Սեմինարիա
Մատթեոս 5.13-16


Մատթեոս 5.13-16

«Դուք եք աշխարհի լույսը»

Նկար
Մթում վառված մոմը։

Ո՞վ է ձեզ համար եղել արդար կյանքի լավ օրինակ: Ինչպե՞ս է նրա օրինակը ձեզ ավելի շատ մոտեցրել Աստծուն: Նախ՝ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Երանիների պատվիրանները, որոնք օգնում են մեզ հասկանալ Աստծո Էությունն ու բնավորությունը, ապա ուսուցանեց, որ մեր արդար օրինակները կարող են օրհնել ուրիշներին: Այս դասը նախատեսված է օգնել ձեզ կիրառել այս ճշմարտությունը և գնահատել ձեր գործողություններն ու մոտեցումները՝ Հիսուս Քրիստոսի լույսն ավելի լավ արտահայտելու համար:

Ուսանողի նախապատրաստում. Խնդրեք ուսանողներին դիտարկել հետևյալ հարցերը.

  • Ձեր կյանքում ո՞վ է հանդիսանում Քրիստոսանման ապրելակերպի օրինակ՝ խոսքով և գործով:

  • Նրանք ի՞նչ են անում Աստծո լույսն ու սերն արտացոլելու համար:

  • Նրանց գործողություններն ինչպե՞ս են ազդել ձեր և ուրիշների վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երկրի աղը

Փրկիչը հաճախ օգտագործել է համեմատություններ և փոխաբերություններ՝ պարզ գաղափարները խորիմաստ կերպով ուսուցանելու համար: Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե Հիսուսի հիշատակած առարկաներն ինչպես կարող են օգնել ձեզ հասկանալ, թե Նա ինչ էր ուսուցանում:

Հնարավորության դեպքում դասարան բերեք աղ և մի քանի մթերքներ՝ մրգեր, բանջարեղեն, միս կամ պանիր՝ բոլորը մանր կտրտած: (Եթե հնարավոր չէ, ապա հարցրեք ուսանողներին՝ նրանք երբևէ կերե՞լ են այնպիսի կերակուր, որի մեջ պետք է աղ լիներ, բայց չկար): Առաջարկեք ուսանողներին փորձել տարբեր կերակուրներ աղով և առանց աղի:

Կարդացեք Մատթեոս 5.13-ը՝ փնտրելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը նկարագրել Իր աշակերտներին:

  • Բացի նրանից, որ աղն օգտագործվում է սննդի համը բարելավելու համար, ուրիշ ինչի՞ համար կարելի է օգտագործել այն:

Առաջարկեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունը Եկ, հետևիր ինձ գրքից:

Աղը վաղուց օգտագործվել է պահպանելու, համ տալու և մաքրելու համար: Իսրայելացիների համար աղը ունեցել է նաև կրոնական նշանակություն:․․․ Երբ աղը կորցնում է իր համը, այն դառնում է անարդյունավետ կամ «այլևս ոչնչի պիտանի չի լինի» (Մատթեոս 5.13): Սա պատահում է, երբ այն խառնվում է այլ նյութերի հետ կամ աղտոտվում է դրանցով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուսուցանում Փրկիչը՝ համեմատելով Իր աշակերտներին աղի հետ:

  • Որո՞նք են այն հատուկ բաները, որոնք կարող են հոգևորապես աղտոտել մեզ:

Մի պահ խորհեք, թե դուք՝ որպես երկրի աղ, ինչպես եք օգնում բացահայտել լավագույն հատկանիշները ձեզ շրջապատող մարդկանց մեջ: Նաև մտածեք, թե ինչ գայթակղությունների եք բախվում և ինչպես կարող եք ձեզ մաքուր պահել: Եթե ձեր կյանքում անմաքուր արարքներ եք թույլ տվել, դրանք կարող են վերացվել ապաշխարության պարգևի միջոցով, որը հասանելի է Հիսուս Քրիստոսի միջոցով:

Աշխարհի Լույսը

Կարդացեք Մատթեոս 5.14-16-ը՝ փնտրելով, թե ինչ է ակնկալում Հիսուս Քրիստոսը մեզանից՝ որպես Իր աշակերտների:

  • Ո՞րն է ճշմարտության սկզբունքը, որը բացահայտում եք Մատթեոս 5.14-16-ում:

Մատթեոս 5.14-16-ից կարող եք բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Մեր արդար օրինակը կարող է քաջալերել ուրիշներին փառաբանել Երկնային Հորը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում փառաբանել Երկնային Հորը:

Երբ հարություն առած Փրկիչը Նեփիացիների հետ էր, Նա նրանց ավելին ուսուցանեց այն լույսի մասին, որն Իր աշակերտները պետք է բարձր պահեն: Խաչաձև հղումներով կապեք Մատթեոս 5.14-16-ը և 3 Նեփի18․24-25-ը (տես Մատթեոս 5.16, ծանոթագրություն ա):

Կարդացեք 3 Նեփի 18.24-25-ը՝ փնտրելով լույսը, որը պետք է բարձր պահեն հավատարիմ աշակերտները:

Ուսանողներին ցույց տվեք մի հայելի: Եթե սենյակում արևի լույս կա, որսացեք այն հայելիով և ուղղեք սենյակի միջով: Եթե արևի լույս չկա, մի քանի ուսանողների ցույց տվեք իրենց արտացոլումը և հարցրեք, թե որքան պարզ են նրանք տեսնում այն: Այնուհետև մարկերով գունավորեք հայելին: Փորձեք նորից որսալ արևի լույսը և ուղղել այն սենյակի միջով կամ հարցրեք ուսանողներին, թե որքան պարզ են նրանք տեսնում իրենց արտացոլումը հիմա, երբ հայելին ծածկված է:

Հարցրեք ուսանողներին, թե այս ցուցադրությունից ինչ կարող են սովորել Քրիստոսի լույսն արտացոլելու մասին:

Հիսուս Քրիստոսը աշխարհի ճշմարիտ Լույսն է, և երբ մենք հետևում ենք Նրան և ավելի շատ ենք նմանվում Նրան, մենք արտացոլում ենք այն լույսը, որ Նա է տալիս մեզ: (Տես Հովհաննես 1.4, 9, 8.12; Վարդապետություն և Ուխտեր 50․24, 93.2):

Խորհրդանիշներ, որոնք օգտագործել է Փրկիչը

Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ ավելի խորը մտածել այն խորհրդանիշների մասին, որոնք Փրկիչն օգտագործել է Մատթեոս 5.14-16-ում:

Առաջարկեք ուսանողներին քննարկել տարբեր փոխաբերություններ: Դա կարելի է անել մի քանի տարբերակով՝ դասարանով, փոքր խմբերով կամ անհատապես։

Քաղաք բլրի վրա

Նկար
Քաղաք բլրի վրա
  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսին հետևելը դժվար թաքցնելի լինել՝ բլրի վրա կառուցված քաղաքի նման։

  • Հնում քաղաքները կառուցվում էին բլուրների գագաթներին՝ հավանական հարձակումներից պաշտպանված լինելու համար: Ինչպե՞ս կարող է ավետարանով ապրելը խիզախորեն պաշտպանել վատ ազդեցություններից:

  • Ի՞նչ է այս փոխաբերությունը ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչը ակնկալում, որ դուք՝ որպես Իր աշակերտներ, ապրեք:

Մոմ

Նկար
Վառվող մոմ
  • Ինչպե՞ս կարող եք մոմի նման լինել մութ սենյակում և բոլորի համար փայլեցնել Փրկիչի լույսը:

  • Ինչո՞ւ են որոշ մարդիկ զամբյուղի տակ թաքցնում այն լույսը, որն Աստված տալիս է իրենց:

  • Այս փոխաբերությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչն ակնկալում, որ դուք՝ որպես Իր աշակերտներ, ապրեք:

Կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի (այն ժամանակ՝ Առաջին Նախագահությունից) հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի լույսի մասին:

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թվականին արված դիմանկարին։

Ամեն անգամ, երբ դուք դարձնում եք ձեր սրտերն առ Աստված խոնարհ աղոթքի միջոցով, դուք զգում եք Նրա լույսը։ Ամեն անգամ, երբ սուրբ գրություններում փնտրում եք Նրա խոսքը և կամքը, լույսն ավելի է պայծառանում։ Ամեն անգամ, երբ նկատում եք կարիքի մեջ գտնվողին և զոհաբերում եք ձեր իսկ հարմարավետությունը՝ սիրով օգնության հասնելու համար, լույսը տարածվում և բոցավառվում է։ Ամեն անգամ, երբ դուք դիմակայում եք գայթակղությանը և ընտրում մաքուր լինելը, ամեն անգամ, երբ փնտրում կամ շնորհում եք ներում, ամեն անգամ, երբ խիզախորեն վկայում եք ճշմարտության մասին, լույսը ցրում է խավարը և գրավում ուրիշներին, ովքեր նույնպես փնտրում են լույս և ճշմարտություն։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երկնային լույսի կրողները», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2017, 80)

  • Ձեր կարծիքով, այս հայտարարությունն ինչպե՞ս է առնչվում Մատթեոս 5.14-16-ին:

Հիշեք, որ Հիսուսը սովորեցրեց մեզ լինել «երկրի աղը» և «աշխարհի լույսը» անմիջապես այն բանից հետո, երբ Նա ուսուցանեց Երանիների պատվիրանները՝ Քրիստոսանման հատկությունները, որոնք օգնում են մեզ ավելի շատ նմանվել Նրան (տես Մատթեոս 5.3–12):

  • Մեր գործողություններում և մոտեցումներում Քրիստոսանման լինելով՝ ինչպե՞ս ենք քաջալերում ուրիշներին ավելի շատ մոտենալ Երկնային Հորը:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի լինեք Փրկիչի արդար օրինակ ուրիշների համար:

  • Եթե նախորդ դասին դուք ընտրել եք Երանիների պատվիրաններից մեկը՝ ձեր կյանքում կիրառելու համար, այդ հատկությունն ինչպե՞ս կօգնի ձեզ լինել երկրի աղը կամ աշխարհի լույսը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչպե՞ս են իմ գործողությունները ազդում իմ համի վրա՝ որպես «երկրի աղը»

Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստն (1920–2007) ուսուցանել է.

Նկար
2001 թ․ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական, նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի վերջին պաշտոնական դիմանկարը Մահացել է 2007 թ․ օգոստոսի 10-ին։

Մեզ հոգեպես առողջ պահող հոգևոր սնունդը կարող է կորցնել իր ուժն ու հզորությունը, եթե մենք մեզ անհրաժեշտ աստվածային առաջնորդությանն արժանի կյանք չվարենք․․․ Մենք պետք է մաքուր պահենք մեր միտքն ու մարմինը կախվածության և աղտոտման բոլոր ձևերից: Մենք երբեք չէինք նախընտրի ուտել փչացած կամ աղտոտված սնունդ։ Այդ նույն ընտրության եղանակով՝ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չընթերցենք կամ չդիտենք որևէ անորակ և անճաշակ բան: Հոգևոր աղտոտման մեծ մասը մեր կյանք է գալիս համացանցի, համակարգչային խաղերի, հեռուստաշոուների և կինոնկարների միջոցով, որոնք ուղիղ ակնարկում են կամ պատկերում են մարդկության ամենաստորին և ցածրորակ հատկությունները: Քանի որ մենք ապրում ենք նման միջավայրում, մենք պետք է ավելացնենք մեր հոգևոր ուժը:

(Ջեյմս Ի. Ֆաուստ, «Հոգևոր սնունդ», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2006, 55)

Ինչպե՞ս կարող եմ ավելացնել իմ լույսը

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ․ Այրինգի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Ամեն անգամ փորձելով ապրել Փրկիչի նման՝ կամրապնդեք ձեր վկայությունը: Դուք ժամանակին կհասկանաք, որ Նա է Աշխարհի Լույսը: Դուք կզգաք ձեր կյանքում աճող լույսը: Դա առանց ջանքերի չի լինի: Սակայն այն կգա, երբ ձեր վկայությունն աճի, և դուք ցանկանաք փայփայել այն: «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» [Վարդապետություն և Ուխտեր 50․24]: Դուք լույս կլինեք աշխարհի համար՝ ուրիշների հետ կիսվելով ձեր վկայությամբ: Դուք ուրիշների համար կարտացոլեք Քրիստոսի Լույսը ձեր կյանքում: Տերն ուղիներ կգտնի, որպեսզի այդ լույսը դիպչի նրանց, ում սիրում եք:

(Հենրի Բ. Այրինգ, «Կենդանի վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 128)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պաշտոնական դիմանկարը, 2008թ․

Մեզանից յուրաքանչյուրը երկիր է եկել Քրիստոսի լույսը ստացած: Երբ մենք հետևենք Փրկիչի օրինակին և ապրենք այնպես, ինչպես Նա ապրեց և ինչպես Նա սովորեցրեց, այդ լույսը կբռնկվի մեր մեջ և կլուսավորի ճանապարհը ուրիշների համար:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Օրինակ և լույս եղեք », Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 86)

Օժանդակ ուսումնական վարժություն

Թող ձեր լույսն այսպէս լուսաւորէ

Կարող եք ցուցադրել «Թող ձեր լույսն այսպէս լուսաւորէ» տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչպես կարող են լույս լինել ուրիշների համար: