2010–2019 թթ․
Դա՝ մարդիկ են:
2018թ․ ապրիլ


Դա՝ մարդիկ են:

Դա դուք եք՝ Տիրոջ հետևորդները, նրանք, ովքեր սիրում և հետևում են Նրան ևՆրա անունը իրենց վրա են վերցրել:

Պատրաստվելով Փարիզ Ֆրանսիա հրաշալի տաճարի շինարարությանը, ես մի փորձառություն ունեցա, որը երբեք չեմ մոռանա: 2010 թվականին, երբ տաճարի գույքն արդեն պատրաստ էր, քաղաքապետը մեզ հրավիրեց հանդիպման՝ Եկեղեցու մասին ավելին իմանալու նպատակով: Դա շենքի թույլտվության ձեռքբերման համար կարևոր հանդիպում էր: Մենք մանրակրկիտ պրեզենտացիա էինք պատրաստել, որը ներառում էր Վերջին Օրերի Սուրբ տաճարների մի քանի տպավորիչ նկարներ: Ես հույս էի փայփայում, որ տաճարների ճարտարապետական գեղեցկությունը համոզիչ կլիներ քաղաքապետի համար, որ աջակցեր մեր ծրագրին:

Ի զարմանս ինձ, քաղաքապետն ասաց, որ մեր պատրաստածը դիտելու փոխարեն նա իր թիմով նախընտրում է անցկացնել սեփական հետազոտությունը` պարզելու համար, թե ինչպիսի եկեղեցի ենք մենք: Հաջորդ ամիս մեզ հրավիրեցին կրկին հանդիպել և լսել քաղաքային խորհրդարանի անդամի զեկույցը: Այդ կինը կրոնի պատմության պրոֆեսոր էր: Նա ասաց. «Մենք ուզում էինք հասկանալ, թե ովքեր են ձեր եկեղեցու անդամները: Նախ, ներկա գտնվեցինք ձեր հաղորդության ժողովներից մեկին: Մենք նստել էինք աղոթատան հետևի մասում և ուշադիր հետևում էինք անդամներին: Հետո մենք հանդիպեցինք ցցի տարածքում ապրող ձեր հարևանների հետ և հարցրեցինք նրանց, թե ինչպիսի՞ մարդիկ եք դուք՝ մորմոններդ»:

«Եվ, ո՞րն է ձեր եզրակացությունը»,- հարցրեցի ես մի փոքր անհանգստություն զգալով: Նա պատասխանեց. «Մենք հայտնաբերեցինք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ամենամոտն է Հիսուս Քրիստոսի նախնական Եկեղեցուն, քան մեր իմացած եկեղեցիներից որևէ մեկը»: Ես գրեթե ուզում էի առարկել, ասելով. «Դա ամբողջովին ճշգրիտ չէ: Ոչ թե՝ ամենամոտն է, այլ հենց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, նույն, ճշմարիտ Եկեղեցին»: Բայց ես զսպեցի ինձ, փոխարենը երախտագիտության լուռ աղոթք ասելով: Քաղաքապետը մեզ հայտնեց, որ իրենց եզրակացությունների հիման վրա նա և իր թիմի անդամները որևէ առարկություն չունեն իրենց համայնքում տաճարի կառուցման հարցում:

Այսօր, մտածելով այդ հրաշալի փորձառության մասին, ես երախտապարտ եմքաղաքապետի իմաստնության և խորաթափանցության ոգու համար: Նա գիտեր, որ Եկեղեցին հասկանալու բանալին շենքերի արտաքին տեսքը նայելու, կամ լավ կազմակերպված հաստատության անվան մեջ չէ, այլ դրա միլիոնավոր հավատարիմ անդամների մեջ է, որոնք ամեն օր ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին:

Եկեղեցու սահմանումը կարելի է ստանալ Մորմոնի Գրքի մի հատվածից, որտեղ ասվում է. «Եվ նրանք [Տիրոջ աշակերտները], ովքեր մկրտվեցին Հիսուսի անունով, կոչվեցին Քրիստոսի Եկեղեցի»:1

Այլ կերպ ասած, Եկեղեցին՝ դա մարդիկ են: Դա դուք եք՝ Տիրոջ հետևորդները, նրանք, ովքեր սիրում և հետևում են Նրան ևՆրա անունը իրենց վրա են վերցրել ուխտի միջոցով:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ Եկեղեցին նմանեցրել է մեքենայի:Մենք սիրում ենք մեքենան, երբ այն մաքուր է ու փայլուն: Բայց մեքենայի նպատակը գրավիչ փոխադրամիջոց լինելու մեջ չէ, այն նախատեսված է իր սրահում մարդկանց տեղափոխելու համար:2 Նույն կերպ, մենք, որպես Եկեղեցու անդամներ, գնահատում ենք երկրպագելու համար գեղեցիկ վայրեր ունենալը, որոնք մաքուր են և լավ պահպանված, ինչպես նաև վայելում ենք լավ ծրագրերը: Բայց սրանք ուղղակի օգնող համակարգեր են: Մեր միակ նպատակն է հրավիրել Աստծո յուրաքանչյուր որդուն և դստերը գալ Քրիստոսի մոտ և առաջնորդել նրան ուխտի ճանապարհին: Ավելի կարևոր բան չկա: Մեր աշխատանքն ամբողջությամբ՝ մարդիկ են և ուխտերը:

Զարմանալի չէ՞, որ վերականգնված Եկեղեցու հայտնությամբ տրված անունը իրար է կապում յուրաքանչյուր ավետարանական ուխտի երկու կարևորագույն տարրերը: Առաջին անունը՝ Հիսուս Քրիստոսն է: Այս Եկեղեցին պատկանում է Նրան և Նրա սրբագործող Քավությունը և ուխտերը միակ ճանապարհն է դեպի փրկություն և վեհացում: Երկրորդ անունը մեզ է վերաբերում.սրբեր, կամ այլ խոսքերով, Նրա վկաներ ևՆրա հետևորդներ:

Ես սովորեցի կարևորել մարդկանց, երբ ծառայում էի որպես ցցի նախագահ Ֆրանսիայում: Իմ ծառայության սկզբում ես շատ դժվար հասանելի նպատակներ ունեի ցցի վերաբերյալ. նոր ծխերի ստեղծում, նոր հավաքատների կառուցում և, նույնիսկ, մեր տարածքում տաճարի կառուցում:Վեց տարի հետո, երբ ինձ հետ կանչեցին, այդ նպատակներից ոչ մեկը չէր իրականացվել: Կարող էր բացարձակ ձախողում թվալ, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ այդ վեց տարիների ընթացքում իմ նպատակները զգալի փոխվել էին:

Կոչումից հետ կանչվելու օրը, ամբիոնի մոտ նստարանին նստած, ես լցվել էի երախտագիտության և հաջողության հասնելու մի բացառիկ զգացումով: Ես նայում էի հավաքված հարյուրավոր անդամների դեմքերին: Ես կարող էի վերհիշել նրանցից յուրաքանչյուրի հետ ունեցած հոգևոր փորձառությունը:

Այնտեղ էին այն եղբայրներն ու քույրերը, որոնք մտել էին մկրտության ջրերը, նրանք, ում համար ես ստորագրել էի առաջին երաշխավորագրերը, որպեսզի ստանան տաճարի սուրբ արարողությունները, և այն երիտասարդներն ու զույգերը, որոնց ես կարգել էի որպես լիաժամկետ միսիոներներ, կամ հետ էի կանչել այդ կոչումից: Կային շատ ուրիշներ, ում ես սպասավորել էի, երբ փորձությունների և դժվարությունների մեջ էին հայտնվել կյանքում: Ես եղբայրական մեծ սիրով էի լցված նրանցից յուրաքանչյուրի հանդեպ: Ես պարզ ուրախություն էի գտել նրանց ծառայելու մեջ և ուրախացել էի Փրկիչի հանդեպ նրանց հավատարմության և հավատքի աճով:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Մեր Եկեղեցու պարտականությունների մեջ ամենակարևորը վիճակագրությունը չէ, թե ինչպես են զեկուցել կամ վարել ժողովները, այլ անհատապես մարդիկ, որոնց անհատական կերպով է սպասավորվում, ինչպես Փրկիչն էր անում, որոնց օգնել ենք կամ քաջալերել և որոնք հիմնովին փոխվել են»:3

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք ակտի՞վ ենք ավետարանում, թե պարզապես զբաղված ենք Եկեղեցում: Կարևորը՝ Փրկիչի օրինակին հետևելն է բոլոր բաներում: Եթե դա անենք, մենք, բնականաբար, կզբաղվենք մարդկանց փրկելով, այլ ոչ թե հանձնարարություններ կատարելով և ծրագրեր իրականացնելով:

Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչպես կլիներ, եթե Փրկիչն այցելեր ձեր ծուխը կամ ճյուղը հաջորդ կիրակի: Ի՞նչ կաներ Նա։ Արդյոք կանհանգստանա՞ր Նա, թե դասարանում օժանդակ նյութերն ինչ վիճակում են, կամ աթոռները լա՞վ են դասավորված: Թե, Նա կնկատեր որևէ մեկի, ում ուշադրություն կդարձներ, կուսուցաներ և կօրհներ: Գուցե Նա կգտներ մի նոր անդամի կամ ընկերոջ ու կողջուներ նրանց, կգտներ որևէ հիվանդ եղբոր կամ քրոջ, ովքեր մխիթարության կարիք ունեն, կամ մի տատանվող երիտասարդի, ով օգնության ու քաջալերանքի կարիք ունի:

Ո՞ր դասարանները Հիսուսը կայցելեր: Ես չէի զարմանա, եթե նա Երեխաների Խումբն առաջին հերթին այցելեր: Հավանաբար Նա ծնկի կիջներ և կխոսեր նրանց հետ դեմ առ դեմ: Նա Իր սերը կարտահայտեր նրանց հանդեպ, պատմություններ կպատմեր, կգովեր նրանց իրենց նկարածների համար և կվկայեր Իր Երկնային Հոր մասին: Նրա վերաբերմունքը պարզ կլիներ, մաքուր ու առանց արհեստականությունների: Մենք կարո՞ղ ենք այդպես անել:

Ես խոստանում եմ ձեզ, որ եթե ձգտեք անել այն, ինչ Տերն է կամենում, ոչինչ ավելի կարևոր չի լինի, քան գտնել այն մարդկանց, ում կարող եք օգնել և օրհնել: Եկեղեցում դուք կկենտրոնանաք մարդկանց ուսուցանելու և նրանց սրտերը հուզելու վրա: Ձեր մտահոգությունը կլինի հոգևոր փորձառություն զարգացնելը, այլ ոչ թե կատարյալ գործունեություն կազմակերպելը, ձեր ընկերներին ծառայելը, այլ ոչ թե թղթի վրա այցելությունների քանակի դիմացի վանդակը նշելը: Այդ գործը չպետք է կենտրոնանա ձեր անձի շուրջ, այլ նրանց, ում մենք կոչում ենք եղբայրներ ու քույրեր:

Երբեմն մենք խոսում ենք Եկեղեցի գնալու մասին: Բայց Եկեղեցին ավելին է, քան պարզապես շենք կամ մի որոշակի վայր: Այն նույնքան իրական է և կենդանի անգամ աշխարհի ամենահեռավոր վայրերում, ինչպես այստեղ՝ Եկեղեցու գլխավոր վարչությունում Սոլթ Լեյք Սիթիում: Տերն անձամբ ասել է. «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ»:4

Մենք Եկեղեցին մեզ հետ ենք ունենում, ուր էլ որ գնում ենք` աշխատանքի, դպրոց, արձակուրդ և հատկապես՝ մեր տներում: Մեր ներկայությունն ու ազդեցությունը կարող են բավարար լինել, որպեսզի սուրբ դարձնենք այն վայրը, որտեղ գտնվում ենք:

Ես հիշում եմ իմ զրույցը մի ընկերոջ հետ, ով մեր հավատքից չէր: Նա զարմացել էր, երբ իմացավ, որ մեր Եկեղեցում ցանկացած արժանի տղամարդ կարող է քահանայություն ստանալ: Նա հարցրեց. «Իսկ քանի՞ քահանայություն կրողներ ունեք ձեր ծխում»:

Ես պատասխանեցի. «30-ից 40 հոգի»:

Խուճապահար, նա շարունակեց. «Իմ համայնքում մենք միայն մի քահանա ունենք: Ձեր ինչի՞ն են պետք այդքան քահանաներ կիրակի առավոտյան»:

Հետաքրքրված նրա հարցով ես ոգեշնչվածպատասխանեցի. «Ես համաձայն եմ ձեզ հետ: Չեմ կարծում, որ կիրակի օրը Եկեղեցում պետք են այդքան շատ քահանայություն կրողներ: Բայց քահանայություն կրողը հարկավոր է մեր տներից յուրաքանչյուրում: Երբ որևէ տանը չկա քահանայություն կրող, քահանայության մյուս կրողները կանչվում են հետևելու և սպասավորելու այդ ընտանիքին»:

Մերը միայն Կիրակի օրվա Եկեղեցի չէ: Մեր երկրպագությունը շարունակվում է շաբաթվա յուրաքանչյուր օր, որտեղ էլ որ լինենք, ինչ էլ որ անենք: Մեր տները, մասնավորապես, «մեր հավատքի հիմնական սրբատեղիներն են»:5 Ավելի հաճախ մեր տներում ենք մենք աղոթում, օրհնում, ուսումնասիրում, ուսուցանում Աստծո խոսքը և ծառայում մաքուր սիրով: Ես վկայում եմ իմ անձնական փորձից, որ մեր տները սուրբ վայրեր են, որտեղ Հոգին կարող է ներկա լինել՝ նույն չափով, և երբեմն էլ ավելի շատ, քան մեր երկրպագության պաշտոնական վայրերում:

Ես վկայում եմ, որ այս Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Նրա ուժն ու կենսունակությունը գոյանում են Իր միլիոնավոր հետևորդների ամենօրյա գործողություններից, ովքեր ամեն օր ձգտում են հետևել Նրա վեհ օրինակին՝ հոգ տանելով ուրիշների մասին: Քրիստոսն ապրում է և ուղղորդում է այս Եկեղեցին: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մարգարե է, ում Նա ընտրել է ղեկավարելու և առաջնորդելու մեզ այս օրերում: Այս ամենի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: