2021
Օր, որը փոխեց աշխարհը
Ապրիլ 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Օր, որը փոխեց աշխարհը

Շաբաթ օրը առավոտյան, երբ Մարիամ Մագդաղենացին մի քանի այլ կանանց հետ եկավ գերեզման, որտեղ դրված էր Փրկիչի երկրային մարմինը, տեսավ մի հրեշտակի, որն ասաց նրանց. «Գիտեմ, որ խաչուած Հիսուսին եք որոնում: Այստեղ չէ. որովհետեւ յարութիւն առաւ» (Մատթեոս 28.5-6): Տեղի ունեցածը պատմության մեջ ամենամեծ իրադարձությունն էր, աշխարհը փոխած իրադարձություն. Հիսուսի հարությունը և հաղթանակը մահվան հանդեպ: Նա հարություն առավ որպես կատարյալ կենդանի ոգի՝ հոգով և մարմնով:

Մենք հիշում ենք, թե Հովհաննեսը ինչպես մկրտեց Նրան Հորդանան գետում: «Եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթեոս 3.16-17): Իր ծառայության ընթացքում Նա արեց այն, ինչը նախկինում ոչ ոք չէր արել: Նա ուսուցանեց այնպես, ինչպես նախկինում ոչ ոք չէր ուսուցանել: Եվ երբ զոհաբերության ժամանակը եկավ, Նա տվեց խոնարհության ու ծառայության վերջին դասը՝ լվանալով Իր առաքյալների ոտքերը: Դրան հաջորդեց տառապանքը Գեթսեմանիում, որին, նույնիսկ Նրա՝ աշխարհի Արարիչի համար, դժվար էր դիմանալ:

Մատնությունից հետո դաժան մարդիկ բռնեցին ու տարան նրան, որպեսզի անարդար դատեն: Նրան ծաղրեցին ու ծեծեցին, իսկ Նրա գլխին փշե պսակ դրեցին: Եվ երբ Նրան վերջապես խաչեցին Գողգոթայում, Նա աղաղակեց Հորը. «Հայր, թողիր րանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում» (Ղուկաս 23.34): Հետո եկավ վերջը՝ այս երկրային ճամփորդության ավարտը: Եվ նրա չորացած շրթունքները շշնջացին այս խոսքերը. «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում» (Ղուկաս 23.46): Նրա մահկանացու կյանքն ավարտվել էր: Նա զոհաբերեց այն՝ որպես փրկագին բոլոր մարդկանց համար:

Մենք բոլորս մի օր ավարտում ենք մեր երկրային ճամփորդությունը, բայց դա մեր կյանքի` մեր հավերժական կյանքի վերջը չէ: Ճիշտ, ինչպես Նա վերցրեց Իր մարմինը և դուրս եկավ գերեզմանից, այնպես էլ մենք բոլորս կզգանք մարմնի և հոգու վերամիավորումը, որպեսզի կենդանի հոգիներ դառնանք մեր հարության օրը: Մենք ուրախանում ենք, ինչպես շատերը կուրախանան, և ինչպես պետք է ուրախանա ողջ մարդկությունը, երբ հիշում ենք մարդկության պատմության այս ամենափառահեղ ու մխիթարիչ իրադարձությունը՝ Հիսուսի հաղթանակը մահվան հանդեպ:

Նա մեզ կյանք է պարգևել: Նա մեզ տվել է այն ամենը, ինչ մենք ունենք: Նա նույնիսկ իր սեփական կյանքն է տվել մեզ համար: Արդյո՞ք մենք գնահատում ենք դա: Արդյո՞ք մենք արժեքավոր ու սրբազան ենք համարում այն ամենը, ինչ Նա տվել է: Երբեմն, հավանաբար, ոչ: Երբ մենք մկրտվեցինք, դարձանք Նրա աշակերտները և Նրա անունը վերցրինք մեզ վրա: Արդյո՞ք մենք կրում ենք Նրա անունը՝ լինելով մաքուր և արժանի, որպեսզի Հիսուսը կարողանա ասել. «Շնորհակալ եմ, սիրելի՛ ընկեր, որ արժանավոր կյանքով ես ապրում, քանզի ես տառապել եմ քեզ համար»: Թե՞ մեր գործողությունները պատճառ են դառնում, որ Նա զգա նույն ցավն ու տառապանքը, ինչ զգաց Գեթսեմանիում:

Եկեք ավելի շատ տառապանքներ չպատճառենք մեր Փրկիչին: Եկեք չհիասթափեցնենք նրան: Նա հավատում և վստահում է մեզ: Ուստի, ուրախացրեք Նրան՝ սիրելով ու ծառայելով միմյանց և հետևելով Նրա օրինակին: Նա մեզ վստահեց իր աշխատանքը, որ հոգ տանենք Աստծո բոլոր զավակների մասին, հռչակենք Նրա խոսքը և զորացնենք Նրա Եկեղեցին:

Ես վկայում եմ ձեզ, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչն ու Քավիչը: Նա վերականգնեց իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի օգնությամբ և շարունակում է առաջնորդել Եկեղեցին Իր մարգարեների միջոցով: Նույն Հիսուսը, ով բարձրացավ գերեզմանից և համբարձվեց երկինք: Նա վերադարձավ՝ վերականգնելու Իր ավետարանը և սուրբ քահանայությունը երկրի վրա: Ես վկայում եմ, որ բոլորը, ովքեր ընդունում են Նրան և համբերում են մինչև վերջ, մի օր կարող են տեսնել Նրա երեսը և լինել Նրա հետ: