2010–2019 թթ․
Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը:
Հոկտեմբեր 2016


Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը:

Մենք շրջապատված ենք լույսի ու ճշմարտության այնպիսի զարմանալի առատությամբ, որ մտածում եմ, թե արդյո՞ք մենք իսկապես գնահատում ենք մեր ունեցածը։

Որքա՜ն օրհնված ենք մենք, որ կարող ենք կրկին անգամ հավաքվել այս համաշխարհային համաժողովին՝ մեր սիրելի մարգարե և Նախագահ, Թոմաս Ս. Մոնսոնի առաջնորդությամբ և ղեկավարությամբ ։ Նախագահ, մենք սիրում ենք Ձեզ ու մեր ողջ սրտով աջակցում ենք Ձեզ։

Որպես օդաչու իմ մասնագիտական կյանքում ես մեծապես ապավինում էի համակարգչային համակարգերի ճշգրտությանն ու հուսալիությանը, սակայն հազվադեպ էի աշխատում իմ անձնական համակարգչով։ Աշխատանքիս վայրում, լինելով ղեկավար պաշտոնում, ես ունեի օգնականներ ու քարտուղարներ, ովքեր սիրով օգնում էին ինձ աշխատանքիս մեջ։

Այդ ամենը փոխվեց, երբ 1994թ-ին ես կանչվեցի ծառայելու որպես բարձրագույն իշխանավոր։ Ծառայությանս բերումով սպասավորելու հրաշալի հնարավորություններ ունեի, սակայն այն ընդգրկում էր նաև Եկեղեցու գրասենյակային հսկայական աշխատանք՝ ավելին, քան երբևէ կարող էի պատկերացնել։

Իմ կյանքում առաջին անգամ ստիպված էի խորասուզվել այդ տարօրինակ, հետաքրքիր և անհասկանալի աշխարհում։

Սկզբում համակարգիչն ու ես չէինք հաշտվում իրար հետ։

Հասկացող մարդիկ փորձեցին սովորեցնել ինձ, թե ինչպես օգտվել համակարգչից։ Բառացիորեն կանգնելով իմ ետևում, նրանք ուսերիս վրայով իրենց մատներն արագորեն սահեցնելով ստեղների վրայով, հարվածային սիմֆոնիա էին նվագում։

«Տեսնո՞ւմ եք»,- հպարտորեն ասում էին նրանք։ «Այդպես պետք է անեք»։

Ես չէի տեսնում։ Այդ փոփոխությունը շատ բարդ էր։

Ես շատ դժվար էի սովորում աշխատել համակարգչի վրա։

Շատ ժամանակ, կրկնություն, համբերություն, մեծ հույս ու հավատ, կնոջս կողմից մեծ հավաստիացում և մեծ քանակությամբ դիետիկ գազավորված ըմպելիք պահանջվեց այն սովորելու համար։

Այժմ, 22 տարի անց, ես շրջապատված եմ համակարգչային տեխնոլոգիայով։ Ես ունեմ է-փոստի հասցե, Twitter-ի և Facebook-ի էջ։ Ես ունեմ սմարթֆոն, թաբլեթ, դյուրակիր համակարգիչ և թվային ֆոտոխցիկ։ Եվ թեև իմ հմտություններն այդքան էլ չի կարելի համեմատել յոթ տարեկան երեխայի ունեցած հմտությունների հետ, կարծում եմ, որ յոթանասունն անց մարդու համար այնքան էլ վատ չէ։

Սակայն, մի հետաքրքիր բան եմ նկատել։ Որքան շատ եմ յուրացնում տեխնոլոգիան, այդքան ավելի քիչ եմ սկսում գնահատել այն։

Մարդկության պատմության հիմնական ժամանակաշրջանում հաղորդակցությունը զարգացել է ձիու վարգին համընթաց։ Նամակ ուղարկելն ու ստանալը տևում էր օրեր և նույնիսկ ամիսներ։ Այսօր մեր նամակները ճամփորդում են հազարավոր կիլոմետրեր երկնքով կամ հազարավոր մետրեր օվկիանոսի տակ, որպեսզի հասնեն աշխարհի մյուս ծայրում գտնվող մարդուն, և եթե նույնիսկ մի քանի վայրկյան ուշանում է, մենք զայրանում ու անհամբեր ենք դառնում։

Կարծես մարդկային բնույթն է այդպես, երբ մենք ավելի շատ ենք ճանաչում որևէ բան, նույնիսկ հրաշագործ ու ակնածանք ներշնչող, մենք կորցնում ենք հարգանքի զգացումը և դրան վերաբերվում որպես սովորական մի բանի։

Արդյո՞ք մենք քիչ ենք գնահատում հոգևոր ճշմարտությունները։

Ժամանակակից տեխնոլոգիաները և հարմարությունները քիչ գնահատելը համեմատաբար փոքր խնդիր է։ Սակայն, դժբախտաբար, մենք երբեմն նմանատիպ վերաբերմունք ենք ունենում Հիսուս Քրիստոսի ավետարանի հավերժական և հոգին ընդարձակող վարդապետության նկատմամբ։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մեզ շատ է տրված։ Մենք շրջապատված ենք լույսի ու ճշմարտության այնպիսի զարմանալի առատությամբ , որ մտածում եմ, թե արդյո՞ք մենք իսկապես գնահատում ենք մեր ունեցածը։

Հիշեք այն վաղ օրերի աշակերտներին, ովքեր քայլել և խոսել են Փրկիչի հետ Նրա երկրային ծառայության ժամանակ։ Պատկերացրեք այն երախտագիտությունն ու ակնածանքը, որոնցով հավանաբար պիտի ողողվեր նրանց սրտերն ու լցվեր նրանց մտքերը, երբ տեսան, որ Նա բարձրացել է գերեզմանից, երբ նրանք շոշափեցին Նրա ձեռքերի սպիները։ Նրանց կյանքն այլևս նույնը չպիտի լիներ։

Հիշեք այս տնտեսության վաղ օրերի Սրբերին, ովքեր ճանաչում էին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և լսել էին վերականգնված ավետարանի մասին նրա քարոզը։ Պատկերացրեք նրանց զգացումները, երբ իմացան, որ երկնքի ու երկրի միջև վարագույրը կրկին անգամ պատռվել է՝ լույս ու գիտելիք սփռելով աշխարհի վրա մեր սելեստիալ տնից։

Բայց ամենից շատ, հիշեք, թե ինչ եք զգացել, երբ առաջին անգամ դուք իմացաք ու հասկացաք, որ իսկապես Աստծո զավակն եք, որ Հիսուս Քրիստոսն իր ցանկությամբ տառապեց ձեր մեղքերի համար, որ նորից մաքուր լինեք, որ քահանայության զորությունն իրական է և կարող է ձեզ կապել ձեր սիրելիների հետ՝ ժամանակի և հավերժության համար, որ այսօր կա ապրող մարգարե երկրի վրա։ Արդյո՞ք դա հրաշալի ու զարմանահրաշ չէ։

Այդ ամենը հաշվի առնելով, ինչպե՞ս է հնարավոր, որ մենք բոլորս ոգևորությամբ չենք հաճախում մեր Եկեղեցու երկրպագության ժողովներին։ Կամ հոգնում ենք սուրբ գրությունների ուսումնասիրությունից։ Ենթադրում եմ, որ սա կարող է լինել միայն այն դեպքում, եթե մեր սրտերը անզգայացել են և երախտագիտություն ու հարգանք չեն տածում Աստծո շնորհած սրբազան ու վեհ պարգևների հանդեպ։ Մենք հեշտ ու արագ կարող ենք բացել կյանք փոխող ճշմարտությունները, բայց հաճախ մենք քնում ենք աշակերտության ճանապարհին։ Հաճախ Եկեղեցու մեր անդամների թերությունների պատճառով շեղվում ենք, փոխանակ հետևելու մեր Վարդապետի օրինակին։ Մենք քայլում ենք ադամանդապատ ուղիով, սակայն հազիվ ենք զանազանում դրանք հասարակ քարերից։

Ծանոթ ուղերձ

Երբ երիտասարդ էի, ընկերներս հարցնում էին հավատքիս մասին։ Հաճախ ես սկսում էի բացատրել տարբերությունները, օրինակ՝ Իմաստության խոսքը։ Երբեմն, մատնանշում էի նմանություն քրիստոնեական այլ եկեղեցիների հետ։ Այդ ամենը նրանց վրա տպավորություն չէր թողնում։ Բայց, երբ ես խոսում էի Իր զավակների համար Երկնային Հոր մեծ ծրագրի մասին, նրանք ուշադիր լսում էին։

Հիշում եմ, երբ մեր հավաքատանը՝ Ֆրանկֆուրտում (Գերմանիա), դասարանում փորձում էի նկարել փրկության ծրագիրը գրատախտակին։ Ես շրջաններ էին նկարում, որոնք խորհրդանշում էին նախաերկրային կյանքը, մահկանացու կյանքը և այս կյանքից հետո մեր Երկնային Հոր մոտ վերադարձը։

Պատանեկության տարիներին սիրում էի կիսվել այդ ոգևորիչ ուղերձով։ Երբ իմ պարզ բառերով բացատրում էի այդ սկզբունքները, սիրտս երախտագիտությամբ էր լցվում Աստծո հանդեպ, ով սիրում էր Իր զավակներին և Փրկիչի հանդեպ, ով մահից ու դժոխքից փրկեց բոլորիս։ Ես հպարտանում էի սիրո, ուրախության և հույսի այդ ուղերձով։

Ընկերներիցս ոմանք ասում էին, որ այդ ուղերձը ծանոթ է իրենց, թեև այդպիսի բաներ չէին ուսուցանվել նրա կրոնի դասերին։ Կարծես դա մի բան էր, որի ճշմարիտ լինելու մասին նրանք միշտ իմացել էին, , կարծես ես պարզապես լույս էի սփռում մի բանի վրա, որն արդեն մշտապես և խորապես ամրապնդվել էր նրանց սրտերում։

Մենք ունենք պատասխանները։

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր սրտում ունի կյանքին վերաբերող հիմնարար հարցեր։ Որտեղի՞ց եմ գալիս։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Ի՞նչ տեղի կունենա իմ մահից հետո։

Այս տեսակի հարցեր մարդիկ ունեին դեռևս հին ժամանակներից։ Փիլիսոփաները, գիտնականները և իմաստուններն իրենց կյանքն ու ունեցվածքը վատնել են այդ հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով։

Ես երախտապարտ եմ, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը պատասխանում է կյանքի ամենաբարդ հարցերին։ Այդ պատասխաններն ուսուցանվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Դրանք ճշմարիտ, պարզ, շիտակ են և հեշտ են ընկալվում։ Դրանք ոգեշնչված են և մենք ուսուցանում ենք դրանք մեր երեք տարեկան երեխաներին՝ շողակաթի դասարանում։

Եղբայրներ և քույրեր, մենք հավերժական էակներ ենք, առանց սկզբի ու վերջի։ Մենք միշտ գոյություն ենք ունեցել։ Բառացիորեն, մենք հանդիսանում ենք աստվածային, անմահ, ամենազոր ծնողների զավակները։

Մենք սերում ենք Տեր Աստծո երկնային արքունիքից։ Մենք պատկանում ենք Էլոհիմի` Ամենաբարձրյալ Աստծո թագավորական տանը։ Մեր նախաերկրային կյանքում մենք քայլել ենք նրա հետ։ Մենք լսել ենք Նրա ձայնը, նրա վկայությունն իր վեհության մասին և իմացել Նրա ուղիները։

Մենք մասնակցել ենք Մեծ Խորհրդին, որտեղ մեր սիրելի Հայրը ներկայացրել է Իր ծրագիրը մեզ համար, որ մենք կգանք երկիր, կստանանք մահկանացու մարմիններ, կսովորենք զանազանել չարը բարուց և աճել այնպես, որն այլ կերպ հնարավոր չէր լինի։

Երբ մենք անցանք վարագույրի միջով ու մտանք այս մահկանացու կյանք, մենք իմացանք, որ այլևս չենք հիշի նախկին կյանքը։ Կլինեն ընդդիմություն, ձախորդություններ ու գայթակղություններ։ Բայց նաև գիտեինք, որ ֆիզիկական մարմիններ ունենալը առաջնային կարևորություն ուներ մեզ համար։ Որքա՜ն էինք ուզում, որ արագ սովորենք ճիշտ ընտրություններ կատարել, դիմակայել սատանայի գայթակղություններին և ի վերջո վերադառնալ երկինք՝ մեր Սիրելի Ծնողների մոտ։

Մենք գիտեինք, որ կգործենք մեղքեր ու սխալներ, միգուցե, նույնիսկ լուրջ սխալներ։ Բայց նաև գիտեինք, որ մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, խոստացել էր գալ երկիր, ապրել անմեղ կյանքով և ինքնակամ ցած դնել Իր կյանքը հավերժական զոհաբերությամբ։ Մենք գիտեինք, որ եթե մեր սիրտը նվիրենք Նրան, վստահենք Նրան և մեր սրտի ողջ կորովով ձգտենք քայլել աշակերտության ուղիով, մենք կկարողանանք մաքրվել և կրկին անգամ մտնել մեր սիրելի Երկնային Հոր ներկայությունը։

Այսպիսով, Հիսուս Քրիստոսի զոհաբերության հանդեպ հավատքով, դուք և ես մեր ազատ կամքով ընդունեցինք Երկնային հոր ծրագիրը։

Դա է պատճառը, որ մենք այստեղ ենք, այս գեղեցիկ երկիր մոլորակի վրա, որովհետև Աստված տվեց մեզ հնարավորություն և մենք ընդունեցինք այն։ Սակայն մեր մահկանացու կյանքը ժամանակավոր է և կվերջանա մեր ֆիզիկական մարմնի մահանալուց հետո։ Սակայն ձեր և իմ էությունը չի կործանվի։ Մեր հոգիները կշարունակեն ապրել ու սպասել Հարությանը՝ մի անվճար պարգև բոլորին մեր սիրելի Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուսի Քրիստոսի կողմից։ Հարության ժամանակ մեր հոգիներն ու մարմինները կվերամիավորվեն և զերծ կլինեն ցավից ու ֆիզիկական թերություններից։

Հարությունից հետո կգա դատաստանի օրը։ Թեև՝ վերջում բոլորը կփրկվեն ու կժառանգեն փառքի արքայություն, այն մարդիկ, ովքեր վստահում են Աստծուն և ձգտում են հետևել Նրա օրենքներին ու արարողություններին, կժառանգեն կյանք այն հավերժություններում, որոնք աներևակայելի են իրենց փառքով ու ճնշող՝ իրենց վեհությամբ։

Դատաստանի այդ օրը կլինի ողորմածության և սիրո օր՝ մի օր, երբ կոտրված սրտերը կբուժվեն, երբ վշտի արցունքները կփոխարինվեն երախտագիտության արցունքներով, երբ ամեն բան արդար կդառնա։

Այո՛, կլինի խորը վիշտ մեղքի պատճառով։ Այո՛, մեր սխալների, հիմարությունների և կամակորությունների պատճառով կլինի ափսոսանք ու նույնիսկ տառապանք, որոնք պատճառ կհանդիսանան, որ մենք կորցնենք ավելի մեծ ապագայի մեր հնարավորությունը։

Սակայն ես վստահ եմ, որ մենք ոչ միայն չենք բավարարվի Աստծո դատաստանով, մենք նաև կապշենք ու կզարմանանք մեր՝ Իր զավակների հանդեպ Նրա անսահման շնորհով, ողորմածությամբ, առատաձեռնությամբ ու սիրով։ Եթե մեր ցանկություններն ու գործերը բարի են, եթե մենք հավատում ենք կենդանի Աստծուն, ապա կարող ենք անհամբերությամբ սպասել նրան, ինչը Մորոնին անվանել է. «Եհովայի՝ Հավերժական Դատավորի հաճելի դատարանի առջև»։

Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ

Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, իմ սիրելի ընկերներ, արդյո՞ք դա մեր սրտերն ու մտքերը չի լցնում զարմանքով ու ակնածանքով մեր Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրի հանդեպ, որը Նա պատրաստել է մեզ համար։ Արդյո՞ք չենք ապրում անասելի ուրախություն, երբ իմանում ենք մեր փառահեղ ապագայի մասին, որը նախապատրաստված է բոլոր նրանց համար, ովքեր սպասում են Տիրոջը։

Եթե այդպիսի զարմանք ու ուրախություն չեք զգացել, ես հրավիրում եմ ձեզ փնտրել, ուսումնասիրել ու խորհել վերականգնված ավետարանի պարզ, բայց խորիմաստ ճշմարտությունները։ «թող հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում»։ Թող դրանք վկայեն ձեզ փրկության աստվածային ծրագրի մասին։

Եթե նախկինում այդ բաները զգացել եք, ես հարցնում եմ ձեզ այսօր. «Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»։

Վերջերս հնարավորություն ունեցա ճամփորդել Բելֆաստ(Հյուսիսային Իռլանդիա)։ Այնտեղ ես տեսա Բելֆաստի զինանշանը, որի վրա հետևյալ կարգախոսն էր՝ «Pro tanto quid retribuamus» կամ «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ»։

Ես հրավիրում եմ բոլորիս մտածել այս հարցի շուրջ։ Ինչպե՞ս կհատուցենք Աստծուն այն լույսի ու ճշմարտության համար, որը Նա հեղում է մեզ վրա։

Մեր սիրելի Հայրը պարզապես խնդրում է, որ մենք ապրենք այն ճշմարտությամբ, որը մենք ստացել ենք և հետևենք Նրա տված ուղուն։ Հետևաբար, եկեք լինենք խիզախ, վստահենք Հոգու առաջնորդությանը և եկեք խոսքով ու գործով մեր ընկերների հետ կիսվենք Աստծո երջանկության ծրագրի զարմանալի ու ակնածանք ներշնչող պատգամով։ Թող որ մեր շարժառիթը լինի Աստծո և Նրա զավակների հանդեպ սերը, քանի որ նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Մեր այդ քայլով կարող ենք սկիզբը դնել այն հատուցման, որի համար մենք այդքան շատ ենք ստանում։

Մի օր «ամեն ծունկ կծալվի ու ամեն լեզու կխոստովանի», որ Աստծո ճանապարհներն արդար են, և Նրա ծրագիրը կատարյալ է։ Թող որ այդ օրը մեզ համար լինի այսօր։ Եկեք հին օրերի Հակոբի հետ հռչակենք. «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»։

Այդ մասին եմ ես վկայում եմ մեր Երկնային Հոր հանդեպ խորին երախտագիտությամբ և թողնում եմ իմ օրհնությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։