2023
Պատրաստեք ձեր հոգևոր հողը
Հունվար 2023


«Պատրաստեք ձեր հոգևոր հողը», Լիահոնա, հունվար 2023

Եկ, հետևիր ինձ

Պատրաստեք ձեր հոգևոր հողը

Սերմնացանի առակը կարող է օգնել մեզ պատրաստվելու մեր Եկ, հետևիր Ինձ ձեռնարկի Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրությանը։

Նոր Կտակարանի իմ սիրած առակներից է սերմնացանի առակը, որը գտնվում է Մատթեոս 13․3-23 հատվածներում (տես նաև Մարկոս 4․3-20, Ղուկաս 8․5-15)։ Այս առակում խոսքը (սերմը) մարդկանց կողմից ընդունելու եղանակները համեմատվում են հողի տարբեր տեսակների հետ։ Մենք պարզում ենք, որ հողի յուրաքանչյուր տեսակ ունի կարևոր հատկանիշներ՝ լավ կամ վատ։

Մենք հաճախ կարդում ենք այս առակը և մտածում, որ այն նկարագրում է ավետարանն ընդունելու և դրանով ապրելու մարդկանց պատրաստակամությունը։ Թեև դա ճիշտ է, կարծում եմ առակը կարող է նաև նկարագրել մեր անհատական առաջընթացը, մինչ մենք աճում ենք հավատքի և ավետարանի գիտելիքի մեջ։ Այլ կերպ ասած, մենք մշտապես գամված չենք համոզմունքների որոշակի տեսակի կամ մակարդակի վրա։ Մենք կարող ենք հավատք և ջանքեր գործադրելով բարելավել մեր հոգևոր հողը, որպեսզի այն ավելի լավ պտուղներ տա։

Ես կցանկանայի ձեզ հետ քննել այս մտքերը, քանի որ դրանք օգնեցին ինձ ավելի խորը հասկանալ այս առակը։ Ես կարծում եմ, որ մինչ մենք պատրաստվում ենք եկող տարի մեր Նոր Կտակարանի Եկ, հետևիր Ինձ ձեռնարկի ուսումնասիրությանը, սերմնացանի առակի վերանայումը կարող է օգնել մեզ նախապատրաստել մեր սրտերը՝ ընդունելու ավետարանի ճշմարտությունը։

Ընդունենք ավետարանի սերմերը

Առակում մենք իմանում ենք, որ մինչ սերմնացանը ցանում էր․

  • Որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները կերան դրանք։

  • Մի քանիսը ընկան քարքարոտ վայրերում։ Նրանք ծիլեր արձակեցին, բայց արևից այրվեցին։

  • Մի քանիսն էլ ընկան փշերի մէջ, և փշերը խեղդեցին դրանց։

  • Մի քանիսն ընկան պարարտ հողի մեջ և պտուղ տվեցին։

Տերը մեկնաբանում է․

«Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։

Քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն,

բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։

Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։

Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ» (Մատթեոս 13․19-23, շղագրերն ավելացված են)։

Եկեք դիտարկենք հողի յուրաքանչյուր տեսակը և տեսնենք, թե ինչ կարելի է անել այն բարելավելու համար։

Նկար
սերմեր և թռչուններ

Նկարները՝ Դեյվիդ Գրինի

Ճամփեզրի հողը

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ասել է․ «Այն սերմերը, որոնք «ճանապարհի եզրին ընկան» (Մարկոս 4․4) , չհասան պարարտ հողին, որտեղ կարող էին ծլարձակել։ Դրանք այն ուսմունքներն են, որոնք ընկնում են կարծրացած կամ անպատրաստ սրտի մեջ»։1

Բացի այդ, երբեմն մենք չենք հասկանում, թե ինչ ենք լսում կամ կարդում սուրբ գրություններում, քանի որ մեր սրտերը պատրաստ չեն։ Երբ դա է պատճառը, մենք ի՞նչ պետք է անենք։

Բացատրության համար մենք կարող ենք դիմել նրանց, ովքեր հասկանում են։ Մենք կարող ենք հարցնել միսիոներներին, մեր Կիրակնօրյա դպրոցի ուսուցչին, մեր քահանայության կամ կազմակերպության ղեկավարին, մեր սեմինարիայի կամ ինստիտուտի ուսուցչին, նրանց, ովքեր սպասավորում են մեզ, կամ մեր հավատարիմ ծնողներին և ընտանիքի անդամներին։ Մենք կարող ենք ուսումնասիրել գերագույն համաժողովի ելույթները։ Gospel Library հավելվածը տրամադրում է բազմաթիվ նյութեր, որոնք կարող են օգնել մեզ ավելի շատ հասկացողություն փնտրել։

Մենք պետք է նաև աղոթենք և Աստծուց ավելի շատ լույս խնդրենք։ Եթե մեր սիրտն անկեղծ է, մեր մտադրությունը՝ իրական, և մենք հավատք ունենք առ Քրիստոս, մենք ավետարանի ճշմարտությունների մասին գիտելիք կստանանք (տես Մորոնի 10․4–5)։ Տերն ասել է.

«Խնդրեք, և ձեզ կտրվի. փնտրեք, և դուք կգտնեք. թակեք, և ձեզ համար կբացվի։

Քանզի ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է. և նա, ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի» (3 Նեփի 14.7-8

Նկար
սերմեր և քարեր

Հող քարքարոտ վայրերում

Որոշ մարդիկ լսում են վերականգնված ավետարանը միսիոներների միջոցով, զգում են Քրիստոսի սերը, հաճախում և վայելում Եկեղեցու ժողովները։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում կյանքի դժվարությունները շարունակվում են։ Նրանք բացահայտում են, որ կյանքը չի դարձել անվերջ օրհնությունների աղբյուր։ Նրանց հավատը նվազում է, և նրանք հեռանում են։

Ոմանք նաև տեսնում են «քարքարոտ վայրերը», երբ մասնակցում են ժողովի կամ համաժողովի և ոգեշնչված են զգում այդ պահից սկսած ամեն ինչ ճիշտ անել։ Սակայն այնուհետև երկուշաբթի նրանք վերադառնում են իրենց սովորական պարտականություններին։ Աշխատանքային խնդիրները շարունակում են մնալ բարդ։ Գայթակղությունները չափազանց գրավիչ են թվում։ Եվ այսպես, հոգևորապես կատարելագործվելու նրանց ցանկությունը նվազում կամ անհետանում է։

Նրանք սովորում են դժվարին ճանապարհը, որը առանց խորը հոգևոր արմատների է, որոնք պահում են մեզ քամուց, սնուցում են, երբ քաղցած ենք, կամ թարմացնում են, երբ արևը կիզում է, ուստի մենք կարող ենք հոգևորապես կորչել։

Ինչպե՞ս կարող ենք բարելավել քարքարոտ հողը։ Հեռացնենք քարերը և խորացնենք մեր հոգևոր արմատները։

Քարերի հեռացումը կարող է դժվար լինել։ Դա կարող է պահանջել ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հավատը խրախուսվում է։ Դա կարող է պահանջել նոր ընկերներ ձեռք բերել և չար բանից ամեն կերպ հեռու մնալ (տես Ա Թեսաղոնիկեցիս 5․22

Նկար
ձեռքերը՝ քարեր բռնած

Քարերը հեռացնելու ուժ ունենալու համար մենք Փրկչի օգնության կարիքն ունենք։ Այն գալիս է, երբ մենք ընդունում ենք Նրա առաջարկած ուխտերը։ Սա սկսվում է՝ ընդունելով մկրտվելու հրավերը։ Դա նշանակում է հաստատվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։ Դա նշանակում է կապել ցանկացած ուխտ, որը մեզ դեռևս պակասում է, օրինակ՝ քահանայություն ստանալը կամ տաճար գնալը։ Դա նշանակում է հաճախել եկեղեցի և նորոգել ուխտերը՝ ամեն շաբաթ ընդունելով հաղորդությունը։

Երբ փորձությունների ու գայթակղությունների հանդիպենք, մենք կարող ենք ամուր կառչել Տիրոջ հետ մեր կապած ուխտերից։ «Մենք ապահով կերպով կապվում ենք Փրկչի հետ, երբ հավատարմորեն հիշում և ջանք չենք խնայում՝ապրելու պարտավորություններին համապատասխան, որոնք ընդունել ենք»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը։ «Եվ այդ կապը Նրա հետ հոգևոր ուժի աղբյուրն է մեր կյանքի բոլոր ժամանակներում»։2

Նկար
սերմեր և փշեր

Հող՝ փշերի մեջ

Հողը թույլ է տալիս բույսերին աճել, այդ թվում՝ փշերին։ Փշերը «հոգսերի, հարստության, կյանքի հաճույքների» խորհրդանիշն են, որոնց պատճառով ենք «անպտուղ լինում» (Ղուկաս 8․14

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք կապում ենք ուխտեր, բայց չենք շարունակում քայլել ուխտի արահետով։ Կամ մենք ընդունում ենք հաղորդությունը, բայց ներում չենք խնդրում, քանի որ մենք այլևս չենք էլ մտածում մեր սխալների մասին։ Կամ գուցե մենք խնդրում ենք ներել մեզ, բայց հրաժարվում ենք ներել ուրիշներին։ Մենք ընդունում ենք տաճարի ուխտերը, սակայն չենք սպասավորում կարիքի մեջ գտնվողներին։ Մենք անտեսում ենք ավետարանով կիսվելու հնարավորությունները, քանի որ վախենում ենք, որ այն կարող է անտեղի կամ ամոթալի թվալ, կամ որովհետև մենք այլևս չգիտենք, թե ինչ ասել։

Լուծումը կայանում է նրանում, որ ապրենք այն ուխտի համաձայն, որը մենք կապել ենք մկրտվելիս․ «սգալ նրանց հետ, ովքեր սգում են, … մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, և կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինե[ն]ք, նույնիսկ մինչև մահ» (Մոսիա 18․9

Մենք հեռացնում ենք մոլախոտերը, երբ ամեն օր ապաշխարում ենք՝ կատարելով փոքր կամ մեծ ճշգրտումներ և վերադառնալով ուխտի նեղ ու անձուկ արահետին։

Մենք թույլ չենք տալիս, որ կյանքի փշերը խեղդեն մեզ։ Մենք դա անում ենք՝ մեր տները վերածելով հավատքի սրբավայրերի։ Մենք փնտրում ենք այն ամենը, ինչը հրավիրում է Հոգու ազդեցությունը։ Մենք մերժում ենք այն ամենը, ինչը հեռացնում է այդ ազդեցությունը։ Եվ մենք ծառայում ենք Աստծո արքայությունում՝ մեր կոչումներում, տաճարում, միսիոներական աշխատանքում, մեր ընտանիքներում։

Բարեբեր հողը

Կան շատերը, ովքեր լսում են խոսքը, հասկանում այն և թույլ տալիս, որ աճի իրենց սրտերում։ Նրանց Տերն ասում է․ «Ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա» (Հովհաննես 15.16)։ Նման մարդկանց համար պատասխանը հավատքով առաջ գնալն է և բարի գործերով դիմանալը։

Նախագահ Օուքսը հարցրել է․ «Ինչպե՞ս ենք մեր կյանքում վերաբերվում Փրկչի ուսմունքներին»։3 Այս տարի, մինչ պատրաստվում ենք ուսումնասիրել Նոր Կտակարանը, թող որ մենք մոտենանք Փրկչին և բարելավենք մեր հոգևոր հողը, որպեսզի կարողանանք ստանալ խոսքը։ Այնուհետև մենք կարող ենք բերել այն պտուղները, որոնք Նա խնդրում է մեզ բերել՝ ընդունելով և նորոգելով ուխտերը, որոնք կապում են մեզ Նրա հետ, ծառայելով Աստծուն և սիրելով մեր մերձավորներին և առաջ ընթանալով ուխտի արահետով, որը մի օր մեզ կվերադարձնի մեր երկնային տուն։