2023 թվականի հոգևոր հավաքներ
Ներածական ելույթ


Ներածական ելույթ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

19 նոյեմբերի 2023 թ․

Շնորհակալություն նախագահ Ռիս։

Նախքան մեր մեկնաբանություններին անցնելը, ես կցանկանայի նշել, որ անցած կիրակի մահացել է նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ իմ քվորումի նախագահը և սիրելի ընկերը: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և իմ սերն ու երախտագիտությունը նրա զոհաբերության և նվիրված կյանքի համար, որով օրհնել է մեր Երկնային Հոր բոլոր զավակներին:

Ես և Մերին ուրախ ենք, որ միացել ենք երեց Քլարկ Գ. Գիլբերտին և քույր Քրիստին Գիլբերտին՝ խոսելու ձեզ հետ այս համաշխարհային հոգևոր հավաքին, որը հեռարձակվում է Բրիգամ Յանգ համալսարանի ուսանողական ավանից:

Պատրաստվելով այս հանձնարարությանը՝ մենք հարցեր ենք հավաքել Եկեղեցու չափահաս երիտասարդներից: Մենք սկսեցինք հարցեր հավաքել մեր ԵԿՀ ուսանողական ավաններից. այստեղ՝ BYU-ում, այնուհետև BYU–Այդահոյում, BYU–Հավայան կղզիներում և Ensign College-ում: Այնուհետև մենք ընդլայնվեցինք ամբողջ աշխարհում՝ BYU–Pathway-ի ուսանողների և նրանց հետ, ովքեր հաճախում էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Ինստիտուտի դասերին: Այս հաստատությունների նախագահները և մյուս ղեկավարները հանդիպեցին ուսանողների խմբերի հետ՝ որոշելու, թե որ հարցերն են այս պահին առավել կարևոր չափահաս երիտասարդների համար: Հրաշալի գործընթաց էր, իսկ վերջում ստացանք տպավորիչ հարցեր։

Ձեր մտքերն ու զգացմունքները զարմանալի կերպով նման էին. ձեզանից շատերն ունեն հոգևոր բնույթի և կյանքի համար կարևոր նմանատիպ հարցեր: Անկախ նրանից, թե դա Պերուի ինստիտուտի ուսանող էր, BYU-Այդահոյի համալսարանի ճարտարագիտության ուսանող, Արևմտյան Աֆրիկայում BYU-Pathway սովորող, գրաֆիկական դիզայնի ուսանող՝ այստեղ ԲՅՀ համալսարանում, թե Եվրոպայում ինստիտուտի դասերին մասնակցող աշխատանք ունեցող երիտասարդ էր, Ֆիլիպիններում, կամ հենց այստեղ՝ Յուտայում, չափահաս երիտասարդներն ամբողջ Եկեղեցում միավորված են Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքով և կիսում են նմանատիպ ցանկություններ, ձգտումներ և մտահոգություններ: Դուք հրաշալի եք և հանդիսանում եք այս Եկեղեցու ապագայի կարևոր մասնիկը:

Մենք ձեր հարցերը խմբավորել ենք հինգ անվանակարգերի մեջ, որոնք կներկայացնենք այսօր․

  1. Դիմակայել կյանքի և հավատքի մարտահրավերներին

  2. Սեր և պատկանելություն

  3. Կյանքի պլանավորում և հավասարակշռություն

  4. Պաշտպանել ճշմարտությունը

  5. Ինչպես ստանալ անձնական հայտնություն

  6. Մարգարեական առաջնորդություն

Այսօր մենք կցանկանայինք ձեզ հետ քննարկել այս հարցերից յուրաքանչյուրն այնպես, որ հիմնված լինի մեր անձնական կյանքի փորձառությունների և Եկեղեցու երիտասարդների հետ ունեցած շփումների մեր դիտարկումների վրա:

Ես և քույր Քուքը կանդրադառնանք կյանքի և հավատքի մարտահրավերների, սիրո և պատկանելության վերաբերյալ առաջին երկու հարցերին: Այնուհետև երեց և քույր Գիլբերտները կկիսվեն փորձառություններով, թե ինչպես հավասարակշռել կյանքի պարտականությունները: Նրանք նաև կխոսեն այն մասին, թե ինչ է նշանակում պաշտպանել ճշմարտությունը այս խառնաշփոթ ժամանակներում։ Այնուհետև ես կկիսվեմ որոշ մտորումներով և խորհուրդներով անձնական հայտնություն ստանալու վերաբերյալ և կեզրափակեմ մարգարեական առաջնորդության մասին մտքերով: