Սեմինարիա
3 Նեփի 13–14․ Քրիստոսի ուսմունքները


«3 Նեփի 13–14․ Քրիստոսի ուսմունքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 13–14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 13–14

Քրիստոսի ուսմունքները

Նկար
Քրիստոսը ժպտում է մարդկանց հնագույն Ամերիկաներում

Պատկերացրեք, թե ինչ պետք է զգացած լինեին Լիառատ երկրի մարդիկ՝ լսելով հարություն առած Փրկչի ուսմունքը։ Մենք օրհնված ենք, որ Նրա ուղերձի մի մասն արձանագրված ունենք 3 Նեփի 13–14 գլուխներում։ Այդ գլուխներում ներկայացված են այն սկզբունքները, որոնք այսօր նույնքան կարևոր են, որքան այն մարդկանց համար, որոնք ներկա էին, երբ Նա հռչակում էր դրանք։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ բացահայտել սկզբունքներ Փրկչի ուսմունքներից և տեսնել դրանց կարևորությունը ձեր այսօրվա կյանքում։

Ի՞նչ խորհուրդ կտայիք։

Մտածեք, թե փորձի միջոցով ինչ հմտություն եք զարգացրել։ Դա կարող է լինել սպորտային հմտություն, հոբբի կամ դպրոցի որևէ առարկայի, ինչպես նաև մեքենա վարելու, որևէ հատուկ ուտեստ պատրաստելու կամ տնային կենդանուն խնամելու հմտություն։

Պատկերացրեք, որ ձեր հմտությունն ինչ-որ մեկին համառոտ բացատրելուց հետո նրա մոտ հետաքրքրություն առաջացավ փորձելու այն։

Մտածեք, թե ձեր փորձից ինչ մեկ խորհուրդ կտայիք նրան։ Դա կարող է լինել այնպիսի խորհուրդ, որը հասկանալու համար նրանք այլ հանգամանքներում բավական ժամանակ կծախսեին, կամ դա կարող է օգնել նրանց խուսափել որևէ տարածված սխալից, որը մարդիկ սովորաբար թույլ են տալիս ձեր հմտությունը սովորելու ընթացքում։

Ձեր խորհուրդն ամփոփեք պատճառահետևաքնային պարզ պնդումով։ (օրինակ՝ եթե երկար տարածություն վազելու հմտություն ունեք, կարող եք ասել․ «եթե բավարար քանակով ջուր խմեք, ձեր մկաններն ավելի արագ կվերականգնվեն»)։

Ճիշտ այնպես, ինչպես ձեր գիտելիքն ու խորհուրդը կարող են օգնել ձեր հմտությունը սովորող ինչ-որ մեկին հաջողության հասնել և խուսափել անհարկի սխալներից, այնպես էլ Հիսուս Քրիստոսի խորհուրդը կարող է օրհնել ձեզ և պաշտպանել սխալներից։

Այսօր դուք կունենաք 3 Նեփի 13–14 գլուխներն ուսումնասիրելու օրհնությունը, որը նաև Մատթեոս 5–7 գլուխներում ներկայացված Փրկչի անզուգական քարոզի շարունակությունն է։ Հիսուսը շարունակում էր ուսուցանել բարձրագույն օրենքը, որն օգնում է մեզ պատրաստվել Աստծո ներկայությամբ ապրելուն (տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 88.21–22)։ Նրա խորհուրդն ուսումնասիրելիս փնտրեք, թե Նրա ուսմունքները որքանով են կարևոր ձեզ հանդիպած իրավիճակների համար։ Հաճախ ընդհատեք և խորհեք ձեր բացահայտած սկզբունքների շուրջ, ապա գրի առեք, թե Նրա ուսուցանած ճշմարտություններին հետևելն ինչպես կպատրաստի ձեզ վերադառնալու Նրա ներկայությունը։

Պատճառահետևանքային պնդումներ սուրբ գրություններում

Տիրոջ ուսմունքներն ուսումնասիրելու արդյունավետ եղանակներից մեկը պատճառահետևանքային կապեր փնտրելն է։ Հաճախ այդ պնդումները սկսվում են եթե բառով։ Այդ պնդումները կարող են օգնել ձեզ հստակորեն տեսնել, թե որ ընտրություններն ինչ արդյունքների են հանգեցնում։ Պատճառահետևանքային (կամ պայմանական) պնդումների մասին խոսելիս Յոթանասունից երեց Քևին Ս. Համիլտոնը հայտարարել է․

Տերը նույնպես գործում է պայմանների միջոցով՝ հավատքի պայմաններ, արդարության պայմաններ, ապաշխարության պայմաններ: Աստծո պայմանական պնդումների բազմաթիվ օրինակներ կան, օրինակ՝ …

«Եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, [ապա] նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4)։ …

«Եթէ իմ պատուիրանքները պահէք, [ապա] իմ սէրի մէջը կ’կենաք» (Հովհաննես 15.10) (Քևին Ս. Համիլտոն, «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ», Լիահոնա, մայիս 2022 թ․, 50, փակագծերը և շեշտերը վերցված են բնօրինակից)։

Երեց Համիլտոնի օրինակում նկատեք, որ եթե բառը գալիս է մեզնից պահանջվող գործողություններից առաջ։ Մեր գործողությունների հետևանքները կամ արդյունքները նկարագրվում են հետո։

Երբ Հիսուս Քրիստոսը Լիառատ երկրում ուսուցանում էր մարդկանց, Նրա ուսուցանած կարևոր սկզբունքներից մի քանիսը ներկայացված էին որպես պատճառահետևանքային կապեր, որոնք ներառում էին եթե բառը։ Օրինակ՝ կարդացեք 3 Նեփի 13.14–15 հատվածները և յուրաքանչյուր հատվածում նշեք եթե բառը։

Նկատեք, որ երեց Համիլտոնի օրինակում նա յուրաքանչյուր պնդման մեջ զետեղել է ապա բառը, որպեսզի ընդգծի մեր ընտրությունների արդյունքները։ Կարող եք ապա բառը գրել ձեր սուրբ գրությունների հատվածներ 14–15-ում, որտեղ որ դրանք ըստ ձեզ կհամապատասխանեն։

Վերաձևակերպեք Փրկչի ուսմունքները որպես պատճառահետևանքային պնդումներ

Հիսուսի ուսմունքներից որոշները չեն ներառում եթե բառը։ Սակայն Սուրբ Հոգուց ստացած ուշադրությամբ և օգնությամբ կարող եք նկատել այն պատճառահետևանքային կապերը, որոնք հստակեցնում են Նրա ուսուցանած սկզբունքները։ Կարդացեք հետևյալ հատվածներից առնվազն երեքը և յուրաքանչյուր հատվածի համար գրեք պարզ պատճառահետևանքային պնդում, որն արտահայտում է Փրկչի խորհուրդը։

Կարող եք Նրա ուսուցանածը վերաձևակերպել որպես «եթե-ապա» պնդում։ Օրինակ՝ 3 Նեփի 13.1–4 հատվածներն ուսումնասիրելուց հետո մեկը կարող է գրել․ «Եթե աղքատներին օգնելու մեր դրդապատճառը քրիստոսանման է, ապա մեր պարգևը կգա Երկնային Հորից»։ Այս հատվածից կարող ենք սովորել, որ արդար գործերի մեր դրդապատճառները կարևոր են մեր Երկնային Հոր համար, և Նա սիրում է օրհնել նրանց, ովքեր ավելի են նմանվում Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

  1. Գրի առեք ձեր ստեղծած պատճառահետևանքային պնդումները և համառոտ բացատրեք, թե յուրաքանչյուրն ինչ է նշանակում ձեզ համար։ Հետո պատասխանեք հետևյալ կետերից երկուսի հարցերին․

  • Ըստ ձեզ՝ Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում, որ մարդիկ մեր օրերում իմանան այն, ինչ Նա ուսուցանում է այդ գլուխներում։ Ըստ ձեզ՝ Նրա ո՞ր ուսմունքներն են ամենից անհրաժեշտ մեր օրերում։

  • Այդ գլուխների հիման վրա ձեր ստեղծած պատճառահետևանքային սկզբունքներից մեկն ինչպե՞ս կարող է դեռահասը կիրառել տանը, դպրոցում, իր ապագա չափահաս կյանքում։ Դա ինչպե՞ս կարող է օգնել նրան։

  • Այս գլուխներում ներկայացված Փրկչի ուսմունքներից որո՞նք են լավագույնս վերաբերում ձեր կյանքում ձեզ հանդիպած որևէ իրավիճակի։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կցանկանար Նա, որ օգտագործեիք Իր տված խորհուրդը։