2023
Նա սովորեցրեց հանգստի օրը ճշմարիտ իմաստով
Օգոստոս 2023


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Նա սովորեցրեց հանգստի օրը ճշմարիտ իմաստով

Սիրելի ընկերներ,

Ինչպիսի՜ բերկրանք է՝ քայլել ձեզ հետ և Տիրոջ հետ աշակերտության ճանապարհով:

Երբ Հիսուսն այցելեց նեփիացիներին, Նա մի ելույթ տվեց, որը նման էր Լեռան քարոզին, ընդգծելով, որ այն բաները, որոնք հին ժամանակներում էին և օրենքի տակ էին, կատարվել են Իր մեջ1: Ավելի քան 2000 տարի առաջ արված Տիրոջ այս հայտարարությունը՝ որ հին բաները կատարված են, և ամեն բան նոր է դարձել2 արդիական է այսօր: Տրվեց ավելի բարձր «օրենք», ուսուցանվեց ապրելու ավելի սուրբ եղանակ։

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Նա ուսուցանում էր՝ թեթևացնելով բեռները և օգնելով կարիքավորներին: Ոմանք գուցե մտածեն, թե մեր համոզմունքները սահմանափակում են մեր ազատ կամքը և հնարավորությունները, բայց մենք բոլորս էլ զգում ենք, որ Տիրոջ տված մաքուր ճշմարտությունն ու վարդապետությունը մեզ ազատ են դարձնում և տալիս են աստվածային առաջնորդություն, թեթևություն և ապահովություն այս անհանգիստ աշխարհում:

Հիսուսի ուսմունքները տարբերվում էին փարիսեցիների ուսմունքներից, հատկապես այն հարցում, թե ինչպես պատվել Հանգստության օրը։ Փարիսեցիները փորձում էին արդար երևալ, բայց նրանց մղումները մաքուր չէին։ Հիսուսն ուսուցանեց, որ բարիք գործելն ու մարդկանց օգնելն ավելի կարևոր է, քան օրենքի խիստ մեկնաբանություններին հետևելը: Բժշկող հրաշքների օգնությամբ Նա ուսուցանեց Հանգստության օրվա ճշմարիտ իմաստի և կարեկցանքի ու սիրո կարևորության մասին:

Երբ Հիսուսն ասաց, որ «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար»3 Նա նկատի ուներ, որ Շաբաթը թանկարժեք պարգև է Աստծուց, որն ընդմիջում է տալիս մեզ առօրյա կյանքի դժվարություններից և տալիս է հնարավորություն՝ ֆիզիկական ու հոգևոր թարմացման: Հանգստության օրն ամենօրյա կանոնավոր գործունեությամբ զբաղվելու օր չէ, այլ ևս մեկ հնարավորություն է՝ հանգստի, մխիթարության և անձնական հայտնության՝ Նրա խոսքը լսելու և սովորելու միջոցով, ինչպես նաև բարիք անելու և ուրիշներին շենացնելու հնարավորություն է:

Ավանդույթների վրա հիմնված խիստ ու կույր կանոններն ավելի շատ ընդգծելը, քան հավերժական և ճշմարիտ աստվածային սկզբունքները, բերում է նրան, որ բաց է թողնվում Նրա աստվածային նպատակը՝ օգնել մեր առաջադիմությանը: Երբ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Տիրոջ վրա, Նրա լուծը դառնում է հեշտ, և բեռը՝ թեթև:4 Աստված մեզ պատվիրաններ է տալիս, այդ թվում՝ պահել Հանգստության օրը, ոչ թե մեզ ճնշելու՝ այլ օրհնելու համար: Երկնային Հոր մոտ տանող ճանապարհը նեղ է ու անձուկ, բայց Տերը եկավ հայտարարելու, որ մենք միայնակ չենք անցնելու այն։ Տիրոջ հրավերը բոլոր մարդկանց, ովքեր «բեռնավորված» են իրենց զգում5, այն է՝ որ կանգնեն Իր կողքին, ուրախությամբ կապ պահեն Իր հետ և թույլ տան, որ Նա կիսի մեր բեռը:

Եբրայերենում «շաբաթ» բառը նշանակում է «հանգիստ»։ Այո, Նրա խոստումն այսպիսին է․ «Ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»:6

Արդյո՞ք դեռ կազմում ենք անելիքների ցուցակ Հանգստության օրվա համար: Թե՞ փոխվել ենք Քրիստոսով և Քրիստոսում, և Երկնային Հոր օգնությամբ գծում ենք մեր անհատական ծրագիրը Հանգստության օրից առաջ, դրա ընթացքում և՝ հետո:

Մենք կարող ենք Հանգստության օրը բերկրանք դարձնել՝ ծառայելով ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր իրենց լավ չեն զգում, միայնակ են, կամ՝ կարիքի մեջ: Նրանց հոգիները ջերմացնելիս, ջերմանում են նաև մեր հոգիները:7

Եկեք մշտապես կապված լինենք Երկնային Հոր հետ, բայց հատկապես Հանգստության օրը, թե՛ եկեղեցու շենքում, թե՛ դրսում, մեր տներում և մեր ընկերների ու ազգականների տներում:

Ես երախտապարտ եմ ձեզ հետ և Տիրոջ հետ աշակերտության ճանապարհով քայլելու հնարավորության համար: Ես օրհնված եմ՝ իմ կողքին ունենալով Տիրոջը, ձեզ՝ իմ եղբայրներին, քույրերին և ընկերներին: Ես շնորհակալ եմ Հանգստության օրվա համար իմ և իմ ընտանիքի կյանքում: Այն օգնում է մեզ հոգևորապես միավորվել և միասին ժամանակ անցկացնել, ինչն ամրապնդում է մեր սերն ու մեր կապերը:

Ես ցանկանում եմ հրավիրել ձեզ, որ պարզեք անհատապես ձեզ համար այն ուղիները, որոնցով կարող եք Հանգստության օրը բերկրանք դարձնել։ Մենք ձեր օգնող ձեռքի, ձեր սիրալիր ժպիտի կարիքն ունենք մեր հավաքատներում, կիրակնօրյա ժողովներին: Մենք չենք կարող միայնակ քայլել այս ճանապարհով: Եկեք շարունակենք սովորել և կիրառել Նրա ուսմունքները մեր կյանքում և ձգտենք պահել Հանգստության օրը որպես սուրբ պարգև Աստծուց: Եկեք կիսվենք այս պարգևով ուրիշների հետ:

Հղումներ.

  1. 3 Նեփի 12․46

  2. 3 Նեփի 12․47

  3. Մարկոս 2․27

  4. Մատթեոս 11․30

  5. Մատթեոս 11․28

  6. Մատթեոս 11․29

  7. Ռասսել Մ․ Նելսոն, «Կիրակին բերկրանք է», գերագույն համաժողով, ապրիլ 2015