Սուրբ գրություններ
Նախաբան


Նախաբան

«Թանկագին Մարգարիտը» Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու դավանանքի և վարդապետության բազմաթիվ նշանակալից կետերին առնչվող նյութերի ընտրանի է: Այդ նյութերը թողարկվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից և նրա ժամանակ հրատարակվել են Եկեղեցու պարբերականներում:

«Թանկագին Մարգարիտ» վերնագիրը կրող նյութերի առաջին հավաքածուն պատրաստվել է 1851 թվականին, Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդսի կողմից, որն այն ժամանակ Տասներկուսի Խորհրդի անդամ էր և Բրիտանական Առաքելության նախագահը: Դրա նպատակն էր առավել մատչելի դարձնել որոշ կարևոր հոդվածներ, որոնք սահմանափակ քանակով էին հրատարակվում Ջոզեֆ Սմիթի ժամանակ: Եվրոպայում և Ամերիկայում Եկեղեցու անդամների քանակի աճին համընթաց, այս նյութերը մատչելի դարձնելու անհրաժեշտություն զգացվեց: «Թանկագին Մարգարիտը» լայն կիրառում գտավ և, հետագայում, Առաջին Նախագահության և գերագույն համաժողովի որոշմամբ, Սոլթ Լեյք Սիթիում, 1880-ի հոկտեմբերի 10-ին դարձավ եկեղեցու օրինակելի աշխատություններից մեկը:

Գրքի բովանդակությունը, ելնելով Եկեղեցու կարիքներից, մի քանի անգամ վերանայվել է: 1878-ին ավելացվեցին Մովսեսի Գրքի այն բաժինները, որոնք չէին ընդգրկվել առաջին հրատարակության մեջ: 1902-ին հանվեցին «Թանկագին Մարգարիտի» որոշակի մասեր, որոնք կրկնվում էին նաև «Վարդապետություն և Ուխտերի» հրատարակության մեջ: Գլուխների և հատվածների բաժանումը, տողատակի հղումներով, արվել է 1902-ին: Առաջին հրատարակությունը՝ երկսյունակ էջերով, ցանկով, լույս է տեսել 1921-ին: Այլ փոփոխություններ չեն կատարվել, մինչև 1976-ի ապրիլը, երբ ավելացվեցին երկու հայտնություններ: 1979-ին այդ երկու նյութերը հանվեցին «Թանկագին Մարգարիտից» և տեղափոխվեցին «Վարդապետություն և Ուխտեր», որտեղ նրանք այժմ հայտնի են որպես 137-րդ և 138-րդ բաժիններ: Ներկա հրատարակության մեջ որոշ փոփոխություններ են կատարվել, որպեսզի նյութը համաձայնության բերվի ավելի վաղ փաստաթղթերի հետ:

Ներքոհիշյալը համարվում է ներկա բովանդակության կարճ ներածությունը՝

  • Ընտիր մասեր Մովսեսի Գրքից: Քաղվածք Աստվածաշնչի Ծննդոց գրքի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունից, որը նա սկսել էր 1830-ի հունիսին [«History of the Church» (Եկեղեցու պատմություն), 1.98–101, 131–139]:

  • Աբրահամի Գիրքը: Թարգմանություն եգիպտական պապիրաթղթերից, որոնք Ջոզեֆ Սմիթի ձեռքն էին ընկել 1835-ին և պարունակում էին Աբրահամ հայրապետի գրվածքները: Թարգմանությունը մաս-մաս հրատարակվում էր «Times and Seasons» (Ժամանակներ և ժամանակաշրջաններ) պարբերականում, 1842-ի մարտի 1-ից սկսած, Նավուում, Իլինոյս («History of the Church», 4.519–534):

  • Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս: Քաղվածք Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության Մատթեոսի վկայությունից (Նոր Կտակարանի թարգմանությունը սկսելու աստվածային կարգադրության վերաբերյալ, տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 45.60–61):

  • Ջոզեֆ Սմիթ–Պատմություն: Հատվածներ Ջոզեֆ Սմիթի պաշտոնական վկայությունից ու պատմությունից, որը նա պատրաստել էր 1838-ին, և որը մաս-մաս հրատարակվել էր «Times and Seasons»-ում, Նավուում, Իլինոյս, 1842-ի մարտի 15-ից սկսած («History of the Church», 1.1–44):

  • Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հավատո Հանգանակը: Ջոզեֆ Սմիթի կողմից կատարված հայտարարություն, որը հրատարակվել է «Times and Seasons»-ում 1842-ի մարտի 1-ին, Եկեղեցու համառոտ պատմության հետ մեկտեղ, որը հանրության մեջ ճանաչված էր որպես Վենտվորֆի նամակ («History of the Church», 4.535–541):