Ամենամյա հեռարձակումներ
Փրկության ծրագիրը և աճող սերունդը


Փրկության ծրագիրը և աճող սերունդը

Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում • հունիսի 12, 2018 • Համաժողովների Կենտրոնի թատրոն

Շնորհակալ եմ այսօր ձեզ հետ խոսելու հնարավորության համար։ Ես հարգում եմ բոլորիդ այն մեծ աշխատանքի համար, որ անում եք։ Դուք Տիրոջ հանձնակատարն եք և օգնում եք աճող սերնդին ավելի լավ սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Այդ հանձնառության հանգամանքն է հուշել, որ ես այսօր այդ հրաշալի երիտասարդների հետ խոսեմ փրկության ծրագիրը ուսուցանելու վերաբերյալ։

Նախագահ Նելսոնը մեզ բոլորիս կոչ է արել ձգտել այն մեծ արտոնություններին, որոնք Աստված տվել է մեզ։1 Այդ կոչն ուղղված է մեզ և աճող սերնդին։ Ես գիտեմ, որ մենք բոլորս պետք է ավելին անենք, որպեսզի օգնենք այդ թանկագին երիտասարդներին խորապես սովորել Երկնային Հոր ծրագիրը․ Նրանք պետք է ճանաչեն և հասկանան այն իրենց մտքում և սրտում, նրանք պետք է սիրեն այն և ապրեն դրանով, և նրանք պետք է դառնան այն, ինչ Հայրը կանխորոշել է նրանց համար։ Տիրոջ ուժով և Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք կատարել այդ մեծ աշխատանքը։ Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։

Շատ տարիներ առաջ ես միսիա եմ ծառայել Գերմանիայում։ Այդ օրերին փրկության ծրագիրն ուսուցանում էինք ֆլանելային գրատախտակների և փոքր կտրտած շրջանների միջոցով։ Շրջանները խորհրդանշում էին նախաերկրային թագավորությունը, մահացությունը, հոգևոր աշխարհը և փառքի երեք աստիճանները: Եթե ճիշտ եմ հիշում, մոռացության վարագույրը ալիքաձև գիծ էր, իսկ դատաստանի օրը մի ուղղանկյուն էր: Միսիոներներն այլևս չեն օգտագործում ֆլանելային գրատախտակներ, բայց փոքր շրջանները դեռևս լայնորեն կիրառվում են։

Ահա մեկ օրինակ՝ Մորմոնի Գրքի սեմինարիայի դասի փրկության ծրագրի վերաբերյալ։2

Նկար
փրկության ծրագիր

Վստահ եմ, այդ գծապատկերն օգնում է ուսանողներին, իսկ դասը՝ Հոր ծրագրերի հիմնական սկզբունքների հիանալի ամփոփում է:

Այնուամենայնիվ, մտահոգված եմ այդ շրջաններով և երկու առաջարկ ունեմ ձեզ փրկության ծրագիրն ուսուցանելու վերաբերյալ:

Նախ, զգոն եղեք այն ուսանողների հանդեպ, ովքեր մտածում են, որ գծապատկերը ծրագիրն է։ Դա ծրագիրը չէ, բայց ուսանողների համար հեշտ է ընդունել, որ եթե նրանք ճիշտ են հավաքել շրջանները, նրանք հասկանում են ծրագիրը։

Երկրորդը, խնդրում եմ օգնեք նրանց կիրառել ծրագիրն իրենց մտքերում և իրենց սրտերում։ Օգնեք նրանց հասկանալ և սիրել Հոր ծրագիրը։ Այժմ, ես հավատում եմ, որ դա կարելի է անել, եթե ավելի շատ բացատրեք ծրագիրը։

Այդ նույն ոգով, ես ցանկանում եմ ընդգծել երեք սկզբունքներ Հոր ծրագրում, որոնք իմ կարծիքով, կարծում եմ, կօգնեն աճող սերնդին հասկանալ, սիրել և կիրառել այդ փառահեղ ծրագիրը:

Սկզբունք 1․ Հիսուս Քրիստոսն է ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը

Այսպիսով, սկզբունք համար մեկ․ Հիսուս Քրիստոսն է ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը։3 Տեր ու Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսը՝ փրկության ծրագրի կենտրոնում է: Նրա քավող զոհաբերությունը Հոր ծրագրի բոլոր կետերը հնարավոր է դարձնում։ Լսեք Ալմայի խոսքերը, երբ Նա նկարագրում է, թե ինչ Փրկիչն արեց մեզ համար․ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. …

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների: …

Աստծո Որդին տառապում է ըստ մարմնի, որպեսզի վեր առնի իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները` համաձայն իր ազատման զորության»:4

Ես սիրում եմ այդ հատվածները։ Այս հատվածում, գեղեցիկ խոսքերով Ալման շարադրում է փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի քավության կենտրոնական դերը։ Այստեղ նկարագրված է Հարությունը, որը բոլորիս համար է։ Այստեղ նկարագրված է ներումն ու մեղքից փրկագնումը բոլոր նրանց համար, ովքեր ապաշխարում են։ Այստեղ նկարագրված է Հիսուս Քրիստոսի սերը, երբ Նա բժշկում, բարձրացնում և ամրացնում է մեր մահկանացու ճամփորդության ժամանակ։ Այստեղ նկարագրված է Հիսուս Քրիստոսի զորությունը՝ ազատելու մեզ մահից և մեղքից և բացելու մեզ համար վեհացման և հավերժական կյանքի օրհնությունները։

Ես ուզում եմ, որ մեր ուսանողները ճանաչեն և հասկանան, թե որքան կենտրոնական դեր ունի Հիսուս Քրիստոսը Հոր ծրագրում և իրենց կյանքում։ Նրա քավող զոհաբերության շնորհիվ Նրա լույսը տարածվում է Աստծո բոլոր արարածների վրա։5 Իսկապես, Նա «ամենի մեջ է և ամենուրեք ճշմարտության լույսն է»։6 Այդ լույսը կյանք է տալիս բոլոր բաներին և «այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները»:7 Մտածեք այդ մասին: Աստծո տիեզերքի բոլոր տարրերը, ամենամեծ գալակտիկաները, որոնք պարունակում են հարյուրավոր միլիարդավոր աստղեր, նյութի ամենափոքր մասնիկները, մեր մահկանացու մարմինները, մեր անմահ հոգիները և մեր հավերժական առաջընթացը ղեկավարվում են աստվածային օրենքով՝ մեր Երկնային Հոր սիրո և Տեր Հիսուս Քրիստոսի հրաշալի Քավության շնորհիվ:

Հիսուս Քրիստոսի Քավությունը տիեզերական է իր մեծ ազդեցությամբ և միևնույն ժամանակ շատ անձնական: Իրոք, մեր Փրկչի սերը, ողորմությունը և զորությունը օրհնում են մեր ուսանողներին մեկ առ մեկ: Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ Հիսուսը կրեց ամեն ցավ, վիշտ և ձախորդություն, որոնք կրում են մեր աշակերտները իրենց մահկանացու կյանքում։8 Նա իր վրա վերցրեց բոլոր մարդկության մեղքերը, որպեսզի նրանք կարողանան ապաշխարել։9 Հիսուսն անձնապես և կատարելապես է ճանաչում մեր բոլոր ուսանողներին։ Նա գիտի նրանց ուղիները, քանի որ Նա քայլել է այդ ուղով։

Նրանք կարող են դիմել Նրան, հավատք գործադրեն առ Նա, ապաշխարեն իրենց մեղքերից, և վստահորեն հետևեն Նրան և վստահ լինեն, որ Նա գիտի ուղին։ Բառացիորեն, նա է միակ ճանապարհն այն բոլոր բաների, որոնք կարևոր են ուսանողների համար։10 Նա է ներման և հրաշալի բուժման ճանապարհը։ Նա է հարատև ուրախության ճանապարհը։ Նա է Սուրբ Հոգու ընկերակցության ճանապարհը և ուսանողների կյանքում՝ աստվածային զորության, սփոփանքի, հայտնության, լույսի և զորության ճանապարհը։ Նա է արիության և համբերության և աստվածային բոլոր հատկանիշների ճանապարհը։ Նա է մաքուր, կատարյալ սիրո և այն խաղաղության ճանապարհը, որը վեր է ամեն հասկացողությունից։ Նա է սիրո և ծառայության փոխհարաբերության ճանապարհը, որը բերում է խորը անձնական բավարարում, իմաստ և նպատակ նրանց կյանքում՝ այժմ և հավիտյան: Նա է Երկնային Հոր և նրանց ընտանիքների հետ վեհացման և հավերժական կյանքի ճանապարհը: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, ուսուցանել մեր ուսանողներին, որ բոլոր բարի բաները գալիս են Հիսուս Քրիստոսի շնորհիվ։11 Նա ամեն ինչ է նրանց համար։

Սկզբունք 2․ Աստծո որդիներն ու դուստրերն ունեն հավերժական ինքնություն և նպատակ

Մեր ուսանողներից յուրաքանչյուրն ունի հավերժական ինքնություն և նպատակ։ Նրանցից յուրաքանչյուրը «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։12

Երկնային Հոր ծրագիրը նախատեսված է, որպեսզի օգնի մեր բոլոր ուսանողներին իրականացնելու իրենց հավերժական ինքնությունը և նպատակը՝ Տեր Հիսուս Քրիստոսի ողորմության և շնորհի միջոցով: Ես ուզում եմ ընդգծել նրանց հավերժական ինքնության եռաչափ տարածության չափսերը, որոնք իմ կարծիքով շատ կարևոր է, որ նրանք հասկանան։

Կսկսեմ այն փաստից, որ մեր ուսանողներն Աստծո հոգևոր զավակներն են։ Խնդրում եմ օգնեք նրանց հասկանալ, որ Նա իսկապես նրանց Հայրն է Երկնքում։ Իր սիրելի Որդու միջոցով Երկնային Հայրն օրհնել է մեր ուսանողներին Իր հավերժական ծրագիրը խորապես սովորելու հնարավորությամբ և ունակությամբ՝ զարգանալու գիտելիքով և հասկացողությամբ, ձեռք բերելու արդար ու արդյունավետ գործեր կատարելու կարողություն և դառնալու Նրա նման։ Դա է նրանց հավերժական ինքնության ամենահիմնարար սկզբունքի գերագույն նպատակը։13

Մեր ուսանողների հավերժական ինքնության երկրորդ կարևոր մասը՝ հավերժական ընտանիքում մայր կամ հայր, ամուսին կամ կին, լինելու փաստն է:14 Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից, քանի որ դա է հավերժական կյանքի բնույթը։15 Մեր Երկնային Հոր հավերժական տեսանկյունից, մեր ուսանողները մայրեր ու հայրեր են Իր թագավորության մեջ: Դա նրանց հավերժական ինքնությունն է, և դա է Նրա ծրագիրը։ Այդպիսով, ուսանողների հավերժական նպատակը սելեստիալ ամուսնություն ու սելեստիալ ընտանիք ստեղծելն է։

Ի վերջո, մեր ուսանողները պետք է հասկանան, որ նրանք Աբրահամի սերունդն են, Տիրոջ ուխտյալ ժողովուրդը։ Աստված խոստացավ Աբրահամին, որ նրա սերունդը կտարածի Հիսուս Քրիստոսի ավետարանն ու սուրբ քահանայությունը (ներառյալ՝ փրկության արարողությունները) բոլոր ազգերին, որպեսզի օրհնի վարագույրի երկու կողմերում գտնվող երկրագնդի բոլոր ընտանիքներին:16 Սա ցրված Իսրայելի հավաքումն է և դա Հոր ծրագրի կարևորագույն մասն է։17 Մեր ուսանողներն Աբրահամի սերունդն են և նրանց հավերժական նպատակն Աստծո աշխատանքը կատարելն է, որպես Նրա վստահված ծառաներ։ Նրանք կարևոր տեղ, կարևոր դեր ունեն Աստծո ծրագրում։

Մի պահ կանգ առեք և մտածեք այն տպավորիչ, իսկապես զարմանալի օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ մեր ուսանողներին: Եվ դեռ, մեր որոշ ուսանողներ կարող են կասկածել, թե արդյո՞ք Աստված նման ինքնություն ու նպատակ է ծրագրել իրենց համար։ Ոմանք կարող են մտածել, որ Երկնային Հորը նմանվելը, որպես նրա վստահելի ծառա գործելը, սիրելի և հավերժական զուգընկերոջ հետ կնքվելը և երեխաներ ունենալը հասու չէ իրենց։ Երբ նրանք նայեն հայելու մեջ, հնարավոր է, նրանք չտեսնեն այն, ինչ այսօր նկարագրեցի։ Եթե ձեր ուսանողներից ոմանք այդպես են զգում, խնդրում եմ, խրախուսեք նրանց ևս մեկ անգամ նայել հայելու մեջ։ Ասացեք նրանց, որ հավատքի աչքերով նայեն հայելու մեջ և ոչ միայն տեսնեն իրենց դեմքերը, այլ նաև տեսնեն իրենց կողքին կանգնած՝ զորությամբ, փառքով և անսահման, կատարյալ սիրով լի Տեր Հիսուս Քրիստոսի դեմքը: Նա չի եկել, որպեսզի դուրս թողնի նրանց Իր օրհնություններից։18

Սկզբունք 3․ Բոլոր այն բաները, որոնց վրա Հիսուս Քրիստոսը դնում է իր անունը, նրա ծրագրի մասն են կազմում

Հիսուս Քրիստոսը ոչ միայն Հոր ծրագրի կենտրոնում է, այլև՝ Նրա անունը, Նրա զորությունը, Նրա գործը և Նրա բնավորությունը զգացվում է ամենուր։ Ես ուզում եմ, որ մեր ուսանողները ճանաչեն և հասկանան, որ այն բոլոր բաները, որոնց վրա Հիսուս Քրիստոսը դնում է Իր անունը, Հոր ծրագրի մասն են կազմում։

Մի պահ մտածեք, թե որոնք են այդ բաները։ Որտե՞ղ է Փրկիչը դրել Իր անունը։ Ահա այն բաների ցանկը, որոնք կրում են Հիսուս Քրիստոսի անունը, որոնք իմ կարծիքով ամենակարևոր բաներն են, որոնք մեր ուսանողները պետք է իմանան և հասկանան․

  • Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին․ Քրիստոսի անունը վկայում է, որ այն ստեղծվել և առաջնորդվում է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից և դա Նրա Եկեղեցին է։19 Եկեղեցին՝ Աստծո արքայությունն է երկրի վրա։ Եկեղեցու միջոցով Տերը և Փրկիչը աջակցում են անհատներին և ընտանիքներին հավերժական կյանքի իրենց որոնումներում և նախապատրաստում են Երկիրը Նրա Երկրորդ Գալուստին: Եկեղեցին, Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցին, կարևորագույն մասն է Հոր ծրագրում՝ Նրա զավակների փրկության համար:

  • Աստծո Որդու կարգի Սուրբ Քահանայությունը․ Սուրբ քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է: Այն տրված է տղամարդկանց, որպեսզի հավատարիմ Վերջին Օրերի Սրբերը կարողանան Տիրոջ գործը կատարել Նրա իշխանությամբ և Նրա զորությամբ: Այդ զորության և իշխանության միջոցով է, որ ստանում ենք փրկության արարողությունները և ձեռք ենք բերում Հոր փառավոր ծրագրի մեծ օրհնությունները:20

  • Տիրոջ տունը․ Մենք ապրում ենք ամբողջ աշխարհով մեկ ծավալվող տաճարաշինության հրաշալի ժամանակներում։ Մենք հրճվում ենք, որ Տերը հնարավորություն տվեց Իր հավատարիմ զավակներից շատերին ստանալ տաճարային օրհնությունները, այդ թվում՝ վարագույրի երկու կողմերում հավերժական ընտանիքների հետ կնքումը։ Տիրոջ տան արարողությունները կապում են մեզ աստվածային զորությունների հետ․ դրանք կարևոր են Հոր զավակների երջանկության ծրագրի համար:21

  • Տիրոջ մարգարեն․ Խոսելով Իր մարգարեի մասին, Տերն ասել է. «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից»։22 Տիրոջ մարգարեն տեսանող և հայտնող է։ Նրա խոսքերը Տիրոջ խոսքերն են մեզ համար՝ այս կյանքում մեր օրհնության և գալիք աշխարհում մեր վեհացման համար։ Տիրոջ մարգարեն Հոր ծրագրի հրաշալի մասն է։

  • Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին․ Մորմոնի Գիրքը մի վկայություն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը՝ Փրկիչն ու Քավիչն է, որ Ջոզեֆ Սմիթը՝ վերականգնման մարգարեն է և որ Տերը հաստատել է Իր Եկեղեցին վերջին օրերում: Այն նաև պարունակում է գեղեցիկ ուսմունքներ Հոր ծրագրի մասին, որի մասին այն բերում է զորեղ վկայություն։23 Այս բոլոր պատճառներով Մորմոնի Գիրքը փրկության մեծ ծրագրի կարևոր մասն է հանդիսանում։

  • Երկնային Հոր զավակները․ Հիսուս Քրիստոսն Իր անունը դնում է Երկնային Հոր զավակների վրա, ովքեր կապում և պահում են սրբազան ուխտեր։ Նա Իր անունը դնում է ձեզ, ուսուցիչներիդ վրա, երբ այցելում եք տաճար։24 Նա մտադիր է իր անունը դնել ձեր ուսանողների և այն վկայությունների վրա, որոնք նրանք կվկայեն աշխարհին, երբ մասնակցեն Իսրայելի հավաքմանը։25 Դա է Հոր ծրագիրը։

Այն ամենը, ինչ մենք նշեցինք այստեղ, և շատ ուրիշ բաներ, որոնք կարող էինք նշել, ինչպես օրինակ՝ աշխարհի բոլոր հավաքատները և Երկնային Հորն ուղղված մեր աղոթքները, դասվում են նրանց շարքում, որոնց վրա Հիսուս Քրիստոսը դրել է իր անունը: Նրանք ծրագրի մասն են և մարգարեության իրականացումը։ Ինչպես Պողոս Առաքյալն ասել է հնում․ «Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, [Հայրը] ամեն բան կբովանդակի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում»։26

Եղբայրներ և քույրեր, խնդրում ենք օգնել մեր ուսանողներին հասկանալ, որ այնպիսի բաները, որոնք ծանոթ են նրանց՝ Եկեղեցին, քահանայությունը, տաճարը, մարգարեն, Մորմոնի Գիրքը և իրենք, կրում են Փրկչի անունը, որովհետև այդ բոլորը տրվել են, որպեսզի մեզ մոտեցնեն Հիսուս Քրիստոսին, ով այս կյանքում խաղաղության, իսկ գալիք աշխարհում՝ վեհացման ու հավերժական կյանքի ճանապարհն է:

Ես այսօր կփակեմ ելույթս՝ մեր ուսանողների առօրյա կյանքում Հոր ծրագրի դերի մասին մի մտքով։ Այդ միտքը ծագում է իր ժողովրդին ուղղված Բենիամին թագավորի ելույթից։ Իր ելույթի սկզբում նա ասաց․ «Ականջ դրեք ինձ և բացեք ձեր ականջները, որ կարողանաք լսել, և ձեր սրտերը, որ կարողանաք հասկանալ, և ձեր մտքերը, որ Աստծո խորհուրդները բացվեն ձեր ըմբռնման համար»։27

Ինձ դուր է գալիս «Աստծո խորհուրդները բացվեն ձեր ըմբռնման համար» արտահայտությունը և ցանկանում եմ այն կիրառել մեր ուսանողների հանդեպ։ Այժմ, Բենիամին թագավորը հստակեցնում է, որ «Աստծո խորհուրդները», որոնք նա մտադիր է բացել իր ժողովրդի ըմբռնման համար, Հոր փրկության մեծ ծրագրի կարևորագույն տարրերն է: Մեր նպատակների համար Բենիամին թագավորի հայտարարությունը երկու իմաստ ունի: Նախ, դա նշանակում է, որ եթե մեր ուսանողների սրտերն ու մտքերը բացվեն, և մենք ուսուցանենք Հոգու միջոցով, մեր ուսանողները կտեսնեն և կհասկանան այդ ծրագիրը: Բայց կա մեկ այլ իմաստ: Եթե նրանք հասկանան ծրագիրն իրենց սրտերում, ծրագիրը կդառնա այն նպատակը, ինչպես նրանք կտեսնեն իրենց և շրջապատող աշխարհը։ Ծրագիրը կդառնա նրանց ըմբռնումը։ Մեր ուսանողները կտեսնեն ծրագիրը, իսկ ծրագիրը կօգնի նրանց տեսնել։

Ինչպե՞ս կարող են մեր ուսանողներն իրականում տեսնել ծրագիրը: Մեր դասարանները կարևոր մասն են այդ գործընթացի և Երկնային Հայրն ավելին է արել, որպեսզի բացահայտի Իր ծրագիրը նրանց համար։ Խնդրում ենք, սովորեցրեք ուսանողներին, որ նրանք կարող են տեսնել ծրագիրը հետևյալ իրավիճակներում․

  • Երեխան ծնվելու ժամանակ և ամեն անգամ, երբ որևէ մեկը մահանում է։28

  • Տաճարում, մահացածների համար արարողությունների ժամանակ։29

  • Կիրակի օրը հաղորդության արարողության ժամանակ։30

  • Ապաշխարելիս, երբ նրանք Հիսուս Քրիստոսի անունով աղոթում են Երկնային Հորը ներման համար։31

  • Մորմոնի Գրքում, Հիսուս Քրիստոսի մասին այդ զորեղ վկայության մեջ։32

  • Աստծո մարգարեին տեսնելիս, լսելիս և հետևելիս։33

  • Քահանայության օրհնության ժամանակ։34

  • Սեմինարիայում և ինստիտուտում, որտեղ նրանք զգում են Քրիստոսի սերը, Նրա լույսը և Նրա զորությունը։35

  • Ամեն անգամ, երբ նրանք Հիսուս Քրիստոսի անունով աղոթում են Հորը։36

Խնդրում ենք օգնել մեր ուսանողներին ճանաչել և զգալ այս գեղեցիկ ճշմարտությունը. երբ նրանք տեսնում են այս բաները, նրանք տեսնում են Հոր ծրագիրը գործելիս։ Եթե նրանց սրտերը բաց լինեն, Սուրբ Հոգին կվկայի նրանց, որ փրկության ծրագիրը ճշմարիտ է և որ դա նրանց համար է:37 Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքն ու հասկացողությունն աճի, ծրագիրը կդառնա նրանց կյանքի հեռանկարը։ Նրանք կտեսնեն իրենց դերը ծրագրում և նրանք կսկսեն տեսնել շրջապատող աշխարհն այնպես, ինչպես Տերն է տեսնում այն:

Ծրագիրը կդառնա այն հենքը, որը կօգնի նրանց հասկանալ այն տարաձայնությունները, խնդիրները և դժվարությունները, որոնց կբախվեն կյանքում։ Իրականում, դա ճիշտ այն է, ինչ մենք ուսուցանում ենք Վարդապետությունների սերտման հիմնական փաստաթղթում։ Թույլ տվեք մեջբերել․ «Վարդապետական հասկացությունները, հարցերը և հասարակական խնդիրները հավերժական տեսանկյունից քննելու համար մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում։ … Սա մեզ թույլ է տալիս վերանայել հարցը … և քննել գաղափարները, հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, ոչ թե ընդունելով աշխարհի նախադրյալները կամ ենթադրությունները»։38

Եթե մեր ուսանողները հետևեն այս օրինակին, ապա փրկության ծրագրի շնորհիվ նրանք կհասկանան իրենք իրենց և իրենց պարտականությունները, հնարավորությունները և օրհնությունները: Դրա շնորհիվ նրանք կգտնեն իրենց կյանքի իմաստն ու նպատակը։ Սուրբ Հոգով առաջնորդվելով և ուսուցանվելով, նրանք կստանան այն, ինչ Պողոս Առաքյալն անվանել է «Քրիստոսի միտքը»։39

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, աղոթում եմ, որ Հոր ծրագիրը մնա ձեր սրտերում, որ դուք ինքներդ ձեզ տեսնեք այդ ծրագրում, և որ ծրագիրը դառնա այն, թե ինչպես եք տեսնում աշխարհը:40 Ես վկայում եմ, որ Հոր ծրագիրը ճշմարիտ է։ Աստված՝ մեր հայրն ապրում է: Հիսուսը Քրիստոսն է` մեր Փրկիչն ու Քավիչը: Ես գիտեմ՝ Նա ապրում է: Սա Նրա Եկեղեցին է։ Դուք նրա հանձնակատարն եք, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ Հոր ծրագիրն ուսուցանեք աճող սերնդին։ Ես վկայում եմ այս մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: