Սեմինարիա
Գործք Առաքելոց 17․1-14


Գործք Առաքելոց 17․1-14

Քննեք սուրբ գրությունները

Նկար
A young woman sits in her bedroom and reads her scriptures

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր ուսումնասիրել սուրբ գրությունները: Պողոսի և նրա ընկերակիցների երկրորդ ճամփորդության փորձառությունները ցուցադրում են այն ազդեցությունը, որը Աստծո խոսքը կարող է ունենալ մեզ վրա: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն ունենալ՝ ստանալու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության օրհնությունները:

Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը: Սուրբ գրությունների ամենօրյա անհատական ուսումնասիրությունը կարող է ուսուցիչների և ուսանողների համար հնարավորություն դառնալ՝ սովորելու ավետարանը, զարգացնելու վկայությունը և լսելու Տիրոջ ձայնը: Հնարավորություններ փնտրեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը դասարանում խրախուսելու համար: Ուսանողներին իրենց սովորածով կիսվելու հնարավորություն տալով՝ դուք կարող եք մղել ուրիշներին նույնպես մասնակցել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել կիսվելու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության ժամանակ գտած որևէ իմաստալի մտքով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գաղափարներ սուրբ գրությունների ուսումնասիրությունից

Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց վերջին ուսումնասիրության մասին և կիսվել նշանակալից գաղափարներով: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը այս քննարկման շրջանակներում: Oգտակար կլինի դասի սկզբում ուսանողներին հիշեցնել, թե նրանք ինչ նպատակ էին դրել սեմինարիայի համար: Դասի վերջում նրանք հնարավորություն կունենան գնահատել իրենց նպատակը:

  • Որո՞նք են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին այն գաղափարները, որոնք դուք ձեռք եք բերել սուրբ գրությունների վերջին ուսումնասիրության արդյունքում:

  • Որո՞նք են վերջերս ուսումնասիրված այն հատվածները և պատմությունները, որոնք նշանակալից են ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կպատասխանեիք, եթե ձեր ընկերը հարցներ, թե դուք ինչու եք կարևորում սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրությունը:

Սուրբ գրությունների արժևորման օրինակներ

Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ տեղի ունեցած փորձառություններից մի քանիսը ցուցադրում են սուրբ գրությունների ուսումնասիրության արժեքավորությունը: Ձեզ օրագրում գրեք հետևյալ վերնագիրը. Ինչպես կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունը օրհնել իմ կյանքը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք գաղափարներ, որոնք համապատասխանում են այս վերնագրին:

Կարող եք նաև գրել այս վերնագիրը գրատախտակին և դասի ընթացքում ընդլայնել ցանկը:

Առկայության դեպքում օգտագործեք Աստվածաշնչի քարտեզները, հ. 13, « Պողոս առաքյալի միսիոներական ճամփորդությունները », որպեսզի գտնեք Սալոնիկը և այլ վայրերը, ուր Պողոսը եղել է իր երկրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում:

Կարդացեք Գործք Առաքելոց 17.1-4-ը և փնտրեք, թե Պողոսն ինչ է արել Սալոնիկի հրեաների շրջանում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Պողոսի ջանքերում:

  • Այս պատմությունն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ սուրբ գրությունների արժեքի մասին:

Պողոսի ուղերձը Սալոնիկի հրեաներին հիշեցնում է մեզ, որ սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին (տես Հովհաննես 5.39): Ավելացրեք հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը Փրկիչի ծնունդի հանգամանքների մասին: Կարող եք դիտել «Սուրբ գրությունների օրհնությունը» տեսանյութը 10:49-11:21-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Ի վերջո, բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակն է լցնել մեր հոգիները հավատքով Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հավատք, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի Հոր ծրագրի հանդեպ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հանդեպ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին և հավատք՝ ճանաչելու «միայն ճշմարիտ Աստված. և նորան, ում Նա ուղարկեց Հիսուսին Քրիստոսին» ( Հովհաննես 17.3):

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34)

  • Երեց Քրիստոֆերսոնի կողմից նշված օրհնություններից որո՞նք եք ստացել սուրբ գրություններ ուսումնասիրելիս:

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն են ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը: Այդ հատվածներում ուսուցանված ճշմարտությունները ինչպե՞ս են ամրապնդել ձեր հավատքը:

Մինչ բազմաթիվ կանայք և տղամարդիկ Սալոնիկում հավատացին և դարձի եկան Պողոսի ուսմունքների շնորհիվ, մնացածը մի ամբոխ կազմեցին և փորձեցին ձերբակալել Պողոսին և Շիղային (տես Գործք Առաքելոց 17.4-5): Պողոսն ու Շիղան կարողացան փախչել ամբոխից և գնալ կողքի Բերիա քաղաքը, որտեղ նրանք շարունակեցին քարոզել:

Կարդացեք Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ փնտրելով, թե Պողոսն ու Շիղան ինչպես ընդունվեցին Բերիայի ժողովրդի կողմից: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր եք համարում ձեզ համար:

  • Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ինչպե՞ս օգնեց այդ մարդկանց:

Այս պատմությունում բացահայտած ճշմարտություններից մեկն այն է, որ սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ ճանաչել ճշմարտությունը և հավատալ դրան: Ավելացրեք հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակին:

Որպեսզի ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք նրանց հարցնել.

  • Որո՞նք են այն օրինակները, երբ դուք կարող եք կիրառել այս ճշմարտությունը ձեր կյանքում:

Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք օգտագործել հետևյալ սցենարները.

Մտածեք, թե սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել ձեզ հետևյալ իրավիճակներում.

  • Դպրոցի ուսուցիչներից մեկը բացատրում է մի գաղափար, որը հակասում է ձեր համոզմունքներին:

  • Ձեր ընկերներից մի քանիսը հորդորում են ձեզ անել մի բան, որը հակասում է ձեր չափանիշներին՝ ասելով. «Մեկ անգամը վնաս չէ»:

  • Գերագույն համաժողովի ժամանակ մի առաքյալ ուսուցանում է մի բան, որը հակասում է աշխարհի ներկա միտումներին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության այլ օրհնություններ

Գործք Առաքելոց 17-ում բացահայտված ճշմարտությունները ցուցադրում են միայն մի քանի օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ սուրբ գրությունները ուսումնասիրելիս:

Մի քանի րոպե ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը և փնտրեք այլ օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ Աստծուց՝ Նրա խոսքերը և սուրբ գրություններում ներկայացված Նրա մարգարեների խոսքերը ուսումնասիրելիս: Ավելացրեք ձեր գաղափարները օրագրում ստեղծված ցանկին:

Կարող եք ուսանողներին խմբերի բաժանել և խմբերից յուրաքանչյուրին մեկական հատված հանձնարարել: Ուսանողներին առաջարկեք ավելացնել իրենց գաղափարները գրատախտակին ներկայացված ցանկին:

  • Ձեր ցուցակում ի՞նչն է առավել նշանակալից ձեզ համար:

  • Ձեր ցանկում նշված օրհնություններից որո՞նք կցանկանայիք ստանալ հենց հիմա: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը դարձնեք ավելի արժեքավոր և սրբազան փորձառություն:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ սուրբ գրություններում ներկայացված Աստծո խոսքերը ուսումնասիրելիս:

Կարող եք կիսվել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունից ստացած օրհնությունների վերաբերյալ անձնական փորձառությամբ և վկայությամբ:

Ծրագիր կազմեք

Սեմինարիայի շրջանակներում ձեզ առաջարկվել է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանն առնչվող նպատակ ստեղծել: Մի պահ գնահատեք ձեր առաջընթացը այս նպատակին հասնելու գործում և կատարեք համապատասխան շտկումներ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվելու համար:

Օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել իրենց առաջնընթացը:

  • Ո՞րն էր սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ստեղծած նպատակը:

  • Այդ նպատակն ինչպե՞ս է օգնում ձեզ ունենալ սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության առավել իմաստալից փորձառություն:

  • Ի՞նչ շտկումներ պետք է կատարեք։

Ուսանողներին հորդորեք շարունակել առաջընթաց ցուցադրել սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ: Կարող եք տարվա ընթացքում հիշեցնել իրենց այդ նպատակի մասին և գովել նրանց առաջընթացի համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ուրիշ ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից

Մորմոնի Գիրքը ամեն օր կարդալու մասին խոսելիս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է հետևյալը.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից:

(Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62–63)

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը համեմատել է սուրբ գրությունները Ուրիմի և Թումիմի հետ, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ Տիրոջից հայտնություն ստանալու համար.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մենք չենք ուզում չափազանցնել այդ կետը, երբ ասում ենք, որ սուրբ գրքերը կարող են լինել Ուրիմ և Թումիմ` օգնելով մեզանից յուրաքանչյուրին ստանալ անձնական հայտնություն:

Քանի որ մենք հավատում ենք, որ սուրբ գրությունների ընթերցումը կարող է մեզ օգնել հայտնություն ստանալ, մենք ոգևորությամբ դրանք նորից ու նորից ենք կարդում: Դա անելով մենք հասկանում ենք, թե Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ մենք իմանայինք և անեինք մեր կյանքում: Ահա թե Վերջին Օրերի Սրբերն ինչու են հավատում սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը:

(Դալլին Հ․ Օուքս, «Սուրբ գրությունների ընթերցումը և հայտնությունը», Ensign, հունվար 1995, 8)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Թողեք աշխարհը

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ սուրբ գրությունների ուսումնասիրության և կենդանի մարգարեների խոսքերի ստացման միջև եղած կապը, կարող եք կարդալ Գործք Առաքելոց 17.5-7 հատվածները և քննարկել հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, անհավատ հրեաներն ինչո՞ւ զգացին, որ Պողոսի՝ Փրկիչի մասին ուսմունքները «շփոթեցրեցին աշխարհը» ( Գործք Առաքելոց 17.6):

  • Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է պատրաստել մեր միտքն ու սիրտը կենդանի մարգարեների ուսումնքները ստանալու համար:

  • Որո՞նք են ամենամեծ տարբերությունները կենդանի մարգարեների միջոցով ներկայացված ուսումունքների և այսօրվա աշխարհի համոզմունքների ու մշակույթի միջև:

Գործք Առաքելոց 17․11 «Նրանք ընդունեցին խոսքը բոլոր հոժարությամբ»

Կարող եք քննարկել Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ կենտրոնանալով Բերիայի ժողովրդի կողմից ավետարանը ստանալու պատրաստակամության վրա:

Այս հատվածները ուսումնասիրելուց առաջ օգտակար կլինի խնդրել մի քանի կամավորների գործողությամբ ցուցադրել, թե ինչ է նշանակում պատրաստ լինել որոշակի խնդիրներ կատարելու, օրինակ՝ գնդակ բռնել, մրցավազքի մասնակցել, ճաշել, որևէ ծանր բան բարձրացնել կամ փոս փորել: Կարող եք մեկ կամ մի քանի ուսանողի առաջարկել ցուցադրել, թե ինչ է նշանակում, երբ մարդ պատրաստ է միայն գործողությամբ սովորել ավետարանը: Մնացած ուսանողները կարող են փորձել կռահել, թե ինչ է տեղի ունենում:

Այնուհետև ուսանողներին առաջարկեք թվարկել այն գործողությունները, հատկանիշները կամ վարքագծերը, որոնք ցուցադրում են, որ մարդը պատրաստ է սովորել ավետարանը: Ապա ուսանողներին առաջարկեք կարդալ Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ փնտրելով, թե ինչն օգնեց Բերիայի ժողովրդին հավատալ և ընդունել Պողոսի և Շիղայի ուսմունքները: