2017
Լավ համբերելու պարգևը
July 2017


Առաջին Նախագահության ուղերձ, հուլիս 2017

Լավ համբերելու պարգևը

Երբ ես երիտասարդ էի, ծառայում էի Եկեղեցում որպես խորհրդական շրջանի մի իմաստուն նախագահի հետ: Նա շարունակ փորձում էր սովորեցնել ինձ։ Հիշում եմ խորհուրդը, որը նա մի անգամ տվեց ինձ․ «Երբ հանդիպում ես մեկին, այնպես վերաբերվիր նրա հետ, կարծես նա լուրջ փորձության մեջ է, և դու հիմնականում ճիշտ կլինես»։ Այդ ժամանակ ես մտածեցի, թե նա հոռետես է։ Այժմ, ավելի քան 50 տարի անց, ես կարողանում եմ տեսնել, թե որքան լավ էր նա հասկանում աշխարհը և կյանքը։

Մենք բոլորս էլ հանդիպում ենք փորձությունների, երբեմն էլ՝ դժվարին փորձությունների։ Մենք գիտենք, որ Տերը թույլ է տալիս մեզ անցնել դժվարությունների միջով՝ հղկվելու և կատարելագործվելու համար, որպեսզի կարողանանք հավիտյան Նրա հետ լինել։

Լիբերթիի բանտում Տերն ուսուցանեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին այն մասին, որ փորձությունների մեջ լավ համբերելը կօգնի նրան արժանի դառնալ հավերժական կյանքին․

«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին» (ՎևՈւ 121․7–8):

Կյանքի ընթացքում այնքան շատ հարվածներ ենք ստանում, որ կարող է թվալ, թե դժվար է լավ համբերելը։ Այդպես կարող է թվալ հացահատիկի բերքին սպասող ընտանիքին, երբ անձրև չկա։ Նրանք կարող են հարցնել․ «Որքա՞ն կարող ենք մենք դիմանալ»։ Այդպես կարող է թվալ պատանուն, ով պատրաստվում է դիմակայել անպարկեշտության և գայթակղությունների ահագնացող հեղեղին։ Այդպես կարող է թվալ երիտասարդ տղամարդուն, ով դժվարանում է կրթություն ստանալ կամ անհրաժեշտ փորձ ձեռք բերել աշխատանքի համար, որպեսզի հոգա իր կնոջ և ընտանիքի կարիքները։ Այդպես կարող է թվալ այն մարդուն, ով չի կարողանում աշխատանք գտնել կամ կորցնում է հերթական աշխատանքը, մինչ բիզնեսները փակում են իրենց դռները։ Այդպես կարող է թվալ նրանց, ում առողջությունը և ֆիզիկական ուժն աստիճանաբար թուլանում է, ինչը կարող է պատահել կյանքի վաղ շրջանում կամ կյանքի վերջում ՝ իրենց կամ իրենց սիրելիների հետ։

Սակայն սիրող Աստվածը մեզ նման փորձություններ չի տալիս պարզապես տեսնելու համար, արդյո՞ք մենք կարող ենք դիմանալ դրանց, այլ տալիս է, որպեսզի տեսնի, արդյո՞ք մենք կարող ենք լավ համբերել և այդպիսով դառնալ փայլուն։

Առաջին Նախագահությունն ուսուցանեց Փարլի Պ․ Պրատին (1807–57), երբ նա նոր էր կանչվել որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ․ «Դուք կանչված եք մի գործի, որը պահանջում է ձեր ողջ ուշադրությունը․ … դառնալու փայլուն նետ։ … Դուք պետք է համբերեք, կատարելով շատ ծանր, տքնաջան աշխատանքներ և շատ զրկանքներ տանեք, որպեսզի դառնաք կատարելապես փայլուն։ … Ձեր Երկնային Հայրն է պահանջում դա․ սա Նրա արտն է․ սա Նրա աշխատանքն է․ և Նա … կուրախացնի ձեզ … և կքաջալերի»։1

Եբրայեցիս գրքում Պողոսը խոսում է լավ համբերելու պտղի մասին․ «Ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12․11):

Մեր փորձություններն ու դժվարությունները մեզ հնարավորություն են տալիս սովորելու և աճելու, և դրանք կարող են փոխել նույնիսկ մեր էությունը։ Եթե մենք կարողանանք դառնալ դեպի Փրկիչը ծայրահեղ իրավիճակներում, մեր հոգիները կարող են փայլել, մինչ մենք համբերում ենք։

Ուստի, առաջին բանը, որ պետք է հիշենք, միշտ աղոթելն է (տես ՎևՈւ 10․5, Ալմա 34․19–29

Երկրորդը՝ միշտ ձգտել պահել պատվիրանները, անկախ ընդդիմությունից, գայթակղությունից կամ մեր շուրջը գտնվող խառնաշփոթից (տես Մոսիա 4․30

Երրորդ կարևորագույն բանը, որ պետք է անենք, Տիրոջը ծառայելն է (տես ՎևՈւ 4․2, 20․31

Տիրոջը ծառայելով, մենք սկսում ենք ճանաչել և սիրել Նրան։ Եթե շարունակ աղոթենք և հավատարիմ ծառայենք, մենք կսկսենք տեսնել Փրկիչի ձեռքը և Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում։ Մեզանից շատերն են որոշ ժամանակ նման ծառայություն մատուցել և զգացել այդ ընկերակցությունը։ Եթե դուք խորհեք այդ ժամանակների մասին, կհիշեք, որ ձեր մեջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Չարիք գործելու գայթակղությունը կարծես նվազել էր։ Բարիք գործելու ցանկությունը մեծացել էր։ Նրանք, ովքեր լավ էին ճանաչում ձեզ և սիրում էին ձեզ, միգուցե ասել են․ «Դուք ավելի բարի ու համբերատար եք դարձել։ Դուք կարծես նույն մարդը չեք»։

Դուք նույն մարդը չէիք։ Դուք փոխվել էիք Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, քանի որ ապավինել էիք Նրան ձեր փորձության պահին։

Ես խոստանում եմ ձեզ, որ Տերը ձեզ օգնության կհասնի ձեր փորձության ժամին, եթե փնտրեք ու ծառայեք Նրան, և ձեր հոգին ժամանակի ընթացքում փայլուն կդառնա։ Ես կոչ եմ անում ձեզ ձեր վստահությունը դնել Նրա վրա ձեր բոլոր ձախորդությունների ժամանակ։

Ես գիտեմ, որ Հայր Աստվածն ապրում է, և Նա լսում ու պատասխանում է մեր յուրաքանչյուր աղոթքին: Ես գիտեմ, որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, վճարել է մեր բոլոր մեղքերի գինը, և Նա ուզում է, որ մենք գանք Իր մոտ։ Ես գիտեմ, որ Հայրը և Որդին հսկում են մեզ և ուղի են պատրաստել մեզ համար, որ լավ համբերենք և կրկին տուն գանք։

Հղում

  1. Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1979), 120.