Ամենամյա հեռարձակումներ
«Մի կասկածեք, այլ եղեք հավատացող»


«Մի կասկածեք, այլ եղեք հավատացող»

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների տարեկան ուսուցման հեռարձակում, հունիս 12, 2018, Համաժողովների Կենտրոնի թատրոն

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ. Մենք երախտապարտ ենք, որ այսօր ձեզ հետ այստեղ ենք: Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ դուք անում եք, երբ ուսուցանում և աջակցում եք սեմինարիաներին և ինստիտուտներին ամբողջ աշխարհում: Երբ կատարում եք այդ գործը, միշտ հիշեք, թե Տերը որքան գոհ է ձեր ծառայությունից: Նա ձեր լսարանի մասն է, Նա ձեզ հետ է, Նա «կգնա ձեր առջևից», Նա «կլինի ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում», և Նրա «Հոգին կլինի ձեր սրտերում», և Նրա «հրեշտակները կլինեն ձեր շուրջը, ձեզ վեր բարձրացնելու»:1

Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ Տիրոջ անունից և Նրա Եկեղեցու անունից ձեր հավատի և հավատարմության համար: Շնորհակալություն ձեր պարտականությունները ընդունելու համար: Շնորհակալություն, որ օգնում եք Երկնային Հոր զավակներին Իր մոտ վերադառնալ: Շնորհակալություն, որ հրավիրում եք Նրա զավակներին գալ Քրիստոսի մոտ:

Քույր Ռութ Լ. Ռենլանդ. Շնորհակալություն այս սքանչելի երգչախմբին այս ժողովին Հոգու ներկայությանը նպաստելու համար: Ես համոզված եմ, որ մենք բոլորս ոգևորվեցինք Եղբայր Չադ Հ. Վեբի և Երեց Քիմ Բ. Քլարքի հրաշալի դիտողություններով: Մենք շնորհակալ ենք նաև նրանց աշակերտության օրինակների համար: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք այսօր այցելել ձեզ՝ հավատքին և կասկածին վերաբերող այս թեմայով, որին դուք հաճախ եք անդրադառնում:

Երեց Ռենլանդ. Պատկերացրեք, որ օվկիանոսում նավարկելիս ձեր նավը շրջվել է: Դուք կրում եք փրկակար օղակ և ժամերով լողում եք այն ուղղությամբ, որն, ըստ ձեզ, մոտակա ափն է, բայց համոզված չեք: Դուք ծայրաստիճան ջրազրկվել եք, ուստի ամեն անգամ, երբ սկսում եք լողալ, ձեր գլուխը պտտվում է: Ձեր լավագույն գնահատումներով, ափը 30 կմ կամ 18 մղոն հեռու է: Դուք վախենում եք ձեր կյանքի համար: Հեռվում դուք լսում եք շարժիչի թույլ ձայն: Թվում է, ձայնը գալիս է դեպի ձեզ, ձեր փրկվելու հույսը սավառնում է: Երբ նայում եք, դուք տեսնում եք, որ մի ձկնորսական նավ է մոտենում:

Քույր Ռենլանդ. Օ՜, փառք Աստծո, նավապետը տեսնում է ձեզ: Նավը կանգ է առնում և մի բարի, արևից խանձված ու քամահարված դեմքով ձկնորս օգնում է ձեզ նավ բարձրանալ: Երախտագիտությամբ լցված, դուք սողալով հասնում եք նավի նստելատեղին, թեթևացած շունչ քաշելով: Ձկնորսը ձեզ ամանով ջուր է տալիս և մի քանի աղի ձողիկներ: Ջուրը և աղի ձողիկները ապահովում են ձեր վերականգնման համար անհրաժեշտ սնուցումը: Դուք այնքան թեթևացած եք և այնքան ուրախ: Դուք ձեր տան ճանապարհին եք:

Երբ դուք վերականգնվում եք և սկսում ավելի լավ զգալ, սկսում եք ուշադրություն դարձնել մի քանի բաների, որոնք նախկինում իրապես չէիք նկատել: Ամանի ջուրը մի փոքր հնացած է և այն չէ, ինչ դուք կնախընտրեիք՝ Էվիան կամ Փերիեր: Սնունդը, որը դուք իրոք կցանկանայիք, մի քիչ նրբահամ միս է, որին կհետևեր շոկոլադային կրուասանը: Նաև նկատում եք, որ բարի ձկնորսը ծեր է և կրում է մաշված կոշիկներ ու կապույտ ջինսե տաբատ: Նրա գլխարկի գլխակապը կեղտոտ է և նա, կարծես, ծանր է լսում:

Երեց Ռենլանդ. Դուք նաև նկատում եք, որ նավը հնամաշ է, իսկ առաջամասի աջ կողմում ճեղքեր կան: Ներկի մի մասը քերված է, մաշված ու ճաքճքված: Դուք նաև նկատում եք, որ երբ ձկնորսը թույլ է բռնում ղեկը, նավը թեքվում է աջ կողմի վրա: Դուք սկսում եք անհանգստանալ, որ այս նավը և այս նավապետը չեն կարող ապահովել ձեր փրկությունը: Դուք ծեր ձկնորսին հարցնում եք ճեղքերի և ղեկի մասին: Նա ասում է, որ շատ չի անհանգստանում դրանց մասին, քանի որ նա տասնամյակներ շարունակ ամեն օր վարել է նավը դեպի ձկնորսական տեղանքները և դեպի ետ, նույն ճանապարհով: Նավը միշտ ապահով և հուսալի հասցրել է նրան այնտեղ, որտեղ նա ցանկացել է գնալ:

Դուք ցնցված եք: Ինչպե՞ս կարող է նա չանհանգստանալ ճեղքերի ու վարելու մասին: Իսկ սնունդն ինչո՞ւ չէր կարող ավելի շատ ձեր ճաշակով լինել: Որքան շատ եք կենտրոնանում նավի ու ձկնորսի վրա, այնքան շատ եք մտահոգվում: Դուք առաջին հերթին կասկածի տակ եք առնում նավ բարձրանալու ձեր որոշումը: Ձեր անհանգստությունն աճում է: Ի վերջո, դուք պահանջում եք, որ ձկնորսը կանգնեցնի նավը և նորից թույլ տա ձեզ վերադառնալ ջրի մեջ: Չնայած դուք դեռ 20կմ կամ 12 մղոն հեռու եք ափից, չեք կարող տանել նավում գտնվելու գաղափարը: Մի փոքր տխրությամբ, ձկնորսն օգնում է ձեզ վերադառնալ օվկիանոս:

Քույր Ռենլանդ. Այս առակում նավը ներկայացնում է Եկեղեցին, իսկ ձկնորսը ներկայացնում է նրանց, ովքեր ծառայում են Եկեղեցում:2 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ նպատակն է՝ օգնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Իրենց աշխատանքում՝ օգնելով իրականացնել հավերժական կյանքը Երկնային Հոր զավակների համար:3 Ի՞նչ են մեզ ուսուցանում նավը և ձկնորսը Եկեղեցու մասին: Արդյո՞ք ճեղքերն ու ճաքճքած ներկը Եկեղեցու վրա փոխում է նրա կարողությունը՝ տրամադրել լիազորված փրկող և վեհացնող արարողությունները, որպեսզի օգնի մեզ դառնալ մեր Երկնային Հոր նման: Եթե ձկնորսը պետք է երկու ձեռքերով պահի ղեկը, որպեսզի պահի այն նախատեսված ուղու վրա, արդյո՞ք դա ժխտում է նրա և նավի կարողությունը՝ ապահով և հուսալի հասցնել մեզ այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք գնալ: Կարիք չկա, որ դուք լինեք կարգված տեսանող, ինչպես իմ ամուսինը, որպեսզի իմանաք, որ ջրի մեջ վերադառնալը՝ նավի վրա մնալու փոխարեն, վտանգավոր է:

Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ: Առանց այդ դարձի, ներառյալ` սրտի հզոր փոփոխությունը, մարդիկ կարող են սկսել կենտրոնանալ փոխաբերական աղի ձողիկների և քերված ներկի վրա:

Երեց Ռենլանդ. Իմ վկայության սկիզբը տեղի ունեցավ, երբ ես ապրում է Շվեդիայի Գոտեբորգ քաղաքում: Ես 11 տարեկան էի: Միսիայի նախագահը հրավիրեց բոլոր երիտասարդ մարդկանց կարդալ Մորմոնի Գիրքը: Իմ ավագ եղբայրը, ումով ես միշտ հիացել էի և հարգել, ընդունեց կոչը: Ես ցանկանում էի նման լինել նրան, ուստի ես նույնպես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը: Կարդալու ընթացքում, հավանաբար երբ հասել էի Ալմայի գրքին, մեր միսիայի նախագահի խորհրդականներից մեկն ասաց մեզ, որ մենք պետք է աղոթենք մեր կարդացածի վերաբերյալ: Ես հիշում եմ այն երեկոն, երբ ես շատ լավ գործեցի ըստ այդ հրավերի: Ես հիշում եմ տունը, որտեղ ապրում էինք, և սենյակը, որտեղ քնում էինք ես ու եղբայրս: Երբ եղբայրս քուն մտավ, ես վեր կացա անկողնուց և ծնկի իջա մահճակալիս կողքին և ասացի մի պարզ աղոթք, որ հասկանամ՝ արդյո՞ք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Ես ձայն չլսեցի, բայց թվաց, թե Աստված ասում էր ինձ. «Ես միշտ ասում էի քեզ, որ այն ճշմարիտ է»: Այդ փորձառությունը փոխեց ինձ: Այն փոխեց իմ կյանքը: Այն սկսեց հավատքի գործընթացը, ուխտի ճանապարհին լինելու գործընթացը և փորձել անել ավելին, փորձել անել ավելի լավ: Գոտեբորգում էր, որ ես սովորեցի ապաշխարել: Գոտեբորգում էր, որ ես սկսեցի հիանալ անհատներով, ովքեր մեծարում էին իրենց կոչումները, և տքնաջան աշխատում էին Աստծո արքայությունը կառուցելու համար: Այնտեղ էր, որ ես սկսեցի հիանալ Աստծո հավատարիմ Սրբերով՝ անկախ նրանց ապրելու վայրից: Գոտեբորգը և այն շենքը, որտեղ մենք հանդիպեցինք Վիկտորիագատանի վրա, դարձել են հատուկ վայրեր ինձ համար:

Ալմայի վաղ նորադարձների մասին կարդում ենք. «Եվ եղավ այնպես, որ այս բոլորն արվեց Մորմոնում, այո, Մորմոնի ջրերի մոտ՝ անտառում, որը Մորմոնի ջրերի մոտ էր. այո, Մորմոն վայրը, Մորմոնի ջրերը, Մորմոնի անտառը, որքան գեղեցիկ են դրանք նրանց աչքում, ովքեր այնտեղ եկան իրենց Քավչի իմացությանը. այո, և որքան օրհնված են նրանք, քանզի նրանք պիտի երգեն, ի գովք նրա, հավիտյան»:4

Գոտեբորգում էր, որ ես սկսեցի ճանաչել իմ Քավիչին: Գոտեբորգն ու Վիկտորիագատանը դարձան իմ «Մորմոնի Ջրերը»:

Քույր Ռենլանդ. Որտե՞ղ եք սկսել ճանաչել ձեր Քավիչին: Ինչպե՞ս եք ձեզ զգացել: Եթե մոռացել եք, մենք հորդորում ենք ձեզ հիշել և հորդորել նրանց, ում ուսուցանում եք, հիշել, թե ինչ էին զգում: Այս գիտելիքն ու այս զգացումները հավատքի սկիզբն են:

Հավատքը ընտրություն է, որ յուրաքանչյուրը պետք է կատարի: Հավատքը պարզապես քմահաճ ցանկություն չէ ինչ-որ ճիշտ բանի, և տարօրինակ համոզում ինքդ քեզ, որ դա այդպես է: Հավատքը հավաստիացում է բաների գոյության վերաբերյալ, որոնք մենք չենք տեսել մարմնացած: Այն գործողություն ներառող սկզբունք է: Հավանաբար կարող է ասվել, որ հավատքը մեր նախամահկանացու գոյության հոգևոր հիշողության տեսակ է:

«Հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի շուրջը, որպեսզի առաջնորդի մարդուն դեպի փրկություն: … Հավատքը բռնկվում է ավետարանը լսելով, որն ուսուցանվում է Աստծո կողմից [ձեզ նման] լիազորված ղեկավարների կողմից: Հրաշքները հավատք չեն առաջացնում, այլ ամուր հավատքը զարգանում է Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելով: Այլ կերպ ասած հավատքը գալիս է արդար ապրելուց»:5 Հավատքը չի գալիս Աստծուց նշաններ պահանջելով, այլ հնազանդվելով և հետևելով Նրա պատվիրաններին:

Երեց Ռենլանդ. Աստված ցանկանում է, որ մենք հավատք ունենանք։ Նա ցանկանում է, որ մենք հավատք ունենանք, որպեսզի Նա կարողանա օրհնել մեզ: Ալման ասաց խոնարհ Զորամացիներին. «Եվ այժմ, ահա, ես ասում եմ ձեզ, և ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ Աստված ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են նրա անունին. հետևաբար, նա ցանկանում է, առաջին հերթին, որ դուք հավատաք, այո, այսինքն՝ իր խոսքին»:6

Հավատը բանալի է, որը բացում է Աստծո գթության դռները: Հետո Ալման ուսուցանեց, որ մարդը պետք է որոշի, որ ինքը ցանկանում է հավատք ունենալ, իսկ հետո գործել հավատով, նախքան այն կաճի: Ալման շարունակում է. «Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին»:7

Որպեսզի հավատքը աճի, մարդը պետք է որոշի հավատք ունենալ: Մարդը պետք է ցանկանա հավատք ունենալ: Մարդը պետք է գործի հավատքով:

Քույր Ռենլանդ. Հավանաբար ցուցադրումը կլուսաբանի այս տեսակետը: Մենք այստեղ մի տախտակ ունենք, որի մեջ մի մեխ կա խփված: Մենք նաև ունենք 12 լրացուցիչ մեխեր: Այսպիսով, թանկագինս, ես աշխատանք ունեմ ձեզ համար: Կդնե՞ք մյուս բոլոր 12 մեխերը այն մեխի վրա, որը մեխված է տախտակին:

Երեց Ռենլանդ. Ասացեք ինչպե՞ս:

Քույր Ռենլանդ: Արդյո՞ք դա հնարավոր է: Դե, ահա դուք ունեք մեկ հատ: Ձեզ անհրաժեշտ է ևս 11-ը: Այս գլուխկոտրուկի վրա աշխատելիս, ոմանք գուցե փորձեն մի մեխ դնել վրան, իսկ հետո հրաժարվեն, հասկանալով, որ հաջորդ քայլն անհնար է:

Երեց Ռենլանդ. Դուք ծամոն ունե՞ք:

Քույր Ռենլանդ. Կարելի է մտածել որ հնարավոր չէ կատարել հաջորդ քայլը: Շատ մարդիկ դադարում են փորձել, մտածելով. «Անհնար է»:

Բայց եթե դուք փոխարենը ասեք. «Արդյո՞ք հնարավոր է», գուցե կամենաք կատարել հաջորդ մոտեցումը: Փորձեք այս ձևով: Մի մեխը դրեք ձեր դիմաց: Հիմա դրեք մեկ այլ մեխ առաջին մեխին խաչաձև՝ սուր ծայրով դեպի ձեզ: Դրեք հաջորդ մեխը առաջին մեխին խաչաձև՝ սուր ծայրով ձեզ հակառակ: Շարունակեք տեղադրել բոլոր մեխերը առաջին մեխին խաչաձև այս հաջորդականությամբ՝ բացի վերջինից:

Երբ այդպես վարվեք, կտեսնեք, որ հատուկ եղանակ գոյություն ունի: Դուք սկսում եք մտածել. «Գուցե հնարավոր է»: Ձեր հույսն աճում է: Վերջապես, դուք համարյա ավարտեցիք:

Երեց Ռենլանդ. Իմ հույսն իրոք աճեց:

Քույր Ռենլանդ. Ի վերջո, դրեք վերջին մեխը առաջին մեխի վերևում՝ դրան զուգահեռ, բայց խաչաձև մյուս մեխերին: Ճի՛շտ է: Հենց այդպես: Հիմա, ձեռք տալով միայն տակի մեխին, բարձրացրեք դրանք բոլորը և տեղադրեք ներքևի մեխը այն մեխի վրա, որը տախտակի մեջ էր:

Երբեմն առաջին փորձը չի հաջողվում: Ուստի դուք պետք է փորձեք երկրորդ անգամ: Հետևեք նույն հատուկ եղանակին: Վերջին մեխը խաչաձև դրեք գագաթին և շատ զգույշ եղեք:

Երեց Ռենլանդ. Դուք դա նախկինում չեք ասել:

Քույր Ռենլանդ. Բարձրացրեք բոլոր մեխերը և հավասարակշռեք դրանք: Հրաշալի է: Երբ գիտեք՝ ինչպես անել դա, լուծումը ակնհայտ է թվում:

Երեց Ռենլանդ. Մի՛ շնչեք:

Նույնը ճշմարիտ է վկայություն ձեռք բերելու հարցում: Երբ գիտեք, թե ինչպես պատասխան ստանալ Աստծուց, այդ դեպքում արդյունքը որոշակի է թվում: Սա հաստատված է Մորմոնի Գրքում, խոստում, որին իմ ամուսինը հետևեց, երբ 11 տարեկան էր, և մենք բոլորս հետևեցինք, երբ ձեռք բերեցինք մեր վկայությունները: «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:8

Երբ սկսեք հետևյալ հարցով. «Կարո՞ղ են այս բաները ճշմարիտ չլինել»,- այն կհանգեցնի հավատքի: Երբ սկսեք հարցով. «Սա կարո՞ղ է կեղծ չլինել», այն կհանգեցնի կասկածի: Իսկ կասկածը երբեք չի հանգեցնում հավատքի:

Երեց Ռենլանդ. Մի առիթով մասնակցում էի մի ցցի համաժողովի, երբ ցցի նախագահը խնդրեց ինձ այցելել մի մարդու, որին ես Սթիվեն կանվանեմ: Սթիվենը եղել էր Եկեղեցու հավատարիմ անդամ: Նա վերադարձած միսիոներ էր և ամուսնացել էր տաճարում: Նա երկար տարիներ հավատարիմ ծառայել էր, բայց սկսել էր կասկածներ ունենալ Եկեղեցու վերաբերյալ: Երբ այցելեցի Սթիվենին, նա ասաց, որ խնդիրներ ուներ այն փաստի վերաբերյալ, որ Ջոզեֆ Սմիթը գրել կամ թելադրել էր Առաջին Տեսիլքի չորս տարբերակներ: Նա կարծում էր, որ սա կարող էր նշանակել, որ Ջոզեֆ Սմիթը հորինել էր այն:

Ես Սթիվենին խնդրեցի կապվել այն մարդու հետ, ով աշխատում էր Եկեղեցու Պատմության բաժանմունքում, և տասնամյակներ առաջ հետազոտել էր այդ չորս տարբերակները: Սթիվենն այցելեց հետազոտողին: Հաջորդ անգամ, երբ խոսում էի Սթիվենի հետ, ասացի. «Դե, ինչպե՞ս ես վերաբերվում Առաջին Տեսիլքին»:

Նա ասաց. «Դե, լավ եմ վերաբերվում, քանի որ գտա իմ հարցերի պատասխանը»: Այն այլևս չի անհանգստացնում ինձ: Բայց հիմա ես իրոք անհանգստացած եմ բազմակնություն վերաբերյալ, որը կիրառվում էր Նավուում և 1890թ.-ի պաշտտոնական հայտարարությունից հետո: Դա իրոք անհանգստացնում է ինձ»:

Ես խնդրեցի Սթիվենին այցելել մեկ ուրիշին Եկեղեցու Պատմության բաժանմունքում: Այդ որոշումից հետո ես կապվեցի Սթիվենի հետ և հարցրի՝ ինչպես էին նրա գործերը:

Նա ասաց. «Դա ինձ այլևս չի անհանգստացնում: Ես հասկանում եմ, թե ինչ է պատահել և իմ մտահոգություններն անհետացան: Բայց ես հիմա իրոք անհանգստացած եմ, որ քահանայությունը մերժվել է սևամորթներին»:

Քույր Ռենլանդ. Սթիվենը նման էր շատ մարդկանց: Նա ընտրել էր լինել հավերժ կասկածող: Ժամանակն առաջ էր ընթանում, և երբ լուծվում էր մի մտահոգությունը, գտնվում էր հաջորդը: Նշանակություն չունի, թե որքան էր ինչ-որ մեկը փորձում արձագանքել և պատասխանել այդ հարցերին, նա գտնում էր մեկ այլ թեմա, որի վերաբերյալ հայտնում էր իր կասկածը: Այն, ինչ Սթիվենն անում էր, նման էր «whack-a-mole» խաղի եկեղեցական տարբերակին: Դուք գիտեք այդ մանկական խաղը, որտեղ խլուրդը հայտնվում է խաղատախտակին, և հենց որ դուք հարվածում եք դրան, այն հայտնվում է մեկ այլ տեղում:

Իրավիճակը լրիվ տարբեր էր մի կնոջ համար, ում մենք հանդիպեցինք Լուբումբասիում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն): Նրա անունը Անգելիք է: Նա վերադարձած հավատարիմ միսիոներ էր: Նա ամուր վկայություն ուներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Նա սիրում էր Մորմոնի Գիրքը: Նա սիրում էր այն ամենը, ինչը կապված էր Եկեղեցու հետ:

Երբ հանդիպեցինք նրան, նա կարդում էր մի գիրք, գրված Եկեղեցու ղեկավարներից մեկի կողմից, նախքան Եկեղեցու ղեկավար դառնալը: Գիրքը գրվել էր նախքան 1978թ.-ի քահանայության մասին հայտնությունը և առաջարկում էր այն միտքը, որ նախամահկանացու գոյության ժամանակ կատարած որոշ բաների պատճառով սևամորթները վեհացում չեն ստանա: Անգելիքը օգնություն էր խնդրում, որ հասկանա, թե դա ինչու պետք է այդպես լիներ: Տասներկուսի Քվորումի ներկայիս անդամներից մեկն ասել էր, որ Եկեղեցու այդ նախկին ղեկավարը սխալ էր, և նա պարզապես արտահայտել էր իր կարծիքը, որը ճիշտ չէր: Անգելիքը բավարարված էր պատասխանով: Նա գործել էր հավատքով, մնալով ուխտի ճանապարհին և վստահելով Աստծուն:

Երեց Ռենլանդ. Կասկածը երբեք հավատքի ավետաբերը չի եղել: Լույսի արարումը կախված չէ խավարից: Երբ Պետրոսը սուզվում էր ջրի վրա քայլելու փորձ անելուց հետո, նրան չէր ասվել. «Օ՜, Պետրոս, եթե միայն դու ավելի շատ կասկած ունենայիր»: Ոչ, նրան ասվեց. «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր»:9

Lectures on Faith-ում բացատրված է հավատքի և կասկածի միջև տարբերությունները. «Եվ որտեղ կա կասկած և անորոշություն, այնտեղ հավատք չկա, ոչ էլ կարող է լինել: Քանի որ կասկածն ու հավատը գոյություն չունեն նույն մարդու մեջ միաժամանակ, ուստի այն մարդը, որի մտքերը կասկածների ու վախերի տակ են, չի կարող ունենալ աներեր վստահություն, իսկ որտեղ չկա աներեր վստահություն, այնտեղ հավատքը թույլ է, իսկ որտեղ հավատքը թույլ է, մարդիկ չեն կարողանա պայքարել այն բոլոր ընդդիմության, փորձանքների և դժբախտությունների դեմ, որոնց նրանք ստիպված են դիմակայել, որպեսզի դառնան Աստծո ժառանգներ և միացյալ ժառանգներ Հիսուս Քրիստոսի հետ, նրանք կհոգնեն իրենց մտքում և հակառակորդը զորություն կունենա նրանց վրա և կկործանի նրանց»:10

Ահա թե իրականում ինչ պատահեց Սթիվենի հետ: Նա թույլ տվեց, որ կասկածն ու անորոշությունը զբաղեցնեն իր միտքը: Ժամանակի ընթացքում նա ուժ չունեցավ դիմակայել մարտահրավերներին, որոնց բախվում են Եկեղեցու անդամները: Նա հոգնեց իր մտքում և նրա հավատն անհետացավ:

Քույր Ռենլանդ. Խնդիր չէ, երբ հարց ունեք Եկեղեցու և նրա վարդապետությունների վերաբերյալ: Հավերժական կասկածող լինելն է խնդիր: Ջոզեֆ Սմիթը հասկացավ այդ, երբ կարդաց. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»:11

Բայց հատվածը շարունակվում է այսպես. « Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու»:12

Այլ կերպ ասած՝ հարցրեք Աստծուց, առանց կասկածելու, որ Նա կպատասխանի ձեզ: Հատվածը շարունակվում է. «Որովհետեւ երկմտողը [կասկածողը] նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։ Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ: Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը»:13

Որպեսզի ստանանք այնպիսի պատասխան, որը փնտրում էր Ջոզեֆ Սմիթը, այնպիսի պատասխան, որի պակասը մենք ունենք, մենք պետք է Աստծուն մոտենանք հավատացող սրտով ու մտքով, ցանկանալով, որ Աստծո բաները հայտնի դարձվեն մեզ:

Երեց Ռենլանդ. Մենք սիրում ենք արտահայտությունը, որն արվել է Երեց Ջոն Ա. Վիդսոի կողմից, ով վաղ շրջանի Առաքյալ էր Նորվեգիայի տնտեսությունում: Ես կվերաձևակերպեմ այն, ինչ նա արտահայտիչ կերպով ասել է. «Եթե կասկածը չի փոխակերպվում տեղեկություններ հավաքելուն [ճշգրիտ աղբյուրներից], արժեք և գին չունի այս աշխարհում: … Կասկածող լինելու հանգամանքով հպարտանալով, … լճացած կասկածողը, ով ինքնաբավ է, դժկամությամբ է համապատասխան ջանքեր գործադրում, որպեսզի գին վճարի աստվածային բացահայտման համար, անխուսափելիորեն հասնում է անհավատության և ճահճոտ խավարի: Նրա կասկածները թունավոր սնկերի նման աճում են նրա մտավոր և հոգևոր սենյակների աղոտ ստվերներում: Վերջապես, կույր, ինչպես խլուրդն իր որջում, նա սովորաբար պատճառը փոխարինում է ծաղրով, իսկ աշխատանքը՝ անգործությամբ: Պարզագույն ճշմարտությունը այս բոլոր կասկածների գումարի արժեքն է: … Կասկածը սխալ չէ, եթե այն չի դառնում կյանքի վերջը: Այն հասնում է բարձրագույն արժանապատվության մակարդակի, երբ դառնում է որոնում եռանդուն, աստվածային ճշմարտության կիրառման համար: Այն կասկածը, որը սնվում ու աճում է ինքն իրենով ու համառ անգործությամբ, ծնում է ավելի շատ կասկած, հանդիսանում է չարիք»:14

Երեց Վիդսոի խոսքերը դեռևս ճշմարիտ են: Լճացած կասկածը չի տանում դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճանաչողության, այն չի հանգեցնում իմացությանը, որ մենք ունենք սիրառատ Երկնային Հայր: Մենք կարող ենք ճանաչել այս վերջին օրերի աշխատանքի ճշմարտացիությունը, բայց այն պահանջում է, որ մենք ընտրենք հավատը, ոչ թե կասկածը և մեր պատասխանների համար դիմենք ճշմարիտ աղբյուրների: Սա պահանջում է, որ մենք հասկանանք, որ ընտրությունը մերն է: Արտաքին ուժերը չեն, որ ստիպում են մեզ մեր կյանք ընդունել Հիսուս Քրիստոսի Քավությունը և փրկող արարողությունները: Մենք ենք ընտրում վստահել Աստծուն:

Քույր Ռենլանդ. Երբեմն մենք ստիպված ենք որոշում կայացնել, թե արդյոք ինչ-որ բան ճիշտ է: Մորմոնը մեզ օրինակ է տալիս հետևելու. «Ուստի, բոլոր բաները, որոնք բարի են, գալիս են Աստծուց. իսկ այն, ինչ չար է, գալիս է դևից. …Բայց ահա, այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք. ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց: … Քանզի ահա, իմ եղբայրնե՛ր, ձեզ տրված է դատել, որպեսզի դուք կարողանաք բարին տարբերել չարից. և դատելու ուղին այնքան պարզ է, որ դուք կարող եք տարբերել մի կատարյալ իմացությամբ, ինչպես ցերեկը խավար գիշերից: Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ՝ դա Աստծուց է: Բայց ինչ բան, որ համոզում է մարդկանց գործել չարիք, և չհավատալ Քրիստոսին, և ուրանալ նրան, և չծառայել Աստծուն, այդ դեպքում դուք կարող եք իմանալ մի կատարյալ իմացությամբ՝ դա դևից է»:15

Այսպիսով, այն պարզ է: Եթե ընտրությունը առաջնորդում է ձեզ բարի գործերի և Քրիստոսի հանդեպ հավատքի, այն Աստծուց է: Եթե ընտրությունը հրապուրում է ձեզ չարիք գործել և մերժել Քրիստոսին, այն դևից է: Երբ կանգնում եք ուխտի ճանապարհին, կարող եք իմանալ, որ այն բաները, որոնք հեռացնում են ձեզ ճանապարհից, համոզում են ձեզ չհավատալ Քրիստոսին, սխալ են: Այն բաները, որոնք համոզում են ձեզ հավատալ Աստծուն, սիրել Նրան և պահել Նրա պատվիրանները, Աստծուց են:

Երեց Ռենլանդ. Հետաքրքիր է, թե մարդն ինչպես է արձագանքում հոգևոր հուշումներին. դա կախված է այն բանից՝ արդյո՞ք նա ընտրում է հավատալ, թե կասկածել: Դուք հիշում եք Գործք Առաքելոցի 2-րգ գլուխը, երբ Առաքյալները պատրաստվում էին աղոթել: Նրանք երկնքից մի ձայն լսեցին, որը նման էր սրընթաց հզոր քամու: «Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։ … Եւ երբոր այս ձայնը եղաւ, բազմութիւնն եկաւ մէկտեղ եւ կիտուեցաւ. Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին։ Եւ ամենքը հիանում էին եւ զարմանում, եւ իրար ասում էին. Չէ՞ որ ահա սորանք ամենքը, որ խօսում են, Գալիլեացի են։ Եւ ի՞նչպէս մենք ամեն մէկս մեր լեզուովը լսում ենք որ նորանում ծնուած ենք»:16

Այս հրաշալի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որ շատերը դարձի գան: Բայց ուրիշներն այլ կերպ արձագանքեցին: Մենք կարդում ենք. «Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, Քաղցուով արբած են»:17

Հոգին նույնն էր, Սուրբ Հոգին էր հեղվում այս գալիլեացի Առաքյալների վրա, ովքեր քարոզում էին Հիսուս Քրիստոսին: Պենտեկոստեի օրը Հոգին առատությամբ հեղվում էր, և սակայն ոմանք ծաղրում էին նրանց, ովքեր դարձի էին եկել և հիմնավորել՝ ինչու: Արդյունքում, նրանք բաց թողեցին իրադարձություններով լի Սուրբ Հոգու այս հեղումը: Ի՞նչն էր տարբերությունը։ Դա նրանց ընտրությունն էր: Նրանք, ովքեր ընտրեցին հավատքը և կամոզմունքը կասկածի փոխարեն, ունեցան սքանչելի հոգևոր փորձառություն, որը հանգեցրեց դարձի:

Քույր Ռենլանդ. Ալման նույնպես խոսել է այս մասին: Նա ասել է. «Եվ հետևաբար, ով կկարծրացնի իր սիրտը, նա կստանա խոսքի նվազագույն բաժինը. իսկ ով չի կարծրացնի իր սիրտը, նրան տրվում է խոսքի ավելի մեծ բաժինը, մինչև որ նրան տրվում է իմանալու Աստծո խորհուրդները՝ մինչև որ նա իմանա դրանք լիովին: Եվ նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերը, նրանց տրվում է խոսքի նվազագույն բաժինը, մինչև որ նրանք ոչինչ չեն իմանում նրա խորհուրդների մասին. և հետո նրանք գերի են վերցվում դևի կողմից և տարվում նրա կամքով վար՝ դեպի կործանում»:18

Վերադառնանք մեր առակին. ովքեր ընտրեցին մնալ հին, փոս ընկած, ճաքճքած ներկով նավի վրա, նրանք են, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը: Նրանք կանգնում են ուխտի ճանապարհին և մնում են ուխտի ճանապարհին: Հետո, ովքեր տոկում են մինչև վերջ, նրանց վրա տարածվում է հավերժական կյանքի խոստումը: Սա մեծագույն պարգևն է, որ Աստված կարող է տալ: Այս գործընթացի միջոցով է, որ ճանաչում ենք Քրիստոսին, ճանաչում ենք Նրա կենդանի իրականությունը և ճանաչում ենք Նրա սերն ու ողորմածությունը: Այս հոգևոր պարգևը տրված է բոլոր նրանց, ովքեր արժանի են դրան:

Վարդապետություն և Ուխտերում ասվում է. «Ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար: Մյուսներին տրված է հավատալ նրանց խոսքերին, որ նրանք նույնպես կարողանան հավերժական կյանք ունենալ, եթե հավատարմորեն շարունակեն»:19

Երեց Ռենլանդ. 2009թ. ապրիլին ես հաստատվեցի որպես Եկեղեցու Բարձրագույն Իշխանավոր: 2009թ. հոկտեմբերին ինձ խնդրեցին ելույթ ունենալ գերագույն համաժողովին: Սա Եկեղեցու «նոր Բարձրագույն Իշխանավորի խոնարհեցման ծրագրի» մասն է: Ես անհանգիստ էի՝ արդյոք հայրս կկարողանա լսել համաժողովը: Նա իր ողջ կյանքում տքնաջան աշխատել էր որպես հյուսն և շինարար, և 92 տարեկանում ողնաշարի լուրջ հիվանդություն ուներ: Նա չկարողացավ գալ Համաժողովների Կենտրոն: Ուստի քույրերիցս մեկը կազմակերպեց, որ նա կարողանա հեռուստացույցով դիտել նիստը Սոլթ Լեյք Սիթիի իր տանը:

Համաժողովից հետո ես գնացի նրա տուն, տեսնելու, թե նա ինչ էր մտածում իմ ելույթի մասին: Նա քչախոս էր և մեծահոգի չէր հաճոյախոսությունների հարցում:

Ես ասացի. «Հայրի՛կ, տեսա՞ր համաժողովը»:

Նա ասաց. «Այո»։

Ես ասացի. «Հայրի՛կ, լսեցի՞ր իմ ելույթը»:

Նա ասաց. «Այո»։

Ես ասացի. «Դե՛, հայրիկ, ի՞նչ ես մտածում»

Նա ասաց. «Օ՜, շատ լավ էր: Ես համարյա հպարտ էի»: Եվ դա նրա երբևէ ասած լավագույն հաճոյախոսությունն է:

Բայց հետո ես իմացա, որ նա մի փոքր ցրված էր, քանի որ ցանկանում էր ինձ պատմել իր նախորդ օրվա երազը: Նա երազներ չէր տեսնում: Նա երբեք երևակայական երազներ չէր տեսնում: Նա երբեք սուտ չէր խոսում: Նա միշտ կոպիտ էր և աննրբանկատորեն ազնիվ: Նա ասաց. «Երազումս տեսա, որ ես մահացել եմ և տեսա Փրկիչ Հիսուս Քրիստոսին»: Նա առավ ինձ Իր բազուկների մեջ և ասաց, որ իմ մեղքերը ներված են: Դե՛յլ, և ես այնքան լավ էի զգում»: Սա այն էր, ինչ նա ասաց, և ես այլևս հարցեր չտվեցի: Նա մահացավ երկու ամիս անց, երբ Ռութն ու ես Մադագասկարում էինք:

Իմ հայրը միացել էր Եկեղեցուն Լարսմոյում (Ֆինլանդիա) 24 տարեկան հասակում և իր կյանքն ապրել էր համաձայն այն լույսի և գիտելիքի, որ ստացել էր: Նա միշտ անում էր այն, ինչ նրան խնդրում էին: Նա դարձավ արժանի Սուրբ հոգու պարգևին, իմանալով, որ Հիսուսը Քրիստոսն է և խաչվեց աշխարհի մեղքերի ու իր մեղքերի համար: Այս պարգևին արժանանալը կախված չէ սեռից և քահանայության պաշտոնից: Այն կախված է այդ պարգևին արժանանալու համար կատարված հավատքի և ուխտի ճանապարհի ընտրությունից:

Քույր Ռենլանդ. Երբ օգնում եք մարդկանց հաղթահարել կասկածը և հավատք գործադրել, դուք իրականացնում եք այն, ինչ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հորդորել է մեզ անել Եկեղեցում: Նա ասել է․ «Աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի։2 Ընդունելով այս հրավերը, մենք հավատք ենք դրսևորում:

Երբ դուք ուսուցանում եք, նաև օգնում եք նրանց, ովքեր հեռացել են ուխտի ճանապարհից: Դուք ուսուցանում եք նրանց, նրանց երեխաներին, թոռներին և ծոռներին: Տերը հորդորել է. «Քանզի այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոցը»:21

Սա մեր Եկեղեցում մեծագույն լավատեսության ժամանակն է: Ճշմարտությունը, որը թաքնված էր դարերով, բացահայտված է: Սուրբ տաճարները ուղենշում են երկրագունդը: Միսիոներները քարոզում են մեծ ուրախության պատգամը համարյա բոլոր ազգերի մեջ: Որպես Սրբերի մարմին կամ աշակերտներ, մենք միաբան ենք «սուրբ ուղիով» սպասավորելու գործում, ինչպես Նախագահ Նելսոնն է խրախուսել, և Տերն է արագացնում Իր «աշխատանքն իր ժամանակին»:22 Այգու Տերը նույնպես կաշխատի մեզ հետ:23 Պատգամը, որն ուսուցանում եք, մեծ ուրախության ու երջանկության պատգամ է, որը օրհնություն է հավատարիմների համար:22

Երեց Ռենլանդ. Որպես Տասներկուսի Քվորումի անդամ, իմ առաջին պարտականությունն է եղել գնալ և ասել Եկեղեցու Պատմության բաժանմունքին, որ ես փոխարինելու եմ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդին՝ որպես իրենց բաժանմունքի խորհրդատու: Ինչպես կարող եք պատկերացնել, եղավ «լացն ու կոծը, և ատամների կրճտոցը»,25 երբ նրանք իմացան, որ իրենց սիրելի խորհրդատուն պետք է փոխարինվի: Թաց անձեռոցիկների պակաս զգացվեց:

Որպես Եկեղեցու Պատմության բաժանմունքի խորհրդատու, իմ հանձնարարության մի մասն էր՝ կարդալ Ջոզեֆ Սմիթի գրվածքների բոլոր հատորները: Ես նաև կարդացել եմ Եկեղեցու պատմության նոր ժողովածուի առաջին հատորը Սրբերը վերնագրով: 26 Կարդալով այն ամենը, ինչը Ջոզեֆ Սմիթը երբևէ գրել էր կամ հաղորդել, պարզապես ամրացրեց իմ վկայությունը նրա դերի մասին՝ որպես Աստծո կողմից ընտրված մարգարեի, որ վերականգնի Իր աշխատանքը երկրի վրա:

Ջոզեֆ Սմիթը երբեք հանդես չի եկել որպես ինքնակոչ մարդ, ով անտեսում է խաբեությունը: Ջոզեֆ Սմիթը հստակ հավատում էր, որ տեսել այն, ինչ ինքն ասում էր, որ տեսել էր. Մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Մորոնիին, Հովհաննես Մկրտիչին, Հակոբոսին և Հովհաննեսին, Մովսեսին, Եղիասին ու Եղիային: Նա հստակ վարվում էր ինչպես մեկը, ով ուներ ոսկե թիթեղները և թարգմանել էր այդ հնադարյան տեքստերը Աստծո պարգևով ու զորությամբ: Նա հստակ վարվում էր ինչպես մեկը, ով հայտնություն էր ստացել անձամբ Հիսուս Քրիստոսից: Նա հստակ վարվում էր ինչպես մեկը, ով ստացել էր Ահարոնյան քահանայությունը և քահանայության բանալիները:

Ավելի հզոր և հուսալի ուղիներով ես գիտեմ, քան իմ հինգ զգայարանները կարող են թելադրել և արտահայտել, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է այն, ինչ նա ասում էր, որ տեսել էր, թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով ու զորությամբ, և ստացավ քահանայությունն իր ուղեկցող բանալիներով մարդկության փրկության համար: Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Ես գիտեմ, որ այդ բանալիները երկրի վրա են այսօր, որ Նախագահ Նելսոնը Ջոզեֆ Սմիթի իրավահաջորդն է երկրի վրա:

Այն, ինչը մենք համարեցինք ճեղքեր և ճաքճքած ներկ նավի վրա, կարող է դառնալ աստվածայնորեն մաքրագործված և աստվածայնորեն թելադրված՝ հավերժության հեռանկարից: Կամ Տիրոջ ձեռքը կա ճեղքերի ու ճաքճքած ներկի մեջ, կամ Նա օգտագործում է է դրանք Իր սեփական նպատակների համար: Ես գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը ուղղորդում է Իր աշխատանքը այժմ Երկրի վրա: Նրա ծառաները Նրան լավ են ճանաչում: Ես ճանաչում եմ Նրան։

Քույր Ռենլանդ. Ես երախտապարտ եմ, որ կարող եմ ավելացնել իմ վկայությունը, որ Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Երբ մենք հավատք, այլ ոչ թե կասկած ենք գործադրում Նրա քավիչ զոհաբերության և այդ Քավության պտուղների հանդեպ, մեր կյանքը հավերժ օրհնվում է: Ես երախտապարտ եմ, որ Նա վերականգնել է Իր Եկեղեցին այսօր լիակատար օրհնություններով, որոնք երբևէ հասանելի են Աստծո զավակներին երկրի վրա:

Երեց Ռենլանդ. Ուղերձը, որը մենք ունենք, հետևյալն է՝ «Մի կասկածեք, այլ եղեք հավատացող»:27 Երեց Ռենլանդ. Ես այստեղ եմ՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ: Ես այստեղ եմ՝ բերելու իմ հատուկ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, որ նա ապրում է և Փրկիչն է աշխարհի: Ես բերում եմ իմ վկայությունը Նրա հրաշալի կարեկցանքի, սիրո և հոգացող մտահոգության մասին Աստծո բոլոր զավակների համար: Ես վկայում եմ իմ և ձեզ համար արված Նրա անզուգական քավիչ զոհաբերության մասին: Երբ ես ճանաչեցի Փրկիչին, իմացա նրա մեծ բաղձանքի մասին՝ նորոգել ամեն բան, բժշկել վերքերը և ամոքել կոտրված սրտերը: Սրանք Նրա նշանավոր հատկանիշների թվում են:

Անշուշտ, ես աղոթում եմ, որ Աստծո լիառատ օրհնությունները հեղվեն ձեզ վրա, ձեր ընտանիքիների վրա, ձեր ուսանողների վրա, որ դուք օգնեք այդ ուսանողներին հավատ զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ, որ նրանց ասե՝ «Մի կասկածեք, այլ եղեք հավատացող», Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: