Սեմինարիա
Մոսիա 2.1–18. «Ձեր մերձավորների ծառայության մեջ»


«Մոսիա 2.1–18. «Ձեր մերձավորների ծառայության մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 2.1–18», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 2.1–18

«Ձեր մերձավորների ծառայության մեջ»

Նկար
Բենիամին թագավորը խոսում է մարդկանց հետ

Ի՞նչ է հարկավոր լավ առաջնորդ լինելու համար: Բենիամին թագավորի ուղերձում նկատում ենք, թե ինչպիսի առաջնորդ և օրինակ էր նա իր ժողովրդի համար: Բենիամին թագավորը մեկն էր, ով ծառայում էր Աստծուն՝ ծառայելով իր ժողովրդին և սովորեցնելով նրանց ծառայել միմյանց: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի լավ ծառայել Աստծուն՝ ավելի լավ ծառայելով ուրիշներին:

Ընդլայնեք ուսման փորձառությունը: Երբ առաջարկում եք ձեր ուսանողներին գործել ըստ ճշմարիտ վարդապետության, օգնում եք նրանց օգտագործել իրենց ուսման փորձառությունը տանը և առօրյա կյանքում: Այդպես նրանց մոտ ավելի կմեծանա ավետարանի ուսմունքները սովորելու և կիրառելու հետաքրքրությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մինչև հաջորդ դասը գտնել մեկ այլ անձի ծառայելու եղանակ:

Հնարավոր ուսումնական վարժություն

Ինչպե՞ս եք տեսնում ծառայությունը

Ուսանողները կարող են ստորև ներկայացվող վարժությունը կատարել անհատապես, փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով: Օգտակար կլինի գրատախտակին թվարկել հիմնական կետերը:

60 վայրկյանի ընթացքում գրեք հնարավորինս շատ տարբեր եղանակներ, որոնցով, կարծում եք, որ կարող եք այս շաբաթ ծառայել որևէ մեկին:

  • Ի՞նչը կարող է մղել մարդուն կատարել այդ քայլերը::

  • Ի՞նչը կարող է հետ պահել մարդուն այդ քայլերը կատարելուց:

Ստորև ներկայացվող ինքնագնահատումը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ են զգում ծառայության վերաբերյալ և հրավիրել Սուրբ Հոգուն ուսուցանել իրենց: Կարող եք ցուցադրել գնահատումը և առաջարկել ուսանողներին մտածել իրենց պատասխանների շուրջ: Որպես այլընտրանք կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ ցուցակի մեկ օրինակ և առաջարկել նրանց, որ 1-5 միավորի սանդղակով գնահատել իրենց յուրաքանչյուր կետի համար:

Հետևյալից ո՞րը կարող է լավագույնս նկարագրել ծառայելու հնարավորությունների մասին ձեր ներկայիս զգացումները:

  • Ես փնտրում եմ ծառայելու հնարավորություններ:

  • Ես պատրաստակամորեն եմ արձագանքում, երբ ինձնից օգնություն են խնդրում:

  • Ես ցանկանում եմ ծառայել, բայց դժվարանում եմ ծառայությանն առաջնահերթություն տալ իմ կյանքում:

  • Ես հակված եմ մտածելու, որ մեկ ուրիշն էլ կարող է ծառայություն մատուցել:

  • Ինձ դուր է գալիս ծառայելը, սակայն անհանգստանում եմ, թե ինչպես կընկալվեմ ուրիշների կողմից:

  • Ինձ դուր է գալիս ծառայելը, բայց ես պայքարում եմ ուրիշների կողմից նկատվելու կամ ընդունվելու ցանկության հետ:

  • Այլ.

Կարող եք ուսանողներին առաջարկել, որպեսզի կիսվեն, թե ինչ են մտածել կամ զգացել այս գնահատումը կատարելիս, եթե կարծում եք, որ օգտակար կամ տեղին կլինի:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե այսօրվանից սկսած՝ ինչպես և ինչու կարող եք ավելի լավ ծառայել ձեզ շրջապատող մարդկանց:

Բենիամին թագավորի ծառայության օրինակը

Երբ մոտենում էր Բենիամին թագավորի կյանքի մայրամուտը, նա իր որդի Մոսիային խնդրեց հավաքել նեփիացիներին, որպեսզի խոսեր նրանց հետ: Նրանք ընտանիքներով հավաքվեցին տաճարի մոտ՝ լսելու Բենիամին թագավորին (տես Մոսիա 2.1–9):

Կարդացեք Մոսիա 2.10–14 հատվածը և փնտրեք, թե ինչպես էր Բենիամին թագավորը ծառայում իր ժողովրդին:

  • Ի՞նչն է տպավորում ձեզ Բենիամին թագավորի մասին պատմության մեջ:

    Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր ընտանիքը, դպրոցը կամ համայնքը, եթե մարդիկ ապրեին այնպես, ինչպես Բենիամին թագավորն էր ապրում:

Ինչու ենք ծառայում

Կարդացեք Մոսիա 2.15–18 հատվածը և գտեք, թե ինչ է ուսուցանել Բենիամին թագավորը ծառայության մասին:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել:

Մոսիա 2.17 հատվածը վարդապետության սերտման սուրբգրային հատված է: Վարդապետության սերտման հատվածները նշեք աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

Ճշմարտություններց մեկը, որ կարող ենք սովորել Բենիամին թագավորից, այն է, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին ծառայության մեջ գտնվելիս կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Ելնելով ձեր ուսանողների կարիքներից՝ օգտագործեք ստորև ներկայացվող նյութերը կամ այլ նյութեր, որոնցով ոգեշնչվում եք, և որոնցով կցանկանայիք կիսվել:

Որպես ուսանողներին օգնելու մեկ այլ տարբերակ, որպեսզի մտածեն Փրկչի մասին, կարող եք առաջարկել նրանց գտնել Մոսիա 2.18 և Մատթեոս 20.27–28 հատվածների միջև կապը:

  • Ինչպե՞ս ենք մենք ծառայում Աստծուն, երբ ծառայում ենք ուրիշներին:

  • Ի՞նչ եք նկատում այս հատվածներում, որը Հիսուս Քրիստոսի մասին է հիշեցնում:

Կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ հայտարարությունը և փնտրեք, թե նա ինչ է ուսուցանում ուրիշներին մատուցած մեր ծառայության և Աստծո հետ ունեցած մեր հարաբերության միջև կապի մասին.

Երբ նայում ենք երկնքի ուղղությամբ, մենք անխուսափելիորեն իմանում ենք ուրիշներին օգնության հասնելու մեր պատասխանատվության մասին: Որպեսզի գտնենք իրական երջանկություն, մենք պետք է փնտրենք այն՝ մեզնից հեռու կենտրոնանալով: Ոչ ոք չի հասկացել ապրելու իմաստը, քանի դեռ չի հրաժարվել իր եսից՝ իր մերձավորին ծառայելու համար: … Նոր Կտակարանն ուսուցանում է, որ անհնար է ճիշտ մոտեցում ունենալ Քրիստոսի հանդեպ՝ առանց մարդկանց հանդեպ ոչ եսասիրական մոտեցում ունենալու: …

Մենք նայում ենք Փրկչին որպես ծառայության մեր օրինակի: Չնայած Նա աշխարհ եկավ որպես Աստծո Որդի, բայց խոնարհաբար ծառայեց Իրեն շրջապատող մարդկանց: Նա եկավ երկնքից, որպեսզի երկրի վրա ապրի մահկանացուի կյանքով և հաստատի Աստծո արքայությունը: Նրա փառահեղ ավետարանը վերափոխեց աշխարհի մտածելակերպը: Նա օրհնեց հիվանդներին, Նա քայլելու հնարավորություն տվեց կաղերին, տեսողություն շնորհեց կույրերին, լսելու հնարավորություն տվեց խուլերին: Նա նույնիսկ կյանքի կոչեց մեռելներին: (Թոմաս Ս. Մոնսոն, «Ծառայության բերկրանքը», New Era, հոկտեմբեր 2009թ., 4, 6):

Կարող եք ուսանողներին առաջարկել խորհել ստորև ներկայացվող հարցերի շուրջ և պատասխանները գրել իրենց օրագրերում:

  • Փրկչի օրինակի մասին մտածելն ինչպե՞ս է մղում ձեզ ծառայել ուրիշներին:

Սա կարող է քննարկում ծավալելու և ծառայելու կամ ծառայություն ստանալու մասին ուսանողների անձնական փորձառությամբ կիսվելու լավ հնարավորություն լինել: «Ծառայություն երգի միջոցով» և նման տեսանյութերի ցուցադրումը կարող է հրավիրել Հոգուն և օգնել ուսանողներին մտածել ծառայության իրենց սեփական փորձառության մասին: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ:

Լրացուցիչ օրինակներ կարելի է գտնել «Որո՞նք են քրիստոսանման ծառայության օրինակները» գլխի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

  • Ինչպե՞ս եք օրհնվել՝ ծառայելով ուրիշներին:

  • Ինչպե՞ս եք օրհնվել ուրիշների ծառայությամբ:

Կազմեք ծրագիր

Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Շերոն Յուբենկը կիսվել է ծառայության մասին այս կարևոր մտքով: Երբ պատրաստվեք ծրագիր կազմել ուրիշներին ծառայելու վերաբերյալ, ուշադրություն դարձրեք, թե նա ինչ է ուսուցանում: Դիտեք «Դուք եք պարգևը» (0:54) տեսանյութը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Եթե մենք փոխենք մեր տեսակետն այնպես, որ աղքատների և կարիքավորների մասին հոգալը լինի ավելի քիչ իրեր նվիրելու և ավելի շատ մարդկային շփման քաղցը լցնելու, բովանդակալից խոսակցություն ապահովելու և հարուստ ու դրական հարաբերություններ ստեղծելու մասին, ապա Տերը կարող է մեզ որևէ տեղ ուղարկել: …

… Եվ հիշեք, որ ինչպես Փրկիչը, այնպես էլ դուք ինքներդ լավագույն նվերներից մեկն եք, որը կարող եք տալ այլ կարիքավոր մարդկանց (Շերոն Յուբենկ, «Թշնամիներին դարձնել ընկերներ» [Բրիգամ Յանգի համալսարանի ֆորում, 23-ը հունվարի, 2018թ.], 6–7, speeches.byu.edu):

  • Քույր Յուբենկի՝ ծառայության մասին ուսմունքից ի՞նչն է ձեզ տպավորում:

Ի՞նչ եղանակներով կարող եք անել այն, ինչ նա ուսուցանել է: Մտածեք ձեր ընտանիքի, ընկերների կամ համայնքի մասին: Աղոթեք և Երկնային Հորից խնդրեք, որպեսզի ոգեշնչում տա ձեզ այն եղանակների մասին, որոնցով կարող եք ծառայել: Ձեր օրագրերում գրեք ձեր մտքին եկած մարդկանց անունները և գաղափարներ, թե ինչպես կարող եք օգնել նրանց: Որոշեք, թե երբ եք գործելու ըստ ձեր տպավորությունների: Գուցե կա որևէ բան, որը կարող եք հենց հիմա անել: