2021
Ուժ գտնել ներելու համար
Հունիս 2021


«Ուժ գտնել ներելու համար», Երիտասարդներին զորացնելու համար, հունիս 2021, 10-11։

Եկ, հետևիր ինձ

Ուժ գտնել ներելու համար

Տերը մեզ պատվիրել է ներել ուրիշներին։ Նա կօգնի մեզ պահել Իր պատվիրանները՝ ներառյալ այս մեկը։

Վարդապետություն և Ուխտեր 64․10

Նկար
կինը նայում է մեկին, ով պարզել է իր ձեռքը նրան

Նկարը՝ ըստ Ջիմ Մադսենի

Արդյո՞ք որոշ պատվիրաններ ավելի դժվար է պահել, քան մյուսները։

Ահա դրանցից մեկը, որը վախեցնում է շատերին․ «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (Վարդապետություն և Ուխտեր 64.10

Ահա, թե ինչ։ Մի՞թե մենք պետք է ներենք յուրաքանչյուրին, ով սխալ է թույլ տալիս մեր հանդեպ։ Միթե՞ դա հնարավոր է։

Հնարավոր է ներել մեկին՝ ձեզ կոպիտ պատասխան տալու կամ ընթրիքի սեղանին հացի վերջին կտորը վերցնելու համար։ Սակայն ինչպե՞ս վարվել, երբ խորապես վիրավորում են։ Ինչպե՞ս ներել բաներ, որոնք կարող են խաթարել կամ նույնիսկ փոխել մեր կյանքի ընթացքը։

Երբեմն մեր ուժերից վեր է թվում ներել մեկին, ով սարսափելի ցավ է պատճառել մեզ։

Ահա լավ լուրը․ Հիսուս Քրիստոսի օգնությամբ մեր անձնական հնարավորությունները երբեք չեն սահմանափակվում։

Օգնություն, որի կարիքը նա ուներ

Կորրի տեն Բում անունով Նիդեռլանդներից մի բարեպաշտ քրիստոնյա կին իր սեփական փորձով բացահայտել է Աստծուց խնդրելու զորությունը, որ օգնի իրեն ներել ինչ-որ մեկին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա և իր քույրը՝ Բեթսին, բանտարկված էին համակենտրոնացման ճամբարներում։ Կորրին և մյուսները սարսափելի բռնության ենթարկվեցին նացիստական բանտի պահակների կողմից։ Նրա քույրը՝ Բեթսին, նույնիսկ մահացավ այդ բռության արդյունքում։ Կորրին փրկվեց։

Պատերազմից հետո Կորրին բացահայտեց ուրիշներին ներելու բժշկող զորությունը։ Նա հաճախ է կիսվել իր ուղերձով հասարակական վայրերում։ Սակայն մի օր նրա խոսքերը ենթարկվեցին վերջնական փորձության։

Հասարակական ելույթից հետո Կորրիին մոտեցավ ճամբարների ամենադաժան բանտապահներից մեկը։

Նա Կորիին ասաց, որ պատերազմից ի վեր քրիստոնյա էր դարձել և զղջացել էր այն սարսափելի բաների համար, որ արել էր որպես բանտապահ։

Նա մեկնեց իր ձեռքը և ասաց․ «Դուք կներե՞ք ինձ»։

Չնայած այն ամենին, ինչ նա սովորել և կիսվել էր ուրիշներին ներելու մասին, Կորրին չկարողացավ բռնել տղամարդու ձեռքը և ներել նրան՝ համենայն դեպս ոչ ինքնուրույն։

Ավելի ուշ նա գրել է․ «Նույնիսկ, երբ բորբոքված, վրիժառու մտքերը եռում էին իմ մեջ, ես տեսա նրանց մեղքը։ … Տեր Հիսուս, ես աղոթեցի, ներիր ինձ և օգնիր ինձ, որպեսզի ներեմ նրան:

Ես փորձում էի ժպտալ, [և] պայքարում էի բարձրացնել ձեռքս։ Ես չէի կարողանում։ Ես ոչինչ չէի զգում՝ ջերմության կամ գթության ոչ մի նշույլ: Եվ, այսպիսով, ես կրկին ասացի մի լուռ աղոթք: Հիսուս, ես չեմ կարող ներել նրան: Տուր ինձ Քո ներումը:

Երբ ես սեղմեցի նրա ձեռքը, շատ անհավատալի բան տեղի ունեցավ: Թվաց, թե ուսիցս թևիս երկայնքով և ձեռքիս միջով մի հոսանք անցավ ինձանից դեպի նա, մինչ սրտիս մեջ այս օտարականի նկատմամբ սեր ծնվեց, որն ինձ գրեթե հեղեղում էր:

Եվ այսպիսով, ես պարզեցի, որ ոչ թե մեր ներումից կամ բարությունից է կախված աշխարհի ապաքինումը, այլ` Նրա: Երբ Նա հորդորում է մեզ սիրել մեր թշնամիներին, Նա պատվիրանի հետ մեկտեղ տալիս է նաև սերը»։1

Աստված պատրաստ է օգնել ձեզ պահել Իր պատվիրանները, ներառյալ ներելու պատվիրանը, նույնիսկ, եթե դժվար է։ Նա կարող է օգնել ձեզ՝ ճիշտ ինչպես Նա օգնեց Կորրի տեն Բումին։

Բուժում, որին դուք արժանի եք

Կյանքը բարդ է։ Մի ամբողջ խառնաշփոթ։ Եվ այն բացարձակապես լի է մարդկանցով, ովքեր ունեն Աստծո կողմից տրված ազատ ընտրություն։

Երբ ինչ-որ մեկի կատարած ընտրությունը ձեզ լուրջ ցավ է պատճառում, եթե նույնիսկ պատահաբար է դա անում, դուք կարող եք ստանալ բժշկող զորություն, երբ աղոթեք օգնության համար և ջանաք ներել։

Ուրիշներին ներելը ամոքում է ձեր հոգին։ Աստծո օգնությամբ, երբ ներում եք մեկին, ով ձեզ հետ վատ է վարվել, ձեր ուսերից մի ահավոր բեռ եք գցում, որը խանգարում է ձեզ առաջ նայել։ Նույնիսկ, երբ ճշմարիտ բուժման ճանապարհը դժվար է թվում, Աստծո հետ դուք երբեք ստիպված չեք լինի այն միայնակ անցնել։