Ի՞նչ է Աստվածագլուխը, Լիահոնա, հունիս 2021
Ամենամսյա Լիահոնա ուղերձ, հունիս 2021
Ի՞նչ է Աստվածագլուխը
Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին երեք առանձին էակներ են, ովքեր ունեն մեկ նպատակ։
Հատված Առաջին Տեսիլքը կտավից, Ջոն Մքնոթն
Մի թերթի խմբագիր մի անգամ հարցրել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե ինչին են հավատում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները։ Ի պատասխան՝ Մարգարեն գրեց հավատի վերաբերյալ 13 հայտարարություն, որը մենք կոչում ենք Հավատո Հանգանակներ։ Առաջին հայտարարությունում ասվում է․ «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն» (Հավատո Հանգանակ 1.1)։ Այս երեք անձնավորություններից է կազմված մեր այսպես կոչած Աստվածագլուխը։
Աստված՝ Հավերժական Հայրը
Աստված հարություն առած և մսից ու ոսկորներից կազմված մարմին ունի։ Նա մեր հոգիների Հայրն է: Նա կատարելապես սիրում է Իր յուրաքանչյուր զավակին։ Աստված կատարյալ է, ունի ողջ զորությունը և գիտի բոլոր բաները։ Նա արդար է, ողորմած և բարի։ Նախքան ծնվելը՝ որպես հոգիներ մենք ապրել ենք Աստծո հետ։ Նա ուղարկում է մեզ երկիր՝ սովորելու և աճելու։ Աստծո մեծագույն ցանկությունն է, որ նրա զավակներից յուրաքանչյուրը վերադառնա ու կրկին ապրի Իր հետ մեր մահից հետո։ Աստված ուսուցանում է մեզ, որ մենք պետք է հետևենք Հիսուս Քրիստոսին, որպեսզի վերադառնանք Աստծո մոտ։
Քրիստոսը հոգևոր աշխարհում քարոզելիս, Ռոբերտ Տ. Բարրեթ
Հիսուս Քրիստոսը
Հիսուս Քրիստոսը նույնպես ունի հարություն առած և մսից ու ոսկորներից կազմված մարմին։ Նա Աստծո Միածին Որդին է։ Նախքան մեր ծնվելը՝ Աստված ընտրեց Նրան որպես մեր Փրկիչ։ Սա նշանակում է, որ Հիսուսն աշխարհ եկավ, որ օրինակ լինի մեզ համար, ուսուցանի Իր ավետարանը, քավի մեր մեղքերը և ազատի մեզ մահից։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել, եթե մենք ապաշխարենք։ Հիսուս Քրիստոսը նաև տարավ շատ տառապանքներ, որպեսզի կարողանա հասկանալ և օգնել մեզ։ Հիսուս Քրիստոսը մահացավ և հետո կրկին ապրեց, հնարավոր դարձնելով, որ յուրաքանչյուր ոք կրկին ապրի։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Սուրբ Հոգին
Սուրբ Հոգին Աստվածագլխի միակ անդամն է, ով չունի ֆիզիկական մարմին։ Նա հոգի է։ Սուրբ Հոգին կարող է ուղղակիորեն շփվել մեր հոգիների հետ։ Նա վկայում է մեզ, որ Աստված իրական է, և որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ Սուրբ Հոգին գործում է որպես Աստծո սուրհանդակ՝ տալով մեզ սիրո, առաջնորդության և մխիթարության զգացումներ։ Երբ մենք մկրտվում և հաստատվում ենք, ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը։ Մեր մկրտությունից հետո Սուրբ Հոգին կարող է միշտ մեզ հետ մնալ, եթե մենք պահենք Աստծո պատվիրանները։
Առաջին Տեսիլքը, Վոլտեր Ռեյն
Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը
Ժամանակի ընթացքում մարդիկ շփոթության մեջ են հայտնվել Աստվածագլխի հետ կապված հարցերում։ Մարդիկ տարաձայնություններ ունեն այն հարցում, թե ինչպիսին են Աստված, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու էր Ջոզեֆ Սմիթի ունեցած Առաջին Տեսիլքն այդքան կարևոր։ Նա տեսավ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն մարմիններ և երկու առանձին էակներ են։
Լսել, Մայքլ Ջարվիս Նելսոն
Առանձին, բայց միասնական
Սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեները մեզ ուսուցանում են, որ Աստված, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին առանձին էակներ են, ովքեր ունեն մեկ նպատակ՝ մեր անմահությունն ու հավերժական կյանքը (տես Մովսես 1․39)։ Նույն խմբի անդամների նման Նրանք աշխատում են միասին՝ ամեն օր մեզ օգնելու համար։ Մենք կարող ենք ավելի մոտ զգալ Նրանց, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից և ընտրում ճիշտը։
Սուրբ գրություններ Աստվածագլխի մասին
-
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն մեկ նպատակ (տես Հովհաննես 10․30)։
-
Երկնային Հայրը խոսել է Իր Որդու հետ (տես Մատթեոս 3․16–17)։
-
Հիսուս Քրիստոսը խոսել է Իր Հոր հետ (տես Հովհաննես 11․41)։
-
Հիսուս Քրիստոսն աղոթել է մեզ համար, որ մի օր մեկ դառնանք (տես Հովհաննես 17․11)։
-
Ջոզեֆ Սմիթը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․17)։
-
Սուրբ Հոգին վկայում է, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է (տես Հովհաննես 15․26)։
© 2021 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Translation of Monthly Liahona Message, June 2021-ի թարգմանությունը։ Armenian. 17470 201