Կախվածություն
Քայլ 3․ Վստահել Աստծուն


Քայլ 3

Վստահել Աստծուն

Առանցքային սկզբունք. Որոշեք հանձնել ձեր կամքն ու ձեր կյանքը Աստծո՝ Հավերժական Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի խնամքին:

Քայլ երեքը որոշում կայացնելու քայլն է: Առաջին երկու քայլերում մենք բացահայտեցինք, թե ինչ չէինք կարող անել ինքներս մեզ համար, և ինչի կարիք ունեինք, որ Աստված անի մեզ համար: Այնուհետև երրորդ քայլում մեզ ներկայացվեց միակ բանը, որ մենք կարող էինք անել Աստծո համար: Մենք կարող ենք որոշում ընդունել Նրա համար բացել ինքներս մեզ և հանձնել Նրան մեր ողջ կյանքը, անցյալը, ներկան ու ապագան, և մեր կյանքի վերաբերյալ մեր կամքը: Երրորդ քայլը գիտակցված ընտրության որոշում էր: Դա ամենակարևոր ընտրությունն էր, որը մենք երբևէ կատարել ենք:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը կատարել է հետևյալ հայտարարությունը այս ամենանշանակալի որոշման վերաբերյալ. «Մեր կամքի ենթարկումը միակ՝ իսկապես բացառիկ անձնական բանն է, որ մենք կարող ենք դնել Աստծո խորանի վրա: Դա դժվար վարդապետություն է, բայց այն ճշմարիտ է: Շատ այլ բաներ, որոնք տալիս ենք Աստծուն, որքան էլգեղեցիկ լինի մեր կողմից, իրականում այն բաներն են, որոնք Նա նախապես տվել է մեզ, և Նա դրանք փոխ է տվել մեզ: Ինչևէ, երբ մենք սկսենք ենթարկվել, թույլ տալով, որ մեր անձնական կամքը կուլ գնա Աստծո կամքին, ապա այդ դեպքում մենք իսկապես ինչ-որ բան կտանք Նրան» (“Insights from My Life,” Ensign, Aug. 2000, 9):

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը նկարագրել է իր կամքը Աստծուն հանձնելու և այն ազատության մասին, որ այդ որոշումը տվեց իրեն. «Հավանաբար մեծագույն հայտնագործությունը իմ կյանքի, անկասկած մեծագույն պարտավորությունը եկավ, երբ ես ի վերջո վստահեցի Աստծուն, որ ես փոխ կտամ կամ իմ ազատ կամքը կենթարկեմ Նրան՝ առանց հարկադրանքի կամ ճնշման, առանց ստիպելու, որպես լոկ մեկ անձ, ինքնուրույն, առանց կեղծիքի, ոչինչ չսպասելով, բացի արտոնությունից: Ինչ-որ իմաստով՝ խոսելով փոխաբերական իմաստով, խոսելով մարդու կամքի ազատության՝ այդ թանկարժեք պարգևի մասին, որոնք սուրբ գրությունները պարզաբանում են, որ կարևոր է բուն կյանքի համար և ասել. «Ես կանեմ, ինչպես Դու կուղղորդես», հետագայում իմանում ենք, որ այդպես անելով ավելի շատ ես ունենում կամքի ազատություն» (Obedience, Brigham Young University Speeches of the Year [Dec. 7, 1971], 4):

Երբ մենք կատարեցինք քայլ երեքը, դիմակայեցինք այն ճշմարտությանը, որ ապաքինումը ավելի շատ Տիրոջ ջանքերի արդյունքն է, քան մեր սեփական: Նա գործեց հրաշքը, երբ մենք հրավիրեցինք Նրան մեր կյանք: Քայլ երեքը որոշում էր՝ Աստծուն թույլ տալ ապաքինել և փրկագնել մեզ: Դա որոշում էր, որը թույլ էր տալիս Նրան ուղղություն տալ մեր կյանքին, իհարկե հիշելով, որ Նա միշտ հարգում է մեր ազատ կամքը: Այսպիսով, մենք որոշեցինք մեր կյանքը դնել Նրա ձեռքերում, շարունակելով հետևել ապաքինման՝ հոգևորապես կենտրոնացած այս ծրագրի վրա:

Երբ մենք սկզբում հաճախում էինք ապաքինման ժողովներին, գուցե զգացինք ստիպված կամ ուրիշների կողմից նույնիսկ հարկադրված՝ լինելու այնտեղ, բայց երրորդ քայլը կատարելու համար մենք պետք է որոշեինք գործել ինքնուրույն: Մենք հասկացանք, որ մեր կյանքն այսչափ փոխելը պետք է լիներ մեր իսկ որոշումը: Կարևոր չէր, թե ինչ էին արել մեր ծնողները, ինչ էին անում այժմ, կամ ինչ էին նրանք կամենում: Ոչ էլ կարևոր էր, թե ինչ էին մտածում, զգում, անում կամ չէին անում մեր կողակիցները, ընտանիքները կամ ընկերները: Մենք հասկացանք, որ պետք է մնայինք մաքուր և զգաստ, անկախ ուրիշի կարծիքներից կամ ընտրություններից: Մեր հոժարակամությունը այն ամուր հիմքն էր, որի վրա հենված էր ապաքինման հավասարակշռությունը: Երբ կարդում ենք Մորմոնի Գիրքը, հայտնաբերում ենք քայլ երրորդի մի հզոր վավերացում Ալմա 5.13-ում: «Նրանք խոնարհեցրին իրենց և դրեցին իրենց վստահությունը ճշմարիտ ու կենդանի Աստծո վրա»:

Երբ կատարեցինք այս քայլը, մենք սարսափեցինք անհայտից: Ի՞նչ կպատահեր, եթե մենք խոնարհեցնեինք մեզ և լիովին հանձնեինք մեր կյանքը և կամքը Աստծո խնամքին: Մեզանից շատերի համար մանկությունը շատ ծանր էր եղել, և մենք սարսափում էինք, որ կրկին կդառնայինք այնպես խոցելի, ինչպես փոքր երեխաները: Մենք համոզվել էինք անցած փորձառություններից, որ որոշակի պարտավորություն վերցնելը գրեթե անհնարին էր, հաշվի առնելով այն խելացնորությունը, որը շրջապատում է մեզ այս աշխարհում: Մենք տեսել էինք խիստ մեծ քանակությամբ խախտված պարտավորություններ: Մենք ինքներս խախտել էինք չափազանց շատ պարտավորություններ: Լավագույնը, որ կարող էինք անել, փորձելն էր այն, ինչ մեր ապաքինվող ընկերներն էին առաջարկել: «Մի օգտագործիր։ Գնա ժողովներին: Օգնություն խնդրիր»: Նրանք, ովքեր մեզանից առաջ էին գնացել ապաքինման քայլերով, կոչ արեցին մեզ փորձել՝ ապրել այս նոր ուղիով: Նրանք համբերատարությամբ սպասում էին, որ մենք դառնանք հոժարակամ՝ մի փոքր բացելու դուռը Աստծո համար:

Տերը հղում է նույն հրավերը. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ» (Հայտնություն 3.20):

Սկզբում մեր ջանքերն անհամբեր էին և ընդհատվող: Մենք շարունակում էինք մեր վստահությունը դնել Տիրոջ վրա, իսկ հետո այն ետ վերցնել: Մենք անհանգստանում էինք, որ Նա դժգոհ կլիներ մեր անհետևողականությունից և ետ կքաշեր Իր աջակցությունն ու սերը մեզանից: Բայց Նա չարեց:

Աստիճանաբար մենք թույլ տվեցինք Տիրոջը ցույց տալ Իր բժշկող զորությունը և Իր ուղուն հետևելու ապահովությունը: Ի վերջո մեզանից յուրաքանչյուրը հասկացավ, որ մենք ոչ միայն պետք է հրաժարվեինք մեր կախվածություններից, այլև պետք է Աստծուն հանձնեինք մեր ողջ կամքն ու կյանքը: Երբ մենք այդպես արեցինք, մենք պարզեցինք, որ Նա համբերատար է և ընդունում է բոլոր բաներում Իրեն անձնատուր լինելու մեր ձախողվող ջանքերը:

Գայթակղությանը դիմադրելու մեր կարողությունն այժմ հիմնված է Տիրոջ կամքին շարունակաբար ենթարկվելու վրա: Փրկիչի Քավության միջոցով մենք արտահայտում ենք մեզ համար մատչելի ուժի մեր կարիքը՝ ամրացնելով մեզ հաջորդ գայթակղության դեմ: Մենք սովորել ենք ընդունել կյանքը Տիրոջ պայմաններով:

Ինչպես Երեց Մաքսվելն է նկատել, Տիրոջը այս ձևով ենթարկվելը դժվար վարդապետություն է: Այն պահանջում է մեզանից վերանվիրվել Նրա կամքին յուրաքանչյուր օրվա սկզբում և երբեմն ամեն ժամ կամ նույնիսկ պահից - պահ: Երբ մենք հոժարակամ ենք այդպես անել, մենք գտնում ենք շնորհ կամ զորացնող ուժ՝ անելու այն, ինչ մենք չէինք կարող անել ինքներս մեզ համար:

Շարունակաբար Աստծո կամքին ենթարկվելը կրճատում է պայքարը, ավելի շատ իմաստ բերում մեր կյանք: Այնպիսի փոքր բաներ, ինչպես օրինակ երթևեկության խցանումները, այլևս պատճառ չեն լինում սրտնեղության: Մենք այլևս չենք վախենում մեր պարտատերերից: Մենք ընդունում ենք պատասխանատվություն մեր գործողությունների համար: Մենք ընդունում ենք և վերաբերվում ուրիշներին, այնպես ինչպես կկամենայինք, որ մեզ վերաբերվեն, ինչպես Փրկիչը կվերաբերվեր մեզ բոլորիս: Մեր աչքերը, մեր մտքերը և մեր սրտերը ի վերջո բաց են ճշմարտության համար, որը մահկանացու կյանքի մարտահրավերն է, և որ այն միշտ ունի ներուժ՝ բերել մեզ վիշտ և հուսահատություն, ինչպես նաև երջանկություն:

Յուրաքանչյուր նոր օր մենք նորոգում ենք Տիրոջը և Նրա կամքին մեր ենթարկվելը: Սա այն է, ինչ մեզանից շատերը նկատի ունեն, երբ մենք ասում ենք. «Ապրել օրըստօրե»: Մենք որոշել ենք թույլ տալ ինքնակամությանը և եսասիրությանը հեռանալ մեզանից, որոնք մեր կախվածությունների արմատն էին և վայելել ևս 24 ժամ «խաղաղություն և ուժ, որոնք գալիս են Աստծուն և Նրա բարությանը, զորությանը և սիրուն վստահելուց:

Գործողության քայլեր

Հաճախեք հաղորդության ժողովին՝ նորոգելու և նորացնելու մկրտության ուխտերը:

Երրորդ քայլի կատարումը և ամեն ինչում Աստծուն վստահելը կարող է նման լինել նոր ակնոցներ կրելուն և ամեն ինչին նոր աչքերով նայելուն: Աստծուն ձեր կամքը հանձնելու որոշում ընդունելու միջոցով դուք կսկսեք զգալ այն հանգստությունն ու ուրախությունը, որոնք գալիս են որոնելուց և Երկնային Հոր կամքը կատարելուց:

Մկրտությունը և հաղորդությունը խորհրդանշում են ձեր սերը և Հիսուս Քրիստոսին անձնատուր լինելը: Դուք խոստանում եք ձեզ վրա վերցնել Նրա անունը, միշտ հիշել Նրան, հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները «որպեսզի դուք [կարողանաք] Նրա Հոգին միշտ [ձեզ] հետ ունենալ»: (Մորոնի 4.3, տես նաև Մորոնի 5.2, ՎևՈւ 20.77, 79):

Խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ ձեր կախվածության և Աստծո կամքին հետևելու որոշման մասին: Արեք հնարավոր ամեն ինչ ամեն շաբաթ հաղորդության ժողովին հաճախելու համար: Երբ երկրպագեք, ուշադիր լսեք հաղորդության աղոթքները և մտածեք այն պարգևների մասին, որոնք Երկնային Հայրն առաջարկում է ձեզ: Այնուհետև նորոգեք ձեր պարտավորությունը՝ ընդունել և հետևել Նրա կամքը ձեր կյանքի վերաբերյալ՝ ճաշակելով հաղորդությունից, եթե եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը տալիս են ձեզ թույլտվություն դա անելու:

Երբ ձեր ապաքինումը առաջ է ընթանում, դուք ձեզ ավելի հոժարակամ կհամարեք՝ լինելու նրանց շարքերում, ովքեր հարգում են Փրկիչի զոհաբերությունը: Դուք կսկսեք զգալ որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37):

Որոշեք վստահել և հնազանդվել Աստծուն, փոխեք, ինչ կարող եք փոխել, ընդունեք, ինչ դուք չեք կարող փոխել:

Այս խոսքերը, որոնք վերցված են Ռեյնոլդ Նիբուրից և հայտնի է որպես «Խաղաղության աղոթք», կարող է օգնել ձեզ, երբ դուք որոշում եք վստահել և հնազանդվել Աստծուն, «Աստված, շնորհիր ինձ խաղաղություն՝ ընդունելու այն բաները, որոնք ես չեմ կարող փոխել, քաջություն՝ փոխելու այն բաները, որոնք ես կարող եմ փոխել և իմաստություն՝ ճանաչելու տարբերությունը»;

Դուք խաղաղությամբ կարող եք ընդունել ձեր ներկա վիճակի իրողությունը, երբ դուք վստահում եք ձեզ՝ Աստծո օգնություն հասցնելու կարողությանը: Դուք խաղաղությամբ կարող եք ընդունել , որ չնայած չեք կարող վերահսկել ուրիշների ընտրությունները և գործողությունները, դուք կարող եք որոշել, թե ինչպես կգործեք յուրաքանչյուր իրավիճակում, որին կհանդիպեք:

Դուք կարող եք որոշել քաջաբար վստահել ձեր Երկնային Հորը և գործել համաձայն Նրա կամքի: Դուք կարող եք ձեր կամքը և կյանքը հանձնել Նրա խնամքին: Դուք կարող եք որոշել անել այն, ինչ Նա խնդրում է և պահել Նրա պատվիրանները:

Դուք գուցե չկարողանաք փոխել որոշ բաներ ձեր կյանքում, բայց դուք կարող եք փոխել ձեր հոժարակամությունը՝ վստահելու Աստծուն և հնազանդվելու Նրան: Երբ սովորեք վստահել Նրան, դուք կտեսնեք, որ Նրա ծրագիրը ձեզ համար ինչպես Ալման է կոչել, «երջանկության մեծ ծրագրին» հետևելն է: (Ալմա 42.8): Դուք կսովորեք, որ նույնիսկ չարչարանքների և դժվարության մեջ «ամեն բաները գործակից են լինում դէպի բարին [նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն]» (Հռովմայեցիս 8.28) և պահում Նրա պատվիրանները (տես նաև ՎևՈւ 90.24, 98.3, 100.15, 105.40):

Ուսումնասիրել և հասկանալ

Հետևյալ սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ կատարել երրորդ քայլը: Օգտագործեք այս սուրբ գրությունները և հարցերը՝ խորհրդածության, ուսումնասիրելու և գրելու համար: Հիշեք՝ լինել ազնիվ և կոնկրետ գրելիս:

Աստծո կամքի հետ ներդաշնակության մեջ

«Հաշտվեք Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ. և հիշեք, հետո, երբ դուք հաշտվեք Աստծո հետ, որ դա միայն Աստծո շնորհով և շնորհիվ է, որ դուք փրկվում եք» (2 Նեփի 10.24):

  • Մտածեք, թե ինչ է նշանակում ապրել ձեր կյանքը Աստծո կամքի հետ ներդաշնակության մեջ: Մտածեք, թե ինչպես Նրա զորացնող ուժը կարող է գալ ձեր կյանք, երբ դուք դառնաք դեպի Նա: Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին , որ Աստված ուղղություն տա ձեր կյանքին:

  • Ի՞նչն է խանգարում ձեզ՝ թույլ տալ Նրան ուղղություն տալ ձեր կյանքին:

Աստծո կամքին ենթարկվելը

«Բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո՛, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին» (Մոսիա 24.15):

  • Տերը կարող էր վերացնել Ալմայի և նրա ժողովրդի բեռները, փոխարենը Նա զորացրեց նրանց՝ «կրելու իրենց բեռները հեշտությամբ»: Ուշադրություն դարձրեք, որ նրանք չտրտնջացին, այլ ուրախությամբ և համբերությամբ ենթարկվեցին Տիրոջ կամքին: Գրեք, թե ինչպիսի խոնարհություն է պահանջվում, որպեսզի ցանկանաք անմիջական ազատում և այնուամենայնիվ հոժար լինեք, որ բեռն աստիճանաբար թեթևանա:

  • Ի՞նչ է նշանակում ենթարկվել Աստծուն: Ինչպե՞ս եք ենթարկվում:

  • Ինչպե՞ս եք վերաբերվում փոփոխության Տիրոջ ժամանակացույցին հոժարակամությամբ և համբերատարությամբ ենթարկվելուն :

  • Ինչպե՞ս կարող եք քաջություն ձեռք բերել՝ շարունակելով փորձել, մինչև ձեր բեռներից ազատվեք:

Ծոմապահություն և աղոթք

«Այնուամենայնիվ, նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց խոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց» (Հելաման 3.35):

  • Այս հատվածը նկարագրում է մարդկանց, ովքեր իրենց սրտերն Աստծուն հանձնեցին: Ինչպե՞ս կարող է ծոմ պահելը զորացնել ձեր սիրտը Աստծուն հանձնելու ձեր ունակությունը և հեռու մնալ կախվածությունից:

  • Մտածեք գայթակղության պահին աղոթելու կարևորության մասին և գրեք այն մասին, թե ինչպես աղոթքը կզորացնի ձեր խոնարհությունը և հավատքն առ Քրիստոս:

  • Որքա՞ն ուժեղ է ձեր սիրտն Աստծուն հանձնելու հոժարակամություն՝ փոխարեն գայթակղության պահին անձնատուր լինելու կախվածությանը:

Խոնարհվելով Աստծո առջև

«Բայց ահա, նա ազատեց նրանց, որովհետև նրանք իրենց խոնարհեցրին նրա առաջ. և որովհետև նրանք ուժգին աղաղակեցին առ նա, նա նրանց ազատեց ճորտությունից. և այսպես է Տերը գործում իր զորությամբ, բոլոր դեպքերում, մարդկանց զավակների մեջ՝ մեկնելով ողորմության բազուկը դեպի նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը նրա վրա» (Մոսիա 29.20):

  • Ի՞նչն է պահում ձեզ՝ «զորությամբ աղաղակելուց» առ Աստված ազատման համար, ըստ Նրա կամքի:

  • Ի՞նչն է ձեզ ետ պահել անցյալում այդպիսի ազատում որոնելուց:

  • Ի՞նչ ուղիներով կարող եք սովորել վստահել Աստծուն:

  • Ձեզ խոնահեցնելը որոշում է, որը դուք եք ընդունում: Սատանան կարող է փորձել հավատացնել ձեզ, որ չնայած Աստված օգնեց ուրիշներին, Նա չի օգնի ձեզ, որովհետև դուք անօգնական եք և անհույս: Ճանաչեք՝ ինչի համար է այս սուտը: Իրականում, դուք Աստծո զավակն եք: Ինչպե՞ս է կարող է այս գիտելիքն օգնել ձեզ խոնարհվել:

Ապաքինումը սկսելու ընտրությունը

«Եվ արդ, ես կկամենայի, որ դուք լինեիք խոնարհ, և լինեիք հլու ու մեղմ. մատչելի աղերսելու համար. լի համբերությամբ ու երկայնամտությամբ՝ լինելով ժուժկալ բոլոր բաներում. լինելով ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս բոլոր դեպքերում. խնդրելով ինչ բաների կարիք որ դուք ունեք՝ և՛ հոգևոր և՛ աշխարհիկ. միշտ վերադարձնելով գոհություն Աստծուն, ինչ բաների համար որ դուք ստանում եք» (Ալմա 7.23):

  • Քայլ երեքը ընտրություն է: Ապաքինումը տեղի է ունենում Աստծո զորությամբ, բայց միայն նրանից հետո, երբ դուք ընտրում եք որոնել Նրա օգնությունը: Ձեր որոշումը բացում է ուղիներ, որպեսզի Նրա զորությունը հոսի դեպի ձեր կյանք: Մտածեք, թե ինչպես խոնարհությունը, համբերությունը, մեղմությունը և այլն, բոլորը ընտրություններ են: Սուրբ գրություններում նշված վերջին հատկանիշը երախտագիտությունն է: Ինչպե՞ս կարող է երախտագիտությունն օգնել ձեզ խոնարհ լինել:

  • Ի՞նչ այլ հատկանիշներ Ալման ներառեց այս ցուցակում:

  • Այս հատկանիշներից ո՞ր մեկն է ձեզ մոտ պակասում:

  • Որո՞նց վրա կարող եք աշխատել այսօր: Ի՞նչ կարող եք անել այժմ սկսելու համար:

Դառնալ ինչպես երեխա:

«Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը» (Մոսիա 3.19):

  • Մեզանից շատերը անտարբեր վերաբերմունք են զգացել ծնողների կամ խնամակալների կողմից. դառնալ «ինչպես երեխա» դժվար է և գուցե, նույնիսկ, սարսափելի: Եթե դուք ունեք չլուծված խնդիրներ ծնողի հետ, ի՞նչ կարող եք անել՝ առանձնացնելու զգացումները ձեր ծնողի հանդեպ Աստծո մասին ձեր զգացումներից:

  • Չնայած դուք կարող եք խնդիրներ ունենալ լուծելու ձեր երկրային ծնողների հետ, դուք կարող եք վստահություն ունենալ Երկնային Հոր և Փրկիչի հանդեպ՝ որպես կատարյալ Հայրեր: Ինչո՞ւ եք վստահում Երկնային Հորը և Փրկիչին, երբ ենթարկում եք ձեր կյանքը Նրանց:

Հաղորդակցվել Աստծո հետ

«[Հիսուսը] ծունր դրաւ, աղոթք էր անում և ասում. Հայր, եթե կամիս, այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.41–42):

  • Այս աղոթքում Փրկիչը ցույց տվեց Հորը ենթարկվելու Իր հոժարակամությունը: Նա արտահայտեց Իր ցանկությունները, բայց խոնարհաբար արեց Իր Հոր կամքը: Մտածեք այն օրհնության մասին, որ կարող եք Աստծուն հայտնել ձեր զգացումները: Իմացությունը, որ Նա հասկանում է ձեր դժկամությունը, ձեր ցավը կամ ինչ-որ զգում եք, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ասել. «Քո կամքը լինի», և նկատի ունենալ այդ: