Սեմինարիա
1 Նեփի 17–18. «Ես նայում էի իմ Աստծուն»


«1 Նեփի 17–18. «Ես նայում էի իմ Աստծուն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 17–18. «Ես նայում էի իմ Աստծուն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 17–18

«Ես նայում էի իմ Աստծուն»

Նկար
Երիտասարդ աղջիկ, որը ծաղրանքի էր ենթարկվել

Մեր բոլորի կյանքում փորձություններ և տառապանքներ են լինելու: Դրանցից մի քանիսը կգան որպես մեր սեփական սխալների հետևանքներ կամ պարզապես կլինեն այն պատճառով, որ ապրում ենք մեղսավոր ու անկատար աշխարհում: Ինչպես Նեփին դեպի ավետյաց երկիր կատարած իր ճամփորդության ընթացքում զգաց, որ փորձությունների և տառապանքների մի մասն այն պատճառով են, որ մեզ շրջապատողները չարաշահում են իրենց կամքի ազատությունը: Անկախ մեր տառապանքի աղբյուրից՝ Հիսուս Քրիստոսն ուժ և բժշկում է առաջարկում նրանց, ովքեր Իրեն են փնտրում: Այս դասը կօգնի ձեզ սեր ու երախտագիտություն զգալ Տիրոջ հանդեպ՝ անկախ հանգամանքներից, որոնցում գտնվում եք:

Հասկանալ ուսանողների ուսումնական կարիքները Փորձեք հասկանալ ձեր դասարանի անդամների ուսումնական կարիքները: Դա կօգնի այնպիսի ուսումնական գործընթաց ապահովել, որը կհամապատասխանի նրանց կարիքներին և թույլ կտա սովորել տարբեր եղանակներով: Օրինակ՝ ուսուցողական նյութերի օգտագործմամբ, խմբային աշխատանքով կամ անհատական ուսուցմամբ: Ուշադիր եղեք ուսումնառության հետ կապված առանձնահատուկ դժվարություններ ունեցող ուսանողների նկատմամբ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել իրենց ունեցած փորձառություններով, որոնք նրանց օգնել են ավելի մեծ սեր ու երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպե՞ս կարձագանքեիք

Երբևէ նկատե՞լ եք, թե մարդիկ ինչ տարբեր ձևերով են արձագանքում նմանատիպ իրավիճակներին: Կարդացեք ստորև ներկայացվող սցենարները և մտածեք, թե սցենարների հերոսներն ինչ տարբեր եղանակներով կարող էին արձագանքել:

Օգտագործեք ստորև ներկայացված սցենարները կամ այլ սցենարներ, որոնք կօգնեն ուսանողներին քննարկել դժվարություններին կամ փորձություններին արձագանքելու տարբեր եղանակները:

Գիլերմոն այցելել էր ակնաբույժի, քանի որ տեսողությունը մշուշվել էր: Բժիշկը նրան ասել էր, որ հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի, որի պատճառով նա մեկ տարվա ընթացքում ամբողջովին կկուրանա:

Լեյլայի եղբայրը բարկացավ և հրեց նրան, ինչի արդյունքում Լեյլան վնասեց ոտքի կոճը: Նա խաղալու էր իր թիմի առաջնության խաղում, բայց այժմ վազել չի կարողանում:

  • Այս սցենարների մարդիկ ի՞նչ տարբեր եղանակներով կարող էին արձագանքել իրենց դժվար իրավիճակին:

  • Նշեք մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ, ըստ ձեզ, դրական կամ բացասական արձագանքում իրենց փորձություններին:

Նեփիի տեսանկյունը

Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս գուցե նկատած լինեք, թե ինչ տարբերություն կար Նեփիի և Լամանի ու Լեմուելի գործողությունների և մոտեցման միջև, թեև նրանք նույն չարչարանքներից շատերի միջով էին անցնում: Ստորև ներկայացվող հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այդ տարբերությանը:

Ստորև ներկայացվող ուսումնական վարժության համար ուսանողները կարող են որևէ դասընկերոջ հետ կարդալ առաջին համեմատությունը, ապա անցնել այլ հատվածը քննարկող խումբ: Նույն կերպ, 1 Նեփի 18 գլուխն ուսումնասիրելիս ուսանողները կարող են զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով քննարկել ստորև ներկայացվող հարցերը:

Ճամփորդություն անապատով.1 Նեփի 17.1–3 հատվածի Նեփիի պատմությունը համեմատեք 1 Նեփի 17.20–22-ում ներկայացված Լամանի և Լեմուելի պատմության հետ:

Նավի կառուցումը.1 Նեփի 17.8–9, 15 հատվածի Նեփիի արձագանքը համեմատեք 1 Նեփի 17.17–18 հատվածում ներկայացված Լամանի և Լեմուելի արձագանքի հետ:

Որոշեք, թե ինչպես կարող եք ուսանողներին լավագույնս ներգրավել կարդացածը քննարկելու մեջ: Հետևյալ հարցերը կարող են օգնել այդ քննարկմանը:

  • Ի՞նչ մտքեր կամ տպավորություններ եք ունենում՝ համեմատելով Նեփիի և Լամանի ու Լեմուելի խոսքերն ու գործողությունները:

  • Ի՞նչ նկատեցիք Աստծո հետ ունեցած այս անձանցից յուրաքանչյուրի հարաբերության մեջ:

Բոլորիս կյանքում եղել են ժամանակներ, երբ դժվար իրավիճակներին լավ կամ ոչ այդքան լավ ենք արձագանքել: Մտածեք, թե դուք ինչպես եք վարվում հիմնականում՝ ավելի շատ Նեփիի, թե՞ ավելի շատ Լամանի ու Լեմուելի նման, երբ դժվար իրավիճակներում եք հայտնվում: Ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ դրականորեն արձագանքել դժվարությունների կամ փորձությունների բախվելիս:

Լեքին և նրա ընտանիքը ծովով ուղևորվում են ավետյաց երկիր

Երբ Նեփին և նրա եղբայրներն ավարտեցին նավի կառուցումը, Տերը Լեքիին և նրա ընտանիքին պատվիրեց ծովով ճանապարհ ընկնել դեպի ավետյաց երկիր (տե՛ս 1 Նեփի 18.1–8):

Կարդացեք 1 Նեփի 18.9–21 հատվածը և փնտրեք, թե որոնք են այն դժվարությունները, որոնց նրանք հանդիպեցին այս ճանապարհորդության ընթացքում: Ուսումնասիրելիս շարունակեք համեմատել Նեփիի և Լամանի ու Լեմուելի գործողություններն ու մոտեցումը: Կարող եք նաև դիտել «Լեքիի ընտանիքը ծովով ճանապարհ է ընկնում դեպի ավետյաց երկիր» տեսանյութը 3:13-11:31, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս պատմության մեջ ի՞նչն է տպավորում ձեզ:

  • Նկատեք, թե ինչ էր հիշատակել Նեփին հատված 16-ում: Եթե հնարավորություն ունենայիք նրան մի քանի հարց տալ այս հատվածում նկարագրված իր գործողությունների մասին, ի՞նչ կհարցնեիք:

  • Ըստ ձեզ՝ նա ինչպե՞ս կպատասխաներ ձեր հարցերին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը մի պատճառ է բերել, որի համար Նեփին կարողացավ արձագանքել այնպես, ինչպես արձագանքեց իր դժվարությունների ժամանակ:

Քանի որ նրանք հեռու էին Փրկչից, Լամանն ու Լեմուելը տրտնջացին, դարձան կռվարար ու անհավատ: Նրանք մտածում էին, որ կյանքն անարդար է, և իրենք արժանի էին Աստծո շնորհին: Ի տարբերություն նրանց՝ Աստծուն մոտենալու շնորհիվ Նեփին պետք է հասկանար, որ կյանքն առավել անարդար էր գտնվելու Հիսուս Քրիստոսի հանդեպ: Լինելով բացարձակ անմեղ՝ Փրկիչը բոլորից շատ պետք է տառապեր:

Մտքով և սրտով որքան ավելի շատ ենք մոտենում Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի շատ ենք գնահատում Նրա անմեղ տառապանքները, այնքան ավելի շատ ենք երախտապարտ լինում շնորհի ու ներման համար և ավելի շատ ենք ցանկանում ապաշխարել ու դառնալ Նրա նման (Դեյլ Գ. Ռենլանդ, «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016թ., 40):

  • Ի՞նչ ճշմարտություն իմացաք երեց Ռենլանդի խոսքերից, որ կարող է օգնել ձեզ ձեր փորձություններում:

Կարող եք կիսվել ստորև ներկայացվող ճշմարտությամբ, եթե ուսանողներն այն ինքուրույն չգտնեն:

Բացահայտված ճշմարտություններից մեկը կարող է լինել այն, որ երբ մենք մոտ ենք Հիսուս Քրիստոսին, կարող եք նույնիսկ դժվար ժամանակներում սեր և երախտագիտություն զգալ Նրա հանդեպ:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ավելի հավանական, որ սեր և երախտագիտություն կզգանք Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ավելի մոտ լինենք Նրան:

Եթե ուսանողները կարողացան օգտվել նախորդ հարցին պատասխանելու օգնությունից, կարող եք լրացուցիչ հարցեր տալ, օրինակ՝ «Ի՞նչ է արել Տերը ձեզ համար, որի համար երախտապարտ եք նրան» կամ «Ե՞րբ եք հատկապես երախտապարտ եղել Փրկչին»:

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և առաջարկել ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել դրանցից մեկին կամ մի քանիսին: Ապա կամավորներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով:

  • Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ հնարավոր է՝ հեռացել եք Տիրոջից: Ի՞նչ կարող եք անել այդ հեռավորությունը կրճատելու համար:

  • Ի՞նչն է օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի խորհեն այն մասին, թե որքան մոտ են իրենց զգում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և լուռ աղոթեն, ապա իրենց օրագրերում գրի առնեն այս դասի ընթացքում ունեցած բոլոր մտքերը կամ ստացած տպավորությունները: Կարող եք դա անել հետևյալ պարբերության օգնությամբ: