Տերը։ Որպես այդպիսի մարդկանց օրինակներ կարող եք ուսումնասիրել Ենովսին (տես Ենովս 1.1–7), Բենիամին թագավորի ժողովրդին (տես Մոսիա 5.1–5) և Լամոնի թագավորին (տես Ալմա 22.15–16

Ի՞նչ պետք է ցանկանամ իմ կյանքում

Այս հարցի համար հայտնություն փնտրելիս ուսումնասիրեք, թե ինչ են ցանկացել ուրիշները, կամ ինչ հույս ուներ Տերը, որ նրանք կցանկանան (տես Հռովմեացիս 10.1, 3 Նեփի 19.7–9, Վարդապետություն և Ուխտեր 6.6–8

Ուրիշ ի՞նչ են ուսուցանում սուրբ գրությունները մեր ցանկությունների մասին:

Օգտակար կլինի Թեմատիկ ուղեցույցում կամ Gospel Library հավելվածում ուսումնասիրել «Ցանկություն»բառը։ Կամ կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը՝ Սաղմոս 37.4, Առակաց 10.24, Ենովս 1.12, Ալմա 41.5, Վարդապետություն և Ուխտեր 18.38, 137.9։

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Կարող եք հարցնել՝ արդյոք կան ուսանողներ, որոնք հարց ունեն և կցանկանային, որ դասարանն օգներ իրենց։ Միասին փնտրեք սուրբ գրություններ և կիսվեք փորձառություններով ու վկայություններով, որոնք կարող են օգնել պատասխանել ցանկացած հնչած հարցի։

Մի պահ մտածեք, թե այս դասը որքանով է կիրառելի ձեզ համար: Ձեր օրագրում գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի զորացնեք ձեր արդար ցանկությունները և Տիրոջ օգնությամբ բոլոր մյուս ցանկությունները համապատասխանեցնեք Նրա կամքին։