Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Հելաման 5.12․ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»


«Վարդապետության սերտում․ Հելաման 5.12․ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ Հելաման 5.12», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Հելաման 5.12

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»

Նկար
ընտանիքը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Հելաման 5.1–13 հատվածների ուսումնասիրությունից իմացաք, թե ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելը ինչպես կարող է օգնել ձեզ դիմակայել դևի հզոր փոթորիկներին (տես Հելաման 5.12)։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Հելաման 5.12 հատվածի վարդապետության հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելը անհատական գործընթաց է։ Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են տարբեր եղանակներով կիրառվել։ Ուսանողները կարող են սկսել այն սկզբունքից, որն ամենաշատը կարող է օգնել պատասխանել իրենց հարցերին, հետո կարող են մյուս սկզբունքներն օգտագործելու եղանակներ փնտրել։ Ուսանողներին խրախուսեք հետևել Հոգու հուշումներին, երբ ձգտում են հոգևոր գիտելիքներ ձեռք բերել։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք շարունակաբար ձգտել մտապահել Հելաման 5.12 հատվածն ամբողջությամբ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «Հելաման 5.1–13» դասից հետո, որը Ալմա 34.9–10 վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրման համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Նախորդ դասին իմացաք հետևյալ ճշմարտությունները․ Հիսուս Քրիստոսը մեր հաստատուն հիմքն է, և եթե մեր հիմքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, դևը մեզ վրա իշխանություն չի ունենա։ Հելաման 5.12 հատվածի վարդապետության հիմնական սուրբգրային արտահայտությունն է․ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»։

Սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար օգտագործեք մտապահելու ձեր սեփական եղանակները կամ ստորև ներկայացված գաղափարներից մեկը։

Եթե որոշեք օգտագործել ստորև ներկայացված գաղափարը, բավարար քանակով քարեր և թղթի շերտեր պատրաստեք, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ունենա մեկական քար և թղթի շերտ։ Ուսանողները կարող են օգտագործել մարկերներ, կպչուն ժապավեն, սոսինձ կամ ռեզին, եթե կա։

Մի փոքր քար գտեք, որի վրա «Հելաման 5.12» հղումը գրելու համար բավարար տեղ կլինի։ Կտրեք թղթի շերտերից մեկը և վրան գրեք Հելաման 5.12 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունը՝ «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»։ Թղթի շերտը կպչուն ժապավենի, սոսնձի կամ ռեզինի օգնությամբ ամրացրեք քարին։ Մի քանի անգամ անգիր կրկնեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև մտապահեք դրանք։

Նկար
երիտասարդ կինը ժայռին կանգնած նայում է

Որպես մտապահելու մեկ այլ եղանակ նկարեք ժայռ և վրան կանգնած մարդ։ Ժայռի ներսում գրեք Հելաման 5.12 հատվածը, իսկ դրա տակ հիմնական սուրբգրային արտահայտությունը գրեք այնքան, մինչև մտապահեք այն։

Հետևյալ վարժության համար իրենց պատկերացրած ուղերձները Եկեղեցու ամսագրին ներկայացնելու համար ուսանողները կարող են թղթի վրա մի մեծ ամպիկ նկարել։ Ամպի ներսում կարող են գրել այն, ինչ իրենք կասեին։ Դրա տակ կարող են գրել իրենց անունը և ծննդյան վայրը։ Այդ թղթե ամպերը կարող եք կախել դասասենյակում և խրախուսել ուսանողներին շրջել ու կարդալ դասընկերների պատասխանները։

Պատկերացրեք, որ «Երիտասարդներին զորացնելու համար» Եկեղեցու ամսագիրը խնդրել է ամբողջ աշխարհի երիտասարդներին գաղափարներ ներկայացնել Հելաման 5.12 հատվածում ուսուցանվող վարդապետության վերաբերյալ։ Երեքից չորս նախադասությամբ մի ուղերձ կազմեք, որը բացատրում է հետևյալը․

  • Հիսուս Քրիստոսն ինչո՞վ է նման «հաստատուն հիմքին»

  • Մեր հոգևոր հիմքը «մեր Քավիչի վեմի» վրա կառուցելն ինչպե՞ս կարող է պաշտպանել մեզ դևի «ուժեղ քամիներից» և «կարկուտից»։

Կարող եք ձեր գրածով կիսվել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ։ Կարող եք ձեր մտքերով կիսվել նաև սոցիալական ցանցերում՝ հավելելով նմանատիպ հեշթեգեր՝ #surefoundation կամ #strivetobe (#հաստատունհիմք կամ #ձգտելլինել)։

Գործնական կիրառում

Վերանայեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ առաջարկելով ուսանողներին աշխատել երեք հոգուց բաղկացած խմբերով, որոնցում յուրաքանչյուրը պետք է փնտրի սկզբունքներից մեկը։ Հետո ուսանողները կարող են սկզբունքը սեփական բառերով բացատրել խմբի մյուս անդամներին։

Այնուհետև, ուսանողներին ներկայացրեք հետևյալ սցենարը։

Կարճ վերանայեք պարբերություններ 5–12-ը «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023):

Ձեր ընկեր Մաթիլդան վերջերս անհանգստացել էր՝ լսելով բացասական տեղեկություններ Եկեղեցու մասին։ Մաթիլդայի նախկին թաղամասից մի ընկեր նրան որոշ նյութեր էր ուղարկել, որոնք փնովում էին Եկեղեցու վարդապետությունը և քննադատում էին մարգարեին։ Նրա հորեղբայրը վերջերս հեռացել էր Եկեղեցուց, քանի որ համաձայն չէր Եկեղեցու որոշ կանոնների հետ։ Մաթիլդան ցանկանում է հավատարիմ մնալ, բայց սկսում է կասկածել՝ արդյոք ինքն այդքան ուժեղ է։ Մի օր դպրոցից տուն գնալիս Մաթիլդան իր զգացումներով կիսվում է ձեզ հետ և խորհուրդ է հարցնում։

Օգտագործեք Հելաման 5.12 հատվածում ուսուցանվող հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ու վարդապետությունը, որպեսզի օգնեք Մաթիլդային հավատարիմ մնալ իր վկայությանը:

Որոշեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին, որ իմաստալից ձևով ներգրավվեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները բացահայտելու գործընթացում։ Օրինակ՝ օգտակար կլինի, եթե ուսանողներին առաջարկեք նախ ինքնուրույն և լուռ կատարել դասի «Գործեք հավատքով» բաժնի վարժությունը։ Հետո կարող եք առաջարկել նրանց շրջվել դեպի մյուս ուսանողը և կիսվել գաղափարներից մեկով։ Ուսանողների համար գուցե ավելի օգտակար լինի փոքր խմբերով կատարել դասի «Հավերժության տեսանկյուն» բաժնի վարժությունը։ Կարող եք դասարանով միասին կատարել «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» բաժնի վարժությունները։

Գործեք հավատքով

  • Մաթիլդան ի՞նչ երկու կամ երեք արդար գործողություն կարող է կատարել, որպեսզի այդ դժվարին ժամանակահատվածում ապավինի Փրկչին և ամրացնի իր հոգևոր հիմքը։ Այդ գործողություններն ի՞նչ փոփոխություն կարող են բերել նրա կյանքում։

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու մասին ի՞նչ դասեր եք սովորել անցյալում, որոնք կարող են օգտակար լինել Մաթիլդայի համար։

Հավերժության հեռանկարը

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել ուսումնասիրել սուրբ գրությունների հետևյալ հատվածներից առնվազն մեկը։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն և գրի առնեն իրենց պատասխանները, առաջարկեք նրանց իրենց խմբերում հերթով կիսվել հավերժության հեռանկարի մասին սովորած նյութով։

Օգնեք Մաթիլդային իր խնդիրը դիտարկել հավերժության հեռանկարով՝ ուսումնասիրելով Փրկչի ուսմունքները։

  • Փրկչի ո՞ր ուսմունքներով կարող եք կիսվել Մաթիլդայի հետ, որպեսզի օգնեք նրան իր մտահոգություններին նայել հավերժության հեռանկարից։ (Կարող եք նկատի ունենալ սուրբ գրությունների հետևյալ հատվածները․ Հովհաննես 6.66–69, Եբրայեցիս 10.32–36, 2 Նեփի 31.20, Վարդապետություն և Ուխտեր 58.2–4:)

  • Այդ ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել Մաթիլդային իր մտահոգությունները դիտարկել հավերժության հեռանկարից։

  • Հելաման 5.12 հատվածում ուսուցանվող վարդապետությունն ինչպե՞ս կարող է օգնել Մաթիլդային իր մտահոգությունները դիտարկել հավերժության հեռանկարից։

Մի կարճ հաղորդագրություն գրեք Մաթիլդային, որը, կարծես, նախատեսում եք նրան ուղարկել։ Ներառեք ձեր ուսումնասիրությունից և խորհումներից ստացած գաղափարները և խրախուսեք նրան շարունակել հավատարիմ մնալ։

Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ

Մաթիլդան հարցնում է ձեզ, թե ինչ կարող է անել, երբ իրեն Եկեղեցու մասին հարցեր են տալիս, որոնց պատասխանները ինքը չգիտի։ Խորհեք, թե ինչ կասեիք նրան նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ուսմունքներից։

Ընտրեք հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ Եթե կասկածներ ունեք Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդու, Վերականգնման ճշմարտացիության կամ Ջոզեֆ Սմիթի՝ որպես մարգարե աստվածային կոչման արժանահավատության վերաբերյալ, ընտրեք հավատքը [տես 2 Նեփի 33.10–11] և հավատարիմ մնացեք։ Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: Ուսումնասիրեք ավելի շատ հավատալու ցանկությամբ, քան հույսով, թե կարող եք թերություն գտնել մարգարեի կյանքում կամ անհամապատասխանություն՝ սուրբ գրություններում: Մի զարգացրեք ձեր կասկածները՝ քննարկելով դրանք այլ կասկածողների հետ։ Թույլ տվեք, որ Տերն առաջնորդի ձեզ՝ հոգևորի բացահայտման ձեր ճամփորդության մեջ (Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ., 103)։

  • Ըստ ձեզ՝ նախագահ Նելսոնի խորհուրդն ինչպե՞ս կարող է օգնել Մաթիլդային։

  • Հավատք սերմանող ի՞նչ այլ աղբյուրներ կան, որոնցից կարող է օգտվել Մաթիլդան՝ պատասխանները գտնելու համար։

Ուսանողներին առաջարկեք գտնել տարբեր վստահելի աղբյուրներ, որոնք կարող են առաջարկել Մաթիլդային։ Օրինակ՝ Եկեղեցու նորությունների տեղեկագիրը, Ավետարանական թեմաները, Gospel Library հավելվածը կամ այլ աղբյուրներ։

Մաթիլդայի հետ իր հավատքի և վկայության մասին տարբեր քննարկումներ ունենալուց հետո նա իր երախտագիտությունն է հայտնում ձեզ, որ օգնեցիք իրեն անսասան պահել Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը։

Կիսվեք ձեր վկայությամբ, որ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են օգնել մեզ մեր կյանքում։ Ուսանողներին ժամանակ տվեք՝ մտածելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն իրենց կյանքում կիրառելու մասին։ Նրանք կարող են իրենց օրագրերը հետևյալի համար օգտագործել։

Մտածեք ձեր դժվարությունների, այդ թվում՝ սատանայի բոլոր այն գայթակղությունների մասին, որոնք գուցե այժմ «հարվածում են ձեզ» (Հելաման 5.12)։ Ընտրեք մեկը, որի համար կցանականայիք ստանալ Տիրոջ օգնությունը և գրեք այն ձեր օրագրի որևէ էջի վերևում։ Գրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները և նշեք, թե ինչպես կարող եք այդ սկզբունքները կիրառել ձեր իրավիճակում։

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասերից մեկում ուսանողներին ցույց տվեք ժայռի նկար և առաջարկեք նրանց վերհիշել, թե վարդապետության սերտման որ հատվածն է դրան վերաբերում։ Կարող եք գրատախտակին խառնել հիմնական սուրբգրային արտահայտության բառերը և առաջարկել ուսանողներին գալ ու ճիշտ հերթականությամբ դասավորել դրանք։