Սուրբ գրություններ
Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ


«Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ», Սուրբ գրությունների ուսումնասիրության գաղափարներ (2021)

«Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ», Սուրբ գրությունների ուսումնասիրության գաղափարներ

Նկար
սուրբ գրություններն ուսումնասիրող կինը

Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ

Ահա մի քանի պարզ եղանակներ սուրբ գրություններում տրված Աստծո խոսքի ուսումնասիրությունը բարելավելու համար.

Աղոթեք ոգեշնչման համար

Սուրբ գրությունները պարունակում են Աստծո խոսքը։ Դրանք ուսումնասիրելիս, խնդրեք ձեր Երկնային Հորը առաջնորդել ձեզ և ստացեք Նրա Հոգին, որը կօգնի ձեզ հասկանալ կարդացածը:

Փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին

Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ բոլոր բաները վկայում են Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 11.4, Մովսես 6.63), ուստի, փնտրեք Նրան սուրբգրային իրադարձությունների, պատմությունների և ուսմունքների մեջ: Նշեք և ընդգծեք հատվածները, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին և այն մասին, թե ինչպես հետևել Նրան:

Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ

Սուրբ գրություններում դուք կարող եք գտնել որոշակի բառեր և արտահայտություններ, որոնք տպավորում են ձեզ, կարծես դրանք գրված են հատուկ ձեզ համար: Դրանք կարող են համապատասխանել, ոգեշնչել և խրախուսել ձեզ: Նշեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ գրեք այդ մասին սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Փնտրեք ավետարանի ճշմարտությունները

Երբեմն ավետարանի ճշմարտությունները (որոնք հաճախ կոչվում են վարդապետություն և սկզբունքներ) ասվում են ուղղակիորեն, իսկ երբեմն էլ դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ավետարանական ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում»։

Լսեք Հոգուն

Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին, նույնիսկ, եթե դրանք կարծես կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն ամենը, ինչը ձեր Երկնային Հայրը կամենում է, որ դուք սովորեք և զգաք։

Նկար
սուրբ գրություններն ուսումնասիրող կինը 2

Վերագրեք սուրբ գրությունները ձեզ

Մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ` դուք կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ փորձառություններ եմ ես ունեցել, որոնք նման են իմ կարդացածին», կամ՝ «Ես ինչպե՞ս կարող եմ հետևել սուրբ գրությունում հանդիպող այս մարդու օրինակին»:

Հարցեր տվեք

Ավետարանի մասին հարցեր տալը կօգնի ձեզ որոշել, թե ինչ ուսումնասիրել։ Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում էլի հարցեր կառաջանան։ Այդ հարցերը կարող են առնչվել ձեր կարդացածին կամ ընդհանրապես ձեր կյանքին: Խորհեք այս հարցերի շուրջ և փնտրեք պատասխաններ, երբ շարունակեք ուսումնասիրել սուրբ գրությունները: Ուսումնասիրությունից հետո հարցրեք, թե Աստված դրանից բացի ինչ կցանկանար, որ սովորեիք և փնտրեք պատասխանների գալիք ժամերի և օրերի ընթացքում:

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից

Ձեր կարդացած հատվածների վերաբերյալ լրացուցիչ գաղափարներ ձեռք բերելու համար օգտագործեք ծանոթագրությունները, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org) և այլ օժանդակ նյութեր:

Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը

Դուք կարող եք իմաստալից գաղափարներ գտնել որևէ սուրբ գրության վերաբերյալ, եթե քննարկեք դրա համատեքստը՝ հանգամանքները կամ սուրբ գրության միջավայրը: Օրինակ՝ իմանալով ժողովրդի պատմական նախադրյալներն ու համոզմունքները, ում դիմում էր մարգարեն, կհասկանաք նրա ուղերձի նպատակը:

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող տղամարդը

Գրի առեք ձեր մտքերն ու զգացումները

Գոյություն ունեն տարբեր եղանակներ՝ գրանցելու ձեր տպավորությունները, որոնք գալիս են, երբ ուսումնասիրում եք: Օրինակ՝ կարող եք նշել որևէ կարևոր բառ կամ արտահայտություն և սուրբ գրություններում գրանցել ձեր մտքերը որպես նշում: Կարող եք պահել օրագիր՝ ձեր ստացած հուշումները, զգացումները և տպավորությունները գրանցելու համար: Կամ դուք կարող եք գրի առնել այն հարցերը, որոնք տվել եք նախքան ուսումնասիրությունը, որից հետո գրել պատասխանները, որոնք ստացել եք:

Ուսումնասիրեք վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը

Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն սկզբունքների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում: Նրանց ելույթները հասանելի են Ավետարանի գրադարանի «Գերագույն համաժողով», «Ամսագրեր» և այլ հավաքածուներում։

Կարդացեք պատմությունները

Կարդացեք սուրբ գրությունների պատմությունները` ձգտելով հասկանալ դրանց համատեքստը (ժամանակը, վայրը, խոսողին և լսողներին): Սուրբ գրությունների պատկերազարդ պատմություններն այդ նպատակի համար մեծ արժեք են ներկայացնում, հատկապես երեխաների և սուրբ գրություններին քիչ ծանոթ անդամների համար:

Կիսվեք գաղափարներով

Անհատական ուսումնասիրության ժամանակ ստացած մտքերի քննարկումը լավ եղանակ է ուրիշներին ուսուցանելու, և կարդացածի վերաբերյալ ձեր անձնական հասկացողությունն ամրապնդելու համար:

Ապրեք ըստ ձեր սովորածի

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը ոգեշնչում է մեզ և առաջնորդում է, որ փոխենք մեր ապրելակերպը։ Լսեք, թե կարդալիս Հոգին ինչ է հուշում ձեզ անել, իսկ հետո գործեք ըստ այդ հուշումների: