Սեմինարիա
Հելաման 10․ Տերն օրհնում է Նեփիին


«Հելաման 10․ Տերն օրհնում է Նեփիին», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 10», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 10

Տերն օրհնում է Նեփիին

Նկար
երիտասարդ կինը խորհում է

Գլխավոր դատավորի սպանության վերաբերյալ իր մարգարեություններից հետո Նեփին մտածում էր այն ամենի մասին, ինչ Տերը ցույց էր տվել իրեն, բայց նա նաև հուսալքված էր մարդկանց ամբարշտությունից։ Երբ տուն էր վերադառնում, մի կարևոր փորձառություն ունեցավ․ Տերն օրհնեց նրան Իր կամքը կատարելու մեջ հավատարիմ լինելու համար։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ Նեփիի փորձառության այն ճշմարտությունները, որոնք կարող են ձեր կյանք հրավիրել Տիրոջ ուղղորդումն ու զորությունը։

Առաջարկեք ուսանողներին պատասխանատու լինել իրենց ուսման համար։ Թեև ուսուցչի դերը կարևոր է, ի վերջո, սովորողներն են պատասխանատու իրենց կրթության համար։ Ուսանողները սովորում են, երբ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ճշմարտությունները բացահայտելու համար ինքնուրույն փնտրում են Աստծո խոսքը։ Ձեր ուսանողներին օգնեք տեսնել անձնական մտորումների, խորհելու և դասարանի հետ հաղորդակցվելու արժեքը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Հելաման 10 գլուխը և փնտրել, թե ինչ կարող են սովորել Նեփիի օրինակից, որը կարող է օրհնել իրենց կյանքը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես դառնալ որակավորված

Կարող եք դասն սկսել այսպես․ մի ուսանողի, որը որևէ հմտություն ունի, օրինակ՝ գիտի փողկապ կապել, հրավիրեք, որ մեկ այլ ուսանողի բացատրի դա անելու ձևը։ Կարճատև փորձից հետո հմուտ ուսանողը կարող է ցույց տալ մյուս ուսանողին՝ ինչպես կատարել տվյալ հմտությունը։ Եթե որոշեք սա անել, բաց թողեք ստորև ներկայացվող երկրորդ հարցը։

  • Կարո՞ղ եք հիշել, թե երբ եք մեկ ուրիշի օրինակից ինչ-որ բան սովորել։ Ի՞նչ էր դա:

  • Ինչո՞ւ է օրինակից սովորելը հատկապես արդյունավետ։

Այսօր մարգարե Նեփիի օրինակից ճշմարտություններ սովորելու հնարավորություն եք ունենալու։ Գուցե հիշեք, որ Նեփիին սխալմամբ մեղադրում էին նեփիացի գլխավոր դատավորի սպանության մեջ ներգրավված լինելու համար (տես Հելաման 9.16–20)։ Ոգեշնչման միջոցով Նեփին բացահայտեց մարդասպանին և ազատ արձակվեց (տես Հելաման 9.20–38)։ Երբ Նեփին տուն էր վերադառնում, մի կարևոր փորձառություն ունեցավ Տիրոջ հետ, որը հիշատակվում է Հելաման 10 գլխում։ Հետևյալ երեք վարժությունները կօգնեն և կուղղորդեն ձեզ գլուխն ուսումնասիրելիս։

Կարող եք ուսանողներին բաժանել հետևյալ աշխատաթերթերը և առաջարկել նրանց կատարել վարժությունները։

Ուսումնական վարժություններից մեկը կատարելու համար կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել։ Յուրաքանչյուր խմբում անպայման քննարկման ղեկավար նշանակեք։ Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենալուց հետո ավարտեն առաջին վարժությունը, նոր խմբեր կազմեք և հանձնարարեք նրանց մեկ այլ ուսումնական վարժություն կատարել։ Այս գործընթացը կարելի է կրկնել այնքան, մինչև ուսանողներն աշխատեն բոլոր երեք վարժությունների վրա։

Որպես մեկ այլ տարբերակ կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ անհատականորեն ուսումնասիրելու աշխատաթերթերի նյութերը և պատրաստելու կարճ դաս իրենց սովորածի մասին։ Այնուհետև, ուսանողներին հնարավորություն տվեք անցկացնել իրենց դասը որևէ փոքր խմբի համար, կամ մի քանի կամավորներ կարող են իրենց դասն ուսուցանել դասարանին։

Ուսումնական վարժություն 1․ Խորհրդածությունը և անձնական հայտնությունը

Ի՞նչ եք սովորել ձեր կյանքում հայտնություն ստանալու մասին։ Հելաման 10 գլխի առաջին մասում իմանում ենք Նեփիի փորձառության մասին, երբ նա Աստծուց հայտնություն և զորություն ստացավ։ Նեփիի օրինակը մեզ ուսուցանում է, թե ինչպես կարող ենք մեծացնել Տիրոջից հայտնություն ստանալու և այն ճանաչելու մեր կարողությունը։

Կարդացեք Հելաման 10.1–3 հատվածները և փնտրեք, թե ինչն էր առաջնորդում Նեփիին ստանալու հայտնություն Տիրոջից։

  • Ի՞նչ գտաք:

Նշեք խորհել բառը 2 և 3 հատվածներում։ Կարող եք այդ բառը նշել ձեր սուրբ գրություններում։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ Տիրոջ գործերի մասին խորհելը պատրաստում է մեզ հայտնություն ստանալու համար։

  • Ինչպե՞ս կարող եք նկարագրել խորհդածությունը որևէ մեկին, ով չգիտի, թե ինչ է դա։

  • Խորհելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հայտնություն ստանալ։

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Կարևոր է լուռ մնալ, լսել և հետևել Հոգուն։ Մեր ուշադրությունը շեղող ուղղակի չափից շատ բան կա այժմ, քան երբևէ եղել է աշխարհի պատմության մեջ։

Յուրաքանչյուրին խորհրդածելու և մտորելու ժամանակ է անհրաժեշտ։ Նույնիսկ աշխարհի Փրկիչն Իր մահկանացու ծառայության ընթացքում ժամանակ էր գտնում դա անելու։ (Մ. Ռասսել Բալլարդ, «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած» [Եկեղեցու կրթական համակարգի հոգևոր հավաք երիտասարդների համար, 4-ը մայիսի, 2014 թ․], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչն է շեղում ուշադրությունը և դժվարացնում խորհել հոգևոր բաների մասին։

  • Որո՞նք են «Տիրոջ մի քանի գործերը», որոնց շուրջ խորհելու համար կարող եք ժամանակ հատկացնել։

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել կամ գիտեք, երբ խորհելը հանգեցրել է հայտնության։

Մտածեք, թե ինչ նպատակ կարող եք սահմանել՝ այս ճշմարտությունը ձեր կյանքում կիրառելու համար։ Կարող եք ձեր նպատակը գրանցել ձեր օրագրում։

Ուսումնական վարժություն 2․ Ձգտել անխոնջությամբ կատարել Տիրոջ կամքը

Հիշեք, թե երբ են ձեզ խնդրել անել մի բան, որը շատ դժվար է թվացել։ Տերը Նեփիին դժվար պատվիրաններ տվեց, երբ խնդրեց Նրան ամբարիշտ նեփիացիներին ապաշխարելու կոչ անել։ Սակայն չնայած բարդությանը՝ Նեփին ջանասիրաբար աշխատում էր հետևել Տիրոջ կամքին։

Կարդացեք Հելաման 10.4–5 հատվածները և փնտրեք, թե Տերն ինչ ասաց Նեփիին նրա հավատարմության արդյունքում։

  • Այս հատվածներում ո՞ր բառերը կամ արտահայտություններն են կարևոր ձեզ համար։ Ինչո՞ւ։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ երբ ձգտենք անխոնջությամբ կատարել Տիրոջ կամքը և ծառայել Նրան, Տերը բազմաթիվ ձևերով կօրհնի մեզ։

  • Ի՞նչը կարող է խանգարել Տիրոջ կամքը կատարելու ցանկությանը։

  • Ի՞նչ կարող եք հիշել Տիրոջ մասին, որի օգնությամբ ավելի հեշտ կլինի հետևել Նրա կամքին, այլ ոչ թե ձեր։

Այս հատվածներում օգտագործվող անխոնջություն բառը նշանակում է առանց հոգնելու կամ ջանասիրություն։

Օգտակար կլինի, եթե ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64.33 հատվածը և անխոնջության մասին Տիրոջ տված ուսմունքը։ Ուսանողները կարող են այս հղումը գրել իրենց օրագրում՝ Հելաման 10.4–5 հղման կողքին։

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ եղանակներով է անխոնջությամբ ծառայել Երկնային Հորը։

  • Մեր օրերում ինչպե՞ս կարող եք անխոնջությամբ ծառայել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Մտածեք, թե ինչ նպատակ կարող եք սահմանել՝ Երկնային Հոր կամքը փնտրելու և Նրան անխոնջությամբ ծառայելու համար։ Կարող եք ձեր նպատակը գրանցել ձեր օրագրում։

Ուսումնական վարժություն 3․ Կնքման զորությունը

Պատկերացրեք, որ Տերը ձեզ զորություն է շնորհում՝ անելու այն ամենը, ինչ խնդրում եք Նրան։ Մարգարե Նեփիին Աստված ասաց, որ շնորհելու է ամեն ինչ, ինչ նա ցանկանում է, քանի որ նա չի «խնդրի այն, ինչը հակառակ է [Աստծո] կամքին»(Հելաման 10.5

Կարդացեք Հելաման 10.7 հատվածը և փնտրեք այն, ինչն անելու համար Տերը Նեփիին զորություն էր տվել։

Հատված 7-ում նկարագրված զորությունը կոչվում է կնքման զորություն։ Այս հատվածից սովորում ենք, որ կնքման զորությունը կապվում և արձակվում է երկրի վրա և երկնքում։ Օգտակար կլինի իմանալ, որ «կապել» նշանակում է կապ ստեղծել կամ միացնել, իսկ «արձակել» նշանակում է բաժանել կամ չեղյալ համարել։

Կարող եք հետևյալ պարբերությունում թվարկված հատվածները գրել գրատախտակին և առաջարկել ուսանողներին դրանք իրենց օրագրերում որպես խաչաձև հղումներ գրել Հելաման 10.7 հղման կողքին։

Կնքման զորությունը, որը նշված է հատված 7-ում, այն նույն կնքման զորությունն է, որն ունեին Եղիան (տես Գ Թագավորաց 17.1), Պետրոսն ու առաքյալները (տես Մատթեոս 16.15–19, 18.18) և Ջոզեֆ Սմիթը (տես Վարդապետություն և Ուխտեր 132.46)։ Այդ նույն զորության բանալիներն այսօր պահվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահի կողմից և այն մարդկանց, որոնց նախագահը կարող է պատվիրակել դրանք։ Այս զորությամբ ընտանիքները կարող են հավիտյան կնքվել տաճարային արարողություններով։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք ուխտեր կապենք, որոնք գործում են այս և հաջորդ կյանքի համար։

  • Ինչպե՞ս եք օրհնվել՝ իմանալով այն, որ ընտանիքները կարող են կնքվել հավիտյան։

  • Գիտելիքը, որ ընտանիքները կարող են հավիտյան միավորվել, ինչպե՞ս կարող է ազդել ձեր այսօրվա մտածելակերպի և ընտրությունների վրա։

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնական վարժությունները, կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել իրենց համար առանձնահատուկ կարևոր կամ նշանակալից որևէ բանով, որը բացահայտել են իրենց ուսումնասիրությունից։ Եթե ժամանակը թույլ տա, օգտակար կլինի նաև կարդալ Հելաման 10.11–19 հատվածները՝ տեսնելու, թե ինչ արեց Նեփին Տիրոջ հետ ունեցած այս սրբազան փորձառությունից հետո։

Վկայեք այսօր ուսումնասիրած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին գործել իրենց ունեցած հոգևոր տպավորություններով։