Սեմինարիա
Ալմա 43, 48–50․ Սովորենք պատերազմի մասին գլուխներից


«Ալմա 43, 48–50․ Սովորենք պատերազմի մասին գլուխներից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 43, 48–50» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 43, 48–50

Սովորենք պատերազմի մասին գլուխներից

Նկար
զինված նեփիացիները անվտանգ վայրում

Ալմայի գրքի վերջին մասը նկարագրում է գժտության և պատերազմի ժամանակաշրջանը։ Այդ պատերազմներում նեփիացիների օգտագործած ռազմավարությունները կարող են օգնել մեզ մշակել ռազմավարություններ, որոնք կարող ենք օգտագործել սատանայի դեմ մեր ամենօրյա պայքարում։ Այս դասը կարող է օգնել ձեզ, որ սուրբ գրություններում նմանություններ գտնեք ձեզ հետ և ստանաք Տիրոջ պաշտպանությունը` հակառակորդի մշտական և ահագնացող գրոհներից։

Օգնեք ուսանողներին անձնական իմաստ գտնել սուրբ գրություններում։ Խրախուսեք ուսանողներին օգտագործել ուսումնասիրություն կատարելու տարբեր հմտություններ՝ սուրբ գրությունների մասին իրենց հասկացողությունը մեծացնելու համար։ Նրանք կարող են փնտրել պատմության մանրամասները, կատարել համեմատություններ և գտնել կապեր սուրբգրային պատմությունների և իրենց սեփական կյանքի միջև ու որոշել, թե ինչպես են կիրառելու իրենց սովորածը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Ալմա 43.18–21, 37–38 հատվածները և փնտրել դասեր, որոնք կարող են օգնել իրենց սատանայի դեմ ամենօրյա պայքարում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ճանաչեք հակառակորդին

Կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը, մինչ ուսանողները քննարկում են այդ խոսքերին հաջորդող հարցերին տրված պատասխանները։

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) նախազգուշացրել է.

Դուք թշնամու տարածքում եք մեծանում։ … [Հակառակորդը] տներում է, ժամանցի մեջ, մեդիայում, լեզվում՝ ձեզ շրջապատող ամեն ինչում։ Շատ դեպքերում նրա ներկայությունը չի նկատվում: (Բոյդ Ք. Փաքեր, «Ինչպես գոյատևել թշնամու տարածքում», New Era, ապրիլ 2012 թ․, 2)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք այս խոսքերի վերաբերյալ։

  • Ի՞նչ օրինակներ կարող եք մտածել, որոնք պատկերում են այն, ինչի մասին խոսում էր նախագահ Փաքերը։

Ուսանողները պետք է միայն մտածեն հետևյալ պարբերության հարցերին տված իրենց պատասխանների մասին, այլ ոչ թե բարձրաձայն պատասխանեն։

Մի պահ մտածեք, թե նախագահ Փաքերի խոսքերն ինչպես են կիրառելի ձեզ համար։ Ձեր նկատած ի՞նչ եղանակներով են սատանայի գայթակղություններն ազդում ձեր կամ ձեր սիրելի մարդկանց վրա։ Ի՞նչ ջանքեր եք գործադրում՝ նրա գրոհներից ձեզ պաշտպանելու համար։

Պատերազմները նեփիացիների և լամանացիների միջև

Ալմայի գրքի վերջում նկարագրվում է նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած պատերազմներից մի քանիսը։ Այդ պատմություններն ուսումնասիրելու ընթացքում կարող եք արժեքավոր դասեր սովորել, որոնք կօգնեն ձեզ սատանայի դեմ ձեր պայքարում։ Օրինակ՝ լամանացիների նպատակները և մարտավարությունները կարող են համեմատվել մեզ համար սատանայի ունեցած նպատակների և մարտավարությունների հետ։

Կարող եք գրատախտակին գրել սուրբ գրությունների հետևյալ հղումները և անվանումները։ Ալմա 43.5–8 հղման վերևում գրեք Զարահեմնա։ Ալմա 46.3–5, 10 հղման վերևում գրեք Ամաղիկիա։ Ուսանողներին կարելի է բաժանել խմբերի և հանձնարարել ուսումնասիրել հատվածների մեկ խումբ։

Կարդացեք Ալմա 43.5–8, 46.3–5, 10 հատվածները և փնտրեք, թե ինչ էին արել լամանացիների ամբարիշտ առաջնորդները, որը նման է սատանայի նպատակներին և մարտավարություններին։

Կարող եք մի քանի կամավորի առաջարկել գալ գրատախտակի մոտ և գրել իրենց ուսումնասիրած անձի նպատակներն ու օգտագործած մարտավարությունները։

  • Այդ առաջնորդների նպատակները և մարտավարությունները ինչո՞վ էին նման սատանայի նպատակներին և մարտավարություններին։

Նկար
Մորոնին՝ ազատության դրոշով

Նեփիացիների զորքերին առաջնորդում էր Մորոնի անունով մի արդարակյաց մարդ։

Կարող եք սուրբ գրությունների հետևյալ հղումները գրել գրատախտակին՝ Զարահեմնայի և Ամաղիկիայի մասին նախորդ հղումների կողքին։ Նոր հղման վերևում գրեք Մորոնի։

Կարդացեք Ալմա 48.11–13, 17 հատվածները և փնտրեք Մորոնիի քրիստոսանման հատկանիշները կամ բնութագրիչները։

Մի քանի կամավորի առաջարկեք գալ գրատախտակի մոտ և գրել Մորոնիի այն բնութագրիչները, որոնք իրենց հիշեցնում են Փրկչի մասին:

  • Ի՞նչ գտաք:

Սուրբ գրություններում գտեք նմանություններ ձեզ հետ

Սուրբ գրություններում մինչ այժմ ձեր կատարած համեմատությունները կարող են պատրաստել ձեզ՝ այդ պատմությունների այլ մանրամասները ձեր կյանքին նմանեցնելու կամ ձեր կյանքի հետ կապելու համար։

Ցուցադրեք ստորև ներկայացվող քայլերը, որպեսզի ուսանողները կարողանան դասի ընթացքում օգտվել դրանցից:

Ստորև ներկայացվող գործընթացը կարող է օգնել ձեզ սուրբ գրություններում նմանություններ գտնել ձեր կյանքի հետ։ Գրանցեք այս քայլերը ձեր օրագրում:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ:

  3. Բացահայտեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Երբ սովորեք նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած մարտերից մեկի մասին, այս գործընթացն օգտագործելու միջոցով կիրառեք սուրբ գրությունների ուսումնասիրության՝ համադրելու հմտությունը։

Ստորև ներկայացվող նյութը նախատեսված է ուղղորդելու ուսանողներին համադրել սուրբ գրությունները և պատրաստելու նրանց ինքնուրույն անել դա դասի ընթացքում:

Քայլ 1. Գտեք կարևոր մանրամասներ

Կարդացեք Ալմա 43.17–21, 37–39, 51–54 հատվածները և փնտրեք կարևոր մանրամասներ։ Այդպիսի մանրամասներ կարող են լինել մարդիկ, վայրերը, առարկաները կամ գործողությունները, որոնք ընդգծված են։

Ուսանողներին խնդրեք կիսվել այդ հատվածներում իրենց գտած կարևոր մանրամասներով։ Դրանք կարելի է գրել գրատախտակին։ Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ կարևոր մանրամասները։

Որոշ մանրամասների օրինակ է հետևյալը․ Մորոնին իր զորքերին պաշտպանում է սպառազինությամբ և հաստ հագուստով, լամանացիները պաշտպանիչ սպառազինություն չէին կրում, և նեփիացիները հաղթում են լամանացիներին՝ չնայած հակառակորդի զգալիորեն գերազանցող թվաքանակին։

Քայլ 2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ

Մտածեք, թե նախորդ քայլում ձեր բացահայտած մանրամասները ինչպես կարող են համեմատվել ձեր կյանքի որևէ հոգևոր երևույթի կամ իրավիճակների հետ։

Դուք գուցե համեմատել եք նեփիացիների սպառազինությունը Աստծո սպառազինության հետ։ Հնարավոր է նաև, որ համեմատել եք նեփիացիների հաղթանակը սատանային հաղթելու և նրա գայթակղությունները հաղթահարելու հետ։

Քայլ 3. Բացահայտեք արժեքավոր դասեր

Մտածեք, թե ինչ եք սովորում սուրբ գրություններից, որը կարող է կիրառվել ձեզ համար: Կարող եք մտածել նաև, թե ինչ եք սովորում Փրկչի մասին։

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել ստորև ներկայացվող հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով։

  • Ի՞նչ դասեր եք սովորում նեփիացիների և լամանացիների միջև այս ճակատամարտից, որը կարող է օգնել ձեզ սատանայի դեմ ձեր պայքարում։

  • Այդ պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ այն պաշտպանությունը, որը մեզ անհրաժեշտ է սատանայի դեմ մեր պայքարում։

Քայլ 4. Որոշեք կիրառությունը ձեր կյանքում

Մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել նախորդ քայլում բացահայտած դասերը։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Հիսուս Քրիստոսի պաշտպանությունը սատանայի դեմ։

Այս ճշմարտությունը կիրառելու բազմաթիվ եղանակների թվում գուցե մտածել եք, թե Փրկչի պաշտպանությունն ինչպես է հասանելի դառնում հավատքով լի այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսին աղոթքն է (տես Վարդապետություն և Ուխտեր 10.5), սուրբ գրությունների ուսումնասիրությունը (տես 1 Նեփի 15.24) կամ Տիրոջ պատվիրանները պահելը (տես Մոսիա 2.41

Կրկին փորձեք սուրբ գրությունները համադրելու հմտությունը

Ստորև ներկայացվածը նախատեսված է օգնելու ուսանողներին օգտագործել սուրբ գրություններն ինքնուրույն համադրելու հմտությունը: Անհրաժեշտության դեպքում ուսանողներին բաժանեք զույգերի կամ խմբերի, որպեսզի միասին աշխատեն։ Ցուցադրեք հետևյալ սուրբ գրությունները և ուսանողներին հիշեցրեք դասի ընթացքում ավելի վաղ ցուցադրված չորս քայլերը, որպեսզի կարողանան ուսումնասիրելու ընթացքում օգտագործել դրանք։

Հատվածների հետևյալ խմբերից ընտրեք առնվազն երկուսը և ուսումնասիրելիս փորձեք կատարել սուրբ գրությունները համադրելու չորս քայլից կազմված գործընթացը։

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ սովորեցին իրենց ուսումնասիրությունից։ Կարող եք ավելացնել նաև ձեր գաղափարներն այդ հատվածների վերաբերյալ։

  • Ի՞նչ կարևոր մանրամասներ բացահայտեցիք ձեր ուսումնասիրած պատմությունից։

  • Ի՞նչ համեմատություններ կատարեցիք այդ մանրամասների և ձեր կյանքի կողմերի միջև:

  • Ի՞նչ մեկ կամ մի քանի դաս սովորեցիք այս պատմությունից։

  • Ինչպե՞ս կարող եք այդ դասերը ձեր կյանքում կիրառել։