Սեմինարիա
Ալմա 31.12–38․ Մեր երկրպագությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին


«Ալմա 31.12–38․ Մեր երկրպագությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Ալմա 31.12–38», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 31.12–38

Մեր երկրպագությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու նպատակը մեզ Նրանց ավելի մոտեցնելն է։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ մոռանում ենք երկրպագության իրական պատճառը։ Զորամացիները, որոնք մի ժամանակ Աստծո ճշմարիտ եկեղեցուն էին պատկանում, սկսեցին հավատալ կեղծ ուսմունքներին։ Երկրպագության ապականումը հեռացրեց նրանց սրտերն Աստծուց, ինչի հետևանքով նրանք սկսեցին անարդար դատել ու վատ վերաբերվել ուրիշներին։ Այս դասը կօգնի ձեզ բարելավել ձեր հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, երբ դասի ընթացքում գնահատեք, թե հպարտությունն ու խոնարհությունն ինչպես են ազդում Նրանց և ուրիշների հետ ունեցած ձեր հարաբերության վրա։

Համեմատեք և հակադրեք։ Սուրբ գրություններում վարդապետությունը կամ սկզբունքը հաճախ պարզաբանվում են, երբ մեկ այլ բանի հետ են համեմատվում կամ հակադրվում։ Ուսմունքների, մարդկանց կամ իրադարձությունների միջև եղած նմանությունների ու տարբերությունների դիտարկումը կարող է ավետարանի ճշմարտություններն ավելի տեսանելի դարձնել։ Փորձեք շեշտել օրինակները, երբ ոգեշնչված գրողները նման համեմատություններ են ներառում։

Ուսանողի նախապատրաստում․ որպես Ալմա 31 գլխի ուսումնասիրության նախապատրաստում ուսանողներին առաջարկեք աղոթել՝ կենտրոնանալով ուրիշների կարքիների վրա։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գնահատենք մեր երկրպագության ազդեցությունները

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել երկրպագության՝ որպես Աստծո հանդեպ սեր և նվիրում դրսևորելու եղանակի մասին, կարող եք ցույց տալ հետևյալ նկարները կամ ձեր ընտրած այլ նկարներ։ Ուսանողներին առաջարկեք խորհել, թե այդ եղանակներով երկրպագելն ինչպես կարող է ազդել Աստծո հետ նրանց հարաբերության վրա։

Նկար
երիտասարդների խումբը տաճարի մոտ
Նկար
պատանին նշխար է բաժանում
Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է
Նկար
պատանին կարդում է սուրբ գրությունները

Ուսանողներին կարելի է առաջարկել, որ խորհեն ստորև ներկայացվող հարցերի շուրջ և երկրպագության միջոցով Աստծո հետ իրենց անհատական հարաբերությունը բարելավելու մասին ունեցած բոլոր մտքերը գրեն օրագրերում։ Կարիք չկա, որ ուսանողները կիսվեն պատասխաններով։

  • Ձեր կարծիքով, որքա՞ն հաճախ եք անկեղծորեն փորձում երկրպագության միջոցով ցույց տալ ձեր սերն Աստծո հանդեպ։

  • Ձեր կարծիքով, ո՞ր դեպքերում (եթե այդպիսիք կան) ձեր երկրպագությունը գուցե լիովին անկեղծ չէ կամ սխալ բաների վրա է կենտրոնացած։

Զորամացիները երկրպագում են Ռամեումփթոմի վրա

Երբ Ալման ու նրա եղբայրները տեղեկացան, որ զորամացիները խեղաթյուրում են Աստծո ճանապարհները, ուղևորվեցին Անթիոնում։ Նրանք երբևէ չէին տեսել, որ երկրպագեն այնպես, ինչպես զորամացիներն էին երկրպագում այնտեղ (տես Ալմա 31.12

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող նկարը և առաջարկել ուսանողներին բացատրել, թե ինչ էին անում մարդիկ։ Ուսանողները կարող են կարդալ Ալմա 31.21 հատվածը՝ գտնելու այն հարթակի անունը, որի վրա զորամացիներն աղոթում էին։

Նկար
Զորամացիներն աղոթում են Ռամեումփթոմի վրա

Ուսանողներին օգնեք զարգացնել սուրբ գրությունների ուսումնասիրության համեմատելու և հակադրելու հմտությունը։ Ուսանողներին կարելի է խմբերի բաժանել և առաջարկել համեմատություններ կատարել զորամացիների աղոթքների ու Ալմայի աղոթքի միջև։ Կարող եք գրատախտակին ստորև ներկայացվածի նման մի աղյուսակ կազմել և առաջարկել ուսանողներին գրել այն, ինչ բացահայտել են դասի ընթացքում։ Օգնեք նրանց համեմատել (1) այն, ինչի վրա կենտրոնանում էին աղոթքները, (2) այն, ինչ ասվում էր և (3) այն, թե ինչու էր դա այդպես։

Զորամացիների աղոթքը

Ալմայի աղոթքը

Կարդացեք Ալմա 31.13–23 հատվածները և աղյուսակի ձախ սյունակում լրացրեք այն, ինչը ամենաշատը տպավորվեց ձեր մեջ զորամացիների երկրպագությունից։ Կարող եք դիտել նաև «Ալման և նրա եղբայրները զորամացիների մեջ քարոզում են Աստծո խոսքը» տեսանյութի 0:22–3:58 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Ի՞նչ նկատեցինք զորամացիների երկրպագության մեջ։ Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս ազդեց Աստծո հետ նրանց հարաբերության վրա։

Ալման աղոթում է զորամացիների համար

Նկար
Ալման աղոթում է զորամացիների համար

Զորամացիների մեջ տեսնելով ապականությունը՝ Ալման աղոթեց նրանց համար։

Կարդացեք Ալմա 31.24–38 հատվածները և փնտրեք, թե իր աղոթքում ինչի վրա էր կենտրոնացել Ալման, ինչ զգացմունքներ ու ցանկություններ ուներ։ Աղյուսակի աջ սյունակում լրացրեք այն, ինչ կգտնեք։ Դա կարող է օգնել ձեզ հակադրել Ալմայի աղոթքը զորամացիների աղոթքին։

Կարող եք դիտել «Ալման և նրա եղբայրները զորամացիների մեջ քարոզում են Աստծո խոսքը» տեսանյութի 4:03–5:55 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տեսանյութի այս հատվածում կլսեք Ալմայի աղոթքը և կտեսնեք, թե ինչ ջանքեր էին գործադրում Ալման ու նրա ընկերակիցները՝ զորամացիներին ուսուցանելու համար։

Կարող եք առաջարկել ուսանողներին աղյուսակի օգնությամբ կիսվել իրենց սովորածով՝ հակադրելով Ալմայի և զորամացիների աղոթքները։

Կարող եք նախապատրաստել ուսանողներին՝ սովորելու նախագահ Ուխդորֆի հետևյալ խոսքերից՝ տալով այսպիսի հարցեր․ «Զորամացիների վրա ի՞նչ ազդեցություն էր թողել հպարտությունը» և «Ինչո՞վ էր տարբերվում Ալմայի մոտեցումը»։

Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Երբ մեր սիրտը լցված է հպարտությամբ, մենք լուրջ մեղք ենք գործում, քանի որ խախտում ենք երկու մեծ պատվիրաններ: Աստծուն և մեր մերձավորին երկրպագելու փոխարեն մենք բացահայտում ենք մեր երկրպագության և սիրո իրական առարկան՝ հայելու մեջ երևացող պատկերը: Հպարտությունը սեփական անձը բարձրացնելու մեծ մեղքն է: Շատերի համար այն անձնական Ռամեումփթոմ է՝ սուրբ հարթակ, որն արդարացնում է նախանձը, ժլատությունը և ունայնությունը: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հպարտությունը և քահանայությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010 թ., 56)

Կարդացեք Ալմա 32.1–5 հատվածները և փնտրեք, թե զորամացիները ինչպիսի՞ վերաբերմունք ունեին մարդկանց հանդեպ։

  • Զորամացիներն ինչպե՞ս էին վարվում մարդկանց հետ։

  • Ինչպե՞ս էր Ալման վերաբերվում մարդկանց և ինչպե՞ս էր վարվում նրանց հետ (տես Ալմա 31.1–2, 24–25, 34–35

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել հպարտության կամ խոնարհության ազդեցության մասին։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ մեր հպարտությունը կամ մեր խոնարհությունը ազդում են Աստծո և ուրիշների հետ մեր հարաբերության վրա։

  • Ըստ ձեզ՝ մեր հպարտությունը կամ մեր խոնարհությունը ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու վրա։

  • Ըստ ձեզ՝ մեր հպարտությունը կամ մեր խոնարհությունը ինչպե՞ս են ազդում ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա։

  • Ի՞նչ եք սովորում Ալմայից խոնարհության մասին։ Ի՞նչ էր ուսուցանում Հիսուս Քրիստոսը խոնարհ լինելու մասին։

Ընտրեք երկու կամ երեք եղանակ, որոնցով կարող ենք խոնարհություն դրսևորել՝ Աստծուն երկրպագելիս։ Յուրաքանչյուրը գրի առեք ձեր օրագրում։

Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալի շուրջ։ Կարող եք խրախուսել նրանց գրել դրանք իրենց օրագրում կամ ավելացնել իրենց էլեկտրոնային սուրբ գրություններում։

Գնահատեք, թե անձամբ դուք ինչպես եք երկրպագում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և ձեր երկրպագությունն ինչպես է ազդում Նրանց հետ ձեր հարաբերության վրա։ Նաև մտածեք, թե հպարտությունն ու խոնարհությունը ինչպես են ազդում ուրիշների հանդեպ ձեր ունեցած վերաբերմունքի վրա։ Որոշեք, թե ինչ փոփոխություններ կցանկանայիք կատարել։

Կարող եք կիսվել վկայությամբ, թե ձեր երկրպագությունն ինչպես է ազդել Աստծո հանդեպ ձեր ունեցած զգացմունքի և ուրիշների հանդեպ ձեր ցուցաբերած վերաբերմունքի վրա։