Նոր Կտակարան 2023
Հավելված. Պատրաստել ձեր երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար


«Հավելված. Պատրաստել ձեր երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հավելված», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023

Հավելված

Պատրաստել ձեր երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար

Քանի որ Երկնային Հայրը սիրում է ձեզ, վստահում է ձեզ և գիտի ձեր ներուժը, Նա ձեզ հնարավորություն է տվել օգնելու ձեր երեխաներին մտնել և առաջ ընթանալ Իր ուխտի ուղիով՝ հավերժական կյանք տանող ուղով (տես Վարդապետություն և Ուխտեր 68.25–28): Դա կօգնի նրանց պատրաստվել սուրբ ուխտեր կապելուն և պահելուն, ինչպիսիք են՝ մկրտության ուխտը և տաճարում կնքված ուխտերը: Այս ուխտերի միջոցով ձեր երեխաները կկապվեն իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ:

Կան բազմաթիվ եղանակներ՝ նախապատրաստելու ձեր երեխաներին ուխտի ուղու այս ճամփորդությանը, և Երկնային Հայրը կօգնի ձեզ բացահայտել նրանց օգնելու լավագույն եղանակը: Երբ ոգեշնչում եք փնտրում, հիշեք, որ ուսումնառության գործընթացը լիովին տեղի չի ունենում ծրագրված դասերի ժամանակ: Իրականում, տնային ուսումնառությունը շատ ավելի արդյունավետ է, քանի որ հնարավորություն կա սովորելու փոքր և հասարակ օրինակներով, ինչպես բնական ձևով տեղի է ունենում առօրյա կյանքում: Ինչպես ուխտի ուղուն հետևելն է հետևողական և ողջ կյանքը տևող գործընթաց, այնպես էլ ուխտի ուղու մասին սովորելն է ողջ կյանքը տևող գործընթաց: (Տես «Տուն և ընտանիք», «Ուսուցանել Փրկչի ձևով», [2022], 30–31։)

Նկար
մայր ու երեխա

Կան բազմաթիվ եղանակներ՝ նախապատրաստելու ձեր երեխաներին Աստծո ուխտի ուղով քայլելու իրենց ճամփորդությանը:

Ստորև բերված են մի քանի գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել ձեզ։ Դուք կարող եք լրացուցիչ գաղափարներ գտնել Երեխաների միության երեխաներին ուսուցանելու համար «Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար» բաժնում՝ Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար:

Մկրտություն և Հաստատում

Նեփին ուսուցանել է, որ «դուռը, որով [մենք] մտնում ենք» ուխտի ուղի, «ապաշխարությունը և ջրով մկրտությունն է» (2 Նեփի 31.17): Ձեր երեխաներին մկրտությանը և հաստատմանը նախապատրաստելու ձեր ջանքերը կարող են նրանց քայլերը հաստատուն դարձնել այդ ուղու վրա: Այդ ջանքերը սկսվում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ապաշխարության մասին ուսուցմամբ: Դրանք ներառում են նաև ուսուցում այն մասին, թե մենք ինչպես ենք նորոգում մեր մկրտության ուխտերը՝ ընդունելով հաղորդությունը ամեն շաբաթ:

Ահա մի քանի նյութեր, որոնք օգտակար կլինեն ձեզ. 2 Նեփի 31, Ավետարանի թեմաներ, «Մկրտություն» topics.ChurchofJesusChrist.org:

  • Ամեն անգամ, երբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ամրացնող փորձառություն եք ունենում, դրանով կիսվեք ձեր երեխայի հետ: Օգնեք նրան հասկանալ, որ հավատքը մի բան է, որը կարող է ավելի ու ավելի ուժեղանալ ողջ կյանքի ընթացքում: Ի՞նչ քայլեր կարող է կատարել ձեր երեխան, որպեսզի ավելի ամուր հավատք զարգացնի Քրիստոսի հանդեպ՝ նախքան իր մկրտվելը:

  • Երբ ձեր երեխան սխալ ընտրություն է կատարում, ուրախությամբ խոսեք ապաշխարության պարգևի մասին: Իսկ երբ դուք սխալ ընտրություն եք կատարում, կիսվեք այն ուրախությամբ, որը ստանում եք, երբ դուք ապաշխարում եք: Վկայեք, որ քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ մեր մեղքերի համար, Նա մեզ փոխվելու զորություն տվեց: Երբ ձեր երեխան ներողություն է խնդրում, հանգիստ և ուրախ ներեք նրան:

  • Պատմեք ձեր երեխային ձեր մկրտության մասին։ Ցույց տվեք նկարներ և կիսվեք հիշողություններով: Խոսեք ձեր զգացմունքների մասին, և թե ինչպես են ձեր մկրտության ուխտերն օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ինչպես են դրանք շարունակում օրհնել ձեր կյանքը: Քաջալերեք ձեր երեխային հարցեր տալ:

  • Երբ ձեր ընտանիքում կամ ձեր ծխում մկրտություն լինի, ձեր երեխային տարեք այն տեսնելու: Միասին խոսեք այն մասին, թե ինչ եք դուք և ձեր երեխան տեսել ու զգացել: Եթե հնարավոր է, խոսեք մկրտվողի հետ և տվեք հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս ընդունեցիք այս որոշումը: Ինչպե՞ս եք պատրաստվել»։

  • Ամեն անգամ, երբ նկատում եք, որ ձեր երեխան կատարում է իր խոստումները, անկեղծորեն գովեք նրան: Նշեք, որ պարտավորությունները պահելն օգնում է, որ մենք պատրաստվենք մկրտության ժամանակ կապած ուխտերը պահելուն։ Ի՞նչ ենք մենք խոստանում Աստծուն, երբ մկրտվում ենք: Ի՞նչ է Նա խոստանում մեզ (տես Մոսիա 18.8–10, 13):

  • Երբ դուք և ձեր երեխան միասին սուրբ փորձառություն եք ունենում (օրինակ՝ եկեղեցում, սուրբ գրությունները կարդալիս կամ որևէ մեկին ծառայելիս), պատմեք նրան ձեր ունեցած հոգևոր զգացմունքների կամ տպավորությունների մասին: Հրավիրեք ձեր երեխային կիսվել, թե նա ինչ է զգում: Նշեք, թե Հոգին ինչ եղանակներով է խոսում մարդկանց և անձամբ ձեզ հետ։ Օգնեք ձեր երեխային ճանաչել այն պահերը, երբ նա կարող է զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը։

  • Միասին դիտեք «Լսի՛ր Նրան» վերնագրով Ավետարանի գրադարանի հավաքածուի մի քանի տեսանյութեր: Միասին խոսեք այն մասին, թե ինչպես են Տիրոջ ծառաները լսում Նրա ձայնը: Հրավիրեք ձեր երեխային թղթի վրա կամ տեսախցիկով նկարել, թե նա ինչպես է լսում Փրկչի ձայնը:

  • Խոսեք այն մասին, թե ինչպես եք օրհնվել՝ դառնալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ինչպե՞ս եք դուք ավելի մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ ծառայել եք ուրիշներին, և երբ ուրիշներն են ծառայել ձեզ: Օգնեք ձեր երեխային մտածել, թե լինելով Եկեղեցու անդամ, ինչպես կարող է ծառայել և ամրացնել ուրիշներին։

  • Հաղորդությունը սուրբ և ուրախ իրադարձություն դարձրեք ձեր ընտանիքում: Օգնեք ձեր երեխային ծրագրել ուղիներ, որոնցով հաղորդության ժամանակ կարող է կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Ինչպե՞ս ցույց կտանք, որ հաղորդությունը սուրբ է մեզ համար:

  • Ընկեր ամսագիրը հաճախ ներառում է հոդվածներ, պատմություններ և վարժություններ, որոնք կօգնեն երեխաներին նախապատրաստվել մկրտությանը և հաստատմանը: Թույլ տվեք ձեր երեխային ընտրել այդ հոդվածներից մի քանիսը և միասին կարդացեք ու վայելեք դրանք։ (Տես նաև «Պատրաստվել մկրտությանը» հավաքածուն Ավետարանի գրադարանի մանկական բաժնում):

    Նկար
    տղան մկրտվում է

    Նեփին ուսուցանել է, որ «դուռը, որով [մենք] մտնում ենք» ուխտի ուղի, «ապաշխարությունը և ջրով մկրտությունն է» (2 Նեփի 31.17):

Ուսուցանեք ձեր երեխաներին քահանայության մասին

Քահանայությունն Աստծո իշխանությունն ու զորությունն է, որով Նա օրհնում է Իր զավակներին: Այսօր Աստծո քահանայությունը երկրի վրա է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եկեղեցու բոլոր անդամները, որոնք պահում են իրենց ուխտերը, իրենց տներում օրհնված են Աստծո քահանայության զորությամբ, որպեսզի ամրացնեն իրենց և իրենց ընտանիքները (տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 3.5, ChurchofJesusChrist.orgկայքում): Այս զորությունը կօգնի անդամներին կատարել Աստծո փրկության և վեհացման աշխատանքն իրենց կյանքում և իրենց ընտանիքներում (տես Ընդհանուր ձեռնարկ, 2.2

Մենք արարողությունները ստանում ենք քահանայության իշխանությամբ: Երբ տղամարդիկ և կանայք ծառայում են Եկեղեցու կոչումներում, նրանք դա անում են քահանայության իշխանությամբ՝ քահանայության բանալիները կրողների ղեկավարության ներքո: Երկնային Հոր բոլոր զավակները՝ Նրա որդիներն ու Նրա դուստրերը, կօրհնվեն, երբ նրանք ավելի լավ հասկանան քահանայությունը:

Քահանայության մասին ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 76–79, Ռասսել Մ. Նելսոն, «Քահանայության զորություն ունենալու գինը», Լիահոնա, մայիս 2016, 66–69, «Քահանայության սկզբունքները», Ընդհանուր ձեռնարկի գլուխ 3-րդ:

  • Քահանայության արարողությունները դարձրեք ձեր ընտանեկան կյանքի շարունակական մասը: Օրինակ, օգնեք ձեր երեխային ամեն շաբաթ հոգևորապես պատրաստվել հաղորդությանը: Խրախուսեք, որ ձեր երեխան ձգտի ստանալ քահանայության օրհնություններ, երբ նա հիվանդ է կամ մխիթարության և ուղղորդման կարիք ունի: Սովորություն դարձրեք և նշեք, թե ինչպես է Տերն օրհնում ձեր ընտանիքը քահանայության զորության միջոցով:

  • Երբ միասին կարդաք սուրբ գրությունները, առիթ փնտրեք քննարկելու, թե Աստված ինչպես է օրհնում մարդկանց Իր զորությամբ: Կիսվեք ձեր սեփական փորձառություններով, երբ Աստված օրհնել է ձեզ Իր քահանայության միջոցով: Օրհնությունների օրինակների համար, որոնք մենք ստանում ենք Աստծուց՝ քահանայության միջոցով, տես Ընդհանուր ձեռնարկի 3.2 և 3.5 բաժինները:

  • Սովորեք ձեր ընտանիքի որևէ անդամի քահանայության իշխանության գիծը: (Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները կարող են ստանալ իրենց իշխանության գծի պատճենը՝ նամակ ուղարկելով LineofAuthority@ChurchofJesusChrist.org, տես նաև «Հայցել քահանայության իշխանության գիծը» հետևյալ կայքի օգնության կենտրոնում՝ ChurchofJesusChrist.org): Խոսեք այն մասին, թե ինչու է կարևոր իմանալ, որ քահանայության իշխանությունը գալիս է հենց Հիսուս Քրիստոսից: Ինչո՞ւ է Նա դրանով կիսվում մեզ հետ։

  • Ուսուցանեք ձեր երեխային, որ մկրտությունից հետո նա կարող է քահանայության զորություն ստանալ՝ պահելով մկրտության ուխտը: Միասին վերանայեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Հոգևոր գանձեր» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2019, 76–79): Պատմեք ձեր երեխային, թե քահանայության արարողությունների շնորհիվ ինչպես եք ձեր կյանքում ստացել Աստծո զորությունը: Քահանայության զորությամբ օրհնված լինելու որոշ եղանակներ թվարկված են Ընդհանուր ձեռնարկի 3.5 բաժնում:

  • Քննարկեք «Ինչպիսի՞ն է Տիրոջ ծառան» հարցը: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.36–42 հատվածները և փնտրեք պատասխաններ: Ամեն անգամ, երբ նկատում եք, որ ձեր երեխան (կամ մեկ ուրիշը) կիրառում է այս հատվածների սկզբունքներից կամ հատկանիշներից մեկը, մատնանշեք այն:

  • Երբ դուք կամ ձեր երեխան բանալիներ եք օգտագործում դուռը բացելու կամ ավտոմեքենայի շարժիչը միացնելու համար, մի պահ հատկացրեք և այդ բանալիները համեմատեք քահանայության ղեկավարների ձեռքերում գտնվող բանալիների հետ: (Քահանայության բանալիների սահմանման համար տես Ընդհանուր ձեռնարկի 3.4.1 բաժինը): Ի՞նչ են մեզ համար «բացում» կամ «միացնում» քահանայության բանալիները: Տես նաև Գարի Ի. Սթիվենսոնի «Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը» ելույթը, Լիահոնա, մայիս 2016, 29–32։ «Որտե՞ղ են բանալիները» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org:

  • Երբ ձեզ ձեռնադրեն կոչման համար, հնարավորության դեպքում ձեր երեխային հրավիրեք ներկա գտնվել: Թող ձեր երեխան տեսնի, թե ինչպես եք կատարում ձեր կոչումը: Դուք նույնիսկ կարող եք փնտրել համապատասխան միջոցներ, որոնցով նա կարող է օգնել ձեզ: Նկարագրեք, թե ինչպես եք զգում Տիրոջ զորությունը ձեր կոչման մեջ:

Այցելություն տաճար. մկրտություններ և հաստատումներ մահացածների համար

Տաճարները հանդիսանում են Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մի մասը: Տաճարներում սուրբ արարողություններին մասնակցելիս մենք սուրբ ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ, որոնք բոլորը մատնանշում են Հիսուս Քրիստոսին: Երկնային Հայրը ուղի է ապահովել, որ Իր բոլոր զավակները ուխտեր կապեն և արարողություններին մասնակցեն, ներառյալ նրանք, ովքեր չեն ստացել այդ ուխտերն ու արարողություններն այս կյանքում: 12 տարեկանը բոլորող ձեր երեխան բավականին մեծ է, որպեսզի տաճարում մկրտվի և հաստատվի մահացած նախնիների համար:

Մահացածների մկրտությունների և հաստատումների մասին ավելին իմանալու համար տես «Փոխարինող մկրտության և հաստատման մասին», temples.ChurchofJesusChrist.orgկայքում:

  • Այցելեք տաճար այնքան հաճախ, որքան թույլ են տալիս ձեր հանգամանքները: Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչու եք գնում տաճար և ինչպես է տաճարն օգնում ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Միասին վերանայեք և քննարկեք տաճարային երաշխավորագրի հարցերը: Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում տաճարային երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ: Կիսվեք, թե ինչու է ձեզ համար կարևոր տաճարային երաշխավորագիրը։

  • Միասին կարդացեք Մաղաքիա 4․6-ը։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարող են ձեր սրտերը դառնալ դեպի ձեր նախնիները: Իմացեք ավելին՝ միասին ուսումնասիրելով ձեր նախնիների մասին ընտանեկան պատմությունը հետևյալ FamilySearch.orgկայքում: Փնտրեք այն նախնիներին, որոնք կարիք ունեն մկրտության և հաստատման: Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուն կարող է օգնել ձեզ:

  • Ավետարանի գրադարանի երեխաների բաժնում միասին վերանայեք «Տաճար» հավաքածուի որոշ նյութեր: (Տես նաև «Պատրաստել ձեր երեխային տաճարային մկրտություններին և հաստատումներին» ChurchofJesusChrist.orgկայքում):

Ստանալ Հայրապետական օրհնություն

Հայրապետական օրհնությունը կարող է առաջնորդության, մխիթարության և ոգեշնչման աղբյուր լինել: Այն իր մեջ ունի մեզ տրված անձնական խորհուրդ Երկնային Հոր կողմից և օգնում է մեզ հասկանալ մեր հավերժական ինքնությունն ու նպատակը: Ուսուցանելով ձեր երեխային հայրապետական օրհնությունների նշանակությունն ու սուրբ էությունը՝ օգնեք նրան պատրաստվել ստանալ հայրապետական օրհնությունը:

Ավելին իմանալու համար տես Ավետարանի թեմաների «Հայրապետական օրհնություններ» բաժինը topics.ChurchofJesusChrist.orgtopics.ChurchofJesusChrist.org կայքում։

  • Կիսվեք ձեր երեխայի հետ հայրապետական օրհնությունը ստանալու ձեր փորձառությամբ: Դուք կարող եք կիսվել նրանով, թե ինչպես եք պատրաստվել դրան, ինչպես է դա օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն և ինչպես եք օգտագործում օրհնությունը ձեր կյանքում: Դուք կարող եք նաև հորդորել ձեր երեխային խոսել ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ստացել են իրենց հայրապետական օրհնությունները:

  • Ժամանակ հատկացրեք միասին վերանայելու Ավետարանի թեմաների մի քանի նյութ՝ «Հայրապետական օրհնություններ» բաժնում: Հայրապետական օրհնություն ստանալու գործընթացին ծանոթանալու համար տես Ընդհանուր ձեռնարկ 18.17 բաժինը:

  • Եթե դուք ունեք նախնիներ, որոնք ստացել են հայրապետական օրհնություններ, կարող եք ոգեշնչման համար կարդալ դրանցից մի քանիսը ձեր երեխայի համար: Մահացած նախնիների օրհնությունները պահանջելու համար մուտք գործեք ChurchofJesusChrist.org, սեղմեք հաշվի պատկերակը էկրանի վերևի աջ անկյունում և ընտրեք «Հայրապետական օրհնություն»:

  • Երբ ձեր երեխան ստանա իր հայրապետական օրհնությունը, հրավիրեք ընտանիքի բոլոր անդամներին, որոնք ներկա են եղել, արձանագրել իրենց զգացմունքները և կիսվել դրանցով ձեր երեխայի հետ:

Այցելություն տաճար. օժտում

Աստված ցանկանում է «բարձրից զորությամբ» օժտել կամ օրհնել Իր բոլոր զավակներն (Վարդապետություն և Ուխտեր 95.8): Մենք գնում ենք տաճար, որպեսզի ստանանք մեր անձնական օժտումը միայն մեկ անգամ, բայց ուխտերը, որոնք կապում ենք Աստծո հետ և այն հոգևոր զորությունը, որը Նա տալիս է մեզ՝ որպես օժտման մաս, կարող են օրհնել մեզ ամեն օր:

Տաճարային օժտման մասին ավելին իմանալու համար տես «Տաճարային օժտման համար», temples.ChurchofJesusChrist.orgՌասսել Մ.Նելսոն, «Պատրաստվեք տաճարի օրհնություններին», Լիահոնա, հոկտեմբեր 2010, 41-51:

  • Ցուցադրեք ձեր տանը գտնվող տաճարի նկարը: Պատմեք ձեր երեխային, թե ինչ եք զգացել տաճարում։ Հաճախ խոսեք Տիրոջ, Նրա տան հանդեպ ձեր սիրո և այնտեղ կնքած ուխտերի մասին:

  • Միասին ուսումնասիրեք temples.ChurchofJesusChrist.orgկայքը: Միասին կարդացեք հոդվածներ, ինչպիսիք են «Տաճարային օժտման մասին» և «Պատրաստվել Տիրոջ տան համար»: Թույլ տվեք ձեր երեխային տալ ցանկացած հարց, որը նա ունի տաճարի վերաբերյալ: Այն, թե ինչի մասին կարող եք խոսել տաճարից դուրս, տես երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 101–4, հատկապես տես «Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնասիրություն և պատրաստություն տաճարին» վերնագրված բաժինը):

  • Երբ դուք և ձեր երեխան մասնակցեք կամ ականատես լինեք այլ արարողությունների (օրինակ՝ հաղորդությանը կամ հիվանդների օրհնությանը), մի պահ քննարկեք արարողության մեջ ներառված խորհրդանիշները: Ի՞նչ են ներկայացնում խորհրդանիշները։ Ինչպե՞ս են նրանք վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Դա կպատրաստի ձեր երեխային խորհել տաճարային արարողությունների խորհրդանշական իմաստի մասին, որոնք նույնպես վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

  • Օգնեք, որ ձեր երեխան ուշադրություն դարձնի, թե ինքն ինչպես է պահում Մոսիա 18.8–10, 13-ում նկարագրված մկրտության ուխտը: Նաև օգնեք ձեր երեխային ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերն օրհնում իրեն: Ամրապնդեք ձեր երեխայի վստահությունը ուխտերը պահելու իր կարողության նկատմամբ:

  • Անկեղծ և հաճախ խոսեք այն մասին, թե ձեր տաճարային ուխտերը ինչպես են առաջնորդում ձեր ընտրությունները և օգնում ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք կարդալ Ընդհանուր ձեռնարկի 27.2 բաժինը, որպեսզի վերանայեք ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարում:

Ծառայել միսիա

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Միակ ամենակարևոր բանը, որը դուք կարող եք անել պատրաստվելով ծառայության կանչին՝ միսիոներ դառնալն է շատ ավելի շուտ՝ մինչև ձեր միսիա գնալը: … Հարցը միսիա գնալը չէ, այլ՝ միսիոներ դառնալն է և ծառայելը մեր ողջ կյանքի ընթացքում՝ մեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: … Դուք պատրաստվում եք ողջ կյանքը ձգվող միսիոներական աշխատանքին» («Դառնալ միսիոներ», Լիահոնա, նոյեմբեր 2005, 45–46): Ձեր երեխայի միսիոներ դառնալու փորձառությունները հավերժ կօրհնեն նրան, ոչ միայն այն ժամանակահատվածի համար, երբ նա կարող է ծառայել որպես միսիոներ:

Ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6–7, Մ. Ռասսել Բալլարդ, «Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը», Լիահոնա, մայիս 2022, 8–10, Միսիոներական պատրաստություն. հարմարվել միսիոներական կյանքին, ChurchofJesusChrist.orgկայքում:

  • Փորձեք, թե ինչպես կարող եք կիսվել ավետարանով բնական ձևերով: Միշտ զգոն եղեք ուրիշների հետ կիսվելու ձեր զգացմունքներով՝ Երկնային Հոր, Փրկչի և այն օրհնությունների մասին, որոնք դուք ստանում եք՝ որպես Նրա Եկեղեցու անդամ: Հրավիրեք ուրիշներին միանալ ձեր ընտանիքին՝ մասնակցելով եկեղեցի-ընտանիք միջոցառումներին:

  • Միսիոներների հետ շփվելու հնարավորություններ փնտրեք ձեր ընտանիքի անդամների համար: Հրավիրեք միսիոներներին ուսուցանել ձեր ընկերներին կամ առաջարկեք և հնարավորություն տվեք նրանց ուսուցանել ձեր տանը: Հարցրեք միսիոներներին իրենց ունեցած փորձառությունների մասին, և ինչպես է միսիոներական ծառայությունն օգնում նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Նաև հարցրեք, թե ինչ են արել (կամ կցանկանային, արած լինել) միսիային պատրաստվելու համար:

  • Եթե դուք ծառայել եք միսիայում, անկեղծ և հաճախակի խոսեք ձեր փորձառությունների մասին: Կարող եք հրավիրել միսիայում ծառայած ընկերներին կամ ընտանիքի անդամներին պատմել իրենց մասին: Դուք կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչպես եք ավետարանով կիսվել ուրիշների հետ ձեր ողջ կյանքի ընթացքում: Օգնեք ձեր երեխային մտածել այն մասին, թե նա ինչպես կարող է կիսվել ավետարանով:

  • Հնարավորություն տվեք, որ ձեր երեխան ձեր ընտանիքի անդամներին ուսուցանի ավետարանի սկզբունքները: Ձեր երեխան նաև կարող է իր հավատքով կիսվել ուրիշների հետ: Օրինակ՝ կարող եք քննարկել նմանատիպ հարցեր՝ «Ինչպե՞ս կներկայացնենք Մորմոնի Գիրքը մեկին, ով երբեք չի լսել դրա մասին» կամ «Ինչպե՞ս կարող ենք նկարագրել Փրկչի կարևորությունը մեկին, ով քրիստոնյա չէ»:

  • Օգնեք ձեր երեխային անկաշկանդ զգալ մարդկանց հետ խոսելիս: Որո՞նք են զրույց սկսելու լավ եղանակները: Խրախուսեք ձեր երեխային սովորել, թե ինչպես լսել ուրիշներին, հասկանալ, թե ինչ կա նրանց սրտում և կիսվել ավետարանի ճշմարտություններով, որոնք կարող են օրհնել նրանց կյանքը:

  • Հնարավորություններ փնտրեք, որպեսզի ձեր երեխան սովորի այլ մշակույթների և հավատքների մասին: Օգնեք նրան ճանաչել և հարգել ուրիշների համոզմունքների լավ և ճշմարիտ սկզբունքները:

Այցելություն տաճար. կնքում

Տաճարում ամուսինն ու կինը կարող են ամուսնանալ հավերժության համար: Դա տեղի է ունենում մի արարողության միջոցով, որը կոչվում է կնքում: Թեև ձեր որդու կամ դստեր համար այս արարողությունը կարող է տարիներ անց կատարվել, սակայն այն փոքր, պարզ, հետևողական քայլերը, որոնք դուք միասին կանեք այդ տարիների ընթացքում, կարող են օգնել նրան պատրաստվել այդ հրաշալի օրհնությանը:

Ավելին իմանալու համար տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Կնքում», topics.ChurchofJesusChrist.orgկայքում:

  • Միասին կարդացեք «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.orgկայքում: Այս հռչակագիրն ի՞նչ է ուսուցանում ընտանեկան կյանքում երջանկության և հաջող ամուսնությունների մասին: Ձեր երեխայի հետ որպես ուսումնասիրության նյութ ընտրեք հռչակագրում նշված սկզբունքներից մեկը: Դուք կարող եք այդ սկզբունքին առնչվող հատվածներ փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում: Կարող եք նաև նպատակներ դնել՝ ձեր ընտանիքում լիարժեք կիրառելու այդ սկզբունքը: Երբ աշխատում եք ձեր նպատակների վրա, միասին քննարկեք, թե այդ սկզբունքով ապրելով, ինչպես կփոխվի ձեր ընտանեկան կյանքը:

  • Ձեր երեխայի հետ կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Գովք փրկարարներին» (Լիահոնա, մայիս 2016, 77–80)։ Երբ հասնեք «Միանգամյա օգտագործման հասարակություն» բաժինը, կարող եք ձեր տանը փնտրել միանգամյա օգտագործման իրեր, և այլ բաներ, որոնք մեկանգամյա օգտագործման համար չեն: Խոսեք այն մասին, թե ինչպես եք տարբեր կերպ վերաբերվում իրերին, երբ ցանկանում եք, որ դրանք երկար մնան: Ի՞նչ է սա հուշում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին: Ուրիշ ի՞նչ ենք սովորում նախագահ Ուխդորֆի ուղերձից այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ ամուր ամուսնություններ և ընտանիքներ կառուցել:

  • Եթե ամուսնացած եք, ձեր երեխայի հետ ազատ խոսեք այն բաների մասին, որոնցում, ձեր կարծիքով, հաջողության եք հասնում ամուսիններով, այն մասին, ինչ սովորում եք, և ինչպես եք ձգտում կատարելագործվել: Եթե դուք և ձեր ամուսինը կնքվել եք տաճարում, օրինակով ցույց տվեք ձեր երեխային, թե ինչպես եք ձգտում պահել ձեր ուխտերը միմյանց և Տիրոջ հետ: Ասացեք ձեր երեխային, թե ինչպես եք ձգտում Երկնային Հորը և Փրկչին դարձնել ձեր հարաբերությունների կենտրոնը, և ինչպես են Նրանք օգնում ձեզ:

  • Երբ պետք է ընտանեկան որոշումներ կայացվեն, անցկացրեք ընտանեկան խորհուրդներ և քննարկումներ: Համոզվեք, որ ընտանիքի բոլոր անդամների կարծիքները լսելի լինեն և գնահատվեն: Այս քննարկումների ժամանակ ցույց տվեք ձեր առողջ հարաբերությւոնները, բարյացակամ եղեք միմյանց հանդեպ, նույնիսկ, երբ ձեզանից մեկը համաձայն չէ մյուսի կարծիքին։

  • Երբ ընտանիքում անհամաձայնություն կամ ընդհարում է տեղի ունենում, դրսևորեք համբերություն և կարեկցանք: Օգնեք ձեր երեխային տեսնել, թե Քրիստոսանման եղանակով լուծելով ընդհարումը ինչպես կօգնի նրան պատրաստվել երջանիկ ամուսնության: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.41–42 հատվածները և խոսեք այն մասին, թե այդ հատվածների սկզբունքներն ինչպես կարող են կիրառվել ամուսնության մեջ: