2023 թվականի հոգևոր հավաքներ
Ինչպես ստանալ անձնական հայտնություն


Ինչպես ստանալ անձնական հայտնություն

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

Կիրակի, 19 նոյեմբեր 2023 թ․

Երեց և քույր Գիլբերտներ, շնորհակալություն ձեր հիանալի խորհրդի համար:

Վերջին հարցը և վարդապետական է, և խորիմաստ։ Ինչպե՞ս եմ ստանում անձնական հայտնություն և մարգարեական առաջնորդություն:

Մորմոնի Գրքի սկզբում կենաց ծառի մասին տրված տեսիլքը Լեքիի մարգարեական երազն է:1 Այս տեսիլքը հստակ ներկայացնում է հավատքի հետ կապված խնդիրները, որոնք առկա են այսօր, և այն մեծ բաժանումը, որ կա նրանց մեջ, ովքեր սիրում, երկրպագում ու հաշվետու են Աստծուն, և նրանց միջև ովքեր, այդպիսին չեն: Լեքին նշում է, թե ինչն է կործանում հավատքը: Դա՝ հպարտությունն է, ինքնահավանությունը և անմտությունը: Նրանք հետաքրքրված են միայն այսպես կոչված «աշխարհի իմաստությամբ»:2 Մյուսները որոշ հետաքրքրություն են դրսևորում Աստծո հանդեպ, սակայն կորչում են խավարի ու մեղքի աշխարհիկ մշուշում:3 Ոմանք ճաշակում են Աստծո սերը և Նրա խոսքը, սակայն ամաչում են իրենց ծաղրողների պատճառով և հեռանում են դեպի «արգելված ուղիներ»:4

Մենք գիտենք, որ կան անդամներ, որոնք այնքան էլ հետաքրքրված և հավատարիմ չեն Փրկչի որոշ ուսմունքներին: Մեր ցանկությունն է, որ այդ անդամները լիովին արթնանան ի հավատք՝ մեծացնեն անձնական հայտնություն ստանալու իրենց ակտիվությունը, նվիրվածությունը և ջանքերը: Աստված սիրում է Իր բոլոր զավակներին: Նա ցանկանում է, որ բոլորը վերադառնան Իր մոտ: Նա ցանկանում է, որ ամեն ոք լինի հավատքի սուրբ երգին համահունչ: Փրկչի Քավությունը պարգև է յուրաքանչյուրի համար: Անձնական հայտնությունը հասանելի է բոլորին։

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ուղերձը, ծառայությունը և Քավությունը անձնական հայտնություն ստանալու մեր հիմնական ուսումնական ծրագիրն է: Սուրբգրային որևէ հատված հավատքի ճիշտ ձգտումը չի բնութագրում [ավելի շատ], որքան 2 Նեփի 25.26 հատվածը. «Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:

Մորմոնի Գիրքը կարևոր նշանակություն ունի:5 Այն նշանակալի դեր ունի անձնական հայտնություն ստանալու հարցում։ Իհարկե, միշտ կլինեն այնպիսիք, ովքեր կթերագնահատեն այս սուրբ գրքի կարևորությունը կամ անգամ կնսեմացնեն այն: Ոմանք հումորով են դա արտահայտել: Նախքան իմ միսիայում ծառայելը՝ համալսարանի մի պրոֆեսոր մեջբերեց Մարկ Տվենի խոսքերը, որ եթե Մորմոնի Գրքից հանվեր «Եվ եղավ այնպես» արտահայտությունը, այն «կվերածվեր բրոշյուրի»:6

Մի քանի ամիս անց, երբ միսիա էի ծառայում Անգլիայի Լոնդոնում, Օքսֆորդի շրջանավարտ և Լոնդոնի Համալսարանի մի ականավոր պրոֆեսոր, որը սեմիտական լեզուների եգիպտերենի փորձագետ էր, կարդալով Մորմոնի Գիրքը նամակ գրեց նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյին և հանդիպեց միսիոներներին: Նա հայտնեց նրանց, որ ինքը համոզված է, որ Մորմոնի Գիրքը այդ ժամանակաշրջանի հրեաների ուսմունքների և եգիպտացիների լեզվի իսկական թարգմանությունն է:7 Իր բերած օրինակներից մեկը «Եվ եղավ այնպես» շաղկապող արտահայտությունն էր, որը նրա հավաստմամբ ցույց էր տալիս, թե ինչպես նա կթարգմաներ սեմիտական գրվածքներում օգտագործվող դարձվածքները:8 Այդ պրոֆեսորին ասվեց, որ թեպետ իր մասնագիտության վրա հիմնված նրա ինտելեկտուալ մոտեցումը օգնել էր իրեն, սակայն դեռևս կարևոր էր ձեռք բերել հոգևոր վկայություն: Ուսումնասիրության և աղոթքի միջոցով նա հոգևոր վկայություն ստացավ և մկրտվեց: Այսպիսով, հայտնի հումորիստը ծիծաղի առարկա էր դարձրել այն, ինչը գիտնականը համարեց Մորմոնի Գրքի ճշմարտության հիմնարար ապացույց, որի հաստատումը նա ստացավ Հոգու կողմից:

Ազատ կամքի հիմնական վարդապետությունը պահանջում է, որ վերականգնված ավետարանի մասին վկայությունը պետք է հիմնված լինի ոչ թե լոկ արտաքին կամ գիտական ապացույցի, այլ հավատքի վրա: Ի վերջո, պատասխանն է Մորոնիի տված խորհուրդը՝ կարդալ, խորհել և ապա հարցնել Աստծուն սրտի ողջ անկեղծությամբ, անկեղծ միտումով, հաստատելով սուրբ գրքերի ճշմարտությունները Հոգու վկայությամբ:9 Իհարկե, սուրբ գրությունների ակտիվ ուսումնասիրությունը և Տիրոջ մարգարեի խորհուրդներին հետևելն է հանդիսանում այն գիծը, որը հավատքի երգը լսողներին բաժանում է նրանցից, ովքեր խուլ են այդ երգի հանդեպ:

Անձնական հայտնությունը մկրտությունից հետո ստացած մեծ օրհնություն է, երբ մենք «սրբագործվում ենք՝ ընդունելով Սուրբ Հոգին»։10 Սուրբ Հոգին ամեն ճշմարտության, հատկապես, Փրկիչի տված ճշմարտության հայտնողն ու վկայողն է: Հայտնությամբ տրված այդ առաջնորդությունը կարևոր է մեր օրերում։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:11

Խնդրում եմ, հասկացեք, որ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը և Նրա պատվիրանները պահելը մահկանացու կյանքի որոշիչ քննությունն է և միշտ կլինի: Այդ ամենից բացի՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երբ մեկը համահունչ չէ հավատքի երգի հետ, նա համահունչ չէ Հոգու հետ: Ինչպես Նեփի մարգարեն է ուսուցանել. «Դուք լսել եք նրա ձայնը … և նա խոսել է ձեզ հետ՝ մեղմ, հանդարտ ձայնով, բայց դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը»:12 Սուրբ գրություններում հստակ գրված է, որ Սուրբ Հոգին կարող է հաղորդակցվել բազմաթիվ ձևերով: Երբեմն Նա խաղաղություն է խոսում ձեր մտքին։13 Երբեմն Նա մտքեր է կամ գաղափարներ է ներշնչում, որոնք զբաղեցնում են ձեր միտքը։14 Երբեմն Նա լուսավորում է ձեր միտքը։15 Երբեմն Նա ուրախությամբ է լցնում ձեր սրտերը։16

Ես շնորհակալ եմ իմ գրառման տակ արված սոցիալական մեդիայի արձագանքներին այն մասին, թե ինչպես եք դուք հայտնություն ստանում: Մեկը նշել էր, որ մենք պետք է խոնարհ լինենք և ընդունենք մեր ստացած հոգևոր տպավորությունները: Որից հետո մենք պետք է լսենք այդ տպավորությունները աշխարհի ձայների փոխարեն:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանել է․ «Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է։ Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և որ սա Տիրոջ Եկեղեցին է»:17

Մեր վարդապետությունը պարզ է՝ մենք պետք է դրական և ուրախ լինենք: Ինձ դուր եկավ, որ անցած տարվա մայիսի համաշխարհային հոգևոր հավաքին նախագահ Դալլին Հ. Օուքսը և քույր Քրիսթեն Մ. Օուքսը շեշտեցին ուրախ լինելու կարևորությունը: Մենք միշտ շեշտում ենք մեր հավատքը, ոչ թե մեր վախերը: Մենք ուրախանում ենք նրանով, որ Տերը հավաստիացնում է, որ կկանգնի մեր կողքին, կառաջնորդի և կուղղորդի մեզ:18 Սուրբ Հոգին վկայում է մեր սրտին, որ մենք ունենք սիրող Երկնային Հայր, և մեր փրկագնման համար Նրա ողորմած ծրագիրը լիովին կիրագործվի՝ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ: