Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 15. Հասկանալ և բացատրել


«Վարդապետության սերտման կրկնություն 15. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 15», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 15

Հասկանալ և բացատրել

Նկար
աղջիկները միասին ուսումնասիրում են սուրբ գրությունները

Քանի որ Հիսուս Քրիստոսի ավետարանը կենսական կարևորություն ունի, Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակներն իմանան ավետարանի ճշմարտությունները։ Ավետարանի ճշմարտությունները սեփական բառերով բացատրել սովորելը կարող է օգնել հստակեցնել հասկացողությունը։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի խորը հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։

Սխալ ընկալում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի (1917–2008) և Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքսի հետևյալ խոսքերը ներկայացնում են մի քանի հումորային թյուրըմբռնումներ։ Դրանք ուսումնասիրելիս խորհեք, թե ինչ սխալ ընկալումներ եք ունեցել դուք։

Ես հիշում եմ՝ ինչպես էր մեր դստրերից մեկը անծանոթի հետ ժամադրության գնացել։ Նա հագնվել ու սպասում էր այն տղային, որի հետ ժամադրվել էր։ Այդ պահին հնչեց դռան զանգը։ Ներս մտավ մի մարդ, որը մի փոքր տարեց թվաց, բայց դուստրս փորձեց քաղաքավարի լինել։ Նա նրան ներկայացրեց ինձ ու կնոջս և մյուս երեխաներին, հետո հագավ վերարկուն ու դուրս եկավ։ Մենք տեսանք, թե նա ինչպես նստեց մեքենան, բայց մեքենան տեղից չէր շարժվում։ Ի վերջո, մեր դուստրը դուրս եկավ մեքենայից ու կարմրած դեմքով հետ վազեց տուն։ Մարդը, որը կարծում էր, թե նա է, ում հետ ժամադրվել է, իրականում եկել էր մեր մյուս դստեր հետևից, որը համաձայնել էր դայակություն անել նրա և կնոջ համար: (Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008 թ․, 27)

Մի անգամ աղջկաս ու փեսայիս հաղորդագրություն ուղարկեցի՝ օգտագործելով ձայնային տեքստ ուղարկելու հեռախոսիս գործառույթը: Ես ասացի․ «Հեյ, դուք երկուսդ: Իմացեք, որ սիրում եմ ձեզ»։ Հեռախոսը տառադարձեց․ «Ատում եմ երկուսիդ: Պետք է սիրեմ ձեզ»: Զարմանալի չէ՞, թե դրական ու բարի նպատակ ունեցող ուղերձը ինչ հեշտությամբ կարող է սխալ ընկալվել: (Բրեդլի Ռ. Վիլկոքս, «Արժանիությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ․, 61)

Թեև որոշ սխալ ընկալումներ կարող են զվարճալի լինել, Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և մեր հավերժական փրկության մասին ճշմարտությունների թյուրըմբռնումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։

  • Փրկչի ո՞ր ուսմունքները կամ ճշմարտությունները կարելի է այսօր հեշտությամբ սխալ ընկալել։

  • Հիսուս Քրիստոսի, Նրա ծրագրի կամ Նրա ավետարանի ճշմարտությունների սխալ ընկալումն ինչպե՞ս կարող է ազդել մեր կյանքի վրա այժմ և ապագայում։

Վարդապետության սերտման հատվածներ

Վարդապետության սերտման նպատակներից մեկը օգնելն է ձեզ իմանալ Փրկչի վարդապետությունը և կարողանալ բացատրել այն ուրիշներին։ Նման գիտելիքը ավելին է, քան պարզապես մակերեսային տեղեկություն։ Այն խորը հասկացողություն է և կարողություն՝ կիրառելու վարդապետությունը ձեր կյանքում և ձեր հանգամանքներում։ Այդ հասկացողությունը կօգնի ձեզ այնպիսի պարզությամբ բացատրել Փրկչի վարդապետությունը, որ նրանք, ում բացատրեք, դժվար թե սխալ ընկալեն այն։

Կարդացեք հետևյալ աղյուսակում նշված վարդապետության սերտման սուրբգրային հիմնական արտահայտությունները։ Կարող եք նշել, թե ըստ ձեզ որ ճշմարտություններն եք լավ հասկանում, և որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Մեծացրեք հասկացողությունը

Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ և օգտագործեք այն՝ հետևյալ վարժությունը կատարելու համար։ Եթե ժամանակը թույլ տա, կարող եք կրկնել այս վարժությունը մեկ ուրիշ հատվածի համար։

  1. Կատարեք հետևյալ վարժությունը:

    Պատկերացրեք, որ այս հատվածի մասին ձեզ խնդրել են ուսուցանել որևէ նորադարձի կամ փոքր տարիքի երեխաների։ Պատրաստեք երեքից հինգ րոպե տևողությամբ խոսք կամ դաս, որը կօգնի խորացնել այս հատվածում ուսուցանվող ճշմարտությունների հասկացողությունը։ Նախքան կմտածեք ճշմարտություններն ուրիշներին ուսուցանելու մասին՝ օգտակար կլինի, եթե ինքներդ ձեզ համար պատասխանեք հետևյալ հարցերին։

    • Առանձնացրեք հիմնական բառերն ու արտահայտությունները, հատկապես նրանք, որոնք կարող են սխալ ընկալվել։ Կարող եք սուրբ գրություններում փնտրել սահմանումներ կամ գտնել խաչաձև հղումներ, որոնք կօգնեն պարզաբանել հատվածը։ Ինչո՞ւ են այդ բառերն ու արտահայտությունները կարևոր։

    • Ինչպե՞ս է սուրբգրային այդ հատվածը կապված Փրկչի հետ: Ի՞նչ եք սովորում Նրանից կամ Նրա մասին։ Ի՞նչ եղանակներով է Նա այդ հատվածի ճշմարտությունների օրինակ հանդիսանում։

    • Ի՞նչ առարկաներ կարող եք օգտագործել կամ ցուցադրել, որոնք կօգնեն բացատրել այս սուրբգրային ուղերձը։

Կարող եք գրի առնել ձեր պատասխանները վերևում բերված երեք հուշումների համար կամ ներկայացնել ձեր ընթացիկ դասը կամ ելույթը։

Կարող եք ձեր դասը ներկայացնել ձեր քրոջը կամ եղբորը, ծնողին կամ ընկերոջը և խնդրել նրանց կարծիք հայտնել։ Խնդրեք մարդկանց, ում ուսուցանում եք, կիսվել, թե արդյոք դասն օգնեց իրենց ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածում ուսուցանվող ճշմարտությունները։