2017
Զինված արդարությամբ
March 2017


Առաջին Նախագահության Ուղերձ, մարտ 2017

Զինված արդարությամբ

Երկրի վրա Աստծո մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը, հայտարարել է․ «Այսօր մենք բանակ ենք ստեղծել մեղքի, մոլության և չարի առավել մեծ բանակի առաջ, որ երբևէ կարող էր լինել մեր աչքի առաջ»։1

Արդյո՞ք դուք կզարմանաք, եթե իմանաք, որ Նախագահ Մոնսոնն այս բառերն ասել է 50 տարի առաջ։ Եթե մենք կանգնած էինք չարիքի աննախադեպ մեծ բանակի առաջ այն ժամանակ, ապա որքան ավելի մեծ չարիք է մեզ սպառնում այսօր։ Բավարար պատճառներ ունենալով, Տերը հայտարարել է մեր սերնդի մասին․ «Ահա, թշնամին միավորվել է» (ՎևՈւ 38․12

Պատերազմը, որին «մենք բոլորս զինվորագրված ենք»,2 սկսվել է նախքան այս երկրի վրա մեր ծնվելը։ Այն սկսվել էր նույնիսկ նախքան աշխարհի ստեղծումը։ Այն սկսվել է շատ հազարամյակներ առաջ նախաերկրային թագավորությունում, որտեղ սատանան ապստամբեց և «փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը» (Մովսես 4.3):

Սատանան պարտություն կրեց այդ պատերազմում և «վայր գցուեցաւ երկրի վերայ» (Հայտնություն 12․9), որտեղ նա այսօր շարունակում է իր պատերազմը։ Այստեղ երկրի վրա «նա պատերազմում է Աստծո սրբերի հետ և շրջապատում է նրանց շուրջանակի» (ՎևՈւ 76․29) ստերով, խաբեությամբ և գայթակղություններով:

Նա պատերազմում է մարգարեների և առաքյալների դեմ։ Նա պատերազմում է մաքրաբարոյության օրենքի և սուրբ ամուսնության դեմ։ Նա պատերազմում է ընտանիքի և տաճարի դեմ։ Նա պատերազմում է բոլոր բարի, սուրբ և սրբազան բաների դեմ։

Ինչպե՞ս մենք պետք է պայքարենք նման թշնամու դեմ։ Ինչպե՞ս մենք պետք է պայքարենք չարի դեմ, որը կարծես ողողել է մեր աշխարհը։ Ո՞րն է մեր սպառազինությունը։ Ովքե՞ր են մեր դաշնակիցները։

Գառի զորությունը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ սատանան մեզ վրա զորություն ունի այն չափով, որքանով մենք ենք թույլ տալիս նրան։3

Տեսնելով մեր օրերը՝ Նեփին տեսավ «Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14.14, շեղագրերն ավելացված են):

Ինչպե՞ս ենք մենք զինվում արդարությամբ և զորությամբ։ Մենք սուրբ ենք պահում կիրակին և պատվում ենք քահանայությունը։ Մենք կապում և պահում ենք սուրբ ուխտեր, աշխատում ենք մեր ընտանեկան պատմության վրա և այցելում ենք տաճար։ Մենք շարունակ փորձում ենք ապաշխարել և աղերսել Տիրոջը «գործի դնել Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից» (Մոսիա 4․2)։ Մենք աղոթում ենք, ծառայում, վկայում և հավատ գործադրում առ Հիսուս Քրիստոսը։

Մենք նաև զինվում ենք արդարությամբ և զորությամբ, երբ «շարունակ [մեր] մտքում գանձում ենք կյանքի խոսքերը» (ՎևՈւ 84․85)։ Մենք գանձում ենք այդ խոսքերը, ընկղմվելով սուրբ գրքերի և Տիրոջ ընտրյալ ծառաների խոսքերի մեջ, ովքեր կկիսվեն Նրա կամքով, մտքով և խոսքով (տես ՎևՈւ 68․4) հաջորդ ամսվա գերագույն համաժողովի ընթացքում։

Չարի դեմ պայքարում մենք պետք է միշտ հիշենք, որ վարագույրի երկու կողմերից էլ մեզ աջակցում են։ Մեր դաշնակիցներն են Աստված՝ Հավերժական Հայրը, Տեր Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

Մեր դաշնակիցների շարքում են նաև երկնքի անտեսանելի զորքերը։ «Մի վախենար,- վախեցած երիտասարդին ասաց Եղիսեն, երբ նրանք կանգնած էին չարի բանակի առջև,- որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թե նորանց հետ եղողները» (տես Դ Թագավորաց 6․15–16

Մենք չպետք է վախենանք: Աստված սիրում է Իր Սրբերին: Նա երբեք մեզ չի լքի։

Ես գիտեմ, որ Աստված, ի պատասխան աղոթքի, կատարեց իմ աղաչանքը՝ ազատելով ինձ չարից։ Ես վկայում եմ, որ Հայր Աստծո, աշխարհի Փրկիչի և Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք վստահ լինել, որ մեզ կտրվի ավելի քան բավարար զորություն՝ դիմադրելու ամեն չար ուժի, որին կհանդիպենք։

Թող մենք միշտ զինված լինենք արդարությամբ, որպեսզի կարողանանք համոզված լինել, որ ի վերջո հասնելու ենք հաղթանակի։

Հղումներ

  1. Thomas S. Monson, “Correlation Brings Blessings,” Relief Society Magazine, Apr. 1967, 247.

  2. “We Are All Enlisted,” Hymns, no. 250.

  3. Տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 227: