Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9. «Դուք պետք է միշտ աղոթեք»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 32.8–9

«Դուք պետք է միշտ աղոթեք»

Նկար
երիտասարդն աղոթում է

Նախորդ՝ «2 Նեփի 32.8–9» դասից իմացաք, որ եթե միշտ աղոթենք, Երկնային Հայրը մեր կատարումը կնվիրագործի մեր հոգիների բարօրության համար: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 2 Նեփի 32.8–9 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության կարևոր մեջբերումը, բացատրել վարդապետությունը և իրատեսական սցենարներում կիրառել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Խրախուսեք ուսանողներին աղոթել: Ուսանողներին խրախուսեք ամեն օր աղոթել, ի սրտե երախտագիտություն հայտնել և կարիքի ժամանակ օգնություն խնդրել (տես 3 Նեփի 18.19): Երբ ուսանողները հասկանան և կիրառեն աղոթքի սկզբունքները, ավելի խորը կճանաչեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարող եք առաջարկել հիշել իրենց կամ ծանոթ որևէ մեկի կյանքից մի ժամանակահատված, երբ անկեղծ աղոթքն օգնել է նրանց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածին նվիրված դասը նախատեսված է անցկացնել «2 Նեփի 32.8–9» հատվածների ուսումնասիրության համար նախատեսված դասից հետո, որը վարդապետության սերտման 2 Նեփի 32.8–9 հատվածի ուսումնասիրության համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այդ դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և անգիր սովորեք

Ուսանողներին օգնեք մտապահել 2 Նեփի 32.8–9 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ձեր ուսանողներին խրախուսեք մտապահել վարդապետության սերտման հատվածի հնարավորինս մեծ բաժին՝ առանց պարտադրելու: Վարդապետության սերտման հավելվածը կարող է օգնել նրանց հիշելու գործընթացում:

Վերանայեք վարդապետության սերտման «2 Նեփի 32.8–9» սուրբ գրությունը և «Դուք պետք է միշտ աղոթեք» հիմնական արտահայտությունը: Կազմեք մի համառոտ պատմություն՝ սուրբ գրության հղման թվերից յուրաքանչյուրը կապելով հիմնական արտահայտության հետ. օրինակ՝ «Էդդին օրական 32 ժամ աղոթում է»: Ոչինչ, եթե ձեր կազմած պատմությունը տրամաբանական չլինի: Կարևորն այն է, որ դա օգնի ձեզ հղումը կապել սուրբ գրության հիմնական արտահայտության հետ:

Ուսանողներին օգնեք բացատրել 2 Նեփի 32.8–9 հատվածում ուսուցանվող վարդապետությունը: Յուրաքանչյուր ուսանողի անպայման հնարավորություն տվեք փորձել բացատրել վարդապետությունը: Զույգերով աշխատելու դեպքում յուրաքանչյուր ուսանող կկարողանա վարժվել, և վարժությունը շատ ժամանակ չի խլի դասից: Կարող եք օգտագործել ինչպես ստորև ներկայացված սցենարը և ցուցումները, այնպես էլ ձեր հարմարեցրած կամ ստեղծած սցենարը:

Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որն աղոթում է, բայց իրեն արժանավոր չի զգում: Օգտագործեք 2 Նեփի 32.8–9 հատվածի արտահայտությունները, որպեսզի օգնեք նրան հասկանալ, թե ինչու է մեզ անհրաժեշտ մշտապես աղոթել: Ձեր բացատրության մեջ գրեք, թե ըստ ձեզ, ինչ է նշանակում միշտ աղոթելը:

Գործնական կիրառում

Ուսանողներին ցուցադրեք կամ առաջարկեք հիշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները: Ուսանողներին առաջարկեք ընտրել մեկ սկզբունք և դրա մասին մեկ րոպեում գրել այնքան, որքան կկարողանան հիշել: Որպեսզի տեսնեն, թե ուրիշ ինչ կարող են ավելացնել, իրենց գրածը կարող են համեմատել նույն սկզբունքն ուսումնասիրած մեկ այլ ուսանողի գրածի կամ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ի հետ, որը կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022):

Երբ ավարտեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների վերանայումը, ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել այն մտահոգությունները կամ հարցերը, որոնք մարդիկ կարող են ունենալ Երկնային Հորն աղոթելու վերաբերյալ: Ապա յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք ընտրել մեկը և փորձել պատասխան պատրաստել մտահոգությանը՝ օգտվելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից: Անհրաժեշտության դեպքում կարող եք ներառել դասի վերջում բերված հարցերը, որոնք կօգնեն ուղղորդել ուսանողներին իրենց ուսումնասիրության ընթացքում:

Որպեսզի օգնեք ուսանողներին վարժվել, որպես այլընտրանք կարող եք օգտագործել ստորև բերված տարբերակներից մեկը:

  1. Ուսանողներին առաջարկեք ընտրել գրատախտակին թվարկված դժվարություններից մեկը և այդ դժվարությանը հանդիպած երիտասարդի մասին մի համառոտ սցենար կազմել: Ուսանողները կարող են անուն տալ այդ մարդուն, նշել չաղոթելու որևէ պատճառ և այլ կարևոր մանրամասներ ավելացնել:

  2. Կիսվեք հետևյալ սցենարով և ուսանողներին առաջարկեք պատասխանելու համար օգտվել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից. ձեր ընկերը ձեզ հաղորդագրություն է ուղարկում և ասում. «Երբ եկեղեցում մի ելույթ էի լսում, հասկացա, որ իմ աղոթքները, փոխանակ օգնեն ինձ կապ ունենալ Երկնային Հոր հետ, դառնում են առօրյա մի բան: Այլևս չեմ զգում, որ իմ աղոթքներին պատասխան եմ ստանում: Ես սկսում եմ մտահոգվել, թե ինչ է իմ հանդեպ զգում Երկնային Հայրը: Ես ուզում եմ, որ այդ կապը վերականգնվի: Հուսամ, որ վաղը որևէ ժամի կկարողանանք խոսել այդ մասին, և գուցե կարողանաս օգնել ինձ հասկանալ՝ ինչ անել»:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Աստվածայնորեն սահմանված ո՞ր աղբյուրները կօգտագործեիք պատասխանելու համար:

Օգտվեք աստվածայնորեն սահմանված որևէ աղբյուրից, որը կօգնի ձեզ պատրաստել պատասխանը: Կարող եք ծնողին կամ Եկեղեցու ղեկավարին հաղորդագրություն ուղարկել՝ խնդրելով օգնել հնարավոր պատասխաններ գտնելու հարցում: Կարող եք փնտրել նաև սուրբ գրություններում կամ այն նյութերում, որոնք ներկայացված են այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Որոշ մտահոգությունների համար կարող են օգնել նախագահ Բրիգամ Յանգի (1801–1877) հետևյալ խոսքերը.

Կարևոր չէ, որ ես կամ դուք աղոթելու ցանկություն զգանք. երբ աղոթելու ժամանակը գալիս է, աղոթեք: Եթե այդպիսի ցանկություն չենք զգում, պետք է աղոթենք այնքան, մինչև զգանք (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Բրիգամ Յանգ [1997], 45):

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն առնչվում է այս հարցին կամ մտահոգությանը:

  • 2 Նեփի 32.8–9 հատվածից ո՞ր հավերժական ճշմարտությունները կարող են օգնել այս հարցի կամ մտահոգության դեպքում:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ կառաջարկեիք այս մարդուն անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու համար: Ինչո՞ւ:

  • Այս մարդուն ի՞նչ կառաջարկեիք հիշել, որը կարող էր օգնել նրան հավատքով գործել:

Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից օգտվելն ինչպես օգնեց նրանց պատասխանել: Նրանց խրախուսեք այդ սկզբունքներից օգտվել ապագայում, երբ իրենց կամ ուրիշների մոտ հարցեր կամ մտահոգություններ առաջանան:

Վարդապետության սերտման կրկնություն

Առաջիկա դասի ընթացքում առնվազն հինգ րոպե հատկացրեք 2 Նեփի 32.8–9 հատվածի հղումն ու սուրբ գրության «Դուք պետք է միշտ աղոթեք» հիմնական արտահայտությունը կրկնելու համար: Կրկնելու համար կարելի է ցուցադրել աղոթող մարդու մի նկար և ուսանողներին խնդրել նկարին նայելիս մտաբերել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը: