2023
Անձնական դարձի ուղին դեպի Փրկիչը
Դեկտեմբեր 2023


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Անձնական դարձի ուղին դեպի Փրկիչը

Նոր Կտակարանի Մատթեոսի գրքում, երբ Փրկիչը հրավիրում է Պետրոսին քայլել ջրի վրայ, Պետրոսը, Նրան հետևելու իր բուռն ցանկությամբ, հրաժարվում է նավակի առաջարկած ողջ պաշտպանությունից և արագ իջնում է ջուրը: Մի քանի ակնթարթ նա հրաշքով քայլում է դեպի Փրկիչը ջրի վրայով, բայց երբ փոթորիկը մոլեգնում է իր ուժեղ քամիներով, նրա հավատքը թուլանում է, նա սկսում է խորտակվել և աղաղակել Տիրոջը. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: Հիսուսն իսկույն ձեռքը մեկնում է, բռնում է նրան և ասում. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։1

Պետրոսի ստացած այս մեծ դասը մեզ ուսուցանում է, որ դարձը ինքնին չի բխում իրադարձությունից, այլ բխում է մի գործընթացից, որը շարունակվում է մեր երկրային ճամփորդության ընթացքում: Դարձի գալու գործընթացը ներառում է՝ հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս, ամեն օր ապաշխարել, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգին և համբերել մինչև վերջ: Ուխտի ուղին մինչև վերջ համբերելու այս ճամփորդության մի մասն է: Երբ մենք շարունակում ենք այս ճանապարհը, մենք ձգտում ենք ավելի նմանվել Քրիստոսին և հրաժարվել մեր «բնական մարդուց»: Բենիամին թագավորը Մորմոնի Գրքում հիանալի նկարագրել է այս գործընթացի մի մասը, երբ մեզ հրավիրել է հանել բնական մարդուն՝ այդպիսով ուսուցանելով դարձի մասին հստակ վարդապետություն․

«Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ՝ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:2

Սուրբ գրության այս հատվածը հստակ նկարագրում է դարձի գործընթացը. մեր ընկած վիճակի պատճառով մեր բնական հակումն է դեմ գնալ Հոգու բաներին, ուստի իսկական դարձը սկսվում է, երբ մենք ենթարկվում ենք Սուրբ Հոգու հուշումներին. ապա գալիս է Քրիստոսի Քավության միջոցով սրբացման գործընթացը: Բենիամին մարգարեի նկարագրած հատկանիշները, ինչպիսիք են հնազանդությունը, հեզությունը, խոնարհությունը, համբերությունը և սիրով լի լինելը, իսկական դարձի պտուղներն են:

Երեց Բեդնարն ուսուցանել է հեզության մասին. «Հեզությունը Քավիչին բնութագրող հատկանիշ է և առանձնանում է արդարացի արձագանքով, պատրաստակամ հնազանդությամբ և ուժեղ ինքնավերահսկողությամբ»։3

Երբ մենք իսկապես դարձի ենք գալիս, մենք արագ որակավորվում ենք՝ կատարելու մեր Երկնային Հոր կամքը: Թեև շատ դեպքերում դա կարող է նշանակել նետվել անհայտ և փոթորկված ծովի մեջ, սակայն կյանքի փորձություններն ու մարտահրավերները օգնում են մեզ մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, երբ մենք ուխտի ուղու վրա ենք: Ուխտերը պահելը, ինչպես նաև ուսումնասիրության ու անձնական հայտնություն ստանալու միջոցով մեր գիտելիքները հարստացնելը հանդիսանում են այս գործընթացի բանալին:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է մեզ, որ «մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկայիս և Իր գալուստի միջև: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով: Բայց գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության»:4

Պետրոսի և նավակի վրա գտնվող մյուս առաքյալների փորձառության նման մենք կարող ենք զգալ Հիսուս Քրիստոսին հավատքով հետևելու զորությունը՝ նետվելով Նրա ջրերը՝ առանց վախի, առանց խորտակվելու վախի, քանի որ Նրա ջրերը հավերժական կյանքի աղբյուրն են: Ինչպես Սաղմոսերգուն է հաստատել. «Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ»:5

Ես հրավիրում եմ ձեր անձնական կյանքը դարձնել դեպի Փրկիչը և մեր Երկնային Հայրը դարձի գալու ամենօրյա գործընթաց:

Հղումներ

  1. Մատթեոս 14.29-31

  2. Մոսիա 3.19

  3. Դեյվիդ Ա. Բեդնար, «Հեզ և սրտով խոնարհ», գերագույն համաժողով, ապրիլ 2018:

  4. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», գերագույն համաժողով, ապրիլ 2018:

  5. Սաղմոսներ 23.2