Սեմինարիա
Մոսիա 3.19. Հանել բնական մարդուն


«Մոսիա 3.19. Հանել բնական մարդուն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 3.19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 3.19

Հանել բնական մարդուն

Նկար
ժպտացող երեխաներ

Երբևէ հուսահատվե՞լ եք ձեր սխալներից կամ Աստծո բոլոր պատվիրանները պահելու անկարողությունից: Բենիամին թագավորը մեր անկատար էությունը նկարագրել է որպես «բնական մարդ»: Նա ուսուցանում էր, որ մենք կարող ենք հաղթել նրան Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ստանալ Փրկչի օգնությունը՝ ձեր մեղսավոր էությունը հաղթելու համար:

Ստեղծեք ուսմանը նպաստող միջավայր: Երբ ուսուցիչները և ուսանողները սիրում ու հարգում են Տիրոջը, միմյանց և Աստծո խոսքը, ուսուցումն ավելի արդյունավետ է դառնում: Ուրիշների կողմից ընդունված լինելը և սեր ստանալը կարող է մեղմացնել ուսանողների սրտերը, կրճատել վախը և մեծացնել իրենց զգացողություններով ու փորձառություններով կիսվելու ցանկությունն ու վստահությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Մոսիա 3.19 հատվածը և խորհել դրա իմաստի շուրջ: Կարող եք նրանց առաջարկել գտնել նաև որևէ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն, որը կխորացնի այդ հատվածի որևէ մասի վերաբերյալ նրանց հասկացողությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր մեղսավոր էությունը

Նկար
ոռնացող գայլ

Երբ կիսվեք նախագահ Դալլին Հ. Օուքսի պատմությամբ, կարող եք գայլի մի նկար ցուցադրել:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալին Հ. Օուքսը հետևյալ պատմությունն է պատմել․

Մի իմաստուն չերոկի՝ Միացյալ Նահանգների բնիկ ցեղերից մեկի ներկայացուցիչը, իր թոռանը կյանքի մասին առակ էր պատմում: «Իմ ներսում սարսափելի պայքար է ընթանում երկու գայլերի միջև», ասում էր պապը: «Մեկը չարն է՝ լի բարկությամբ և նախանձով, ինքնախղճահարությամբ և վշտով, ագահությամբ և ստով։ Մյուսը բարին է՝ լի բարությամբ և կարեկցանքով, խոնարհությամբ և ճշմարտությամբ, սիրով և ուրախությամբ։ Այդ պայքարը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի մեջ»։ «Ո՞ր գայլը կհաղթի», - հարցրեց թոռը (Դալլին Հ. Օուքս, «Ընտրություններ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր 2021, 13, պատմությունը հարմարեցվել է Շայնե Մ. Բոուենի «Կամքի ազատություն և պատասխանատվություն» ելույթից, New Era, սեպտեմբեր 2012, 8):

  • Եթե պապիկի տեղում լինեիք, ինչպե՞ս կպատասխանեիք ձեր թոռնիկի հարցին:

    Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի վերաբերյալ իրենց պատասխանի շուրջ.

  • Ինչպե՞ս եք ձեր մեջ նկատել «երկու գայլերի» միջև այս պայքարը:

Նախագահ Օուքսի պատմության մեջ թոռան հարցին, թե որ գայլը կհաղթի, պապիկը պատասխանել է այսպես. «Նա, որին սնում ես»:

Որպես նեփիացիներին ուղղված վերջին ուղերձ՝ Բենիամին թագավորն ուսուցանում էր ճշմարտություններ, որոնք նրան էր բացահայտել հրեշտակը մեր մեղսագործ էության մասին, և այն մասին, թե դա ինչպես է ազդում Աստծո հետ մեր հարաբերությունների վրա:

Կարդացեք Մոսիա 3.19 հատվածը և փնտրեք, թե ինչպես էր Բենիամին թագավորը նկարագրում այն մարդուն, որը պատմության մեջ պատկերված առաջին գայլի նման հատկանիշներ ունի:

Դասի այս հատվածում կարող եք հանձնարարել ուսանողներին կարդալ Մոսիա 3.19 հատվածի միայն առաջին մասը (ավարտվում է «հավիտյանս հավիտենից» բառերով):

Մոսիա 3.19 հատվածը վարդապետության սերտման հատված է:  Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այդ հատվածում ուսուցանված վարդապետությունը:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

Կարող եք գրատախտակին որպես վերնագիր գրել Բնական մարդ բառերը: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ բառերը կամ արտահայտությունները կարող են օգնել նրանց հասկանալ այդ բառերի իմաստը: Ապա հանձնարարեք նրանց վերնագրի տակ թվարկել իրենց պատասխանները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Բենիամին թագավորի նկարագրած բնական մարդը յուրաքանչյուրիս մեջ ինչ-որ չափով կենդանի է և առողջ: Բնական տղամարդը կամ կինը ապաշխարող չէ, մարմնական և զգայական է, բավականություններով տարվող և շվայտ, հպարտ է ու եսասեր (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 42):

  • Ըստ ձեզ՝ բնական մարդն ինչո՞ւ է Աստծո թշնամի:

  • Ի՞նչ կարող է նշանակել մեր բոլորի ներսում «սնել» բնական տղամարդուն կամ կնոջը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ բնական մարդուն, կարող եք ներկայացնել հետևյալ սցենարներից մի քանիսը կամ մտածեք ձեր սցենարը: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե բնական մարդն ինչպես կարող է արձագանքել սցենարներից յուրաքանչյուրին.

  1. Ինչ-որ մեկը վիրավորում է ձեզ:

  2. Դուք թեստ եք լրացնում և կարողանում եք տեսնել մեկ այլ ուսանողի պատասխանները:

  3. Ձեր էլեկտրոնային սարքի վրա մի անհարմար նկար է բացվում:

Մտածեք, թե ձեր կյանքում ինչպես եք նկատում բնական տղամարդու կամ կնոջ մոտեցումները կամ վարքագծերը: Ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ այդ մոտեցումներն ու վարքագծերը հաղթահարելու ձեր ջանքերում:

Հաղթել բնական մարդուն

Կրկին կարդացեք Մոսիա 3.19 հատվածը՝ այս անգամ փնտրելով, թե ինչ էր ուսուցանել Բենիամին թագավորը բնական մարդուն հաղթելու ձևերի մասին:

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածից, որը կարող է օգնել ձեզ հաղթել բնական մարդուն:

Եթե գրատախտակին արդեն գրել եք Բնական մարդ վերնագիրը, կարող եք որպես երկրորդ վերնագիր գրել Սուրբ: Երբ ուսանողները բացահայտեն բնական մարդուն հաղթելու և Փրկչի Քավության միջոցով սուրբ դառնալու մասին ճշմարտությունները, թվարկեք դրանք գրատախտակի երկրորդ վերնագրի տակ:

Մոսիա 3.19 հատվածից սովորում ենք, որ ենթարկվելով Սուրբ Հոգու հորդորներին՝ մենք կարող ենք հաղթել բնական մարդուն և դառնալ սրբեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

  • Ըստ ձեզ՝ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել մեզ Իր Քավությամբ հանել բնական մարդուն և դառնալ սուրբ:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ենթարկվել Սուրբ Հոգու հորդորներին: Ըստ ձեզ՝ այդպես վարվելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաղթել բնական մարդուն:

Օգտագործեք խաչաձև հղումներ՝ ձեր ընկալումը խորացնելու համար

Կարող եք ուսանողներին ժամանակ հատկացնել՝ խորացնելու Մոսիա 3.19 հատվածում ներկայացված ուսմունքների ընկալումը՝ սուրբ գրություննների ուսումնասիրության համար կիրառելով խաչաձև հղումների օգտագործման հմտությունը:

Խաչաձև հղումների օգտագործումը սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություն է, որը կարող է օգնել խորացնել ձեր ընկալումը սուրբ գրությունների տվյալ հատվածի վերաբերյալ: Կիրառեք հմտությունը՝ գտնելով խաչաձև հղումներ, որոնք խորացնում են Մոսիա 3.19 հատվածի ուսմունքների մասին ձեր ընկալումը:

Խաչաձև հղումները կարող եք գտնել՝ որոնելով «բնական մարդ» արտահայտությունը կամ Մոսիա 3.19 հատվածից այլ հիմնաբառեր Gospel Library հավելվածում: Կարող եք փնտրել նաև Մոսիա 3.19 հատվածի էջատակի ծանոթագրություններում նշված սուրբ գրությունների հղումներից կամ թեմաներից մի քանիսը:

Գրատախտակին կարող եք գրել սուրբ գրությունների ստորև ներկայացվող հղումները: Հետո տարբեր խմբերի հանձնարարեք կարդալ դրանցից մեկը կամ մի քանիսը և կիսվել նրանով, ինչ սովորեցին: Կարող եք ուսանողներին նաև ժամանակ հատկացնել, որպեսզի գտնեն համապատասխան սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները:

Ուսանողներին ուսումնասիրության համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո նրանց առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով: Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել, թե ինչն էր իրենց համար ամենից կարևոր, և ինչ կապ ունի դա Մոսիա 3.19 հատվածի ուսմունքների հետ: Նրանք կարող են կիսվել նաև իրենց սովորածով այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ հաղթել բնական մարդուն: Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով:

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես կարող է Փրկիչն օգնել մեզ հաղթել բնական մարդուն և դառնալ սուրբ:

Կիրառեք այն ձեր կյանքում

Այժմ, երբ ավելին իմացաք, թե ինչ է նշանակում Փրկչի Քավությամբ հանել բնական մարդուն և դառնալ սուրբ, մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել այս ուսմունքները ձեր կյանքում: Ի՞նչ եք ոգեշնչված անել կամ դադարել անել: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր օրագրում: