2023 թվականի հոգևոր հավաքներ
Ինչպես պլանավորել և հավասարակշռել մեր կյանքը


Ինչպես պլանավորել և հավասարակշռել մեր կյանքը

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

Կիրակի, 19 նոյեմբեր 2023 թ․

Երեց Քվենթին Լ. Քուք. Երեց և քույր Գիլբերտներ, շնորհակալություն ձեր հիանալի խորհրդի համար: Ես և Քրիստին շատ ուրախ ենք, որ կարող ենք քննարկել մեր կյանքը պլանավորելու և հավասարակշռելու մասին այս առաջին հարցը:

Քույր Քրիստին Գիլբերտ. Մենք ընտանիքով շատ զբաղված ենք։ Իմ ամուսնու աշխատանքը միշտ ծանր է եղել՝ որպես Հարվարդի պրոֆեսոր, մեդիա ընկերության գործադիր տնօրեն և երկու համալսարանների նախագահ: Դրա հետ միասին մենք ծառայում էինք Եկեղեցու ժամանակատար կոչումներում: Բայց մեր ամենառաջին պարտականությունը միշտ եղել է մեր ամուսնությունը և երեխաները:

Երեց Գիլբերտ. Ինձ հիշեցրին այդ մասին, երբ որոշ ժամանակով ղեկավարում էի Deseret News-ը: Իրականում, ձեզանից քանի՞սն է ամեն օր տպագիր թերթ կարդում, երիտասարդներ: Բարձրացրեք ձեռքերը։ Այդպես էլ մտածում էի, գրեթե ոչ-ոք։ Ես առաջադրանք ստացա, որ Deseret News-ը ավանդական տպագիր թերթը վերափոխեմ իր թվային տարբերակին: Այդ ժամանակաշրջանը դժվար էր ինձ համար։ Այդ ժամանակ մեր ութ երեխաներից յոթը ծնվել էին, և ես ծառայում էի որպես եպիսկոպոս:

Մի օր նախագահ Բոյդ Կ. Փաքերը անսպասելի զանգահարեց ինձ և հարցրեց. «Եղբայր Գիլբերտ, ինչպես է քո ընտանիքը: Արդյո՞ք բավարար ուշադրություն ես դարձնում քո կնոջը»: Դադարից հետո ես պատասխանեցի. «Հավանաբար ոչ»: Այնուհետև նա ինձ ասաց. «Եղբայր Գիլբերտ, այս մեդիա ընկերությունը դու կղեկավարես որոշ ժամանակ, բայց դու հավերժ կլինես ամուսին և հայր»: Այնուհետև նա ինձ հանձնարարեց ամեն շաբաթ ժամադրվել Քրիստինի հետ:

Ապա նա ինձ հարցրեց, թե որ ժամին եմ քնում, ինչին ի պատասխան ես ասացի, որ գիշերվա ժամը 1:00-ին կամ 2:00-ին: Նրա պատասխանն ինձ համար հակասական էր: Նա ասաց. «Դու կարծո՞ւմ ես, որ այս ամենը կախված է քո ջանքերից: Դու չես վստահում Տիրոջը»։ Նախագահ Փաքերն առաքելական «պարետային ժամ» սահմանեց, որը ես այդ օրվանից ի վեր ձգտել եմ պահել։

Քույր Գիլբերտ․ Այսպիսով, այդ «պարետային ժամի» և ամեն շաբաթ նախատեսված ժամադրության երեկոների հետ միասին, ինչպե՞ս եք կառավարում ձեր մյուս կարևոր պարտականությունները:

Այն սկսվում է պլանավորումով։ Ամուսնությունից ի վեր ես և ամուսինս ամեն կիրակի երեկոյան պլանավորում ենք մեր շաբաթվա օրակարգը: Այդ պարտավորությունը մենք երբեք բաց չենք թողնում, որքան էլ զբաղված լինենք:

Երկրորդ՝ կյանքի պարտականությունները հավասարակշռելը նույնպես պահանջում է ընդհանուր նպատակներ: Նույնիսկ երբ մենք ստիպված ենք իրարից հեռու լինել, մենք դեռ միաբան ենք զգում, երբ ունենում ենք ընդհանուր նպատակ: Այսպիսով, անկախ նրանից՝ ամուսինս գործուղման էր գնում կամ ես ուսուցանում էի վաղ առավոտյան սեմինարիայում, կամ նա ծխի հանձնարարություններով քաղաքից բացակայում էր, եթե մենք պլանավորել էինք այդ պարտականությունները օրացույցում և համաձայնեցրել էինք մեր նպատակները, ապա մենք միասին էինք նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված էինք իրարից բաժանվել:

Երեց Գիլբերտ. Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ դուք պետք է հստակ սահմաններ գծեք որոշակի ընտրությունների շուրջ:

Քլեյ Քրիստենսենը՝ Բոստոնում ապրող մեր սիրելի ընկերը, մի անգամ պատմել է այն մասին, թե ինչպես է աշխատավայրում իր ղեկավարը ցանկացել խմբակային ժողովներ անցկացնել շաբաթ կամ կիրակի առավոտյան։ Քլեյը նրան պատասխանել է. «Տարիներ առաջ ես որոշեցի, որ շաբաթ օրը նվիրելու եմ կնոջս, իսկ կիրակին՝ Աստծուն, և եթե ցանկանում եք, որ նրանցից որևէ մեկը զիջի ձեզ, ապա պետք է նրանցից անմիջապես թույլտվություն խնդրեք»:

Որոշ պարտավորություններ ձեր կյանքում պետք է լինեն անսակարկելի: Մեր ընտանիքի համար դրանց թվում են Եկեղեցու կիրակնօրյա ժողովները, ամեն շաբաթ ընտանեկան երեկոները, առավոտյան և երեկոյան հոգևոր մտքերով կիսվելը և ամեն շաբաթ ամուսիններով միասին ժամանակ անցկացնելը: