Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 4.9. «Հավատացե՛ք Աստծուն»


«Վարդապետության սերտում. Մոսիա 4.9. «Հավատացե՛ք Աստծուն»», Մորմոնի Գրքի ձեռնարկ ուսուցչի համար (2024)

«Վարդապետության սերտում. Մոսիա 4.9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 4.9

«Հավատացե՛ք Աստծուն»

Նկար
պատանին նայում է վերև և խորհում է

Մոսիա 4.9–10 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք Աստծուն հավատալու կարևորության մասին: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 4.9 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Կենտրոնացեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Չկա ուսանողներին ավելի մեծ օրհնություն բերող բան, ինչը ուսուցիչները կարող են անել, քան այն, որ նրանք ճանաչեն ու սիրեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Պատրաստվելու և ուսուցանելու ընթացքում շարունակաբար փնտրեք ոգեշնչում, թե ինչպես կարող եք անել դա:

Ուսանողի նախապատրասում. ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին հարցնել, թե ինչու են որոշել հավատալ Աստծուն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը պետք է անցկացնեք «Մոսիա 4.9–10» հատվածի դասից հետո, որը Մոսիա 4.9 հատվածի վարդապետության սերտման համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ստորև ներկայացված է մի եղանակ, որը կօգնի ուսանողներին սեփական բառերով բացատրել Մոսիա 4.9 հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Վերհիշեք ձեր փորձառությունը, երբ Մոսիա 4.9–10 հատվածում ուսումնասիրում էիք Բենիամին թագավորի ուղերձն Աստծուն հավատալու մասին, որն ուղղված էր իր ժողովրդին: Ըստ անհրաժեշտության՝ կարող եք կրկին կարդալ այդ հատվածները և վերանայել ձեր օրագրում նախորդ դասի համար ստեղծած գծապատկերը:

  • Բենիամին թագավորն Աստծո մասին ի՞նչ կարևոր բնութագրիչների կամ հատկանիշների էր առաջարկում իր ժողովրդին հավատալ:

  • Աստծո այդ հատկանիշներին հավատալն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքում:

Ընտրեք Մոսիա 4.9–10 հատվածում հիշատակվող Աստծո բնութագրիչներից կամ հատկանիշներից մեկը, որոնց Բենիամին թագավորն ուսուցանում էր իր ժողովրդին հավատալ: Կիսվեք, թե դա ինչպես կբացատրեիք որևէ մեկին, ով չի հասկանում, թե ինչ է դա նշանակում:

Ուսանողներին առաջարկեք մտապահել Մոսիա 4.9 վարդապետության սերտման հատվածի հղումը և ուղեկցող սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ «Հավատացե՛ք Աստծուն. … հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը»: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել:

Ձեր օրագրում մեծ տառերով գրեք հավատացե՛ք բառը: Ներքևում գրեք Աստծուն բառը, իսկ դրա ներքևում գրեք հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը արտահայտությունը: Ներքևում մեծ տառերով գրեք սուրբ գրության հղումը՝ Մոսիա 4.9: Սկսելով վերևից՝ մատով ցույց տվեք բառը, արտահայտությունը կամ հղումը և բարձրաձայն ասեք յուրաքանչյուր տող: Այս վարժությունը կրկնեք մի քանի անգամ, մինչև մտապահեք:

Որպես նախորդ վարժության այլընտրանքային տարբերակ կարող եք գրատախտակին գրել հավատացե՛ք բառը: Բացատրեք, որ այս բառը Մոսիա 4.9 սուրբ գրության հիմնական արտահայտության մեջ երկու անգամ է հանդիպում: Ուսանողներին առաջարկեք նախ մտապահել «Հավատացե՛ք Աստծուն.», ապա՝ «հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը» արտահայտությունները: Հետո հանձնարարեք մտապահել Մոսիա 4.9 սուրբ գրության հղումը: Այնուհետև, երեք ուսանողի հրավիրեք կանգնել դասարանի առաջ: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կրկնել մտապահված հատվածներից մեկը: Ուսանողների հետ կրկնեք սա երեք հոգուց կազմված խմբերով, որպեսզի օգնեք նրանց հիշողության մեջ ամրապնդել հիմնական արտահայտությունը և հղումը:

Գործնական կիրառում

Ուսանողներին առաջարկեք կրկնել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները: Ժամանակ հատկացրեք և հանձնարարեք նրանց կատարել ստորև ներկայացված վարժությունը: Այս վարժությունը կարող եք հարմարեցնել՝ դասարանով թվարկելով սկզբունքները, ապա առաջարկելով ուսանողներին ընտրել մեկ սկզբունք և բացատրել, թե ինչպես են օգտագործել կամ ինչպես կարող էին օգտագործել այն: Բոլոր երեք սկզբունքները կրկնելու համար ուսանողները կարող են ուսուցանել միմյանց:

Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022): Կարող եք փորձել անգիր թվարկել բոլոր երեք սկզբունքները: Այնուհետև ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք օգտագործել կամ ինչպես կարող էիք օգտագործել այդ սկզբունքները:

Ստորև ներկայացվող սցենարը կարող է օգնել ուսանողներին փորձել իրական կյանքի իրավիճակներում կիրառել Մոսիա 4.9 հատվածի ուսմունքները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Որպես այլընտրանքային տարբերակ կարող եք թույլ տալ ուսանողներին անհատապես սովորել՝ ստեղծելով իրենց սեփական սցենարը և փորձելով կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Դա կարող է օգնել, որ սովորելու գործընթացն իրենց համար ավելի համապատասխան ու կիրառելի լինի:

Հետևյալ սցենարը մեկ այլ այլընտրանք կարող է լինել «Նրա շնորհը. ընտրել Աստծուն հավատալը» տեսանյութը (4:07), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Եթե որոշեք սցենարի փոխարեն տեսանյութն օգտագործել, այն թույլ կտա տարբեր կետերում ընդմիջել դիտումը և ուսանողների հետ քննարկել, թե ըստ իրենց՝ տեսանյութի երիտասարդ տղան ինչպես է ցուցադրում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը: Կարող եք ուսանողներին հանձնարարել նաև տեսանյութում փնտրել մեկ սկզբունք և ուշադրություն դարձնել, թե երիտասարդ տղան ինչպես է օգտագործում այդ սկզբունքը: Հետո ուսանողները կարող են միմյանց ուսուցանել, թե ինչ դիտեցին և զգացին:

Միրան սովորում է մի դասարանում է, որտեղ ուսուցիչը ծաղրում է կրոնը և Աստծուն չի հավատում: Ուսուցչի մեկնաբանությունները սկզբում անհանգստացնում էին Միրային, բայց մի քանի ամիս այդ դասարանում սովորելով՝ նա սկսեց մտածել, որ գուցե իր ուսուցիչը ճիշտ է: Նա միշտ հավատացել է Աստծուն, բայց այժմ զգում է, որ կարող է սկսել կասկածել Աստծո գոյությանը:

Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Մոսիա 4.9 հատվածի վարդապետությունը, որպեսզի օգնեք Միրային նրա իրավիճակում կամ Աստծուն հավատալու հետ կապված մեկ այլ սցենարում, որն առնչվում է ձեր կյանքին:

Պարտադիր չէ հետևյալ հարցերը մեկը մյուսի հետևից տալ դասարանին: Դրանք նախատեսված են որպես հարցերի օրինակներ, որոնք կարող եք տալ ուսանողներին, երբ նրանք փորձեն օգտագործել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողներին թույլ տվեք միմյանց ուղղել հարցերը և պատասխանել դրանց: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք երբ տալ և երբ չտալ ստուգիչ հարցերը (այստեղ թվարկվածները կամ այլ հարցեր):

Գործեք հավատքով

  • Ի՞նչ հավատքով լի գործողություններ կարելի է ձեռնարկել, եթե դժվար է Աստծուն հավատալը:

  • Այդ գործողությունների կատարումն ինչպե՞ս կարող է օգնել նրանց:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Մոսիա 4.9 հատվածի ո՞ր ուսմունքները կարող են օգնել այս իրավիճակում՝ հավերժության հեռանկար ունենալու համար:

  • Աստծուն հավատալու կամ չհավատալու որոշումն ինչպե՞ս կարող է ազդել մարդու ապագայի վրա:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Սուրբ գրությունների ի՞նչ լրացուցիչ հատվածներ կամ փորձառություններ (որոնք ունեցել եք դուք կամ ուրիշները) կարող են օգնել այս խնդրին:

  • Ուրիշ որտե՞ղ կարելի է տեղեկություններ գտնել, որոնք կօգնեն այս իրավիճակում: Գտեք առնվազն մեկ այլ աղբյուր և բացատրեք, թե այն ինչպես կարող է օգնել:

Այս դասը եզրափակելու համար կարող եք ուսանողներին առաջարկել մտածել այնպիսի իրավիճակների մասին, որոնցում հայտնվել են իրենք կամ ուրիշները կամ կարող են հայտնվել, և որոնցում իրենց հավատքն առ Աստված կարող է հարցականի տակ դրվել և օգնեք նրանց պատրաստվել այդ փորձառություններին: Դա կարող եք անել՝ ուսանողներին տալով հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Այսօրվա ձեր փորձառությունն ինչպե՞ս կարող է օգնել այդ իրավիճակներում:

  • Հատկապես ի՞նչը կցանկանայիք հիշել, եթե տատանվեիք Աստծո հանդեպ ձեր հավատքի հարցում:

Որպես այս քննարկման մաս վկայեք կամ առաջարկեք ուսանողներին վկայել Աստծուն հավատալու կարևորության մասին:

Վարդապետության սերտման կրկնություն

Ստորև ներկայացվող կրկնության վարժությունն օգտագործեք այս դասից անմիջապես հետո:

Դասը սկսեք՝ գրատախտակին գրելով սուրբ գրության Մոսիա 4.9 հղումը և Հավատացե՛ք Աստծուն. … հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը հիմնական արտահայտությունը՝ յուրաքանչյուր անգամ գրելով մեկ բառ: Նախքան հաջորդ բառը գրելը սպասեք՝ տեսնելու, թե արդյոք ուսանողները կարող են ասել այն մինչև ձեր գրելը: Սա կրկնեք մի քանի անգամ, մինչև ուսանողները կարողանան անգիր ասել այն: