2023 թվականի հոգևոր հավաքներ
Պաշտպանել ճշմարտությունը


Պաշտպանել ճշմարտությունը

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

Կիրակի, 19 նոյեմբերի 2023 թ․

Քույր Քրիստին Գիլբերտ. Հաջորդ հարցը, որին մեզ խնդրել են անդրադառնալ, այն է, թե ինչպես պետք է պաշտպանել ճշմարտությունը մեծ խառնաշփոթի ժամանակներում:

Ձեզանից քանի՞սն ունեն տեքստային շղթաներ, որոնք փոխանակում եք ընկերների կամ ընտանիքի հետ: Հավանաբար բոլորս, այդպես չէ՞: Իմ մի քանի տեքստային խմբերից մեկում կան մարդիկ, որոնք խորապես նվիրված են ավետարանին, և ուրիշներ, որոնք պայքարում են Եկեղեցու հետ կապված խնդիրների դեմ: Ձեզանից որևէ մեկին ծանո՞թ է սա: Ի՞նչ է պատահում, երբ ձեր սիրելիներից մեկն ասում է մի բան, որը դուք գիտեք, որ ճիշտ չէ:

Երեց Քլարկ Գ. Գիլբերտ. Մենք լսել ենք նմանատիպ պատմություններ և մտահոգություններ չափահաս երիտասարդներից ամբողջ Եկեղեցում: Մենք գիտենք, որ դուք դա զգում եք:

Այս թեման քննարկելիս ցանկանում եմ նշել, որ ինձ հետ բեմի վրա ներկա են բարությունը և համոզմունքները պաշտպանող երկու օրինակելի անձնավորություններ։

Երեց Քուքը և քույր Քուքը իրենց մասնագիտական կյանքի մեծ մասն ապրել են Սան Ֆրանցիսկո Բեյի տարածքում: Երեց Քուքը հաճախել է Սթենֆորդի իրավաբանական դպրոց, ղեկավարել է իրավաբանական ընկերություն, այնուհետև ղեկավարել է առողջապահական խնամքի մի մեծ համակարգ: Քուքերը աշխատել և ապրել են բազմաթիվ գործընկերների հետ, որոնք միշտ չէ, որ կիսել են իրենց արժեքները: Բայց նրանք գտել են ճշմարտությունը պաշտպանելու ուղիներ՝ լինելով լավ ընկերներ և հարևաններ: Ես դա տեսա, երբ Վաշինգտոնի տաճարի բաց դռների օրը միացա Քուքերին՝ մի խումբ ազգային նշանավոր լրագրողների և ակադեմիական առաջնորդների հետ: Ես զարմացա, թե ինչպես էին Քուքերը հստակորեն կիսվում ավետարանի ճշմարտություններով՝ ներառյալ տաճարային ամուսնությունը, բարոյական մաքրությունը և ուխտերը, մինչ կառուցում էին փոխըմբռնման կամուրջներ:

Ես այլ հնարավորություններ եմ ունեցել սովորելու, թե ինչպես պաշտպանել ճշմարտությունը սիրով: Անցյալ տարի ես զանգ ստացա նախագահ Օուքսից: Նա ասաց. «Երեց Գիլբերտ, ես ելույթ եմ ունենալու գալիք հոգևոր հավաքի ժամանակ, և կցանկանայի, որ դուք լինեք իմ ելույթ ունեցող զուգընկերը: Կմիանա՞ք ինձ ամբիոնից, երբ մենք անդրադառնանք օրվա որոշ դժվարին խնդիրներին»: Նա ասաց, որ մենք քննարկելու ենք՝ ԼԳԲՏՔ մտահոգությունները, ռասայական խնդիրները և մարգարեական անսխալականությունը: Այնուհետև նա առաջարկեց. «Եկեք չխոսենք գրված տեքստով: Եկեք պարզապես զրուցենք և արձագանքենք միմյանց մեկնաբանություններին»: Ես արագ պատասխանեցի, որ «վստահ եմ, որ դա կաշխատի նրա խոսքերի համար, բայց հանուն ամբողջ Եկեղեցու, գուցե ավելի լավ կլիներ, եթե մենք գրեինք այն, ինչ ես էի պատրաստվում ասել»:

Իր ելույթում նախագահ Օուքսը նախանշեց հինգ ուղիներ, որոնցով մենք կարող ենք սիրով պաշտպանել ճշմարտությունը:1

Առաջինը՝ խուսափենք չափազանց վիճելի իրավիճակներից: Ինչպես Երեց Նիլ Լ. Անդերսենն է ուսուցանել. «Լինում են պահեր, երբ խաղաղարար լինելը ենթադրում է՝ դիմադրել արձագանքելու մղմանը և փոխարենը՝ արժանապատվորեն լռել»:2

Երկրորդը՝ սիրենք ուրիշներին, ընդհանուր լեզու գտնենք, նույնիսկ, երբ մենք համաձայն չենք:

Երրորդը՝ հավատարիմ մնանք ճշմարտությանը, նույնիսկ ուրիշների հետ մեր շփումներում: Երբեմն, սեր ցուցաբերելու մեր ջանքերում, գայթակղություն է առաջանում հրաժարվել այն ամենից, ինչ գիտենք: Մենք չպետք է հերքենք այն, ինչը գիտենք, որ ճշմարիտ է:

Չորրորդը՝ լույս և ընկեր լինենք ու ծառայենք ուրիշներին, և վերջինը՝ խարսխված մնանք Հիսուս Քրիստոսում:

Քույր Գիլբերտ. Այս վերջին գերագույն համաժողովում երեց Քուքը խոսեց ճշմարտությունը պաշտպանելու երկընտրանքի մասին՝ չտրվելով աշխարհի ճնշումներին. «Քրիստոսի խաղաղասեր հետևորդները չեն [նահանջում ճշմարտությունից և չեն դադարում սիրել ուրիշներին]: Մենք ջերմ, զբաղված անդամներ ենք այն համայնքներում, որտեղ ապրում ենք: Մենք [նաև] սիրում ենք, կիսվում և հրավիրում ենք Աստծո բոլոր զավակներին հետևել Քրիստոսի ուսմունքներին»:3

Կարծում եմ, սա այն է, ինչ նախագահ Նելսոնը ուսուցանում է մեզ՝ խաղաղարարներ լինելու իր կոչում:4 Նա չի ցանկանում, որ մենք հրաժարվենք ճշմարտությունից, բայց նա ուզում է, որ մենք դա անենք Փրկչի սիրով:

Հղումներ

  1. Տես Dallin H. Oaks and Clark G. Gilbert, “Stand Fast with Love in Proclaiming Truth” (Ensign College devotional, May 17, 2022), Gospel Library:

  2. Նիլ Լ․ Անդերսեն «Հետևել Հիսուսին․ Լինել խաղաղարար», Լիահոնա, մայիս 2022 թ․, 19

  3. Քվենթին Լ. Քուք, «Եղեք Քրիստոսի խաղաղ հետևորդներ», Լիահոնա, նոյ. 2023, 83:

  4. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղարարարներ», Լիահոնա, մայիս 2023: