«Գնահատեք ձեր գիտելիքները 2. 1 Նեփի 16–2 Նեփի 25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Գնահատեք ձեր գիտելիքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Գնահատեք ձեր գիտելիքները 2
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:
Հիշեցրեք ուսանողներին իրենց անձնական նպատակների մասին. որպես Երեխաների և երիտասարդների ծրագրի մաս՝ ուսանողները գուցե սահմանել են հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր նպատակներ, որոնք պետք է օգնեն նրանց ավելի նմանվել Փրկչին: Ուսանողներին պարբերաբար առաջարկեք մտածել, թե սեմինարիայում սովորած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել նրանց հասնել իրենց նպատակներին:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կրկնել 1 Նեփի 16-2 Նեփի 25 գլուխներում իրենց սովորածը և պատրաստվել կիսվելու իրենց նախընտրած սուրբ գրություններով կամ կարևոր ճշմարտություններով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Խորհեք ավետարանից սովորածի շուրջ
Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել 1) իրենց սահմանած նպատակները, 2) Մորմոնի Գրքի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը կամ 3) ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: 1 Նեփի 16-2 Նեփի 25 գլուխների ուսումնասիրությունը դասարանով գուցե ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժությունների ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել՝ այդ ճշմարտություններն ընդգրկելու համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու ընթացքում իրենց հոգևոր աճի արժեքը, մի հայելի բերեք: Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե սեփական անձը տեսնելն ինչպես կարող է օգտակար լինել (տեսնելով հետևում թաքնված բաները, սեփական արտացոլանքը և այլն): Ապա ուսանողներին առաջարկեք դիտարկել ավետարանի ուսումնասիրության և իրենց ընտրությունների մասին մտածելու ու դրանք գնահատելու արժեքը: Կարող եք տալ նմանատիպ հարցեր.
-
Որո՞նք են հայելի ունենալու օգուտները:
-
Հայելու մեջ մեզ նայելն ինչպե՞ս կարող է նման լինել ավետարանը սովորելու մասին մտածելուն և գնահատելուն:
Մտածեք հոգևոր առաջընթացի մասին
Դասի այս մասը նախատեսված է օգնելու ուսանողներին մտածել Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում Երկնային Հոր հայտնությունը փնտրելու և ըստ այդ հայտնության գործելու իրենց փորձառության շուրջ:
Մտածեք Սուրբ Հոգու հուշումների և ունեցած զգացողությունների մասին, որոնք գուցե ստացել եք Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս: Շատ եղանակներ կան, որոնցով Սուրբ Հոգին կարող է հաղորդակցված լինել ձեզ հետ: Օրինակ՝ գուցե ձեր ուշադրությունը գրավել են որոշ հատվածներ, և գուցե ցանկություն եք ունեցել նշել դրանք: Գուցե ունեցել եք խաղաղության կամ սիրո զգացումներ: Գուցե կարդացել եք կամ ոգեշնչվել եք գործել որոշակի ձևով կամ գտել եք ձեր հարցի պատասխանը:
Ցուցադրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան ինքնուրույն մտածել դրանց շուրջ: Օգտակար կլինի նաև ուսանողներին առաջարկել օրագրերում գրի առնել երկու կամ երեք հարցերի պատասխանները:
-
Մորմոնի Գրքի ո՞ր պատմությունները կամ հատվածներն են օգնել ձեզ տեսնել, թե Երկնային Հայրն ինչպես է հաղորդակցվում Իր զավակների հետ:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունեցել այս տարի սեմինարիայում կամ ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում:
-
Ի՞նչ եք արել Երկնային Հոր հայտնությունը փնտրելու համար:
-
Ի՞նչ կարող եք անել հայտնություն փնտրելու համար և պատրաստվել ընկալելու հայտնությունը, երբ այն գա:
-
Ինչպե՞ս եք գործել ձեր ստացած տպավորությունների ներքո:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ, եթե հարմար են գտնում դա անել: Ուսանողները կարող են խոսել նաև զույգերով կամ փոքր խմբերով:
Բացատրեք Ադամի և Եվայի Անկումն ու Հիսուս Քրիստոսի Քավությունը
Ստորև ներկայացվող վարժության համար ուսանողներին կարող եք առաջարկել աշխատել որևէ դասընկերոջ հետ, որի համար յուրաքանչյուրն ընտրում է հաջորդ պարբերության շեղատառ թեմաներից մեկը:
Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և ձեր զուգընկերոջ հետ պատրաստվում եք որևէ մեկին ուսուցանել Անկման մասին: Դուք որոշել եք, որ ձեզնից մեկը պետք է ուսուցանի Անկումը և դրա հետևանքները մարդկության վրա թեման, իսկ մյուսը՝ Ինչպես է Փրկիչն օգնում մեզ հաղթահարել Անկման հետևանքները թեման:
Օգտագործեք սուրբ գրությունները, որոնք կօգնեն ձեզ բացատրել ընտրած թեման: Պատրաստվելու համար օգտակար կլինի վերանայել 2 Նեփի 2.17–27, 9.6–12, 10.23–25 հատվածները, ձեր օրագրի նշումները կամ «Ադամի ու Եվայի Անկումը» բաժինը Ավետարանական թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org):
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ են պատրաստել իրենց զուգընկերոջ հետ կամ ամբողջ դասարանով: Կամ կարող եք ուսանողներին առաջարկել իրենց բացատրությունն ուղարկել իրենց ընտանիքի որևէ անդամի, ընկերոջ կամ Եկեղեցու առաջնորդի:
Իմ զգացումները Հիսուս Քրիստոսի մասին
Դասի այս հատվածը նախատեսված է ուսանողներին թույլ տալ մտածել Հիսուս Քրիստոսի մասին իրենց ունեցած զգացումների շուրջ:
Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի կարդան և մտածեն, ինչպես առաջարկված է ստորև ներկայացված պարբերությունում: Կարող եք ցածրաձայն նվագարկել Փրկչին փառավորող հիմներ, ինչպիսիք են՝ «Ես մնում եմ զարմացած» (Հիմներ, թիվ 193) կամ «Մեր Փրկչի սերը» (Հիմներ, թիվ 113):
Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին: Մտածեք, թե ինչ սովորեցիք կամ ուսումնասիրեցիք Փրկչի մասին: Վերանայեք ձեր ուսումնասիրած գլուխները, օրինակ՝ 1 Նեփի 19, 2 Նեփի 9 և 2 Նեփի 25: Կարող եք փնտրել նաև ձեր նշած հատվածները: Օգտակար կլինի վերանայել ձեր օրագրում կատարած նշումները, հատկապես այն նշումները, որոնցում նշել եք Նրա մասին ձեր զգացումները:
-
Մի բանաստեղծություն կամ նամակ գրեք Փրկչին՝ արտահայտելով ձեր զգացումները Նրա հանդեպ: Կարող եք օգտագործել բառեր կամ արտահայտություններ սուրբ գրություններից կամ հղում կատարել սուրբ գրությունների հատվածներին:
-
Կազմեք բառերի ցանկ, որոնք նկարագրում են ձեր զգացումները Փրկչի մասին: Ներառեք որոշ նկարագրություններ սուրբ գրություններից: Ստեղծեք բառերի ամպ կամ առանձին թղթերի վրա գրեք բառերը և դրանք կախեք ձեր սենյակում կամ մեկ այլ վայրում, որտեղ հաճախ կտեսնեք դրանք:
-
Նկարեք մի բան, որը կօգնի ձեզ արտահայտել ձեր վերաբերմունքը Փրկչի հանդեպ:
Եթե ժամանակը թույլ տա, ուսանողներին թույլ տվեք կիսվել իրենց ստեղծածով, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց վկայությունները Փրկչի մասին: Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց ստեղծածով կիսվել նաև իրենց ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ: Դուք կարող եք կիսվել նաև Փրկչի հանդեպ ձեր երախտագիտության մասին վկայությամբ: