Սեմինարիա
Մոսիա 14–16. Փրկագնված Տեր Հիսուս Քրիստոսով


«Մոսիա 14–16. Փրկագնված Տեր Հիսուս Քրիստոսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 14–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 14-16

Փրկագնված Տեր Հիսուս Քրիստոսով

Նկար
Քրիստոսի նկարը

Թեև Նոյ թագավորը պատրաստ էր սպանել Աբինադիին, բայց Աբինադին գիտեր, որ Աստված թույլ էր տալու իրեն ավարտել այն ուղերձը, որը փոխանցելու համար էր ուղարկվել: Նոյը և նրա քահանաները պետք է լսեին ուղերձը, որ Աստված կանչում է բոլոր մարգարեներին ուսուցանելու, որ Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է ճանաչել Հիսուս Քրիստոսին որպես այն միակի, ով կարող է փրկագնել մեզ մեղքից ու մահից:

Հիսուս Քրիստոսի դերերն ու տիտղոսները

Հիսուս Քրիստոսի բազմաթիվ դերերից ու տիտղոսներից յուրաքանչյուրը կարող է մեր կյանքի որոշակի կետերում հատուկ նշանակություն ունենալ մեզ համար: Օրինակ՝ մենք կարող ենք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես «Տեր՝ Ամենազոր Աստված» (Մոսիա 11.23), երբ մեզ անհրաժեշտ է օգնություն, որը միայն Նա կարող է տալ:

Մեկ րոպե տրամադրեք և սուրբ գրություններից դուրս գրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները, որոնք ուսուցանում են մեզ Նրա մասին:

  • Ըստ ձեզ՝ Հիսուսի բազմաթիվ տիտղոսներից որո՞նք կարող են օգտակար լինել, որոնց մասին պետք է ավելին իմանալ: Ինչո՞ւ։

Հիսուս Քրիստոսը՝ մեր Քավիչը

Նոյ թագավորին և քահանաներին ուղղված Աբինադիի ուղերձը կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի վրա: Նա ուսուցանում էր այն ճշմարտությունը, որ մենք միայն Հիսուս Քրիստոսի փրկագնմամբ կարող ենք փրկվել (տես Մոսիա 13.33, 16.15): Աբինադիի խոսքերն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին մեր Քավիչը լինելու Նրա դերից:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Հիսուս Քրիստոսին նկարագրող տիտղոսներից ամենից կարևորների շարքում Քավիչն է: … Փրկագնել նշանակում է վճարել պարտավորությունը կամ պարտքը: Փրկագնել նաև նշանակում է փրկել կամ ազատ արձակել՝ փրկագին վճարելով: Եթե ինչ-որ մեկը սխալ է գործել և ապա ուղղել է այն կամ փոխհատուցել, մենք ասում ենք, որ նա փրկագնել է իրեն։ Այս նշանակություններից յուրաքանչյուրը բացահայտում է տարբեր կողմերն այն մեծ Փրկագնման, որ կատարեց Հիսուս Քրիստոսն Իր Քավությամբ, որն, ըստ բառարանի, նշանակում է «ազատել մեղքից և դրա պատիժներից՝ զոհ մատուցելով մեղսավորի համար» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Ensign կամ Liahona, մայիս 2013թ., 109):

  • Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Քավիչ Նրա տիտղոսից:

  • Ի՞նչ եք կարծում, այդ զգացողությունը ե՞րբ ամենից օգտակարը կլինի ձեր կյանքում: Ինչո՞ւ։

Մտածեք ձեր կյանքից որևէ մեկի մասին, ում ըստ ձեզ, օգտակար կլինի հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը Քավիչն է:

Ընտրեք առնվազն երկուսը, որպեսզի Աբինադիի ուղերձից ավելին սովորեք Հիսուս Քրիստոսի մասին և օգնեք ձեզ պատրաստել ուղերձ այն անձին, որի մասին մտածում էիք:

Ուսումնասիրության հուշում 1. Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը ինձ փրկագնելու համար

Աբինադին խոսում էր Եսայիայի մասին՝ որպես օրինակ այն բազմաթիվ քահանաներից, որոնք վկայում էին Քրիստոսի մասին: Նա կարդում էր Եսայիայի ուսմունքները, որպեսզի ցույց տա, որ Աստված Ինքն է գալու երկիր, որպեսզի «ճնշվի ու չարչարվի» (Մոսիա 13.35) և փրկագնի մեզ ընկնելուց ու կորսվելուց:

Կարդացեք Մոսիա 14 գլուխը և փնտրեք բառեր ու արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ գին էր պատրաստ վճարել Հիսուս Քրիստոսը՝ ձեզ մեղքից ու մահից ազատելու համար:

  • Այս հատվածներից ո՞ր բառերով կամ արտահայտություններով կկիսվեիք ձեր մտածած անձի հետ:

Ուսումնասիրության հուշում 2. Ինչպե՞ս կարող եմ օրհնվել Հիսուս Քրիստոսի Փրկագնումով

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե Հիսուս Քրիստոսը չկատարեր Իր դերը՝ որպես մեր Քավիչ: Մի պահ մտածեք, թե ձեր կյանքն ինչպիսին կլիներ առանց Հիսուս Քրիստոսի:

Կարդացեք Մոսիա 15.19, 16.4–7 հատվածները և փնտրեք, թե ինչպես է Աբինադին նկարագրում կյանքը առանց Քրիստոսի փրկագնման:

Կարդացեք Մոսիա 15.20–25, 16.8–10 հատվածները և գտեք, թե ինչ օրհնություններ կարող ենք վայելել մեր Քավիչի շնորհիվ:

  • Ի՞նչ կցանկանայիք, որ անձը, ում մասին մտածել եք, իմանար այդ հատվածներից:

Ուսումնասիրության հուշում 3. Ինչո՞ւ են սուրբ գրություններում Հիսուս Քրիստոսին երբեմն Հայր կոչում

Աբինադին ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի դերերի մասին՝ որպես Աստծո Որդի և որպես Հայր: Հայրը նա է, ով կյանք է տալիս: Հիսուս Քրիստոսը մեզ համար հոր նման է, քանի որ կարող է մեզ անմահություն և հավերժական կյանք տալ: Սա չի նշանակում, որ Նա և Երկնային Հայրը նույն անձն են: Կարդացեք Մոսիա 15.1–9 հատվածը և փնտրեք, թե ինչ պատճառներով Հիսուս Քրիստոսը կարող է որպես մեր Հավերժական Հայր անվանվել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Ինչպես ուսուցանում էր Աբինադին, Քրիստոսը «հղացվել էր Աստծո զորությամբ» (Մոսիա 15.3) և ուստի՝ Հոր զորությունն ուներ իր հետ: Բացի այդ աստվածային հարաբերությունից՝ Քրիստոսը նաև գործում է որպես Հայր, քանզի նա երկնքի և երկրի Արարիչն է (տես Մոսիա 15.4), մեր հոգևոր վերածննդի և փրկության հայրը և հավատարմորեն պատվում է իր Հոր կամքն իր սեփական կամքից առավել և հետևաբար՝ հավակնում է իր Հոր կամքի զորությանը (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր Ուխտը. Մորմոնի Գրքի մեսիական ուղերձը [1997], 183–84):

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը և՛ Հայրը, և՛ Որդին:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս գիտելիքը ինչո՞ւ կարող է օգտակար լինել այն անձի համար, ում մասին մտածել եք:

  1. Ձեր մտածած անձին մի ուղերձ գրեք Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Քավիչի: Ձեր ուղերձում օգտագործեք սուրբ գրությունների որոշակի արտահայտություններ կամ հատվածներ: Ներառեք Քավիչի մասին ձեր վկայությունը: