Սեմինարիա
Հովհաննես 3․1-8


Հովհաննես 3․1-8

«Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»

Նկար
Jesus and Nicodemus standing near a pool of water at night talking. Outtakes include the two sitting by the pool with their fingers near the water, Jesus standing and touching a branch of a tree while Nicodemus sits, and some of the shots taken from above.

Նիկոդեմոսր փարիսեցի էր և «հրէաների իշխան» (Հովհաննես 3.1): Նա գիշերով եկավ Փրկիչի մոտ՝ փրկության մասին կարևոր հարցեր տալու նպատակով: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ և զգալ նորից «ջրից եւ Հոգուց» (Հովհաննես 3.5) ծնվելու կարևորությունը՝ Աստծո արքայություն մտնելու համար:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել և քննարկել այն փոփոխությունները, որոնք կատարել են իրենք կամ իրենց ծանոթները՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փոխվելու ցանկություն

Մտածեք, թե ինչպես կարող եք սկսել այս դասը, որպեսզի օգնեք ուսանողներին հետազոտել այն օրհնություններն ու մարտահրավերները, որոնց նրանք կարող են հանդիպել, եթե որոշեն փոխվել՝ Փրկիչին ավելի շատ նմանվելու համար: Դրա համար առաջարկեք ուսանողներին կատարել հետևյալ վարժությունը, որը նրանց խնդրում է նմանատիպ մի իրավիճակ պատկերացնել: Օգնեք նրանց պատմությունը համալրել մանրամասներով, որպեսզի այն ավելի իրական և հետաքրքիր դառնա:

Մտածեք որևէ սցենար, որը կպատմի մի պատանու մասին, ով ցանկանում է փոխվել, ավելի մոտենալ Փրկիչին և ավելի շատ խաղաղություն զգալ, բայց չգիտի, թե ինչպես անել դա: Մտածեք, թե այդ մարդը ինչ հատուկ բաներ կարող է ցանկանալ փոխել և ինչպիսի դժվարությունների նա կարող է հանդիպել այդ ճանապարհին: Մտածեք նաև, թե ձեր կամ ուրիշների կողմից կատարած ինչ դրական փոփոխություններ կարող էին այս պատանուն հույս տալ, որ ինքը կարող է փոխվել:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը փոփոխություն պահանջում նրանցից, ովքեր ցանկանում են մտնել Նրա արքայությունը:

Ձեր օրագրում գրեք, թե երբ եք զգացել, որ ձեզ հուշում են փոխվել կամ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:Այս դասի ընթացքում ոգեշնչում հրավիրեք Սուրբ Հոգուց, որպեսզի հասկանաք, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել ձեզ իրականացնել այն փոփոխությունները, որոնք Նա ձեզանից պահանջում է:

Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին վերստին ծնվելու մասին

Նիկոդեմոս անունով մի մարդ եկավ Հիսուսի մոտ մի գիշեր: Նիկոդեմոսը փարիսեցի էր և հրէաների իշխան: Ավելի ուշ նա պաշտպանեց Հիսուսին փարիսեցիների ներկայությամբ (տես Հովհաննես 7.50-53) և միացավ հավատացյալներին Փրկիչի թաղման արարողության ժամանակ (տես Հովհաննես 19.39–40): Այդ գիշեր Նիկոդեմոսը եկավ Փրկիչի մոտ՝ ընդունելով, որ Հիսուսը «Աստուածանից վարդապետ է եկել» ( Հովհաննես 3.2):

Կարդացեք Հովհաննես 3.1-5-ը ՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց Նիկոդեմոսին այն մասին, թե նա ինչ պետք է աներ՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

Հնարավորության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ վերստին ծնվել՝ նշանակում է փոխվել և նոր մարդ դառնալ: Ուսանողների համար օգտակար կլինի կարդալ Մոսիա 27.25-ը՝ փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց Ալմային վերստին ծնվելու մասին:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պետք է վերստին ծնվենք՝ Աստծո արքայությունը տեսնելու համար:

  • Երբ Նիկոդեմոսը չհասկացավ, թե ինչպես կարելի է վերստին ծնվել, Փրկիչը ի՞նչ ուսուցանեց նրան (ըստ հատված 5 -ի):

Փրկիչը Նիկոդեմոսին ուսուցանեց հետևյալ սկզբունքը. մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

Երբ ուսանողները քննարկեն հետևյալ հարցերը, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ մենք պետք է մկրտվենք և հաստատվենք՝ ջրից և Հոգուց վերստին ծնվելու համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ծնված լինել ջրից ու Հոգուց:

  • Ձեր կարծիքով, մկրտումն ու հաստատումը ինչպե՞ս կարող են մեզ օգնել վերստին ծնվել և մտնել Աստծո արքայությունը:

  • Փրկիչն ի՞նչ ուսուցանեց Նիկոդեմոսին, որ կցանկանայիք ձեր ստեղծած սցենարի գործող անձը հասկանար:

Մկրտումն ու հաստատումը փրկության և վեհացման անհրաժեշտ արարողություններն են, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է ստանա՝ սելեստիալ արքայությունը ժառանգելու համար: Այդ արարողություններն այն դուռն են, որով մենք պետք է մտնենք՝ դեպի հավերժական կյանք տանող ուխտի արահետին կանգնելու համար (տես 2 Նեփի 31.17-20): Այդ արահետով քայլելով և մեր ուխտերը պահելով՝ մենք զգում ենք փոփոխություն և հոգևոր վերածնունդ:Մորմոնի Գրքից Ալմա մարգարեն բացատրել է Փրկիչի դերը մեր վերածննդի գործում: Կարդացեք Ալմա 7.14-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ վերստին ծնվել:

  • Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ վերստին ծնվել:

2 Նեփի 31.17-ից մենք նաև իմանում ենք, թե որն է Սուրբ Հոգու դերը մեր վերածննդի գործում. «Եվ ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով»:

  • Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում մեզ վերստին ծնվել:

Կարող եք օգտագործել հետևյալ տեսանյութը կամ մեկ այլ օրինակ, թե ինչպես կարելի է վերստին ծնվել, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե մկրտության և հաստատման արարողություններն ինչպես կարող են օգնել մեզ փոխվել և վերստին ծնվել Փրկիչի օգնությամբ:

Դիտեք «Սրտի փոփոխություն» տեսանյութը (4:39) 0:40-4:09-ը՝ Էվեր անունով երիտասարդի փորձառությունը տեսնելու համար: Փնտրեք, թե նա հատկապես ինչ արեց, որպեսզի թույլ տա Փրկիչին օգնել իրեն փոխվել: (Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում):

  • Երիտասարդի կողմից կատարված փոփոխություններում ի՞նչը տպավորեց ձեզ:

Ուսանողները կարող են պատրաստվել դասին՝ պատասխանելով հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ փոփոխություններ եք կատարել դուք կամ ձեր ծանոթը՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:

  • Ո՞րն էր մկրտության և հաստատման արարողությունների դերն այդ փոփոխություններում:

Եթե ուսանողները չեն կարողանում պատասխանել նախորդ հարցերին, օգնեք նրանց տեսնել, թե այդ արարողություններն ինչպես օգնեցին նրանց ստանալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Կարող եք նաև քննարկել, թե հաղորդության ընդունումն ինչպես է օգնում մեզ շարունակել փոխվել և հիշել Հիսուս Քրիստոսին ու մկրտության ժամանակ կապած ուխտերը:

Երբեմն մենք մտածում ենք, թե ինչպիսին է մեր առաջընթացը հոգևոր վերածննդի գործում: Հովհաննես 3.8-ում Փրկիչն ուսուցանել է, որ մենք կարող ենք տեսնել քամու ազդեցությունը, բայց չենք կարող ասել, թե որտեղից է այն գալիս կամ ուր է գնում: Նմանապես, մենք ոչ միշտ կարող ենք հասկանալ, թե երբ է սկսվում մեր վերածնունդը կամ ինչպես են մեր մեջ կատարվում այդ փոփոխությունները: Սակայն մենք կարող ենք տեսնել դրա ազդեցությունը, երբ փոխվում են մեր ցանկություններն ու գործողություննրը (տես Մոսիա 5.1-2):Ձեր օրագրում գրեք, թե ինչն է վկայում, որ Փրկիչն օգնում է ձեզ փոխվել: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած հուշումներին, մտքերին կամ տպավորություններին:

Օգնել ուրիշներին

Մտածեք դասի սկզբում ստեղծված իրավիճակի մասին: Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր: Կարճ նամակ գրեք ձեր սցենարում նկարագրված պատանուն՝ բացատրելով նրան, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել նրան փոխվել: Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելու ընթացքում․

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ի՞նչ կարող էր անել, որպեսզի Փրկիչը օգներ նրան փոխվել: Ձեր կարծիքով, այդ գործողություններն ինչո՞ւ կարող են օգտակար լինել:

  • Մկրտության, հաստատման և հաղորդության արարողություններն ինչպե՞ս կարող են օգնել այդ մարդուն փոխվել և վերստին ծնվել:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ վերստին ծնվելով կամ այդ գործընթացն ուրիշների մոտ տեսնելով:

Առաջարկեք ուսանողներին զուգընկերների կամ փոքր խմբերի հետ կիսվել, թե ինչ են գրել սցենարի պատանուն: Կարող եք վկայություն բերել և կիսվել անձնական փորձառություններով, որոնք կարող են օգտակար լինել:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ի՞նչ է նշանակում «վերստին ծնվել»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Տիրոջ լիազորված ծառաները հաճախակի ուսուցանում են, որ մեր մահկանացու գոյության հիմնական նպատակներից մեկն է՝ հոգեպես փոխվել ու փոխակերպվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Մենք հրահանգ ենք ստացել «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում, և հրաժարվել ամեն անաստվածությունից» ( Մորոնի 10.32), որպեսզի դառնանք Քրիստոսում «նոր ստեղծված» (տես 2 Կորնթացիս 5.17), հանենք «բնական մարդուն» ( Մոսիա 3.19) և զգանք «զորեղ փոփոխություն, այնպես որ մենք այլևս հակված չլինենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» ( Մոսիա 5.2): Ուզում եմ նկատեք, որ այս հատվածներում նկարագրված փոփոխությունը հզոր է, ոչ թե փոքր․ դա հոգևոր վերածնունդ է և հիմնավոր փոփոխություն մեր զգացումների և ցանկությունների մեջ, մեր մտածածի, անելիքի և ով լինելու մեջ։ Իրոք, Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը բերում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» ( 2 Նեփի 2.8): Երբ մենք ընտրում ենք հետևել Տիրոջը, մենք ընտրում ենք փոխվել՝ հոգեպես վերածնվել:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք պետք է վերստին ծնվենք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 19-20)

Ինչպե՞ս կարող եմ վերստին ծնվել

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը դիմել է ուղերձով, որը կոչվում է «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 59–62), որտեղ կարելի է գտնել գաղափարներ այս հարցի վերաբերյալ:

Ինչո՞ւ է դժվար հասկանալ՝ արդյո՞ք ես վերստին եմ ծնվել

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Հնարավոր է՝ հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ։…» Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը … ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացության առանցքային նպատակն է:

Միևնույն ժամանակ, եկեք անփույթ ջանքերով չարդարացնենք մեզ։ Եկեք չբավարարվենք՝ չարիք գործելու ինչ-որ հակվածություն պահելով: Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ արմատախիլ անելով մեր միջից անմաքրության վերջին մոլախոտերը։ Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը․ գայթակղությունները կկորցնեն իրենց գրավչությունը, և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ:

( Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78)

Ո՞րն է Աստծո արքայությունը «տեսնելու» և «մտնելու» տարբերությունը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) ուսուցանել է [ Հովհաննես 3.3, 5 հատվածներում] ներկայացված Փրկիչի խոսքերի մասին, որոնք խոսում են Աստծո արքայությունը «տեսնելու» և «մտնելու» մասին. «Մի բան է տեսնել Աստծո արքայությունը և մեկ այլ բան է այնտեղ մտնելը: Մենք պետք է փոխվենք՝ մեր սրտում Աստծո արքայությունը տեսնելու համար և ընդունման արարողություններն անցնել՝ այնտեղ մտնելու համար» (Ամսագիր, դեկտեմբեր 1842–հունիս 1844, գիրք 3, հուլիսի 15 1843–փետրվարի 29 1844, 130, josephsmithpapers.org]: Երբ մարդ «տեսնում է» Աստծո արքայությունը, Սուրբ Հոգին «սրտի հզոր փոփոխություն» է կատարում այդ անձի մեջ (տես Ալմա 5.14): Ապա մարդը պետք է մասնակցի ավետարանի արարողություններին՝ Աստծո արքայությունը «մտնելու» համար:

(Հովհաննես 2–4 Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ [2018], ChurchofJesusChrist.org)

Օժանդակ ուսումնական վարժություն

Ուխտի արահետ

Մարգարե Նեփին ուսուցանել է, որ ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևը այն «դուռն են, որով [մենք] պիտի մտնեք» ( 2 Նեփի 31.17): Հետևյալ հատվածներում Նեփիի կողմից նշված արահետը Եկեղեցու առաջնորդների կողմից հաճախ նշվում է որպես «ուխտի արահետ»:Կարդացեք 2 Նեփի 31.19-20-ը և քննարկեք, թե ուխտի արահետով քայլելը ինչպես կարող է օգնել մեզ հասնել Փրկիչի զորությանը, որը կօգնի մեզ փոխվել: